ԹԵՀՐԱՆ.- «Ալիք».-Թեհրանի Հայոց Թեմի (ԹՀԹ) 14րդ Պատգամաւորական ժողովի Երեքշաբթի, 1 Յունիսի նիստի օրակարգը զուտ համայնքային հարց էր շօշափում՝ ելնելով ժամանակի թելադրած պահանջներից՝ ազգային կառոյցների վերադասաւորման համատեքստում դպրոցների վերադասաւորման հարցը, իսկ աւելի կոնկրետ՝ «Ռոստոմ» աղջկանց դպրոցի «Արաքս» դպրոցի հետ վերամիաւորման պարագան:
Թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեան պատգամաւորներին եւ ներկաներին առաջարկեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել 12րդ Պատգամաւորական ժողովի անդամ, վաստակաւոր ուսուցիչ-մտաւորական Միշա Հայրապետեանի յիշատակը: Ապա սրբազան հայրը խօսեց օրուայ օրակարգի թեմայով: Եւ քանի որ հարցը վերաբերում էր կրթական ոլորտին՝ Պատգամաւորական ժողովում ներկայ էին՝ Կրթական խորհրդի ատենապետ Հրայր Շահնազարեանը եւ խորհրդին կից յանձնախմբի ներկայացուցիչ Ռայմոնդ Խաչատրեանը:
Պատգամաւորների դատին յանձնուեցին Թեմական խորհրդին կից Դպրոցների վերադասաւորման յանձնախմբի եւ Պատգամաւորական ժողովի Կրթական յանձնաժողովի պատրաստած մանրակրկիտ եւ խնամուած զեկոյցները, որոնք մանրամասնօրէն մեկնաբանում էին յանձնախմբի կողմից՝ Ռայմոնդ Խաչատրեանը, իսկ Կրթական յանձնաժողովի կողմից՝ Էլիպս Մասեհեանը:
Մինչ ներսում ընթանում էին քննարկումները՝ դրսում հաւաքուած «Ռոստոմ» աղջկանց դպրոցի ծնողները ակնդէտ սպասում էին վերջնական որոշմանը: Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սարօ Մկրտչեանը հանդիպեց նրանց հետ, լսեց ծնողներին՝ որոշակիօրէն բաւարարելով նրանց ակնկալիքները: Ժամեր անց հաւաքուած ծնողների խումբը թողեց առաջնորդարանի բակը:
Այս բոլորը հասաւ իր տրամաբանական աւարտին այն ժամանակ արդէն, երբ Պատգամաւորական ժողովի ներկայացրած եզրակացութիւնը հասունացած պահ էր ապրում քուէարկութեան համար: Ու այսպիսով՝ քուէարկութեան արդիւնքը՝ 26 կողմ, 4 ձեռնպահ, 6 դէմ պատկերով, յանգեց հետեւեալ որոշմանը.
Համայնքի կառոյցների ձեւափոխման եւ հիմնական թուաքանակի հետ համապատասխան աշխատանքը հաստատւում է, որի մէկ ենթաբաժանումը դպրոցների վերադասաւորման ընդհանուր գաղափարն էր՝ հաստատուած արդէն մէկուկէս տարի առաջ: Այս ժողովում արդէն հաստատուեց «Ռոստոմ» աղջկանց դպրոցի «Արաքս» դպրոցին միանալու գաղափարը եւ «Սահակեան» դպրոցի տեղափոխումը «Ռոստոմ» աղջկանց դպրոց: Բայց, այս բոլորը՝ Թեմական խորհրդի կողմից երեք նախապայմանների իրականացման դէպքում: Որոշումը հետեւեալն է, որին կից ներկայացւում են նաեւ նախապայմանները.
«Ռոստոմ» աղջկանց դպրոցը «Արաքս» դպրոցի հետ միատեղելու եւ «Սահակեան» դպրոցը «Ռոստոմ» աղջկանց դպրոցի շէնք փոխադրելու նախագծի իրականացումը գնահատւում է տրամաբանական, սակայն գործադրութեան պահը ճշտելու համար՝ պէտք է նկատի ունենալ հետեւեալ նախապայմանները.
ա) Նկատի ունենալով «Ռոստոմ» աղջկանց դպրոցի ծնողների մօտ առաջացած դժգոհութիւնները՝ հարկ է բաւարար տեղեկատուութիւն կատարելով եւ առգոյ մտահոգութիւնները նրանց հետ կիսելով՝ փարատել առաջացած զգայնութիւնները եւ շահել հանրութեան եւ ծնողների կարծիքը:
բ) «Սահակեան» դպրոցի «Ռոստոմ» աղջկանց դպրոց տեղափոխելու արտօնութիւնը ստանալուց յետոյ միայն ձեռնարկել «Ռոստոմ» աղջկանց դպրոցը «Արաքս» դպրոցի հետ միատեղելու քայլը:
գ) Ելնելով ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից կատարուած յայտարարութիւններից՝ դպրոցական 12ամեայ շրջանը 3 օղակից 2 օղակի վերածելու վերաբերեալ, նկատի ունենալով, որ դրա իրագործումը կարող է խախտել սոյն ծրագրում կատարուած հաշւարկումները, ուստի՝ հարկ է նախեւառաջ ձեռք բերել յստակ տեղեկութիւններ՝ նախարարութեան ապագայ ծրագրերի վերաբերեալ:
Այսպիսով՝ ժողովը եզրափակեց իր աշխատանքը. սպասենք արդիւնքներին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.