Կային ժամանակներ, երբ դպրոցական աշակերտները ճանաչում էին մեր գրողների, մշակոյթի գործիչների, երաժիշտների եւ կամ անուանի մարդկանց նկարներն այնպէս, ինչպէս իրենց հարազատներինը: Հայաստանում՝ գիտէին իրենց մատուցուածը, Սփիւռքում՝ գիտէին իրենց տրուածը: Կարծում ենք սփիւռքահայ դպրոցականները ծանօթ էին նաեւ հայրենի անուանիներին:
Այսօր, Լոս Անջելըսի հայկական վարժարաններից մէկում նախակրթարանի ուսուցչուհին աշակերտներին ցոյց է տալիս հայ մեծանուն գրող Յովհաննէս Թումանեանի նկարը: Մէկը գտնում է, որ դա Կոմիտասն է, միւսը՝ Վարդան Մամիկոնեանը, իսկ մի ուրիշի համար՝ այն Արամ Ասատրեանն է:
Ինչպէ՞ս դուրս գանք այս շփոթից: Պատմական դէմքերին խառնելը կարող ենք համարել գիտելիք, եւ բնորոշել՝ որպէս դրական կէտ: Իսկ ո՞ր կէտին է համապատասխանում «նորաբոյր» ժողովրդական երգչին նրանց շարքին դասելը: Այս մէկը մեզ մտածել է տալիս եւ զգաստութեան կոչ է անում. արթնանանք թմբիրից եւ փոխանցենք մեր զաւակներին մեր իմացածը: Չէ՞ որ դեռ ապրում է մի սերունդ, որն ունի մեր մշակոյթի գոնէ հիմնական գիտելիքները: Օգնենք մեր զաւակներին, թիկունք կանգնենք հայ դպրոցին:
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՒՈՐԳԵԱՆ
Գլենդէյլ