Արտագաղթը Չի Կանխուելու
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- 2010ին արտագաղթի մեծ տեմպեր (թափ-Խմբ.) գրանցուեցին՝ շուրջ 70 հազար մարդ: Ըստ ձեզ՝ դա ինչո՞վ է պայմանաւորուած:
ՀՐԱՆՈՅՇ ԽԱՌԱՏԵԱՆ.- 90ա-կաններին առաջին հերթին մարդիկ դիմում էին արտագաղթի (օբյեկտիւ- (առարկայական-Խմբ.) պատճառներով) առաջացած սոցիալական ծանր պայմանների հետեւանքով, եւ արտագաղթի ամենամեծ պիկերը (գագաթնակէտը-Խմբ.) մեզանում գրանցուել են 96ին, 2000ին, 2002-2003 թթ.: 2003ին մենք մի հետազօտութիւն իրականացրինք եւ հրատարակեցինք «Արտագաղթը Հայաստանից» գիրքը: Այն ժամանակ գրքի շուրջ բաւական աղմուկ բարձրացաւ, միգրացիայի (գաղթականութեան-Խմբ.) վարչութեան հետ քննարկեցինք խնդիրը: Ըստ մեր հետազօտութեան արդիւնքների՝ արդէն 2003ին, երբ շատ պարզ էր իրական սոցիալական վիճակը, պարզ դարձաւ, որ մարդիկ աւելի շատ գնում են անարդարութիւնից: Ու թէեւ 2002-2003 թթ. շատ քիչ մարդիկ ունէին տնտեսական հնարաւորութիւններ՝ գործունէութիւն սկսելու, բայց անգամ նրանք, ովքեր արդէն սկսել էին եւ բաւական յաջողել էին, հէնց այդ մարդիկ էին գնում: Մի դէպքում կարող էր թուալ, որ մարդիկ ուղղակի հնարաւորութիւն, ֆինանսական ռեսուրսներ (միջոցներ-Խմբ.) ունէին գնալու եւ նոր վայրում կարող էին նոր կեանք սկսել, միւս կողմից այդ մարդիկ իրենց գնալը բացատրում էին ոչ թէ, որ Հայաստանում դժուարանում են ապրել, այլ որովհետեւ իրենք Հայաստանում անընդհատ բախւում են իրաւական եւ պարզ մարդկային անարդարութիւնների հետ:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Կարծես թէ միշտ արտագաղթի ցուցանիշն աճում է ընտրական պրոցեսներից յետոյ:
ՀՐԱՆՈՅՇ ԽԱՌԱՏԵԱՆ.- Յատկապէս ընտրութիւններից յետոյ է արտագաղթի ցուցանիշն աւելանում: Երկու դէպքում էր դա լինում. մի դէպքում մարդիկ յոյսեր էին կապում, որ իրենց թեկնածուն կանցնի եւ այդ թեկնածուն իրենց համար յատուկ պայմաններ կը ստեղծի, այսինքն՝ այնպէս չէր, որ անարդարութիւնն էին ուզում վերացուի, այլ կոնկրետ իրենց ընտրուած սուբյեկտները (ենթակաները-Խմբ.) սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) պայմաններ կը ստեղծէին իրենց կեանքը բարելաւելու համար: Միւս դէպքում էլ իսկապէս սպասում են արդարութեան գալուն, սակայն ընտրութեան պրոցեսը «գործընթացը-Խմբ.) ցոյց էր տալիս, որ անիմաստ է այդ սպասումը, եւ երկու խմբերից էլ մեծ արտագաղթ էր լինում: Անցեալ տարի, երբ հրապարակուեցին Գելլապի հետազօտութիւնները, դրանք արդէն 2003ին առկայ էին, այնպէս չէ, որ երկրում հիմա լրացուցիչ նոր տրամադրութիւն է առաջացել, այն կար նաեւ 2002-2003ից յետոյ:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Տիկին Խառատեան, այնուամենայնիւ, 2007ից յետոյ երկրում իրավիճակ է փոխուել, Մարտի 1 է եղել, արդեօ՞ք հաշուարկը պարզ չէ, որ արտագաղթի տեմպերն աւելի էին աճելու:
ՀՐԱՆՈՅՇ ԽԱՌԱՏԵԱՆ.- Ակնյայտ է, որ դա ազդել է արտագաղթի տրամադրութեան վրայ: 2008ին Հայաստանում սկզբունքօրէն եւրոպական ստանդարտով (չափանիշերով-Խմբ.) ապրող մարդիկ, որոնք արդէն միայն ֆինանսական եւ նիւթական խնդիրներ չեն ծրագարաւորում, այլ նաեւ հեռանկարներ՝ կրթութիւն, մշակութային կեանք, սոցիալական կայուն վիճակ, նրանց մօտ առկայ էին մեկնելու տրամադրութիւնները, նրանք յոյս չունէին, թէ որեւէ հեռանկարային փոփոխութիւն երկրում կարող է լինել:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ստեփան Դանիէլեանն ասում է, ու Հայաստանում այսօր էլ քիչ չէ նրանց թիւը, ովքեր այստեղ ապրելով հանդերձ՝ հոգեբանօրէն արտագաղթած են:
ՀՐԱՆՈՅՇ ԽԱՌԱՏԵԱՆ.- Սա յայտնի միտք է, մի ժամանակ նրանց անուանում էինք ներկայ բացականեր, երբ մարդիկ ֆիզիկապէս ներկայ են, բայց ոչ մի ծրագիր, հեռանկար չունենալով՝ փաստացի բացակայ են, երկրի կեանքին չեն մասնակցում, շատ պասիւ են (կրաւորական-Խմբ.), երբեմն շատ գիտակցուած պասիւ են, իրենք իրենց թոյլ չեն տալիս կամ որեւէ նախաձեռնողականութիւն ցուցաբերել՝ տագնապելով դրա հեռանկաներից, կամ ուղղակի անկարող լինելով՝ իրենց հեռանկաները կապում են այլ միջավայրերի հետ: Ես կարծում եմ՝ սա երկրի համար խորապէս ծանր խնդիր է: Մեր հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ մարդիկ փախչում են կամ ուզում են փախչել նուաստացումից՝ արժանապատուութեան վերջին փշրանքները պահպանելու յոյսով: Անընդհատ արժանապատուութեան կորուստները չեն կարող չանդրադառնալ հասարակութեան վրայ, եւ այդ արժանապատուութեան նուաստացումը այնքան է բթացրել, որ մարդն ուղղակի մարգինալացուել (լուսանցկային դարձած-Խմբ.) է կամ պասիւացել է:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Մեր պարագայում արտագաղթի նման տեմպերը ինչի՞ կարող են յանգեցնել, ամենամեծ վտանգը ո՞րն է:
ՀՐԱՆՈՅՇ ԽԱՌԱՏԵԱՆ.- Բազում խնդիրների կարող է յանգեցնել: 2006ին ՄԱԿի զարգացման գրասենեակը ամբողջ աշխարհում ՄԱԿի անդամ երկրների տարածքներում հետազօտութիւն է իրականացրել, որտեղ ցոյց էր տալիս դեմոգրաֆիկ (ժողովրդագրական-Խմբ.) հնարաւոր հեռանկարային փոփոխութիւնները: Յայտնի է, որ եւրոպական երկրների զգալի մասում ծնելիութեան մեծ կուրուստ կայ, եւ այդ երկրներն իրենց ժողովրդագրական վիճակը փորձում են լուծել նաեւ ներգաղթի միջոցով: Եթէ վերադառնամ մեր տարածաշրջան, ՄԱԿի այդ հետազօտութեան արդիւնքում Հայաստանը եւ Վրաստանը (թէեւ հիմա Վրաստանում փոփոխութիւններ կան, նաեւ դեմոգրաֆիկ հեռանկարի իմաստով եւ գուցէ ցուցանիշներն այլ կը լինեն), 2006ի հետազօտութեան համաձայն, խիստ ծերացող երկրներից են: Հայաստանի դէպքում դա կապուած է եւ ծնելիութեան նուազման, եւ ադապտատիւ (յարմարուող-Խմբ.) տարիքի մարդկանց, եւ պտղաբերութեան տարիքի մարդկանց արտագաղթի հետեւանքով (ոչ թէ որովհետեւ մարդիկ ծրագրաւորում են քիչ երեխայ ունենալ, այլ որովհետեւ մարդիկ դրսում են ծնում, ոչ թէ իրենց երկրում):
Հետազօտութիւնը ցոյց էր տալիս, որ Հայաստանում 2025, 2050 թուականներին, ըստ որի՝ 2025ին զգալի, իսկ 2050ին ճգնաժամանային փոփոխութիւններ պէտք է լինեն, այսինքն՝ 0ից 15 տարեկանների կտրուկ նուազում, 15-60 տարեկանների թուի շատ նուազում եւ 60 տարեկանների թուի աւելացում: Արդիւնքում՝ 2050 թուականին Հայաստանում աւելի շատ կը մնան 1990 թուականին ծնուածները:
Սա այն դէպքում, երբ Ադրբեջանում եւ Թուրքիայում ճիշտ հակառակ պրոցեսն է, ժողովրդագրական զարգացում կայ, երիտասարդական տարիքի աւելացում ծերացող տարիքի համեմատ, ծնուողների եւ հեռանկար կապող մարդկանց թուի մեծացում եւ աշխատող տարիքային խմբի աւելացում, որոնք կարող են այդ ներդաշնակութիւնը պահել: Այսինքն՝ շատ ակնյայտ է, որ սա ոչ միայն բանակի խնդիր է, որը նոյնպէս շատ կարեւոր է այսպիսի կոնֆլիկտային (հակամարտութիւններ-Խմբ.) տարածքում եւ կոնֆլիկտային խնդիրներով երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, ոչ միայն ընդհանուր երկրի տնտեսական զարգացման խնդիր է, այլ ընդհանուր հասարակական եւ մշակութային կեանքի ուղղակի սպառնալիք:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Տիկին Խառատեան, իսկ լսե՞լ էք, որ Հայաստանում մարդիկ արտագաղթեն նաեւ արմատացած աւանդոյթների պատճառով:
ՀՐԱՆՈՅՇ ԽԱՌԱՏԵԱՆ.- Ես չեմ հանդիպել այսպիսի բացատրութիւնների, բայց չեմ բացառում նման իրավիճակ: Հայաստանում հիմա շատ հետաքրքիր պրոցես կայ. մի դէպքում «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» անուան տակ ընկալւում եւ հասկացւում է աւանդական մշակոյթի կաղապարների պահպանողական պաշտպանութիւն՝ թոյլ չտալով դրանց մէջ սինթեզ (միաձուլում-Խմբ.) կամ ներքին զարգացումներ, փոխարէնը այն, ինչ աւանդական է, պէտք է պահպանուի՝ շատ չհասկանալով էլ, թէ որն է այդ աւանդականը, բայց ինչ կայ, դա պէտք է պահպանուի, իսկ կեանքը, բնականաբար, շատ փոխուած է, եւ մեծ հակասութիւն կայ մարդկանց իրական ձգտումների եւ ապրելակերպի, հեռանկարների եւ ցանկութիւնների, պահպանողական ձգտումների միջեւ: Ճիշտն ասած, չեմ էլ պատկերացրել, որ այդպիսի հակասութիւնը կարող է արտագաղթի կամ լուրջ բախման պատճառ դառնալ, թէկուզ հէնց այն պատճառով, որ այնուամենայնիւ, ոչ աւանդական կեանքով ապրելու ցանկութիւն ունեցող մարդկանց համար դժուարութիւն չկայ իրենց պատկերացրած կեանքով ապրել: Այսինքն՝ եթէ այդ մարդիկ ուղղակի իրենց կողքին չեն ուզում հանդուրժել պահպանողական ապրելակերպը, այլ բան է, բայց եթէ իրենք խոչընդոտներ են տեսնում իրենց ապրելու ցանկութիւնների միջեւ, սա խնդրի միւս կողմն է: Եթէ այս խնդրին պատասխանելու լինէի, կասէի, որ թերեւս սա ոչ այնքան եւ ոչ միայն աւանդական մշակութային ապրելակերպի մասին է, այլեւ ընդհանուր կրթութեան անկման, կամ մեր կեանքում ոչ ճկուն կերպով ընթացիկ պրոցեսներին հետեւելու կարողութեան:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Արտագաղթը, այնուամենայնիւ, հնարաւո՞ր է կանխել երկրում կտրուկ փոփոխութիւնների միջոցով: Վրաստանում մենք տեսնում ենք, որ ստացւում է:
ՀՐԱՆՈՅՇ ԽԱՌԱՏԵԱՆ.- Ես միշտ կարծել եմ, որ նոյնիսկ ոչ այնքան նիւթական, որքան արդարութեան որոշ սկզբունքներ եթէ պահպանուեն եւ եթէ իրաւական համակարգը գոնէ 50 տոկոսով փոխուի, զգալի կը կանխուեն արտագաղթի տեմպերը: Մինչդեռ մեզանում, իմ կանխատեսումներով, արտագաղթը ոչ միայն չի կանխուելու, այլեւ երբ այդքան խօսւում է ներգաղթի, սփիւռքահայերի ներդրումների մասին, դրանք դատարկ խօսակցութիւններ են: Մինչդեռ Վրաստանը ցոյց տուեց, որ իսկապէս բոլոր խօսակցութիւնները, թէ ժողովուրդների մենթալութեան (մտածելակերպի-Խմբ.) խնդիր է, սուտ է, սա ընդամէնը մի քանի մարդու քաղաքական կամքի խնդիր է: Հայաստանի որոշ արտադրողներ, ինչքան ինձ յայտնի է, տեղափոխւում են Վրաստան, այնտեղ նրանց որոշակի պայմաններ են առաջարկել: Վրաստանն իր այդքան ծանր ռուսական կոնֆլիկտից յետոյ իր մէջ կամքի ուժ գտաւ իր երկրի ներքին խնդիրներով զբաղուել:
«Լրագիր»