Քաթրին Հայրապետեան Կը Ղեկավարէ 110 Պարողներէ Բաղկացած «Նայիրի»ն
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Հովիտի «Պարոյր Սեւակ» մասնաճիւղի «Նաիրի» պարախմբի պարուսոյց-ղեկավար՝ Քաթրին Հայրապետեանը ծնուել է Թեհրանում:
3 տարեկանից յաճախել է «մա-դամ Ելենա»յի Բալետի Ակադեմիա:
1976 թուականին տեղափոխուելով Միացեալ Նահանգներ՝ ուսանել է լեզուաբանութիւն, հիւրանոցային կառավարում եւ դեղագործութիւն:
1977-1997ին եղել է Լոս Անջելեսի «Համազգային»ի «Անի» պարախմբի մենակատարուհի:
Պարել է նաեւ Հայաստան Պարային Անսամբլում եւ Միջազգային Աւազ պարախմբում:
2000 թուականից Համազգայինի Հովիտի «Պարոյր Սեւակ» մասնաճիւղի «Նաիրի» խմբի պարուսոյցն է:
Պարուսոյց է եղել Փասադինայի Համազգայինի «Ախթամար», Հայ Քոյրերի Ակադեմիայի, Մերտինեան միջին դպրոցում: Բեմադրել է 75 պար
«Նաիրի» պարախումբը 2004 թուականին արժանացել է Գլենդէյլի «Star Search» պատուաւոր մրցանակին:
Մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտօնիօ Վիարայկոսայի երդմնակալութեան արարողութեանը՝ ներկայացնելով հայ ազգային պարը:
Պարը արուեստի գեղագիտական տեսակ լինելուց բացի, նաեւ իւրայատուկ արտայայտամիջոց է, հաղորդակցման ձեւ: Պարը նաեւ ներկայացնում է տուեալ ազգի, ժողովրդի մտածելակերպը, հոգեբանութիւնը, առանձնայատկութիւններն ու մշակութային-պատմական բաղադրիչները:
Պարարուեստի ուրոյն լեզուն ազգային ինքնութեան տարրերը փոխանցելու լաւագոյն ձեւերից է: Հայկական մշակութային ժառանգութեան պահպանումն ու այն նոր սերունդներին փոխանցելը, յատկապէս հայրենիքից հեռու, սուրբ առաքելութիւն է, որ հաստատուելով Միացեալ Նահանգներում ստանձնեց իրանահայ Քաթրին Հայրապետեանը: Օտար երկրում յայտնուած Քաթրինը հայկական ինքնութիւնը պահպանելու լաւագոյն օջախ գտաւ ի դէմս Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան:
Հայ մեծանուն պարուսոյցներ Վանուշ Խանամիրեանի եւ Նորայր Մեհրաբեանի ազդեցութեամբ մեծացած Քաթրին Հայրապետեանը տարբեր մասնագիտութիւններ ուսանելու եւ այլ ոլորտներում աշխատելու հետ զուգահեռ, շուրջ 20 տարի Լոս Անջելըսի Համազգայինի «Անի» պարախմբում հանդէս է գալիս որպէս մենակատարուհի:
Շարունակելով մնալ պարի բազմագոյն աշխարհում, Քաթրին Հայրապետեանը որոշում է արտայայտուել նաեւ որպէս պարուսոյց՝ փորձելով այս անգամ էլ հոգեւոր պահանջին յագուրդ տալ՝ տարրալուծուելով սաների մէջ: Սեփական գեղագիտութեան բիւրեղացման հաստատուն դարբնոց է դառնում 2000 թուականին ստեղծուած «Նաիրի» պարախումբը՝ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Հովիտի «Պարոյր Սեւակ» մասնաճիւղի հովանու ներքոյ:
«Հիմնական նպատակս հայկականը, մեր մշակութային հարուստ ժառանգութիւնը պարի ու երաժշտութեան միջոցով մանուկներին ու պատանիներին փոխանցելն էր», պարախմբի հիմնադրման մասին յիշում է շնորհալի պարուսոյցը:
Ժողովրդականի եւ դասականի լաւագոյն արտայայտչամիջոցների ներդաշն համադրութեամբ նորովի են մատուցւում մեր ազգային պարերը՝ նաեւ ժամանակակից ոճով: «Նայիրի»ի պարերը բեմադրուել են Արամ Խաչատրեանի, Յովհաննէս Բադալեանի, Արա Գէորգեանի ստեղծագործութիւների, ինչպէս նաւէ Սիրուշոյի, Ինգա եւ Անոյշ Արշակեանների, Այդա Սարգսեանի եւ այլոց ստեղծագործութիւնների ներքոյ:
«Նոր սերնդի համար առաւել գրաւիչ, ընկալելի լինելու համար պարացանկում ներառում եմ նաեւ հայկական ժամանակակից երաժշտութիւն», նշում է Քաթրին Հայրապետեանը: «Նայիրի» պարախմբի ցանկը բազմազան է՝ Շալախոյից, Սասնայ Պարից, Մշոյ Աղջկանից մինչեւ Հիփ Հոփ եւ այլն:
Գործունէութեան տասը տարիների ընթացքում պարախմբի անդամների թիւը 21ից հասել է 110ի: Վեց տարբեր՝ 3.5ից մինչեւ 19 տարեկան խմբեր են այժմ ներառուած «Նայիրի» պարախմբում:
«Մենք բաց ենք բոլոր ցանկացողների համար: Մեր սաների թւում են նաեւ խառնածին ամուսնութիւնների զաւակներ, ինչպէս նաեւ սահմանափակ կարողութիւններ ունեցող երիտասարդներ», նշում է Քաթրինը:
Քաթրին Հայրապետեանի համար պարը կեանք է, որ իւրաքանչիւր ակնթարթ ուղեկցում է նրան նաեւ պատկերացումներում, երբ օրուայ առաջին մասն անցկացնում է այլ ոլորտի աշխատանքում. «Աշխատանքիս ընթացքում փորձոմ եմ անընդհատ երաժշտութիւն լսել ու պատկերացնում եմ համապատասխան պարային շարժումներ: Պարային ստուդիայում արդէն սկսում եմ ձեւաւորել բեմադրութիւնը, որ յաճախ ինքաբուխ է լինում, ծնւում է ակնթարթի մէջ», իր ստեղծագործական ընթացքի գաղտնիքների մասին կիսւում է Քաթրինը:
Հայ համայնքի համար սիրելի ու սպասուած «Նայիրի» պարախմբի յաջողութեան գրաւականներից է նաեւ Քաթրինի անհատական վերաբերմունքը իւրաքանչիւր սանին, որոնք ստեղծագործական երեւակայութեան նոր թեւեր են պարգեւում սիրելի պարուսոյցին: Գործընկերոջ՝ Արի Լիբարիդեանի հետ միասին, Քաթրին Հայրապետեանը նաեւ պատրաստում է ապագայ պարուսոյցների: «Նայիրի» պարախումբը, յիրաւի կարելի է համարել նաեւ հայեցի կրթութեան իւրայատուկ օջախ, որտեղ նոր սերունդները ստանում են ազգայինի համապարփակ չափաբաժին:
«Նայիրի» պարախմբի ելոյթին հնարաւոր է հետեւել Յունիսի 13ին՝ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան երեք մասնաճիւղերու կողմէ կազմակերպուած «Իրիկնային Մեղեդիներ» խորագրով միջոցառմանը, որտեղ պարախումբը կը ներկայանայ որպէս այս կառոյցի գործունէութեան լաւագոյն արդիւնքներից: