ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ
1883 թուականին էր:
Ինձ մեր գիւղից Թիֆլիս էին բերել Նէրսիսեան դպրոցը տալու: Պէտք է ապրէի մօրս կողմից իմ ազգական Բաղդասար քեռու, ինչպէս մենք էինք ասում, Բաղդի քեռու տանը:
Էդ տունը Բաղդի քեռու քենեկալ Նաւասարդ Զօրեանի տունն էր, Հաւլաբար, Ձորաբաշի եկեղեցուց ոչ հեռու:

Առաջին իրիկունն էր: Զրոյց էին անում հէրս, Բաղդի քեռին ու տանըցիք: Իմ մասին խօսելիս հէրս խնդրեց, որ ինձ չթողնեն դէս-դէն ընկնեմ, փողոցի տղերանց հետ ընկերանամ:
Տանըցիք հօրս հանգստացրին, թէ ինչու պէտք է դէս-դէն ընկնի, ընկերը մեր տանն է, էլի: Մեր Ստեփանիցն էլ լաւ ընկե՞ր:
Բաղդի քեռին էլ իր կողմից շատ գովեց Ստեփանին, ու ես անհամբեր սպասում էի, թէ երբ պէտք է լուսանայ, որ տեսնեմ իմ նոր ընկերին:
Զօրեանների սենեակները երկու մասի էին բաժանուած. մի մասում Բաղդի քեռին էր ապրում, միւսում իրենք:
Առաւօտը ինձ կանչեցին պատշգամբ, կողքի սենեակից էլ դուրս եկաւ Ստեփանը, 15-16 տարեկան մի կոշտ ու պինդ պատանի, հագին մի բլուզ, շփերթ, առանց գօտկի, բաց չստերը ծլըփծլըփացնելով:
Մօտեցանք, մտերմացանք ու էն օրուանից միշտ միասին էինք:
Եւ ի՞նչ լաւ էր…
Կարծես թէ էն ժամանակն էլ էր լաւը, էն տունն էլ էր լաւը, տանըցիք էլ էին լաւը, բոլորը լաւն էին…
Երկու քենեկալները՝ իմ քեռի Բաղդին ու Ստեփանի հօրեղբայր Նաւասարդը երկու հակապատկեր էին:
Բաղդի քեռին մի նշանաւոր ֆանտազէօր էր, սիրում էր հրաշքներով լիքը պատմութիւններ անել եւ միշտ խօսում էր հին փիլիսոփաներից ու իմաստուններից:
Նաւասարդը, ընդհակառակը մի գործնական մարդ էր, որ միայն իր գործն էր ճանաչում:
Բայց շատ իրար նման էին նրանց կանայքը, երկու քոյրեր՝ Նատալիան ու Եփեմիան, երկու զարմանալի հանգիստ ու բարի արարածներ:
Ես ու Ստեփանն էլ, թէեւ էնքան կապուած, բայց տարբեր աշխարհների ծնունդներ էինք ու տարբեր խառնուածքի տէր: Կարծես թէ ես Բաղդի քեռու ներկայացուցիչը լինէի, նա՝ հօրեղբայր Նաւասարդի:
Նա ռէալական դպրոցումն էր սովորում, ես՝ Նէրսիսեան: Նա իրանց դպրոցն էր գովում, ես՝ մերը, եւ յաճախ իրար դէմ էինք բերում՝ ես հայկականը, նա օտարը, գլխաւորապէս ռուսականը: Էլ գրականութիւն, էլ պատմութիւն, էլ հէքեաթներ, Էլ հերոսներ, էլ ժողովուրդ, թէեւ, իհարկէ, դրանցից շատ քիչ տեղեկութին ունէինք:
Ես Վարդան Մամիկոնեանին էի մէջ բերում, նա Վարդանի դիմացը հանում էր Աքիլլէսին: Նա Իլիա Մուրոմեցին էր առաջ քաշում, ես դուրս էի բերում Հայկին: (Էն ժամանակ Սասունցի Դաւիթը դեռ յայտնի չէր մեզանում): Յիշում եմ, թէ Տիգրան Մեծի եւ Պոմպէոսի պատուիրակները ինչ յամառ պատերազմ առաջ բերին մեր մէջ: Ոչ մէկս տեղի չէինք տալիս, դպրոցից գալիս էինք թէ չէ, կպչում էինք ու իրար ուտում մի քանի օր շարունակ, մինչեւ որ յուսահատուած տանըցիք միջամտեցին եւ ստիպեցին վերջ դնել մեր անվերջ աղմուկին, որ հարեւաններին էլ էր անհանգիստ անում:
Իմ դրութիւնը դժուարանում էր մանաւանդ էն ժամանակ, երբ վէճը գալիս էր գրականութեանը: Ես գրէթէ ոչինչ չգիտէի գրականութիւնից, իսկ Ստեփանը շատ էր կարդում եւ շատ էր սիրում ռուսաց լաւագոյն բանաստեղծներին ու վիպասաններին:
Նոր եկած օրերս էր, Ստեփանը մի օր այլայլուած տուն ընկաւ ու յայտնեց, Տուրգենեւը մեռել է: Մեր ամբողջ շրջանում ոչ ոք հասկացողութիւն չունէր, թէ ով է Տուրգենեւը, բայց Ստեփանի սարսափը տեսնելով բոլորս էլ սարսափեցինք: Զգացինք, որ մի մեծ դժբախտութիւն է պատահել՝ որ Ստեփանի վրայ էդքան ազդել է, որովհետեւ քիչ կը պատահէր՝ նա իրեն էդպէս կորցնէր: Եւ մենք երկու օր Հաւլաբար դէս-դէն ու սրա-նրա մօտ էինք վազում միասին: Լաւ չեմ յիշում թէ ինչու, բայց վազվզում էինք Տուրգենեւի պատճառով:
Առանձնապէս սիրում էր Գոգոլին: Անգիր գիտէր Տարաս Բուլբան: շարունակ կարդում էր եւ գիշերները ուղղակի լուսացնում էր ընթերցանութեան վրայ: Շատ էր պատահել, որ մեր բարի Եփեմիա ձալոն, նրա հօրեղբօր կինը, առաւօտները կանչել է մեզ, որ գնանք տեսնենք թէ ինչպէս Ստեփանը սեղանի վրայ նստած քնել՝ գլուխը դրած Գոգոլի բաց գրքի վրայ:
Նա սովորաբար գիշերներն էր կարդում ու դաս սովորում, իսկ ցերեկները կանոնաւոր կերպով մարմնամարզութեամբ էր զբաղւում, կոխ էր պրծնում ինձ հետ կամ որսի գնում:
Մեր տան ուղիղ առջեւից մի նեղ կածան էր իջնում դէպի ժայռի տակը, Քռի ափը: Էնտեղ, ժայռի լանջերին, երամներով աղաւնի՝ թռլոն էր լինում: Եւ յաճախ, ճաշերից յետոյ, հրացան էր որոտում:
Էդ Ստեփանի հրացանի ձէնն էր. թռլոն էր որսում:
Մի ժամանակ էլ որսի ասպարէզը մեծացրեց, սկսեց գնալ Նաւթլուղից դէնը հեռու հանդերը նապաստակի որսի: Եւ միշտ թռլոն ու նապաստակ էր բերում:
Տանըցիք ցանկանում էին, ստիպում էին, որ ձեռք վերցնի որսորդութիւնից: Աղաւնու սպանութիւնը մեղք էին համարում, իսկ նապաստակի միսը՝ հարամ, եւ զզւում էին, չէին ուտում: Բայց նա, առանց նոյնիսկ պատասխան տալու, լուռ շարունակեց իր որսորդութիւնը եւ վերջում շատերիս նապաստակի միս ուտացրեց:
Իսկ նրա կոխ պրծնելու սովորութիւնը կատարեալ պատիժ էր դարձել ինձ համար: Ճիշդ է ես էլ էի առողջ ու ջլուտ, բայց նա աւելի ուժեղ էր: Ժամերով քաշքշում էինք իրար եւ տունը տակն ու վրայ անում: Հագներիս շոր չէր մնում: Եւ ահա մեր ձալոները մտածեցին սրան մի ճար անել: Տների ծայրի դահլիճը յատկացրեցին մեր ըմբշամարտութեան համար եւ կարգադրեցին, որ կոխ պրծնլիս բլուզներս հանենք:
Տան երեխաները փոքր էին: Մեր ըմբշամարտութեան սովորական թամաշաւորը Ստեփանի փոքր եղբայրն էր, Արիստակէս անունով: Արիստակէսն էլ ամէն բանի մէջ գնաց իր եղբօր ետեւից, հետագայում էլ դաշնակցութեան մէջ մտաւ ու սպանուեց խանասորի կռւում:

Մեր չորս կողմը եւ մեր բակում շատ աղջիկներ կային, ես ամէն մի յարմար դէպքի փախչում էի նրանց նայելու, իսկ Ստեփանը, ընդհակառակը, թէեւ ինձանից էլ մի երկու տարով մեծ էր, բառի բովանդակ նշանակութեամբ երբեք ուշք չէր դարձնում նրանց վրայ: Երբ ես խօսք էի գցում աղջիկներից, նա ոչ մի բառ չէր արտասանում, լուռ, յանդիմանաբար նայում էր ինձ ու պնչերը ուռցնում:
Սակայն շատ էր սիրում լսել քաջերի կեանքից եւ երբեմն գիշերները ես պատմում էի նրան Լոռու իգիթներից ու ղաչաղներից, իսկ ինքը ոգեւորուած պատմում էր իր հօրեղբայր Դաւթից:
Հետագայում էլ մի քանի պատմութիւններ արաւ ու առաջարկեց, որ բանաստեղծութեան նիւթ առնեմ: Ես նրա պատմածներից միայն մէկից, որ պատմեց 1890 թուականին, մի տէրտէրի եւ իր աղջկայ պատմութիւնից օգտուեցի ու նիւթ առայ մի պօէմի: Պօէմը, թէեւ գրելիս բոլորովին փոխուեց եւ ուրիշ բան դուրս եկաւ, բայց ես նուիրեցի Ստեփանին: Բաւական տարիներ առաջ ռուս ժանդարմները խուզարկեցին, տարան կորցրին էդ պօէմը, եւ միայն մի երկու կտոր գտայ պատահմունքով, որ տպուեցին «Տանը», «Երկրում» եւ «Հայոց Լեռներում» վերնագիրներով:
Ինչպէս ասի մենք շատ էինք վիճում եւ իրար դէմ հանում ես՝ հայկականը, նա՝ օտարը: Բայց հէնց էդ տարիներումն էլ, տակաւին ռէալական դպրոցում , նա սկսեց կարդալ հայոց գրականութիւնից, տարուեց Րաֆֆու եւ ուրիշների գրուածքներով, դարձաւ «Մշակի» ընթերցող եւ Արծրունու ջերմ յարգող, սկսեց ժողովներ յաճախել եւ շատ արագ ու թունդ հայասէր դառնալ: Եւ մի քանի տարուց յետոյ մեր վէճերը շատ էին փոխուել: Քանի ես յակւում էի դէպի օտար գրականութիւններն ու ցրւում դէպի հեռուները, նա ուժեղ թափով կենտրոնանում էր հայութեան վրայ:
Ռուսաց գրականութեան ազդեցութեան տակ նա պատրաստի ժողովրդասէր էր, ինքն էլ ի ծնէ դեմոկրատ, հայ ժողովրդի ու նրա վիճակի վրայ էլ որ աչքը բացուեց՝ արդէն գրեթէ կազմակերպուած էր ապագայ Ռոստոմը:
Էսպէս էր, երբ ռէալական դպրոցն աւարտեց ու գնաց Մոսկուա ուսանելու:
Մոսկուայից արդէն յեղափոխական նամակներ էր գրում:
Չմոռանամ ասել, որ 1884 թուականին մի օր եկաւ տուն ու յայտնեց, թէ էսօր քո հայրենակից մի լաւ տղի հետ ծանօթացայ:
Անունը ազգանունը հարցրի:
Ասաւ Սիմոն Զաւարեան:
Ո՞վ կարող էր էն ժամանակ երեւակայել, թէ երկուսն էլ, տակաւին աշակերտներ, տարուելու էին միեւնոյն գաղափարով ու նոյն ցաւով, միեւնոյն չարքաշութեամբ անցնելու էին միեւնոյն ճանապարհը ու թաղուելու էին միեւնոյն գերեզմանատանը, կողք-կողքի, երկուսն էլ միշտ կարօտ կուլտուրական խաղաղ կեանքի ու աշխատանքի՝ իրենց հետ տանելով միշտ իրենց փայփայած գեղեցիկ ծրագիրները:
Իմ նպատակից դուրս է Ստեփանի պատանեկութեան էս շրջանից դէսն անցնելը, սակայն մի բան կարող եմ ասել, որ նա իր բնաւորութեամբ, իր բարոյական առողջ ամբողջականութեամբ մնաց նոյնը, ինչ որ էր պատանի ժամանակ: Միշտ պարզ, հասարակ, քչով բաւականացող, իրեն զրկող, հաշտարար եւ բոլորանուէր նուիրուող ամէն մի գործի, որ կ՛առնէր իր վրայ:
Ինչպէս ծնուել էր, էնպէս էլ մնաց, էնպէս էլ գնաց:
Գնա՛, Ստեփա՜ն ջան, դու էլ գնա էն խորհրդաւոր աշխարհը, ուր էնքան շատ լաւ ընկերներ, հարազատներ ու սիրելիներ են գնացել ու էն աշխարհը դարձրել էնքան հրապուրիչ: