
Աշխարհի տարբեր վայրերի փորձագէտներ ու մասնագէտներ ի մի հաւաքուելով՝ քննարկելու են Հայոց Ցեղասպանութեան փոխհատուցման հարցը՝ UCLA համալսարանի մարդու իրաւունքների միջազգային օրէնքի հարցերով ընկերակցութեան կազմակերպած խորհրդաժողովում, որը տեղի է ունենալու առաջիկայ Շաբաթ, Հոկտեմբերի 23ի առաւօտեան ժամը 10:30ից մինչեւ երեկոյեան ժամը 5ը, UCLA համալսարանի Dodd Hall սրահում:
Ուստըրի նահանգային համալսարանի փիլիսոփայութեան պրոֆէսոր, դոկտ. Հենրի Թիրոյի խօսքերով, սա հանդիսանալու է նոր ուղիներ բացող անկիւնադարձային խորհրդաժողով, որը ծանրանալու է Հայոց Ցեղասպանութեան արդարահատուցման հարցի վրայ եւ այդ հարցը ներկայացնելու է մարդկութեան դէմ կատարուած ոճրագործութիւնների առաւել ծաւալուն համատեքստում:
Խորհրդաժողովն անդրադառնալու է շուտով հրապարակուելիք Հայոց Ցեղասպանութեան հարցով այն ծաւալուն զեկոյցին, որում յագեցուած են իրաւական ու քաղաքական հայեացքներով տարիներ շարունակ կատարուած լայնընդգրկուն ուսումնասիրութիւններ եւ որը հնարաւոր դարձաւ Հ.Յ.Դաշնակցութեան անխոնջ ջանքերով:
«Մենք անձկութեամբ ենք սպասում քննարկելու սոյն զեկոյցը եւ լսելու UCLA համալսարանի իրաւաբանական բաժանմունքի մասնագէտների եւ այլ շրջանակների կարծիքներն ու անդրադարձները», նշել է Հենրի Թրիօն:
Պրոֆէսոր Հենրի Թրիօն, որի աշխատութիւններում լայն տեղ են գտել մարդկութեան դէմ կատարուած ոճրագործութիւնների արդարահատուցման բարոյական արժէքները, ելոյթ է ունենալու սոյն խորհրդաժողովում, միանալով խորհրդաժողովի առաջին բաժնի միւս զեկուցաբերներին՝ Կանադայում ՀՀ նախկին դեսպան, դաշնագրային հարցերի եւ իրաւաբանութեան մասնագէտ՝ Արա Պապեանին, Արեւմտեան Ինդիսի համալսարանի պրոֆէսոր՝ դոկտ. æրմէյն Մըք Քալփիին եւ Ժնեւի համալսարանի դիւանագիտութեան ու Միջազգային յարաբերութիւնների պրոֆէսոր՝ դոկտ. Ալֆրէդ Դէ Զէզին:
Դոկտ. Դը Զէզը երկար տարիներ ծառայել է նաեւ ՄԱԿի մարդու իրաւունքների հարցերով զանազան յանձնաժողովներում, իսկ վերջերս հեղինակել է արժէքաւոր մի աշխատութիւն՝ 1915-1923ին հայութեան դէմ գործադրուած ցեղասպանութիւնը եւ դրա առնչութիւնը Ցեղասպանութեան Ուխտին» խորագրով:
Դոկտ. Մըք Քալփինը եւս մասնագիտական երկար վաստակ ունի դատաիրաւական հարցերում եւ հրապարակել է ուսումնասիրական բազմաթիւ աշխատութիւններ՝ ստրկութեան, ամերիկայի հնդիկների բնաջնջման ու Հայոց Ցեղասպանութեան արդարահատուցման վերաբերեալ:
Վերոնշեալ զեկոյցի ներկայացումից բացի, UCLA համալսարանի խորհրդաժողովը մարդու իրաւունքների ոտնահարման փոհատուցման լայնընդգրկուն համատեքստով անդրադառնալու է Հայոց Ցեղասպանութեան արդարահատուցմանը, բարոյական հիմնարժէքներին, քաղաքական նշանակութեանը եւ հողային պահանջատիրութեան փոխհատուցմանը: Սոյն հարցերի գլխաւոր զեկուցաբերն է լինելու Չափման համալսարանի իրաւաբանութեան եւ մարդու իրաւունքների հարցերով փորձագէտ, պրոֆէսոր Մայքըլ Բայզըլըրը, որի մասնագիտական աշխատութիւնները կարեւոր ազդեցութիւն են ունենում ամերիկեան ու եւրոպական դատաիրաւական համակարգի վրայ՝ ցեղասպանութեան եւ պատմական այլ յանցագործութիւնների արդարահատուցման հարցերի կապակցութեամբ:
Խորհրդաժողովի միւս զեկուցաբերներից են դոկտ. Արմէն Մարսուպեանը, Խաչիկ Մուրադեանը, Այդա Իրբալը, դոկտ. æորջ Աղաջանեանը եւ դոկտ. æորջ Լէյլէկեանը:
Պրոֆէսոր Մարսուպեանը Հարաւային Քընըթիքէթի համալսարանի փիլիսոփայութեան ամբիոնի ղեկավարն է, որի նորագոյն աշխատութեան մէջ լայն տեղ են գտել ցեղասպանութիւնից բխող փիլիսոփայական այնպիսի հարցեր, որոնց մաս է կազմում ցեղասպանութեան հետեւնաքով սերունդների միջեւ ստեղծուող բարոյական պատասխանատուութեան ուսումնասիրութիւնը:
Խաչիկ Մուրադեանը, որն աւարտում է դոկտորական մակարդակի իր կրթութիւնը Մասաչուսէթսի նահանգի Քլարք համալսարանի Հայոց Ցեղասպանութեան եւ Հրէական Ողջակիզման բաժանմունքում, բազմաթիւ առիթներով ելոյթներ է ունեցել Հայաստանում, Թուրքիայում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում, Աւստրիայում, Շուէյցարիայում, Նորուէգիայում եւ Միացեալ Նահանգների զանազան շրջաններում կայացած խորհրդաժողովներում ու գիտաժողովներում:
Այդա Իրբալը եւս ամբողջացնում է դոկտորական իր աւարտաճառը՝ Նիւ Եորքի համալսարանի քաղաքականութեան բաժանմունքում: Նրա գիտահետազօտական աշխատութիւնը կենտրոնանում է Թուրքիայում եւ Իսրայէլում պատմագրական փոփոխութիւնների քաղաքականութեան վրայ:
æորջ Աղաջանեանը խօսելու է Հայոց Ցեղասպանութիւնից առաջ Արեւմտեան Հայաստանի ազգաբնակչութեան ժողովրդագրութեան մասին, իսկ æորջ Լէյլէկեանը անդրադառնալու է Արեւմտեան Հայաստանում հայկական եկեղեցիների ունեցուածքի բռնագրաւմանն ու ոչնչացմանը՝ Հայոց Ցեղասպանութեան ընթացքում եւ ցեղասպանութիւնից յետոյ:
Յատկանշելի է, որ խորհրդաժողովի մուտքը ազատ է բոլորի համար եւ մեր համայնքի բոլոր անդամները սիրով հրաւիրւում են ներկայ գտնուելու սոյն յոյժ կարեւոր միջոցառմանը, որը կազմակերպուել է UCLA համալսարանի մարդու իրաւունքների միջազգային օրէնքի հարցերով ընկերակցութեան կողմից եւ վայելում է Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի հովանաւորութիւնը: