ԲԱՆԱՔԱՂԵՑ՝ ՔՆԱՐ ՄԱՆՃԻԿԵԱՆ
ՀՅԴ 120ամեակի առթիւ, պարտք համարեցի տալ հատուածներ հիմնադիր երրորդութեան, կուսակցութեան Ա. տասնամեակի առթիւ, իրենց անցեալի խոհերէն ու ապագայի յոյսերով շարունակելու հայ ժողովուրդի բարելաւման մասին, իրենց ունեցած ծրագիրներէն:
«ՀՅԴ Տասնամեակը»
Գրեց՝ Քրիստափոր Միքայէլեան.

Դաշնակցութիւնը իր 2րդ տասնամեակի շէմքում, վառուած է ապագայի յոյսերով եւ պիտի շարունակի բարձր բռնել մի անգամ պարզած կռուի դրօշակը: Այդ կռիւն է, որ կենդանի պահելով մեր հարցը, առաջ է քշում նրան դէպի իր ցանկալի վճիռը: Այդ կռիւն է, որ արտաքին թէ ներքին որեւէ փոփոխութիւնների միջոցին Թուրքիայում- լինի դա միջամտութիւն, պատերազմ, մի ներքին պայթիւն կամ բարեշրջում- կը ստիպէ ում հարկաւոր է՝ հաշուի առնել նաեւ հայկական պահանջները: Այդ կռիւն է, որ կարող է զանազան վայրերում ցրուած հայերի լքման առաջն առնել եւ թոյլ չտալ դրանց կուլ գնալ տեղական սահմանափակ հոգսերի մէջ կամ օտար կեանքի հոսանքում մոռանալ տալ ազգային դատը: Վերջապէս այդ կռիւն է միայն, որ կարող է խոստանալ մեզ որեւէ ապագայ, այն ինչ՝ հակառակ ընթացքը անպայման մեզի պիտի տանի դէպի կորուստ: Մուշի առաջնորդ Բաբկէն վրդ.ի տեղեկագիրը Մուշի շրջանի հարստահարութիւնների մասին, թող մեզ ծառայի իբր մի նմուշ երկրի վիճակի, որի մէջ հալւում է հայութիւնը: Տատանումը այդպիսի օրերուն յանցանք է, լռութիւնը՝ մահ, անգործութիւնը՝ դաւաճանութիւն:
Յառա՜ջ:
Հայաստանի կարմիր հողերը, մեր նահատակների սուրբ յիշատակը, մեր ծով ցաւերի ամբողջ ծանրութիւնը, մեր օրհասական ներկայի խորհրդաւորութիւնը, թող չհեռանան երբեք մեր սրտերից:
Յառա՜ջ:
Հասկանանք պատմական րոպէի կարեւորութիւնը, սեղմենք մեր շարքերը, յառենք մեր հայեացքը դէպի թշնամին եւ գոչենք:
«Հարուածի՛ր, կախի՛ր, սպանի՛ր, մենք չենք խնդրում խնայիլ մեզ, բայց մենք էլ քեզ չենք խնայելու: Դու հպարտ ես քո բարբարոս ուժով, իսկ մենք անմահութեան կնիքը ունինք մեր սրտերում: «Մենք ասում ենք,- ընկի՛ր դահիճ. բացուի՛ր արշալոյս, եւ դու կ՛ընկնես, կամ մենք կը կորչենք աշխարհի երեսից»:
Յունուար1, 1901
«Անցած Օրերից»
Գրեց՝ Սիմոն Զաւարեան

1890թուին, մենք Թիֆլիսի նախկին աշակերտական խմբակների անդամներս, լրացրել էինք մեր կրթութիւնը եւ մտել կեանքի մէջ: Տարբեր զբաղումներ ունէինք մենք՝ ուսուցիչ, փաստաբան, բժիշկ, ծառայող, բայց հոգով միացած բոլորս էլ ձգտում էինք իրականացնել արդարութեան ու հաւասարութեան այն սկզբունքները, որոնց շուրջը պտըտում էին մեր մտքերն ու սրտերը:
Մեր ուղղութիւնը պարզ էր՝ ծառայել մեր ժողովրդին, թեթեւացնել նրա կրած ծանր բեռը, բանալ նրա աչքերը, կռուիլ նրա կեղեքողների, խաբողների դէմ: Սակայն կեանքի հրապոյրները մեծ էին, իսկ ազատութեան ճանապարհը փշոտ. եւ մենք «ջահիլներս» շուտ յուսահատւում եւ շեղւում էինք մեր գծած ճամբից:
Եւ այդ նեղ, տատանման օրերին՝ ամէն մինը դիմում էր նախկին Միխայլովին, որ դարձել էր Միքայէլեան, իսկ շատերի համար՝ Քրիստափոր:
Նա խօսում էր այնքան անկեղծօրէն, այնպիսի ընկերական շեշտով, նրա համեստ ու եղբայրական մտերմական վերաբերմունքը դէպի բոլոր իրեն դիմողները, նրա վստահութիւնը դէպի ազատութեան եւ հաւասարութեան գաղափարի յաղթանակը մխիթարում էին թոյլերին, ամաչեցնում էին տատանուողներին, ինքնավստահութիւն ներշնչում հաւատացողներին:
Քրիստափորը հանդիսանում է բիւրեղացած մաքրութիւն ու գաղափար, որի շուրջը հաւաքւում էին երիտասարդ գաղափարական տարրերը:
Եւ երբ 1880 թուին, ազատարար եւ մարդասիրական գաղափարները սկսեցին ստանալ հայկական գոյն, յանուն թրքահայերի դառն կացութեան բարւոքման՝ եւ միաժամանակ կազմուեցին մի քանի խմբեր եւ հոսանքներ, ոչ ոք այնքան չնպաստեց այդ խնդրի շաղկապման ու փոխադարձ համերաշխութեան, ինչքան Քրիստափորը:
Գաղափարական երիտասարդութեան մէջ կային թթու ազգասէրներ, որոնց երազը միմիայն Թրքահայաստանի անկախութիւնն էր, կային արմատականներ, որ ուզում էին տնտեսական բարեփոխումներ մտցնել հայ կեանքի մէջ, կային նիհիլիստներ, հնչակեաններ:
Ծրագրական վէճերը շարունակւում էին ամիսներ, ամէն մէկը համարում էր իրեն անսխալական եւ չէր ուզում զիջել:
Սակայն սկսուելիք ազատագրական կռիւը ծանր էր եւ ամէն ջանք թափելու էր «հինգ հայի մէջ երեք կուսակցութիւն» չունենալ:
Բոլորը այդ զգում էին, բայց չէին կարողանում գործել համերաշխօրէն:
Քրիստափորն էր, որ շնորհիւ իր համբերատար ու հաշտեցնող բնաւորութեան, բնական միջնորդ հանդիսացաւ խմբակների մէջ եւ ամենից շատ նպաստեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կազմուելուն:
«Յառաջ» Թիֆլիս, 1906
«Հայկական Կարմիր Խաչ»
Գրեց՝ Ռոստոմ
(ՀՅԴ 10ամեակին առիթով)

Հայ յեղափոխական շարժման տխուր անցեալի մէջ մտքով խորասուզուելիս, մեր աչքի առջեւ են գալիս ընկած նահատակների ուրուականների հետ միասին, յեղափոխական նահատակների դժբախտ շարքերը:
Երկար տարիների ընթացքում հայ յեղափոխականը կռուել է անձնուիրութեամբ, այդ ընթացքում ստեղծուել է մի մեծ բանակ բանտարկեալների, աքսորեալների անկարների, հաշմանդամների, ուժասպառների, այդ ընթացքում հայ հասարակութիւնը, մարդասիրական տեսակէտից ոչ մի դրական միջոց չի ձեռք առել նրանց ողբալի վիճակը թեթեւացնելու:
Երբ մենք լսում ենք թէ ի՜նչ փառաւոր ընդունելութիւն են գտնում կռուից վերադարձած զինուորները Եւրոպայում, նոյնիսկ Ռուսաստանում, ակամայ մեր մտքի առաջ են գալիս գործից վերադարձած հայ կամաւորները կրակոտ ճանապարհից, տրեխները քրքրուած, որի տակի մորթը պլոկած եւ ուրախ եթէ կարողանում են գոմի մի անկիւնում գաղտագողի ապաստարան գտնել ու մի կտոր չոր հացով կշտանալ:
Իսկ դէս ու դէն ցրուած հալածական զինուորնե՞րը, իսկ զոհուածների անտէր մնացած ընտանիքնե՞րը:
«Կարմիր Խա»չի հաստատութիւնները ամէն երկիր ունի:
«Կարմիր Խա»չի շնորհիւ էր, որ հազարաւոր աքսորեալներ, բանտարկեալներ, փախստականներ հնարաւորութիւն ունէին տանելի վիճակ ունենալու իրենց դժբախտութեան վայրերում:
Դա մեր պակասներից մէկն է. «Հայկական Կարմիր Խա»չ հաստատութիւնը՝ լայն ասպարէզով, դրամ, զգեստ, ճերմակեղէն բաշխելու բանտարկեալներին, աքսորեալներին, օգնութիւն հասցնել կռուից դարձածներին, գործ գտնել անոնց, հայթայթել կռիւ գնացողներին վէրք կապելու համար անհրաժեշտ իրեր եւ այլն:
Այս հարցը մի քանի անգամ դրուել է յեղափոխական ժողովներում եւ ընդունելութիւն գտել ընդհանուրի կողմից:
Մեզ յոյս է ներշնչում, մանաւանդ, այն հանգամանքը, որ «չէզոք» սրտերի, չէզոք ուղեղների ընկերութիւնը անհրաժեշտ է, մանաւանդ ապագայ կռուի յաջողութեան համար:
Մարդիկ, որոնք մի ժամանակ զոհել են իրենց ունեցած-չունեցածը իսկ հիմա թափառում են յետին թշուառութեան մէջ, տեղ չգտնելով իրենց չոր գլուխը դնելու համար: Երիտասարդներ, որոնք դժբախտութիւն են ունեցել կրակի մէջ ամբողջովին չխորովուելու, բոլոր հաշմանդամները, իրենց ապրուստի միակ ապաւէնը կորցրած ընտանիքները, բոլոր կենդանի մնացած զոհերը, բոլորն էլ օգնութեան են սպասում մի հասարակութիւնից, որի համար իրենք բուռն տենչով կրակն են նետուիլ եւ դեռ պիտի նետուին:
Եւ միթէ՞ հայ զինուորը դեռեւս չի արժանացել այդ օգնութեան:
1901 Յունուար
Ծանօթ.
Ռոստոմ բախտը չունեցաւ տեսնելու ծնունդը Հայաստանի Կարմիր Խաչի, հիմնուած 1920ին անկախ Հայաստանի մէջ:
52ամեայ Ռոստոմ մահացած էր 1919ին:
Ստորեւ հատուած մը Ռոստոմի, 29 Դեկտ. 1900 թուակիր նամակէն, ուղղուած ՀՅԴի Արեւմտեան Բիւրոյին, Ժընեւ.
Սիրելիք,
Երէկ մեր միտը ընկաւ ալբոմը: Շատ լաւ կը լինէր հասցնել նրան դաշնակցութեան 10 ամեակին: Իսկ եթէ համարը Յունուարին չէք ձգելու, հրատարակեցէք գոնէ այն պատկերները, որ ժամանակին լոյս չեն տեսել (Արաբօն, Յունօն, Օքոնեանը, Սամաթիոյ հերոսները): Դրանց բոլորին կարելի է զետեղել մի խմբի մէջ, շատ համառօտ տեղեկութիւններով: Մենք մտադիր ենք 10ամեակը տօնել ընդհանուր նահատակների համար հոգեհանգիստով եւ երեկոյեան մէկ հանդէսով: Մենք կ՛առաջարկենք մեր շրջանի կազմակերպութիւններին:
Ցանկալի է, որ այդպէս տօնուի ամէն տեղ եւ եթէ կարելի է միեւնոյն օրը:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան առաջին 10ամեակին, Աւետիք Իսահակեան եղաւ առաջիններէն, որոնք իրենց քնարով արձագանգեցին հայ յեղափոխական մարտակոչին:
Ստորեւ հատուած մը.
«Նուէր Դաշնակցութեան Տասնամեակին»
Գրեց՝ հայ գուսան
(Ա. Իսահակեան)
Սազը չթողեց, որ կտրիճ դառնամ,
Թուրը չթողեց, որ գուսան դառնամ:
Գողթան քնարը, որ ազատութեան
Գովքը կը երգէր Մասիս սարն
ի վե՜ր,
Ա՜խ, շատ վաղուց էր լուռ էր ու
անձայն,
Ու գուսանները քուն էին մտեր,
Որոնց սրտի արտուտն էր ճախրում՝
Երգելով ազատ Մասիս սարն ի վեր:
Բայց երբ կտրիճի վառ սիրտը թնդաց
Սիրով, վրէժով հայրենի երկրի,
Երբ հրացանի կոչը որոտաց-
Կոչն ազատութեան Մասիս սարն ի վե՜ր:
Գողթան քնարը նորից զնգզնգաց
Ու սիրտս ճախրեց Մասիս սարն ի վե՜ր:
Օգտագործուած աղբիւրներ՝
«Դրօշակ», Յունուար1901-Հ.Յ.Դ. 60 ամեակ-Պոսթըն
1950-«Նշխարներ Սիմոն Զաւարեանէ»-Պէյրութ 1968
Ռոստոմ. «Նամականի»-Պէյրութ 1999