ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Ատրպէյճանի մէջ Լեհաստանի դեսպանատունը իր կայքէջին վրայ տեղադրած է Լեհաստանի արտաքին գործոց նախարարութեան մէկ յայտարարութիւնը, ուր լեհ քաղաքացիներուն կ՛արգիլուի Արցախ այցելել՝ զայն նկատելով «ատրպեճանական տարածք»:
ԼՂՀ արտաքին գործոց նախարարութիւնը այս առթիւ հանդէս եկած է պատասխան յայտարարութեամբ, ուր կ՛ըսուի.
«Վերջին ժամանակներս Բաքուի քարոզչամեքենայի շահարկումների առարկայ է դարձել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանութեան կայքէջում տեղադրուած՝ Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրութիւնը, որի առիթը 2010 թուականի Դեկտեմբերին Եւրախորհրդարանի պատգամաւոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբայի այցն էր ԼՂՀ:
«Անտարակոյս, ԼՂՀ այցելութիւնների անցանկալիութեան վերաբերեալ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան հաղորդագրութիւնը երաշխաւորական-տեղեկատուական բնոյթ է կրում, ինչի մասին, մասնաւորապէս վկայում է այն, որ Լեհաստանի ԱԳՆ պաշտօնական կայքէջում նշուած տեղեկատուութիւնը բացակայում է: Սակայն հաւատարիմ մնալով իրեն՝ պաշտօնական Բաքուն ուռճացնում է յիշեալ թեման:
«Այդուհանդերձ, տարօրինակ է մնում Լեհաստանի իշխանութիւնների դիրքորոշումը, քանի որ նաեւ այդ երկիրն է նախաձեռնել ԵՄ «Արեւելեան գործընկերութիւն» ծրագիրը, որը հիմնուած է ժողովրդավարութեան եւ միջազգային իրաւունքի սկզբունքների վրայ: Արդեօք լեհական իշխանութիւնները դրանով իսկ չե՞ն ոտնահարում իրենց քաղաքացիների իրաւունքներն ու ազատութիւնները: Չէ որ դեռ ոչ մէկի կողմից չի բեկանուել ազատ տեղաշարժուելու եւ ճշմարտացի տեղեկատուութիւն ստանալու մասին իրաւունքի միջազգային համաձայնագիրը: Միանգամայն տեղին կը լինի հարց ուղղել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլաւ Սիկորսկուն, թէ արդեօք տուեալ սահմանափակումը տարածւո՞ւմ է նաեւ լեհ քաղաքացի Անջեյ Կասպշիկի վրայ:
«Ի դէպ, ամէն ինչից դատելով, Բաքուի չինովնիկների սպառնալիքները հազիւ թէ տպաւորութիւն թողնեն որեւէ մէկի մօտ: Չնայած նրան, որ արտասահմանցիների այցերը Արցախ՝ Բաքւում համարում են քրէօրէն պատժելի յանցանք, անկախութեան հռչակումից ի վեր ԼՂՀ են այցելել տասնեակ հազարաւոր օտարերկրացիներ՝ զբօսաշրջիկներ, քաղաքագէտներ, գործարարներ, դերասաններ, լրագրողներ, այդ թւում՝ Ադրբեջանի ամենաբարեկամ երկրների, օրինակ, Թուրքիայի ներկայացուցիչներ:
«Աւելին, Արցախ այցելող արտասահմանցի զբօսաշրջիկների թիւը, այդ թւում՝ ԵՄ երկրներից, տարէցտարի կայուն կերպով աւելանում է: Բազմաթիւ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Ընդլայնւում է այն երկրների աշխարհագրութիւնը, որտեղից զբօսաշրջիկներ են ժամանում: 2010 թուականին առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի եւ Կոտ Դ՛իւուարի քաղաքացիներ:
«Այդ ամէնը վկայում է այն մասին, որ աշխարհում տարէցտարի աճում է հետաքրքրութիւնը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիւ հակազդեցութեանը եւ այն բանին, որ ԼՂՀ այցելող օտարերկրեայ քաղաքացիները յայտարարւում են «նոն գրատայ» անձինք: Զբօսաշրջիկներին հրապուրում են հինաւուրց պատմական յուշարձանները, շքեղ բնութիւնը, առողջ բնապահպանական միջավայրը եւ այլն: Սակայն, նրանց խօսքերով, երկրի հիմնական հարստութիւնը կազմում են նրա բարեացակամ եւ հիւրասէր մարդիկ:
«Անկասկած, այսուհետեւ ԼՂՀում առանձնայատուկ ուշադրութեամբ կը վերաբերուեն Լեհաստանի քաղաքացիներին, ովքեր անտեսելով արհեստական արգելքները, կայցելեն ԼՂՀ»:
Լուրեր Հայաստանից – NEWS.am