
Գլենդէյլի Համայնքային Քոլեջը Ապրիլի 5ին պատրաստւում է ընտրել հոգաբարձուների խորհրդի նոր կազմ: Վերընտրուելու նպատակով իր թեկնածութիւնն առաջադրել է նաեւ խորհրդի ներկայի անդամ Վահէ Փիրումեանը, ով պաշտօնավարման ընթացքում բազմաթիւ ծրագրեր է առաջարկել ու իրականացնել:
Կրթօջախին Փիրումեանի նուիրուածութեան մասին փաստում են նրա գործընկերներն ու բարեկամները, որ նախընտրական արշաւի մեկնարկի նպատակով Մարտի 16ին հաւաքուել էին՝ իրենց աջակցութիւնը յայտնելու նրան:
Փասադինայի միացեալ կրթաշրջանի դասաւանդութեան հարցերի գլխաւոր պատասխանատու դոկտ. Ալիս Պետրոսեանն ընդգծում է Վահէ Փիրումեանի աշխատանքի նկատմամբ անձնուէր վերաբերմունքն ու ազգային վառ նկարագիրը:
Վահէ Փիրումեանը 2005 թուականից եղել է Գլենդէյլի Համայնքային Քոլեջի հոգաբարձուների խորհրդում՝ որպէս նախագահ եւ խորհրդի անդամ: Գործունէութեան ընթացքում աշխուժօրէն մասնակցել է այս կրթօջախի զարգացմանը, իրականացնելով մի շարք ծրագրեր, այդ թւում՝ Garfield Campus-ի կառուցումը, առցանց կրթութեան զարգացումը:
Վերընտրուելու դէպքում Վահէ Փիրումեանը պատրաստւում է նպաստել կրթութեան որակի յետագայ բարձրացմանը, ուսանողների պայմանների բարելաւմանը:
Վահէ Փիրումեանը կրթութեան ոլորտում է շուրջ 26 տարի, ինչը նրան առաւել օգնում է ուսանողների խնդիրները հասկանալու: Նա ֆիզիկա եւ աստղագիտութիւն է դասաւանդում Լոս Անջելեսի Կալիֆորնիայի Համալսարանում, ինչպէս նաեւ Ֆօնիքսի համալսարանի դասախօս է: Միաժամանակ Վահէ Փիրումեանը ունենալով դոկտորի կոչում ֆիզիկայի բնագաւառում գիտական հետազօտութիւններ է անցկացնում NASA-ի եւ Ազգային գիտական հիմնադրամի հովանաւորութեամբ:
Վահէ Փիրումեանը մշտապէս ակտիւ է նաեւ հայ համայնքի կեանքում ու աջակցում է հայ երիտասարդների կրթութեանը:
Վահէ Փիրումեանին իրենց աջակցութիւնն են յայտնել կոնգրեսական Ադամ Շիֆը, նահանգային սենատոր Կարոլ Լուին, նահանգի խորհրդարանի անդամ Էնթոնի Պորտատինոն, Գլենդելի քաղաքապաետ Արա Նաջարեանը եւ այլ կազմակերպութիւններ ու անհատներ: