Թւում է կեանքս
Անցնում է անհոգ,
Արեւի պայծառ ժպիտի ներքոյ,
Բայց ունեմ մի երգ,
Անանուն, թախծոտ,
Որում կարօտս է՝ միանձնեայ
յաղթող…
Որպէս տարագիր
Հեռու ափերում,
Ցաւի եւ սիրոյ յուշերով լեցուն,
Իմ կորուստներն են
Դանդաղ անձրեւում,
Կարօտից է իմ՝ յոյզերը ծնւում…
Դեղին է այստեղ՝
Անտառն իմ կանաչ,
Ուր տերեւներս են՝ արդէն
դողդողում,
Իմ վեհ լեռների
Քամին է միայն,
Աչքերիս աղի՝ արցունքը սրբում…
Օտարութեան մէջ
Մի անուշ ցաւ կայ,
Եւ այդ ցաւը ես՝ կարօտ եմ կոչում,
Որը թեւում է
Անհուն կապոյտում,
Արթունին անգամ՝ երազ է ձօնում…
ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ
ՊՈՍԹՈՆ