ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ
Յուլիսի 22ին ՄԱԿի Հաագայում (Լա Հէյ-Խմբ.) տեղակայուած միջազգային դատարանի որոշումն այն մասին, որ Կոսովոյի անկախութեան հռչակումը չի հակասում միջազգային օրէնսդրութեանը, դարձաւ թիւ մէկ նորութիւնը Հայաստանում, որտեղ կարծում են, որ նման որոշումը սնանկ է դարձնում ադրբեջանական կողմի այն պնդումները, թէ հայ ժողովուրդը չի կարող ինքնորոշուել երկու անգամ եւ երկու պետութիւն ունենալ:
«Այդ որոշումից յետոյ ակնյայտ է, որ այն ամէնը, ինչի մասին խօսում է Ադրբեջանը, ամբողջութեամբ հակասում է միջազգային իրաւունքին: Միջազգային դատարանը, ըստ էութեան, ասել է՝ երկու ալբանական պետութիւններ՝ Ալբանիան եւ Կոսովոն, անկախութիւն են ստացել», ասել է արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը՝ այդ կերպ արտայայտելով պաշտօնական Երեւանի դիրքորոշումը:
Քոչարեանը նաեւ նշել է, որ որոշումը, իրօք, աննախադէպ է եղել այն առումով, որ առաջին անգամ միջազգային դատարանը անդրադարձել է ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան եւ դրանց յարաբերակցութեան խնդրին՝ ընդունելով հէնց այն որոշումը, որը բխում է ՄԱԿի կանոնադրութիւննից:
2008 թ. Փետրուարի 17ին Կոսովոյի ալբանական իշխանութիւնները միակողմանի կարգով հռչակեցին երկրամասի անկախութիւնը Սերբիայից: Անցած տարիների ընթացքում աւելի քան 69 երկիր արդէն ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը: Այդուհանդերձ, ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի երկու մշտական անդամներ՝ Ռուսաստանը եւ Չինաստանը, չեն ճանաչում Կոսովոյի անկախութիւնը:
Այսօր դժուար է ասել, թէ ինչ ազդեցութիւն կ՛ունենայ միջազգային դատարանի որոշումը ղարաբաղեան խնդրի կարգաւորման սկզբունքների վրայ, առաւել եւս, որ արեւմտեան շատ դիւանագէտներ բազմիցս յայտարարել են, թէ Կոսովոն եւ Ղարաբաղը միանգամայն տարբեր խնդիրներ են:
Նախքան «Կոսովոյի նախադէպի» կիրառման մասին խօսելն առաջին հերթին պէտք է որոշել՝ իսկ ի՞նչ է «Կոսովոյի նախադէպը»: Սա երկսայր սուր է. որքան որ կոչուած է խարխլելու երկակի ստանդարտների (չափանիշներու-Խմբ.) հիմքերը, նոյնքան էլ վկայելու անվտանգութեան միջազգային երաշխիքների վիրտուալութեան (ոչ-շօշափելի ըլլալը-Խմբ.) մասին:
Բաւական է յիշել, թէ ընդամէնը չորս տարի առաջ ի~նչ համընդհանուր միջազգային ցնծութեամբ ընդունուեց Սերբիայի նոր սահմանադրութիւնը: Այդ իրադարձութիւնը կատարուեց 2006 թ. Չերնոգորիայի անջատումից մի քանի ամիս անց, երբ թւում էր, թէ ամէն ինչ աւարտուած էր, առաւել եւս, որ Սերբիան զրկուեց նաեւ այն ժամանակ դէպի ծով դուրս գալու վերջին ելքից:
Եւ ահա շարունակական զիջումների հէնց այս պայմաններում ընդունուեց Սերբիայի գործող սահմանադրութիւնը, որը կոչուած էր ցոյց տալու եւ ապացուցելու, որ Սերբիայի զիջումները ոչ մի դէպքում միակողմանի չեն:
Փաստաթղթի նախաբանում ասւում է. «Սերբիայի քաղաքացիներն ընդունում են Սերբիայի Հանրապետութեան սահմանադրութիւնը՝ ելնելով սերբ ժողովրդի պետական աւանդոյթից եւ Սերբիայի բոլոր քաղաքացիների ու էթնիկ համայնքների իրաւահաւասարութիւնից, ինչպէս նաեւ այն բանից, որ Կոսովոյի եւ Մետոխիայի երկրամասը կազմում է Սերբիայի տարածքի բաղկացուցիչ մասը եւ էական ինքնավարութեան իրաւունք ունի Սերբիայի ինքնիշխան պետութեան սահմաններում»:
Այս նախադասութիւնն ասես նշանակում էր, որ արդէն վերջ, յետայսու Սերբիային ոչ ոք ձեռք չի տայ: Թէ ինչ եղան «միջազգային երաշխիքները», յայտնի է բոլորին: Այսպիսով, «Կոսովոյի նախադէպը», իրօք, երկսայր սուր է, ընդ որում, մեր դիտարկած երկրորդ սայրն աւելի սուր է եւ առաւել կիրառելի միջազգային փորձում:
Այս «սայրն» ապացուցում է, որ միջազգային երաշխիքներ՝ որպէս այդպիսիք, չկան: «Միջազգային հանրութեան» ճնշման տակ ընդունուած սահմանադրութիւնն այսօր արդէն վերածուել է թղթի կտորի նոյն այդ հանրութեան ձեռքում:
Երկրորդ կողմն առաւել բարդ է: Բանն այն է, որ բոլոր նոր քաղաքական սուբյեկտները, այդ թւում ճանաչուած, չճանաչուած, «կիսաճանաչուած» (Էրիթրէայ, Արեւելեան Թիմոր, Կոսովո, Աբխազիա, Հարաւային Օսիա), պետական ինքնիշխանութիւն են հռչակել հակամարտութեան պահին ձեւաւորուած վարչական սահմաններում, մինչդեռ Ղարաբաղի պարագայում «ներկայիս ԼՂՀ»ն եւ «նախկին ԼՂԻՄ»ը խիստ տարբեր հասկացութիւններ են:
Ներկայիս ԼՂՀն զբաղեցնում է 13000 քառ. կիլոմետր (կմ) մակերես, նախկին ԼՂԻՄը՝ 4500 քառ. կմ:
Երբ այսօր խօսւում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան իրաւունքների առնչութեամբ Կոսովոյի նախադէպի կիրառման անհրաժեշտութեան մասին, ապա ոչ մէկը կարգին չգիտի էլ, թէ ինչ մակերեսի մասին է խօսքը:
Ի դէպ, այս հարցում անորոշութիւնը հէնց Հայաստանի Հանրապետութեան կողմից ԼՂՀ անկախութիւնը չճանաչելու գլխաւոր պատճառներից մէկն է:
Դժուար է ասել, թէ հայ հասարակութեան ներկայիս վիճակը որքանով է հնարաւորութիւն ընձեռում բանավիճելու այս նուրբ թեմայի շուրջ, սակայն պարզ է մի բան. վաղ թէ ուշ Հայաստանում այս հարցը կը դառնայ գլխաւոր ներքաղաքական հարցը որը նոյնիսկ որոշակի հանգամանքներում կարող է հրահրել իշխանութեան ճգնաժամ:
Յամենայն դէպս, հէնց այսօր Կոսովոյի սկզբունքների մեքենայօրէն տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի վրայ անհնար է: Մինչ այն պահը, երբ միջազգային հանրութիւնը պատրաստ կը լինի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը կիրառելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, դեռեւս անորոշ հեռանկարում, հարկ կը լինի յաղթահարել վերը նշուած առնուազն երկու խոչընդոտներ
Արիս Ղազինեան «Արմենիանաու»ի թղթակիցն է: Յօդուածը առնուած է յիշեալ ծառայութեան կայքէջէն: