ՀԱՄՕ ԿԱՐԷՆԻ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ

Հայաստանի Հանրապետութեան երկուսուկէս տարուայ (1918թ. Մայիս-1920թ. Դեկտեմբեր) պատմութիւնը սերտօրէն առնչւում է ՀՅ Դաշնակցութեան տուեալ ժամանակաշրջանի պատմութեանը: ՀՀ չորս վարչապետներն էլ հանդիսացել են կառավարող ՀՅԴ անդամներ, եղած հինգ կառավարութիւններում (երկուսը կոալիցիոն՝ մէկը Հայ ժողովրդական կուսակցութեան, միւսը՝ սոցիալիստ-յեղափոխականների հետ) կարեւոր պորտֆէյլները (նախարարութիւնները-Խմբ.) պատկանել են դաշնակցականներին:
Հայաստանի Հանրապետութեան պատմութեան կարեւորագոյն հարցերից է իշխանութեան կենտրոնական մարմինների (խորհրդարան, կառավարութիւն) ձեւաւորման ու գործունէութեան խնդիրը: Ներկայ յօդուածում հիմնականում մեր կողմից առաջին անգամ շրջանառութեան մէջ դրուած արխիւային վաւերագրերի միջոցով ներկայացնում ենք ՀՅ Դաշնակցութեան քաղաքականութիւնը Հայաստանի խորհրդի եւ ՀՀ կառավարութեան ձեւաւորման ուղղութեամբ:
1917թ. Հոկտեմբերից Անդրկովկասի հայութեան փաստացի ղեկավար մարմինը հանդիսանում էր Թիֆլիսում տեղակայուած Հայոց ազգային խորհուրդը: Այն կազմուած էր 15 անդամից՝ 6 դաշնակցականներ, երկուական ներկայացուցիչներ Հայ ժողովրդական կուսակցութիւնից, հայ սոցիալ-դեմոկրատներից, հայ սոցիալիստ-յեղափոխականներից եւ 3 անկուսակցականներ: Նախագահը Աւետիս Ահարոնեանն էր, որին յետոյ ժամանակաւորապէս փոխարինեցին Խաչատուր Կարճիկեանն ու Աւետիք Սահակեանը: Հայութեանն առնչուող կարեւոր խնդիրներին լուծում էր տրւում Ազգային խորհրդի կողմից:

1918թ. Մայիսի 26ին վրացիների նախաձեռնութեամբ Անդրկովկասեան սէյմը (խորհրդարանը-Խմբ.) որոշում ընդունեց ինքնալուծարման վերաբերեալ: Սէյմի փլուզումից յետոյ վրացիները, ադրբեջանցիները (կովկասեան թաթարներ, թուրքեր) եւ հայերը պէտք է ձեռնամուխ լինէին սեփական պետութիւնների կառուցմանն ու մասնաւորաբար իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր մարմինների ձեւաւորմանը:
Այս իրավիճակում նոյն Մայիսի 26ին տեղի ունեցած ՀՅ Դաշնակցութեան Թիֆլիսի ներկայացուցչական ժողովը, քննութեան առնելով եղած իրավիճակը, ընդունեց հետեւեալ բանաձեւը. «Ի նկատի առնելով այն, որ Անդրկովկասի սէյմի ինքնացրումից եւ Վրաստանի անկախութիւն յայտարարելուց յետոյ լուծուելու է եւ Անդրկովկասեան կառավարութիւնը, եւ հայ ժողովուրդը մնալու է բախտի բերմունքին ներկայացուցչական ժողովը գտնում է անհրաժեշտ, որ Հայոց Ազգային խորհուրդը, ուժեղացնելով իր կազմը, անցնի գործելու հայութեան կենտրոնում՝ ստանձնելով կառավարական ֆունկցիաներ՝ օժտուած դիկտատորական իրաւունքներով հայ կեանքի բոլոր երեւոյթների եւ գործերի նկատմամբ»: Իսկ Մայիսի 29ին տեղի ունեցած ՀՅԴ Արեւելեան եւ Արեւմտեան Բիւրոների, Թիֆլիսի կենտրոնական կոմիտէի, Սէյմի եւ Ազգային խորհրդի դաշնակցական ֆրակցիաների միացեալ նիստում որոշուեց Հայաստանն անկախ յայտարարել, կազմել կոալիցիոն կառավարութիւն, որն Ազգային խորհրդի հետ պէտք է տեղափոխուէր մայրաքաղաք Երեւան: Վարչապետի թեկնածու առաջադրուեց Յովհաննէս Քաջազնունին: Տուեալ պատմական ժամանակաշրջանում հայութեան շրջանում առաջատար ուժը ՀՅԴն էր, որը յարաբերական մեծամասնութիւն ունէր նաեւ Հայոց Ազգային խորհրդում: Հետեւաբար՝ կուսակցութեան որոշումներն ուղղորդիչ դեր ունէին հայ կեանքի առանցքային ոլորտներում:

Աւանդաբար ընդունուած է Հայաստանի անկախութեան օր համարել 1918թ. Մայիսի 28ը, երբ Հայոց Ազգային խորհուրդն ընդունեց թուրքական վերջնագիրը եւ Ալեքսանդր Խատիսեանի գլխաւորած պատուիրակութեանը լիազօրեց բանակցութիւններ վարել օսմանեան պատուիրակների հետ՝ չնայած յայտնի իրողութիւն է, որ Հայաստանի անկախութեան հռչակագիրը համարուող յայտարարութիւնը Ազգային խորհուրդն ընդունել է Մայիսի 30ի նիստում: Այստեղ նշւում էր, որ մինչեւ Հայոց ազգային կառավարութեան կազմաւորումը «Ազգային խորհուրդը ժամանակաւորապէս ստանձնում է կառավարութեան բոլոր ֆունկցիաները (գործառոյթները-Խմբ.) հայկական գաւառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար»: Այս առնչութեամբ ՀՅԴ յայտնի գործիչ Ս. Վրացեանը փաստում է. «հաշտութեան բանակցութիւններ վարելու համար նախապայման էր անկախութեան յայտարարութիւնը: Ընդունելով թուրքերի այդ պայմանը՝ Ազգ. խորհուրդը դրանով իսկ հաստատած էր լինում անկախութեան փաստը»: Դժուար չէ նկատել, որ Հայոց ազգային խորհրդի Մայիսի 30ի յայտարարութեան հիմքում ընկած է ՀՅԴ կառոյցների Մայիսի 26ի եւ 29ի որոշումները:
Անկախութեան հռչակումից յետոյ առաջնային խնդիր դարձաւ նորանկախ հանրապետութեան խորհրդարանի եւ կառավարութեան կազմաւորման հարցը: Ահա թէ ինչու Ազգային խորհրդի Մայիսի 30ի նոյն նիստում ընդարձակ կերպով քննարկման նիւթ է դառնում «Կառավարութեան կազմի խնդիրը»: Քննարկւում է կառավարութիւն կազմելու նպատակայարմարութեան, սկզբունքների, այդ իրաւունքը Երեւանի գործիչներին փոխանցելու, ստեղծուող կառավարութիւնը Երեւան տեղափոխելու, վարչապետի թեկնածութեան (դաշնակցական Մարտիրոս Յարութիւնեանն իր մի քանի ընկերների անունից մատնանշում է Ալ. Խատիսեանին) հարցերը: Բնորոշ է, որ կառավարութեան կազմակերպման սկզբունքների եւ այդտեղ գերակշիռ դերակատարութիւն ունենալու կապակցութեամբ այս նիստում առաջին անգամ սկզբունքային կերպով դրսեւորւում է Հայ Յեղափոխական ԴաշնակցութիւնՀայ ժողովրդական կուսակցութիւն հակամարտութիւնը, ինչը յետագայ շաբաթներին դառնալու էր կոալիցիոն կառավարութիւն կազմելու խնդրում վճռորոշ խոչընդոտը: Սակայն այս նիստում կառավարութեան կազմակերպման վերաբերեալ որոշում չի կայացւում:

ՀՀ իշխանութեան կենտրոնական մարմինների ձեւաւորման խնդրով լրջօրէն զբաղուելուց առաջ հայ ղեկավար շրջանակները սպասում էին Բաթումում ընթացող հայ-թուրքական բանակցութիւնների յաջող աւարտին: Ահա այս պատճառով հայ-թուրքական պայմանագրի նախաստորագրումից յետոյ միայն գումարուած ՀՅԴ Թիֆլիսի ներկայացուցչական ժողովն անդրադարձաւ կառավարութեան կազմակերպման խնդրին: Ներկայացուցչական ժողովը Հայոց ազգային խորհրդին առաջարկում էր ստեղծուող ժամանակաւոր կառավարութիւնն ու խորհրդարանը կազմել կուսակցական սկզբունքի հիման վրայ:
1918թ. Յունիսի 4ին Օսմանեան կայսրութեան հետ հաշտութեան պայմանագիր կնքելուց յետոյ, որով թուրքերը ճանաչում էին Հայաստանի անկախութիւնը, Ազգային խորհուրդը ձեռնամուխ եղաւ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի եւ կառավարութեան ձեւաւորմանը:
Ազգային խորհրդի Յունիսի 7ի նիստում մանրամասն քննարկւում է կառավարութեան ձեւաւորման հարցը: ՀՅ Դաշնակցութեան անունից Խ. Կարճիկեանն առաջարկում է Հայոց Ազգային խորհուրդը վերածել պառլամենտի, իսկ կառավարութիւնը կազմել կոալիցիոն սկզբունքով: Խորհրդի անկուսակցական անդամ Ստեփան Մամիկոնեանն առաջարկում է կազմել միայն ժամանակաւոր կառավարութիւն, իսկ Ազգային խորհուրդը՝ թողնել Թիֆլիսում: Սոցիալիստ-յեղափոխականների (էսէռ) կողմից Լեւոն Թումանեանը տեղեկացնում է, որ իրենք հրաժարւում են մասնակցել կառավարութեանը, քանի որ, իրենց կարծիքով, պէտք է Երեւանի գործիչներին տրուի տեղական կառավարութիւն կազմելու իրաւունքը: Էսէռները խոստանում էին վերջնական պատասխան տալ միայն Երեւանի իրենց կուսակից ընկերների հետ խորհրդակցելուց յետոյ: Նիստի ընթացքում կրկին ի յայտ է գալիս Դաշնակցութիւն-Ժողովրդական կուսակցութիւն հակամարտութիւնը: Ժողովրդական կուսակցութեան անդամ Սամսոն Յարութիւնեանն առաջարկում է կազմել կոալիցիոն կառավարութիւն՝ գերակշռութիւն տալով Ժողովրդական կուսակցութեանն ու նրան յարողներին: Իսկ սոցիալ-դեմոկրատ (էսդեկ) Ղազար Տէր-ղազարեանն իր անունից առաջարկում է ստեղծուող կառավարութեան մէջ ընդգրկել բոլոր կուսակցութիւնների ներկայացուցիչներին, յատկապէս՝ սոցիալ-դեմոկրատներին: Փաստօրէն՝ նորանկախ հանրապետութիւնը գտնւում էր ծայրաստիճան ծանր վիճակում, իսկ Ազգային խորհրդի մաս կազմող կուսակցութիւնները, չնայած գոյութիւն ունեցող իրավիճակի գիտակցմանը, փորձում էին ամէն գնով գերակշռութիւն ունենալ ստեղծուող կառավարութիւնում:

Յունիսի 7ի նիստի ընթացքում որոշւում է Հայոց ազգային խորհուրդը ժամանակաւորապէս վերածել ՀՀ օրէնսդիր մարմնի եւ տեղափոխել Երեւան: Որոշւում է նաեւ՝ «յանձնարարել մէկին կառավարութիւն կազմել կոալիցիոն սկզբունքով»: ՀՅԴ կողմից Խ. Կարճիկեանն առաջադրում է յայտնի ճարտարապետ, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Յովհաննէս (Ռուբէն) Քաջազնունու թեկնածութիւնը: Ժողովրդականները, դէմ լինելով կառավարութեան ղեկը ՀՅԴին վստահելուն եւ հրաժարուելով կառավարութեան մէջ մտնել, ձեռնպահ են մնում քուէարկութեանը մասնակցելուց: Իսկ էսէռներն ու էսդեկները չէզոքութիւն են պահպանում կառավարութեան կազմաւորումը Յ. Քաջազնունուն վստահելու հարցում, ինչի արդիւնքում Ազգային խորհուրդը որոշում է. «Յ. Քաջազնունուն յանձնւում է կառավարութիւն կազմել կոալիցիոն սկզբունքով՝ անձնաւորութիւնների ընտրութիւնը վերապահելով իրեն»:
Ինչպէս տեսնում ենք, Հայոց Ազգային խորհուրդը Յ. Քաջազնունուն կոալիցիոն կառավարութիւն կազմելու յանձնարարութիւն է տուել Յունիսի 7ին: Սակայն պատմագիտական գրականութեան մէջ յաճախ, որպէս այդպիսին, առաւելապէս նշւում է Յունիսի 9ը, ինչը թիւրընկալման արդիւնք է:
Կառավարութեան ղեկավար նշանակուելու յաջորդ օրը՝ Յունիսի 8ին, Յ. Քաջազնունին Ազգային խորհրդի անդամներին տեղեկացնում է, որ իրեն չի յաջողուել ամբողջական կազմով կառավարութիւն կազմել, ուստի որոշել է առայժմ բաւարարուել արտաքին գործերի եւ զինուորական նախարարներով՝ միւսներին նշանակելով Երեւանում: Այս առնչութեամբ տեղի ունեցած մտքերի փոխանակութեան ժամանակ Խ. Կարճիկեանը ՀՅԴ անունից պաշտօնապէս յայտարարում է. «Դաշնակցութիւնը, ինչ գնով էլ լինի, պէտք է կառավարութիւն կազմի. նա չի կարող անպատասխանատու դեր վերցնել»: Խ. Կարճիկեանի այս յայտարարութիւնը դարձաւ կառավարութիւն կազմելու ասպարէզում ՀՅԴ յետագայ քաղաքականութեան ուղենիշը:

Հայոց Ազգային խորհրդի կողմից վարչապետի նշանակումը ոչ միայն չթուլացրեց կառավարութիւն կազմելու շուրջ Դաշնակցութիւն-Ժողովրդական կուսակցութիւն հակամարտութիւնը, այլեւ այն նոր ուժով բորբոքուեց: Յ. Քաջազնունու՝ վարչապետ նշանակուելուց երկու օր անց՝ Յունիսի 9ին, Ժողովրդական կուսակցութեան ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցած Թիֆլիսի հայ հասարակութեան աւելի քան հազար ներկայացուցիչների ժողովը որոշում կայացրեց դիմել Հայոց Ազգային խորհրդին՝ առաջարկելով կազմել ազգային ժամանակաւոր կառավարութիւն՝ Ժողովրդական կուսակցութեան առաջնորդ Միքայէլ Պապաջանեանի գլխաւորութեամբ: Յաջորդ օրերի ընթացքում հրապարակային տարբեր ժողովներում ու առանձնապէս կուսակցութեան խօսափողը հանդիսացող «Մշակ» թերթում ժողովրդականները լայն քարոզարշաւ ծաւալեցին ՀՅ Դաշնակցութեան եւ դաշնակցական վարչապետի կազմելիք կառավարութեան դէմ: Յ. Քաջազնունուն չյաջողուեց նաեւ կառավարութեան մէջ ընդգրկել սոցիալիստ-յեղափոխականներին ու սոցիալ-դեմոկրատներին:
Կառավարութեան կազմաւորման շուրջ ընթացող միջկուսակցական հակամարտութիւնը Յ. Քաջազնունուն հնարաւորութիւն չտուեց կոալիցիոն կառավարութիւն կազմել: Նման պայմաններում Հայոց ազգային խորհրդի անդամները յանգել էին այն դիրքորոշմանը, որ իրատեսական չէ կոալիցիոն կառավարութիւնը: Հայոց Ազգային խորհրդի Յունիսի 25ի նիստում վարչապետ Յ. Քաջազնունին կտրուկ յայտարարեց, որ մտադիր է կառավարութիւն կազմել ոչ թէ կոալիցիոն, այլ անհատական սկզբունքով: «Բայց որովհետեւ Ազգային խորհրդի դիրեկտիւը (հրահանգը-Խմբ.) կոալիցիոն սկզբունքն էր, ապա կա՛մ պէտք է փոխուի այդ դիրեկտիւը եւ կա՛մ ընդունուի իմ հրաժարականը: Թող Ազգային խորհուրդը մէկ ուրիշին յանձնի այդ սկզբունքով կառավարութիւն կազմելը, գուցէ՞ նրան կը յաջողուի», նշում էր վարչապետը:
Հայոց ազգային խորհուրդը Յ. Քաջազնունու յայտարարութիւնը քննութեան առաւ յաջորդ՝ Յունիսի 27ի նիստում: Նիստի ընթացքում ՀՅԴ անունից Խ. Կարճիկեանը յայտնում է, որ իրենց ֆրակցիան կողմնակից է անհատական սկզբունքով կառավարութիւն կազմելուն եւ որ պէտք է ամէն գնով կառավարութիւն կազմել: Նիստին ներկայ սոցիալ-դեմոկրատները եւ սոցիալիստ-յեղափոխականները ձեռնպահ են մնում: Քննարկումից յետոյ Խ. Կարճիկեանի առաջարկով որոշւում է. «Վերցնել կոալիցիոն սկզբունքը եւ յանձնել մէկին կառավարութիւն կազմել պերսոնալ (անհատական սկզբունքով-Խմբ.) ձեւով»: Թէեւ Ազգային խորհրդի նիստի արձանագրութեան մէջ նշուած չէ, թէ ում է յանձնարարւում անհատական սկզբունքով կառավարութիւն կազմելու գործը, սակայն «Հորիզոն» թերթում տպագրուած մի հաղորդագրութիւնից տեղեկանում ենք, որ այդ պարտականութիւնը դրուել է Յ. Քաջազնունու վրայ:

Հայոց ազգային խորհրդի կողմից անհատական սկզբունքով կառավարութիւն կազմելու յանձնարարական ստանալուց յետոյ վարչապետ Յ. Քաջազնունին ձեռնամուխ եղաւ կառավարութեան կազմաւորմանը: ՀՀ կառավարութեան կազմաւորման ընթացքի մասին «Հորիզոն» թերթի 1918թ. Յուլիսի 6ի համարում տպագրուած ոչ պաշտօնական տեղեկատուութիւնում նշւում է, որ կառավարութիւնն ունի հետեւեալ կազմը՝ վարչապետ Յ. Քաջազնունի, արտաքին գործերի նախարար՝ Ա. Խատիսեան, ներքին գործերի՝ Ա. Մանուկեան, զինուորական՝ գեներալ Հ. Հախվերդեան, ֆինանսների՝ Խ. Կարճիկեան: Տեղեկացւում էր, որ միւս նշանակումները կատարուելու են Երեւանում: Իսկ Կ. Պոլսում գտնուող հայկական պատուիրակութեան նախագահ Ա. Ահարոնեանին ուղղուած Հայոց ազգային խորհրդի ժամանակաւոր նախագահ Ա. Սահակեանի Յուլիսի 7ի նամակից տեղեկանում ենք, որ վարչապետը զինուորական, արտաքին գործերի, ֆինանսների նախարարութիւնները ղեկավարելու համար արդէն հրաւիրել էր համապատասխանաբար գեներալ Հ. Հախվերդեանին, Ա. Խատիսեանին եւ Խ. Կարճիկեանին, իսկ միւս նախարարները նշանակուելու էին Երեւանում:
Ինչպէս տեսանք, կառավարութիւն կազմելու յանձնարարականին զուգահեռ Հայոց Ազգային խորհուրդը նոյն Յունիսի 7ի նիստում որոշում կայացրեց ՀՀ իշխանութեան կենտրոնական մարմինների՝ Երեւան տեղափոխուելու վերաբերեալ: Հէնց սկզբից ՀՀ կառավարութեան կազմաւորման եւ Երեւան տեղափոխուելու խնդիրները փոխկապակցուած էին: Կառավարութիւնը վերջնականապէս Երեւանում կազմելու հարցում առանձնապէս վճռական դիրքորոշում էր որդեգրել վարչապետ Յ. Քաջազնունին: Վերջինս կառավարութեան վերջնական ձեւաւորումը եւ յայտարարագիր (դեկլարացիա) կատարելը կապում էր Երեւան տեղափոխուելու հետ: Նա իր այս տեսակէտը չփոխեց նաեւ յետագայում: Փաստօրէն՝ Յ. Քաջազնունին խնդիր էր դրել կառավարութեան անդամութեան թեկնածուների հետ Երեւան ժամանելուց յետոյ այստեղ վերջնականապէս որոշել կառավարութեան կազմը: Ահա այս պատճառով Հայոց Ազգային խորհրդի կողմից ՀՀ կառավարութեան կազմի վերաբերեալ պաշտօնապէս տեղեկացուեց միայն Յուլիսի 24ին՝ Երեւան ժամանելուց եւ տեղի գործիչների հետ վերջնական եզրայանգման գալուց յետոյ:
Չնայած Թիֆլիսում գործող հայ քաղաքական ուժերը սկզբունքային տեսակէտից դէմ չէին Երեւան տեղափոխուելուն, սակայն տարբեր օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) եւ սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) պատճառներով ձգ-ձգւում էր ՀՀ իշխանութեան կենտրոնական մարմինների Երեւան տեղափոխուելը: Երեւան տեղափոխուելու ժամկէտներն անընդհատ փոփոխւում էին: Սա առաջացնում էր յատկապէս Երեւանի գործիչների դժգոհութիւնը եւ կտրուկ պահանջը՝ անմիջապէս տեղափոխուել Երեւան: Այս առումով յատկապէս վճռական նշանակութիւն ունեցաւ Հայոց Ազգային խորհրդին ուղղուած Երեւանի ազգային խորհրդի փաստացի ղեկավար Արամ Մանուկեանի Յունիսի 26ի նամակը, ուր կտրուկ կերպով պահանջ էր դրւում նամակը ստանալուց յետոյ երկու շաբաթուայ ընթացքում ժամանել Երեւան: Այս պայմաններում Յուլիսի 6ին կայացած Հայոց Ազգային խորհրդի նիստում, ընդառաջելով Երեւանի գործիչների պահանջներին, Ա. Սահակեանի առաջարկով ընդունւում է հետեւեալ որոշումը. «Ինչպէս որոշուած էր առաջ, Հայոց Ազգային խորհուրդը տեղափոխւում է Երեւան, յայտարարում է իրեն Հայաստանի Հանրապետութեան պառլամենտ՝ «Հայաստանի Խորհուրդ» անունով եւ կազմում է կառավարութիւն», որոշւում է նաեւ նախապատրաստական աշխատանքներ կատարել՝ երկու շաբաթուայ ընթացքում Երեւան տեղափոխուելու համար: Հայոց ազգային խորհրդի եւ կազմաւորման ընթացքում գտնուող կառավարութեան տեղափոխութեան խնդիրը վերջնականապէս լուծում ստացաւ Հայոց ազգային խորհրդի Յուլիսի 13ի նիստում: Երկար վիճաբանութիւնների ընթացքում քննարկւում են հինգ բանաձեւեր: Քուէարկութեան արդիւնքում, ստանալով 7 կողմ ձայն, հաւանութեան է արժանանում ՀՅԴ անունից Խ. Կարճիկեանի առաջարկած բանաձեւը. «Համաձայն իր նախկին որոշման՝ Ազգային խորհուրդն անմիջապէս գնում է Երեւան՝ Հայաստանի իշխանութիւնը (կառավարութիւն, պառլամենտ) կազմակերպելու համար»: Հայոց ազգային խորհուրդն ու կառավարութիւնը Թիֆլիսից ճանապարհուելու էին Յուլիսի 16ին: Սակայն վրացիների յարուցած խոչընդոտների պատճառով ՀՀ ղեկավարները միայն Յուլիսի 17ի կէսօրին ճանապարհուեցին Թիֆլիսից եւ 19ի երեկոյեան ժամանեցին Երեւան:
ՀՀ իշխանութեան կենտրոնական մարմինների Երեւան ժամանելուց յետոյ Հայոց Ազգային խորհրդի եւ Երեւանի Ազգային խորհրդի Յուլիսի 20ի եւ 22ի համատեղ նիստերի ընթացքում, ինչպէս նաեւ միջկուսակցական խորհրդակցութիւնների արդիւնքում վերջնականապէս որոշուեց Հայոց ազգային խորհրդի կազմը եռապատկելու (բացի անկուսակցական անդամներից), ինչպէս նաեւ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչների ներգրաւման ճանապարհով ՀՀ գերագոյն օրէնսդիր մարմին՝ Հայաստանի Խորհուրդ կազմաւորելու վերաբերեալ, ճշգրտուեց նաեւ ՀՀ կառավարութեան կազմը: Յուլիսի 24ին Հայոց ազգային խորհուրդը պաշտօնապէս յայտարարեց կառավարութեան կազմաւորման մասին: ՀՀ անդրանիկ կառավարութիւնն ունէր հետեւեալ կազմը. նախարար-նախագահ՝ Յովհաննէս Քաջազնունի, արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսեան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկեան, զինուորական նախարար՝ գեներալ Յովհաննէս Հախվերդեան, ֆինանսների նախարար՝ Խաչատուր Կարճիկեան: Բացի անկուսակցական Յ. Հախուերդեանից, կառավարութեան միւս անդամները դաշնակցականներ էին: Արդարադատութեան նախարարի պաշտօնը թափուր մնաց մինչեւ Յուլիսի 28ը, երբ նախարար նշանակուեց անկուսակցական, սակայն Ժողովրդական կուսակցութեանը յարող Գրիգոր Տէր-պետրոսեանը:
Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստը գումարուեց 1918թ. Օգոստոսի 1ին: Կուսակցական եւ ազգային տեսակէտից այն ունէր հետեւեալ պատկերը. 18 դաշնակցականներ, 6ական ներկայացուցիչներ սոցիալ-դեմոկրատներից, սոցիալիստ-յեղափոխականներից եւ Ժողովրդական կուսակցութիւնից, 2 անկուսակցականներ, 6 մահմեդական, 1 ռուս եւ 1 եզդի: Օգոստոսի 3ին Յ. Քաջազնունին ներկայացրեց կառավարութեան գործունէութեան ծրագիրը, ուր ընդհանուր գծերով նշւում էր առաջիկայ անելիքների մասին: Քննարկումներից յետոյ Օգոստոսի 6ին խորհրդարանը հաստատեց կառավարութեան ծրագիրը, ինչից յետոյ ՀՀ իշխանութիւնները ձեռնամուխ եղան նորանկախ հանրապետութեան առջեւ ծառացած բազմաթիւ հիմնախնդիրների կարգաւորմանը:
Ամփոփելով մեր խօսքը կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի եւ կառավարութեան ձեւաւորման գործում վճռորոշ դեր ունէր ՀՅ. Դաշնակցութեան դիրքորոշումը: Հայոց Ազգային խորհրդի նիստերի ընթացքում ՀՅԴ տեսակէտը հիմնականում ներկայացնում էր յայտնի կուսակցական-պետական գործիչ Խ. Կարճիկեանը, որի աւանդը մեծ է ՀՀ պետականութեան ձեւաւորման բնագաւառում: Կուսակցութեան եւ անհատապէս վարչապետ Յ. Քաջազնունու սկզբունքային դիրքորոշմամբ պայմանաւորուած՝ վճռական քայլեր կատարուեցին իշխանութեան կենտրոնական մարմինների ձեւաւորման եւ Թիֆլիսից Երեւան տեղափոխելու տեսակէտից: ՀՀ անդրանիկ խորհրդարանն ու կառավարութիւնը վերջնականապէս ձեւաւորուեցին Երեւանում:
ՀԱՄՕ ԿԱՐԷՆԻ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ պատմական գիտութիւններու թեկնածու է: Այս աշխատանքը ան պատրաստած է յատուկ «Ասպարէզ»ի այս բացառիկին համար: Իր ելեկտրոնային հասցէն է՝
e-mail: hamosukiasyan@mail.ru