ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Քաղաքիս դէմքը, նախ ու գրեթէ միշտ, Մաշտոցի պողոտայում գտնուող գրասենեակիս լուսամուտից է ինձ պատկերանում:
Յունիսեան, սպասուածից աւելի գաղջ, ետկէսօր է ուա մերթընդմերթ հայեացքս գցում եմ պողոտային՝ անցորդների քայլուածքից ու ծառերի ստուերներից որսալու արեւի նահանջն ու հասկանալու դրսի անցուդարձը: Նաեւ Ամերիկայից իբրեւ զբօսաaշրջիկ վերադարձած մօրաքրոջս եմ սպասում ու մտածում, որ Օպերան շրջափակած սրճարաններից մէկում կը շարունակենք երեկոն:
Իսկ լրահոսը «գուժել» է, որ ստորգետնայ կայանատեղիի շինարարութիւնից ազատագրուած Թատերական հրապարակում, ի պաշտպանութիւն քաղբանտարկեալների, նստացոյց է լինելու, որին մասնակցելու է նաեւ ընկերս՝ յայտնի գրողը: Արցախեան պատերազմը նաեւ նրա գրականութիւնով է մտել մաշկիս տակ ու լացելու չափ սիրել եմ այն հրամանատարին, որ Օմարի լեռներում, շրջափակման եօթերորդ օրը, նահանջած թշնամու ջրհորից առաջինն ինքն է ջուրը խմել ու յետոյ զինուորներին թոյլ տուել: Հիմա նա քաղբանտարկեալ է (պաշտօնական մամուլը հաւանաբար չակերտների մէջ կը դնէր այս բառը):
Պողոտայից ոստիկանական մեքենաներից արձակուող աղմուկ է լսւում: Չեմ սխալւում, նրանք դարձեալ խմբուած են ու շարունակում են ստուարանալ Օպերայի մուտքի մօտ: Ես ոչ զարմանում եմ, ոչ էլ՝ անհանգստանում, սովորել եմ. այսպէս է գրեթէ քսան տարի, բոլորի ժամանակներում:
Մօրաքոյրս դեռ չկայ, արեւի գոյնն արդէն խոնարհ է, Օպերայի ծառերն աւելի զուարթ են ու երկնուղեշ, իսկ անցորդները աւելի շատ ու կայտառ: Այդ ժամին գրեթէ միշտ այդպիսին է քաղաքիս դէմքը: Աչքս ընկնում է պողոտայում անսպասելիօրէն յայտնուած «պազիկներին» (մեր օրերում միայն անվճարունակ պատուիրատուներն ու մէկ էլ պետական կառոյցներն են սրանց ծառայութիւններին դիմում): «Պազիկներից» եռագոյն հագուստով ու նաեւ տարազներով երեխաներ են փութով իջնում: Ես էլի չեմ զարմանում, ոչ էլ՝ անհանգստանում եմ:
Մօրաքոյրս արդէն եկել է ու ուղղւում ենք քաղաքիս վերջին քսանամեակի ամենաակնառու «նուաճումներից» մէկը՝ Օպերան երիզող որեւէ սրճարան: Բայց նախ հարթակի մոտով կ՛անցնենք, մտածում եմ ես, փայփայելով գրող ընկերոջս տեսնելու հեռանկարն ու նաեւ բաւարարելու պարզ մարդկային հետաքրքրութիւնս՝ որքան են հաւաքուածները:
Թատերական հրապարակում, թռչող ափսէի անակնկալութեամբ յայտնուած հարթակից շինծու խանդավառութեամբ ինչ-որ մէկը մայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործական տների հաշուետու համերգի մասին է յայտարարում եւ միմեանց են յաջորդում եռագոյն հագուստով ու նաեւ տարազներով երեխաներ՝ մերկացնող արեւի տակ, անորոշ ու անհասցէ հայեացքով երգելու «Երազ իմ երկիր», «Ծիրանի կորիզ» ու էլի նման ծանօթ բաներ:
Թատերական հրապարակում այդ ժամին իրենց մշտական տեղերը զբաղեցրած, բոլորի ժամանակներում յախուռն ու սեւեռուն (կուտ-Խմբ.) չրթող ե-րեւանցիներ են, այդ երգերն իրենց զաւակների կատարմամբ հարիւր ու մէկ անգամ լսած երեխաների ծնողներ, այդ նոյն երգերը այդ երեխաներին սովորեցրած մի քանի տասնեակ ուսուցիչներ եւ նոյն ուսուցիչների ներկայութիւնը ներկայ-բացակայ անող տնօրէններ: Քիչ հեռւում, ծառերի տակ՝ արեւից պաշտպանուած, ու այս ամէնը յաջողացրածի ու վաստակածի գոհունակութեամբ վերահսկող, քաղաքացիական հագուստով բարձրաստիճան ոստիկաններ են, Երեւանի փոքր ու մեծ, փողկապաւոր ու կոճկուած ղեկավարութիւնը:
Ուսուցիչների կղզեակ-կղզեակ խմբերից մէկից պոկւում է «համարձակ» համակուրսեցիս (դասընկերս-Խմբ.) ու ականջիս շշնջում՝ զզուել եմ: Այս նոյն բառը նա ասում է նաեւ ընտրութիւնից ընտրութիւն եւ բոլորի ժամանակներում էլ ամէն ինչ անում յայտնուելու ընտրական յանձնաժողովում հաւատարմօրէն ծառայելու հերթական յաղթողին:
Համերգի ու սրճարանի «անձնական» երաժշտութեան ժխորի մէջ չյաջողուած «Նախարարական լանգետ» եմ ուտում մօրաքրոջս հետ ու գրեթէ չեմ կարողանում խօսել: Արդէն տասը տարի Միացեալ Նահանգներում հաստատուած ամերիկացի մօրաքրոջս դէմքը մեր Աշնակ գիւղի արեւի տակ չորացրած ծիրանի չրի գեղեցկութիւնն ունի ու նա ինձ պատկերւում է սասունցու այն զոլաւոր ու ասեղնագործ տարազով, որով հեռաւոր 1957 թուականին, Մոսկուայի երիտասարդական համաշխարհային փառատօնից ոսկէ մեդալ էր բերել մեր, այն ժամանակ պինդ ու փոքր գիւղին ու Հայաստանին: Աւելի ճիշդ՝ խօսում ենք, բայց չունեմ հարցը՝ ի՞նչ ես կորցրել Ամերիկայում: Եւ նաեւ չեմ հասկանում իրե՞ն եմ աւելի շատ խնայում, թէ՝ ինձ:
Օտարալեզու դպրոցների դէմ ելոյթս պիտի պատրաստեմ, մտածում եմ ես ու նաեւ օրն աւարտելու պատճառ փնտռելով՝ դուրս ենք գալիս սրճարանից: Թատերական հրապարակում երեխաները դեռ երգում են «Երազ իմ երկիր», «Ծիրանի կորիզ» ու էլի նման ծանօթ երգեր:
Անցնում եմ Օպերայի միւս կողմը. Բաղրամեան պողոտայում գտ-նուող տանս ճանապարհն անցնում է Ֆրանսիայի հրապարակով, որ վերջերս է անուանակոչուել՝ ի հաւատարմութիւն եւրոպական արժէքների: Ականջիս նոյն ոստիկանական աղմուկն է ու բոլորի ժամանակներում՝ արդէն քսան տարի չդադարող միտինգային բղաւոցը:
«Միտինգն արտօնուած չէ, խախտում էք հասարակական կարգն ու Թատերական հրապարակում ընթացող համերգը»՝ մեգաֆոնից (բարձրախօս-Խմբ.) ազդարարում է ոստիկանն ու նրա ձայնը գնալով խլանում է՝ կուլ գնալով «Արամ Խաչատրեան» համերգասրահի աստիճաններին համոզիչ տեղաւորուած ցուցարարների շարքերում: Ականջիս է հասնում բոլորի ժամանակներում նոյն մեղեդին ունեցող «Ա-զա-տու-թիւն» բառն ու խառնւում միւս կողմից եկող «Երազ իմ երկրի» անկեղծ ու անտեղեակ ձայնին:
Ի~նչ ծանօթ է այս ամէնը. 95ին ես էի վանկարկում «Ա-զա-տու-թիւն», որովհետեւ լացելու չափ սիրում էի քաղբանտարկեալ ընկերոջս ու բանտախցի ճաղերից պարզած՝ նրա եռագոյնի հետ հայրենիքս մէկընդմիշտ մտել էր մաշկիս տակ:
Ոստիկանների ու ցուցարարների միջեւ ընկած հատուածում ծանօթիս հետ զրոյցի եմ բռնւում՝ ցուցարարների մէջ զգուշօրէն փնտռելով գրող ընկերոջս ու փորձելով հասկանալ, թէ որքան են հաւաքուածները: Արդէն տասը տարի Ամերիկայի քաղաքացի մօրաքոյրս անհանգիստ շուրջն է նայում ու ականջիս շշնջում՝ քեզ կը նկարեն: Աւարտում եմ զրոյցս ու հայաստանցի մնացած ԱՄՆ անձնագրով աշնակցի մօրաքրոջս հետ դուրս գալիս Ֆրանսիայի անունը կրող հրապարակից: Ես լուռ եմ ու չեմ հասկանում՝ իրե՞ն եմ աւելի շատ խնայում, թէ՝ ինձ:
«Ա-զա-տու-թեան» ու «Երազ իմ երկրի» միջեւ թափառող մտքիս մէջ յաջորդ օրուայ ելոյթս եմ գրում՝ ընդդէմ օտարալեզու դպրոցների ու, ինչպէս միշտ, քնելուց առաջ մրմնջում՝ «Տուր ինձ, Տէր, երջանկութիւն անանձնական»:
«Կըր-թու-թիւնը հա-յե-րէն» եւ «Առաջ Հայաստան» ճշմարտութիւնների խաչմէրուկում, Հայոց ամենասուրբ սրբերի՝ Սահակի ու Մաշտոցի օրը խորհրդարանական անհաղորդ ու անցաւ մեծամասնութիւնն ընտրում է օտարալեզու դպրոցը:
Մայրենիի ու «Երազ իմ երկրի» միջեւ թափառող միտքս վիրաւոր է ու զարմացած: Անկախութեան 20րդ տարում, ազգային արժանապատուութիւնն ու պետականութիւնը նսեմացնող այս ի՞նչ հանգրուանի հասանք. տրոփում է ուղեղս ու ականջներիս մէջ սղոցւում կրթութեան նախարարին (բարեկամիս, այո՛, բարեկամիս) ուղղուած «դա-ւա-ճան» վանկարկումը:
Խաբուելու ու լաւատեսութեան պաշարները չսպառած հայերի մի խումբ Շաբաթ օրը Ազնաւուրի հրապարակում (ինչպիսի՜ հաւատարմութիւն ազգային ու համամարդկային արժէքներին) համերաշխութեան համերգ է կազմակերպելու՝ ի պաշտպանութիւն ազգային դպրոցի: Գնալու եմ՝ պաշտպանելու վիրաւորուած ազգային դպրոցս, լինելու ազատամարտիկ-երգիչ ընկերներիս (է՞ս ինչ ներքին թշնամու դէմ ենք պայքարում), Կոմիտասի բանաստեղծութեանը չքնաղ մեղեդի նուիրած երգահանի ու էլի ուրիշների կողքին: Արդեօ՞ք եկել է մեզ գտնելու ժամանակը, մտածում եմ միամիտս ու լրահոսը «գուժում» է՝ համերգը չի արտօնւում՝ քաղաքի փողկապաւոր ու կոճկուած ղեկավարութիւնը նպատակայարմար չի գտնում. նրանք ընտրել են «Առաջ Հայաստանն» ու «Օտարալեզու դպրոցը»:
«Կըր-թու-թիւնը հա-յե-րէն»ի եւ «Առաջ Հայաստան»ի միջեւ թափառող մտքիս մէջ շարունակ ցաւեցնող միեւնոյն հարցերն են. պատմութիւնը ինչո՞ւ այդպէս էլ դաս չի դառնում մեզ համար, ինչու՞ ենք այդքան խորթ իրար, բա մեր յաղթանակներին ո՞վ պիտի տիրութիւն անի:
Ու, ինչպէս միշտ, քնելուց առաջ մրմնջում եմ՝ «Տուր ինձի, Տէր, երջանկութիւն անանձնական»:
Բանաձեւից բանաձեւ ապրող ու այդպէս էլ ոչինչ չփոխուող Հայաստանում լրահոսը դարձեալ գուժում է՝ ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կը գան 2011 թուականի գարնանը, իսկ մոնիտորինգի յանձնաժողովի համազեկուցող է նշանակուել շուէդ Գորան Լինդբրադը: Մենք էլի ընդվզում ենք՝ Լինդբրադի անաչառութիւնն ու հայամէտութիւնը մեզ չի բաւարարում (այս անգամ ընդդիմութիւնն ու քաղաքական մեծամասնութիւնը զարմանալիօրէն համակարծիք են):
Մեր ու Գորան Լինդբրադի ճշմարտութիւնների միջեւ թափառող մտքիս մէջ էլի ինձ չլքօղ ու տանջող հարցերն են՝ ե՞րբ ենք մեր պարտութիւնները մեր մէջ փնտռելու, ե՞րբ է մեր ճշմարտութիւնը մէկը լինելու, ե՞րբ ենք ապրելու մեզ համար ու մեր ժամանակում, ե՞րբ ենք մեր տէրն էլ, ծառան էլ մենք լինելու, ե՞րբ է քաղաքիս ու երկրիս դէմքը խաղաղ լինելու ու ԵՐԿԻՐԸ ԿՈՉՈՒԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ:
Եւ ինչպէս միշտ, բոլորի պէս քնում եմ պատերազմի թեւի տակ ու մրմնջում՝ «Տուր ինձ, Տէր, երջանկութիւն անանձնական»:
Լիլիթ Գալստեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր է, ՀՅԴ խմբակցութեան անդամ, Համազգային Կրթական եւ Մշակութային Ընկերակցութեան Հայաստանի ներկայացուցիչ: