ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Մեր նախորդ ակնարկներից մէկի ընթացքում խոստացել էինք քննարկել, թէ ինչպէս է ներկայիս տնտեսական իրավիճակն անդրադառնում նորաստեղծ եւ կազմաւորուող ընտանիքների վրայ:
Մասնագէտների մի խմբի վկայութեամբ տնտեսական ճգնաժամը կարող է ստիպել, որ ընտանիքներն աւելի փոխկապակցուած լինեն, այսինքն վերապրելու նպատակն իրենց տեսլականում աւելի մեծ դեր կը կատարի: Այդ իսկ պատճառով զոյգերը ստիպուած պիտի լինեն աւելի հանդուրժողական լինել միմեանց նկատմամբ եւ իրենց «ես»ը չծածանեն որպէս դրօշակ:
Այստեղ որոշակի ճշմարտութիւն կայ եւ այն ինչ հնարաւոր էր հինգ կամ տասը տարի առաջ անհատի տնտեսական բարգաւաճման հնարաւորութիւնների տեսանկիւնից, այսօր զոյգերը միասին պէտք է ճիգ գործադրեն, որ կարողանան դա իրականացնել: Ընտանիքը չքանդելու առաւելութիւնները շատ են, եթէ հնարաւոր է այն պահպանել: Տնտեսական առումով շատ աւելի բարենպաստ է ունենալ երկու աշխատող անձ ընտանիքում: Նոյնիսկ եթէ զոյգը միաժամանակ կորցնի աշխատանքը, երկու մարդուց մէկի զբաղուածութեան հարցը լուծելն աւելի հաւանական է: Այսպէս են դատում տնտեսագէտները: Խօսքն իհարկէ չի գնում այնպիսի դէպքերի մասին, երբ ընտանիքը պահելը պարզապէս անհնար է՝ այլեւայլ պատճառներով: Շատերին կը թուայ, թէ մեր ակնարկը տնտեսական բնոյթ ունի, բայց այն աւելի հրատապ թեմա է շօշափելու քան դրամապանակի վրայ դրուած ահագնացող ճնշումը:
Այսօր համատարած են դարձել ամուսնալուծութիւնները նաեւ հայ երիտասարդների շրջանում եւ դրա մեղաւորը մասամբ մենք ենք՝ չափահասներս: Ճիշտ է, սա չափազանց անձնական թեմա է, բայց վաղուց ի վեր քննարկման է ենթակայ: Վայրկեանական դեղատոմսեր չսպասէք. ուղղակի ընդհանուր առմամբ հարկ է, որ իրեն չափահաս ու խելամիտ համարող անձը մի պահ կանգ առնի ու ինքն իրեն հաշիւ տայ, արդեօ՞ք պատշաճ աշխատանք է տարել իր որդու կամ դստեր հետ այս առումով…
Հմայակն ու Նուարդը (անունները փոխուած են) վեց ամիս ամուսնացած են եղել: Թւում էր, թէ ամէն ինչ հոյակապ է. գեղեցիկ աղջիկ, խելացի, բարետես տղայ, երկուսն էլ պարկեշտ ընտանիքից են, ծնողներն աւանդապաշտ հայեր են: Տնտեսապէս ապահովուած են, երկուսն էլ աշխատում են, սիրուած ու յարգուած են իրենց շրջապատում: Ամուսնութիւնից մի քանի ամիս յետոյ Հմայակը սկսեց ուշ տուն գալ, յաճախ ալկոհոլի հոտ էր գալիս վրայից: Նուարդը յղի էր: Նա հասկանում էր, որ ինչ-որ բան այնպէս չէր, բայց չէր յանդգնում ամուսնու հետ վիճել: Ամէն ինչ պարզ դարձաւ, երբ Հմայակի հեռախօսին չարաբաստիկ մի պատգամ եկաւ. «Սպասում եմ քեզ այսօր երեկոյեան, սիրելիս» բովանդակութեամբ: Նուարդին հիստերիայի նոպայով տարան հիւանդանոց. բարեբախտաբար երեխային հնարաւոր եղաւ փրկել: Աղջիկը չէր ուզում տուն վերադառնալ, իսկ Հմայակը կորցրել էր գլուխը ու չգիտէր ինչպէս դուրս գալ այդ իրավիճակից: Նա շփոթուած էր, չէ՞ որ հպանցիկ խօսակցութիւնների ընթացքում աներհայրն ու հայրը միշտ կրկնում էին. «… տղամարդ է, մի բան էլ կարող է աւել անել»: Չէ՞ որ սա նման դէպքերից մէկն էր՝ «մի բան աւել էր արել»:
Պարզւում է, որ այդ «մի բանը» այնքան ճակատագրական էր, որ ընտանիքն անվերադարձ քանդելու ուժ ունէր: Ինչպէս մեղադրել Նուարդին, ում բարեկեցիկ ու սիրասուն ընտանիք ունենալու յոյսերը մէկ վայրկեանում յօդս ցնդեցին: Որքա՞ն է Հմայակի մեղքը, որքա՞ն՝ իր աներոջ ու հօր բաժինը: Յատկապէս միջին դպրոցական հասակից դեռահասն ուշի ուշով հետեւում է իր ծնողների վարքին, եւ այն ինչ անթոյլատրելի է հասարակութեան մէջ, դեռահասը կ՛անի, քանի որ ամենայն հաւանականութեամբ տեսել է հօրից, հօրեղբօրից կամ քեռուց: Դեռ վաղ հասակից երիտասարդը պէտք է հասկանայ (իսկ բացատրութիւն տալը ծնողի պարտականութիւնն է), որ կարճատեւ հաճոյքի պատրանքը պակաս կարեւոր է, քան ընտանեկան բարօրութիւնը, ընտանեկան անդորրն ու ապագայ զաւակի կամ դստեր՝ երկու ծնողի հետ ապրելու հնարաւորութիւնը:
Յովսէփն ու Սաթենիկը (անունները փոխուած են) 2 տարի է, ինչ հանդիպում են: Յովսէփը շատ է սիրում Սաթենիկին, բայց ինձ հետ խօսելու ժամանակ պնդում է, որ չի կարող Սաթենիկի հետ վարուել այնպէս, ինչպէս վարւում է թեթեւաբարոյ կամ պատահական աղջիկների հետ. շատ մեծ ջանք պահանջուեց բացատրելու համար, որ նա մեծ ռիսկի (վտանգի-Խմբ.) է դիմում, երբ գաղտնի ձեւով հանդիպում է այլ՝ պատահական, աղջիկների հետ, առաջին հերթին այն պատճառով, որ հետազօտութիւնների համաձայն շատ զուգընկերներ փոխած անձինք կը դժուարանան մէկի հետ լինել ապագայում, նոյնիսկ եթէ խելագարուելու աստիճանի սիրում են նրան: Գաղտնիք չէ, որ սեռական դաստիարակութիւնը մեր ազգի շրջանակում տասնամեակներ շարունակ տաբու (արգիլուած-Խմբ.) է եղել: Բայց փորձը ցոյց է տալիս, որ այդ տաբուն, միեւնոյնն է, խախտւում է, եւ երիտասարդներից շատերը պատահական ձեւով են «դաստիարակւում»:
Արմէնուհին հիացած է իր նոր ծանօթով, գուցէ եւ սիրահարուած է, բայց վախենում է իր յարաբերութիւններին ընթացք տալ, քանի որ մայրը միշտ յորդորում է հեռու մնալ տղամարդկանցից՝ «նրանք բոլորը մի կտոր են»: Եթէ մօր կեանքը չի դասաւորուել, դա չի նշանակում, որ նա պարտաւոր է աղջկան չափից աւելի զգուշաւոր «խորհուրդներ» տալ: Արմէնուհին առնուազն շփոթուած է…
Արշաւիրը մինչեւ ականջների ծայրը սիրահարուած է æեսիկային, բայց երբեք չի մոռանում հօր յոխորտանքները, թէ եթէ հայի հետ չամուսնանայ, տուն չեմ թողնի: Ցաւօք սրտի հայրը միայն նման կերպ է արտայայտում իր հայութիւնը, իսկ երբ Արշաւիրը խնդրել էր իրեն հայկական դպրոց տանել, հայրը պատասխանել էր. «Ինչի՞դ է պէտք»: Միթէ՞ սա պատասխանելու ձեւ է: Հասկանալի է, որ ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի երեխային հայկական դպրոց տանել, բայց նման պատասխանը նոյնպէս տեղին չէ: Ընդհանրապէս պէտք է գիտակցել, որ ապրելով Հայաստանից դուրս, մեծ է հաւանականութիւնը, որ հայ երիտասարդները օտարի հետ կազմեն իրենց ընտանեկան բոյնը: Այստեղ ծնողի դերը հսկայական է: Ես բազմիցս լսել եմ «էդ հայերից հեռու մնայ» արտայայտութիւնը. վախեցնում են իրենց զաւակներին եւ յետոյ զարմանում արդիւնքների վրայ: Չեն ասում. «Կոնկրէտ այս մէկից կամ այս միւսից հեռու մնայ այսինչ պատճառով»: Կամ էլ հակառակը. «Սրա հետ ընկերութիւն արա, այս մէկը գոնէ հայ է»: Չեն էլ փորձում ճիգ գործադրել տեսնելու համար, որ «այդ մէկը», չնայած որ հայ է, իրենց երեխային անդունդի եզրին կարող է կանգնեցնել:
Ամուսնալուծութիւնները հիմնականում բացասաբար են անդրադառնում ինչպէս ամուսնալուծուողների, այնպէս էլ նրանց շրջապատող մարդկանց վրայ, յատկապէս զաւակների կեանքն է անսովոր շրջադարձ կատարում: Սովորաբար զաւակներ ասելիս ի նկատի ունենք անչափահաս երեխաների, բայց տեսնենք թէ այս ամուսնալուծութիւնները ինչպիսի ազդեցութիւն են թողնում չափահաս զաւակների՝ նրանց կեանքի, վարքի, հոգեկան եւ տնտեսական բարօրութեան վրայ:
Եթէ արդէն հասուն մարդու ծնողները ամուսնալուծւում են, նա նախ եւ առաջ սկսում է մտածել, որ այն ամէնը, ինչին նա հաւատում էր, սուտ է: Երիտասարդների մօտ խնդիրներ են ծագում ուսման վարձի հետ, նրանք անյարմար են իրենց զգում սեփական տանը, յետագայում նաեւ ստիպուած են լինում հոգ տանել իրենց ծեր ծնողների մասին, որոնք չեն օգնում միմեանց: Այս ամէնի հետեւանքով ամուսնալուծուած ծնողների երեխաները կարող են թողնել ուսումը, վաղ անցնել աշխատանքի եւ սկսել ծախսել իրենց խնայողութիւնները: Մասնագէտներն այդ դէպքերում խորհուրդ են տալիս երեխաներին հոգալ սեփական կարիքները՝ գիտակցելով, որ այդ քայլը յետագայում կ՛օգնի թէ՛ իրենց եւ թէ՛ իրենց ծնողներին, ամենաարդիւնաւէտ միջոցները կիրառելու ընդհանուր ունեցուածքը բաժանելիս, ձեռք բերելու երկարաժամկէտ ապահովագրութիւն, որպէսզի յետագայում ստիպուած չլինեն հոգ տանել երկու ծեր եւ անօգնական ծնողներին: Ահա եւ վերջ: Կարծում եմ մտորումների թեմա կայ:
Գրէք ինձ
khachigmelekyan@aol.com
հասցէով