ՎԼԱԴԻՄԻՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ՓԵՏՐՈՒԱՐԻ 16Ը ԼՂՀ ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ ՕՐՆ Է:
«Ապագայ պատմաբանը Դիոգենեսի պէս լապտերը վերցրած պէտք է քրքրէ մեր ներկայ դարի պատմութիւնը, որ գտնէ այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանւում է հին հեքիաթների դարու հերոսների գործունէութեանը: Հայ ներկայ իրականութեան մէջ ապագայ անաչառ պատմաբանը շատ քչերին կը գտնի, որոնց անունը արժանի կը լինի յաւերժացնելու…»: Այս տողերը գրուել են 1920 թուականին: Համաձայնուենք, որ հայ քաղաքական իրականութեան համար ասուածն իր էութեամբ ունիւերսալ (տիեզերական-Խմբ.), իսկ կիրառելիութեամբ էլ՝ անվրէպ ու անխափան մի բանաձեւ է, որը մեզանում գործածելի է ցանկացած պահին՝ անկախ պատմական ժամանակաշրջանից: Այսօր էլ՝ այդ տողերը գրելուց մէկ դար անց, արծարծուած հարցի վերաբերեալ իրավիճակը մեզանում բացարձակապէս նոյնն է:
Երկար դարեր ձգուող մեր պատմութեան ընթացքում հայութեան ձեռքբերումները քաղաքական ասպարէզում, ինչպէս յայտնի է, ոչ միայն համեստ չեն կարող համարուել, այլ նոյնիսկ զրոյական էլ չեն: Դրանք, ակնյայտօրէն, «մինուսային» են: Դրա ամենապերճախօս վկաներն են, թերեւս, այսօրուայ մեր քարտէզը եւ այն փաստը, որ քաղաքական ասպարէզում աշխարհի ընտրեալների ցուցակում հայկական անունները, առհասարակ, բացակայում են:
Մենք չկանք այդտեղ ոչ միայն այսօր, այլ ներկայացուած չենք նաեւ անցեալի քաղաքական գործիչների պանթէոնում: Թերեւս կարիք կայ կատարել մի փոքրիկ ճշգրտում. խօսքը ոչ թէ, առհասարակ, հայազգի քաղաքական ու պետական գործիչների մասին է, որոնք հատ ու կենտ յայտնւում են այս կամ այն պետութեան գործիչների շարքերում, այլ բուն Հայաստան պետութիւնը, կամ էլ՝ գոնէ հայութիւնը որպէս ազգ ներկայացնող քաղաքական այրերի մասին է: Այդ առումով, այսօրուայ ընդունուած լեզուով ասած, «եւրոստանդարտների» (եւրոպական չափանիշերու-Խմբ.) պահանջներին համապատասխանող քաղաքական գործիչներ ունենալուց մենք շատ ու շատ հեռու ենք եղել բոլոր ժամանակներում: Այսօր՝ նոյնպէս: Դրա պատճառները միշտ էլ նոյնն են եղել, եւ արմատներն էլ պէտք է փնտրել հէնց մեր՝ հայկական կերպի եւ էութեան մէջ:
Եթէ մի պահ հանգիստ թողնենք խիստ անհանգիստ մեր անցեալը եւ շատ դէպքերում իրականութիւնը միֆերով (առասպելաբանութեամբ-Խմբ.) փոխարինող նրա մեկնաբանութիւնները, եւ անդրադառնանք այսօրուայ մեր քաղաքական դաշտում ծլարձակած «քօթուկներին»՝ իրենց «լեգալ» ստուերային բիզնեսով ու միայն ներքին-տնայնական եւ անձնական օգտագործման համար պիտանի իրենց բազմաթիւ կոչումներով, տիտղոսներով ու պարգեւներով, ապա ամէն ինչ աւելի քան հասկանալի է դառնում: Իրօք, այդ դաշտում որտեղի՞ց եւ ո՞նց կարող էր ի յայտ գալ մի բովանդակ ու իր էութեամբ լիքը, միջազգային ասպարէզում իրօք ներկայանալի եւ մրցունակ քաղաքական մի այր, եթէ պետութեան քաղաքական ամենաբարձր պաշտօնատէրերից մէկը շատ անկեղծօրէն կանգնում ու յայտարարում է, թէ «քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պէտք չէ»: Իսկ շարքային կոչուող քաղաքացիների գերակշռող մասն էլ՝ դէմքերին խիստ իմաստուն արտայայտութիւն տուած, շպրտում է. «քաղաքականութիւնն ի՞նչ է՝ սովորական պոռնկութիւն»: Մեկնաբանութիւնները նման պարագայում իրօք որ անիմաստ են: Պարզապէս երկու դէպքում էլ խիստ օրիգինալ (անօրինակ-Խմբ.) այդ մտքերի հեղինակները պարտաւոր էին իրենց խօսքում ամենասկզբից նշել. «Հայաստանում…»
Այն տողերը, որով սկսել էինք ակնարկը, ունեն հետեւեալ շարունակութիւնը, «…Անշուշտ ու անկասկած, դրանց թւում կը լինի նաեւ Գարեգին Նժդեհի անունը…»: Գարեգին Եղիշէի Տէր-Յարութիւնեան: Այսինքն այն անձի, որի թէ՛ մտաւոր կարողութիւնները, թէ՛ բարոյական կերպարը, ինչպէս յայտնի է, խիստ տարբերուել են թէ այսօ՛ր իրեն թունդ նժդեհական յայտարարողի պատկերացումներից, թէ՛ մերօրեայ քաղաքագէտ զանգուածի կողմից քարոզուող քաղաքական չափորոշիչներից…
Մեր պատմութեան այս վերջին շրջանում Արցախեան Ազատամարտն է, անկասկած, որ հանդիսանում է պատմական այն առանցքային իրադարձութիւնը, որով պայմանաւորուած է մեր անկախ պետականութեան վերականգնումն ու նրա յետագայ գոյութիւնը: Եւ այս շրջանի պետական ու քաղաքական գործիչներին անդրադառնալիս, ապագայի անաչառ պատմաբանը, անկասկած, նոյնպէս պէտք է շատ երկար փնտռի, գտնի եւ առանձնացնի հատուկենտ այն անձանց, որոնք իրօք տարբերուել են բոլորից եւ իրականում առանձնակի են եղել իրենց մարդկային կերպարով եւ էութեամբ: Ինչի շնորհիւ էլ կարողացել են դրսեւորել պետական եւ քաղաքական այրից պահանջուող այն բացառիկ յատկութիւնները, որոնք հասու չեն սովորական մահկանացուին:
Կատարենք «գրագողութիւն» վերը յիշատակուած 1920 թուականի թերթից եւ փաստենք վստահաբար. «անշուշտ ու անկասկած, դրանց թւում կը լինի նաեւ Արթուր Մկրտչեանի անունը»: Արթուր Ասլանի Մկրտչեանը՝ լուրջ հեռանկարով գիտնական-ազգագրագէտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն Խորհրդի առաջին Նախագահը, անկախ Արցախի առաջին ղեկավարը: Այսօր պէտք չէ խաբուել բրեժնեւեան «Մալայայ Զեմլեա»ն յիշեցնող տարբեր հանրագիտարանների լոյս աշխարհ գալով, անաչառութեան յաւակնող զանազան յուշապատումներով ու ակնարկներով, տարաբնոյթ վկայութիւններով ու ձօներգերով: Այդ ամէնը, բնականաբար, կ՛ունենայ իր բնականոն աւարտը, դառնալով փոշեծածկ թղթակոյտ: Իսկ Արթուր Մկրտ-չեանի ժամանակակից պաշտօնեաներից շատ շատերն էլ՝ իրենից ե՛ւ երկար ապրած, ե՛ւ երկար պաշտօնավարած, յետագայում, եթէ յանկարծ յիշատակուեն էլ պատմութեան մատեաններում, ապա, լաւագոյն դէպքում՝ մի «ընդհանուր ցուցակով»: Էլ չենք խօսում դրանց մեծ մասի յետեւներից ձգուող անմաքուր հետքերի մասին:
Մի անգամ Մարգրեթ Թեթչերին հարցրել են, թէ ինչպէ՞ս է ինքը կարողացել իր ենթակայութեան տակ ձեւաւորել ու աշխատացնել նման անկաշառ կառավարման մի համակարգ: Երկաթէ լէդին պատասխանել է. «դրա համար բաւական է, որպէսզի երկիրը ղեկավարող առաջին հինգ դէմքերը ազնիւ մարդիկ լինեն»: Այդ առումով Արթուրը ղեկավարեց ազնիւ, պաշտօնից ու այս աշխարհից էլ հեռացաւ անբիծ: Շատերն ասում են եւ, հաւանաբար, յետագայում էլ ասողներ կը լինեն, թէ «քանի որ շատ կարճ տեւեց նրա ղեկավարման հատուածը, նա, պարզապէս, չհասցրեց կեղտոտուել:
Եթէ երկար ղեկավարէր, ինքն էլ բոլորի նման չէր դիմանայ գայթակղութեանը եւ նոյնպէս կ՛արատաւորուէր»: Նախ, նման պարագայում ցանկացած «եթէ»ները՝ լինեն դրանք դրական ուղղուածութեամբ, թէ՝ բացասական, անիմաստ են եւ անտեղի: Բայց եթէ նման վիրտուալ ենթադրութիւնների փորձեր, յամենայնդէպս, արւում են, ապա պէտք չէ մոռանալ կարեւորագոյն եւ իրական այն հանգամանքը, որ նա քաղաքականութիւն մուտք գործեց բացարձակ մաքուր ու բացարձակ ազատ: Եւ այդպիսին էլ մնաց: Զի չունէր, պատկերաւոր ասած, եւ ոչ մի պարտք տալու իր օգտին տուած եւ ոչ մի ձայնի դիմաց: Յետեւից էլ, ոմանց նման, չէր քաշկրտւում խորհրդային ժամանակներից եկող «աւանդական» բեռը: Նրա անձի հետ կապուած, օրինակ, ո՛չ հանրապետական ՊԱԿի պետի հրամանի բնօրինակը տպագրուեց մամուլում՝ ՊԱԿի պահեստազօրի սպայ հրամանագրելու մասին, ո՛չ էլ ընթերցողին գլուխկոտրուկ-հանելուկ առաջարկուեց, թէ արդեօք ովքեր էին, որ «Նարիմանով» եւ «պաուկ» գործակալական ծածկանուններով ժամանակին ներդրուել էին
«Կռունկ» կոմիտէի կազմի մէջ, եւ որոնք Ստեփանակերտում ռեգուլեար (կանոնաւոր-Խմբ.) կէսգիշերային այցերի էին գնում Ադրբեջանի Կոմկուսի այդ օրերի երկրորդ քարտուղար Պոլեանիչկոյի մօտ…
2009ին ԼՂՀում ամենաբարձր՝ պետական-կառավարական մակարդակով կազմակերպուեց միջոցառումների շարք, նուիրուած Արթուր Մկրտչեանի ծննդեան յիսնամեակին: Ինչպէս եւ նման դէպքերում լինում է, նրա հասցէին հնչում էին բացառապէս դրական գնահատականներ եւ կարծիքներ: Եւ ամենեւին էլ ոչ այն պատճառով եւ նրա համար, որ «մեռածների մասին՝ կամ ոչինչ, կամ՝ միայն լաւը»: Ոչ: Անտիկ (հնագոյն-Խմբ.) ժամանակների այդ պատուիրանը, ցաւօք, մեզանում խախտւում է շատ յաճախակի եւ անխնայ: Բարեբախտաբար, բացակայում էր նաեւ սրբապատկեր ստեղծելու կամ էլ ֆետիշ կերտելու միտումը: Նոյնիսկ պաշտօնական-պրոտոկոլային ելոյթներում նկատւում էր, որ մարդիկ իրենց խօսքի մէջ անկեղծ են: Զգացւում էր, որ նրա մահուանից մէկ ու կէս տասնամեակ անց էլ մարդիկ մի տեսակ ձգւում են դէպի այդ անձը, ցանկանում են մէկ անգամ էլ առնչուել նրա հետ: Եւ դա միանգամայն հասկանալի է: Քանզի Արթուր Մկրտչեանն այն անձնաւորութիւնն էր, որը մարդկային յարաբերութիւնների մէջ երբեւիցէ «քաղաքականութիւն չէր խաղում», այլ դրսեւորում էր հէնց նման գործչին յատուկ իմաստութիւն ու լայնախոհութիւն, իսկ քաղաքականութեան մէջ էլ չէր դաւաճանում մարդկային իր սկզբունքներին, պահպանում էր բնատուր մարդկային իր վեհ ու բարձր յատկութիւնները:
Որտեղ էլ որ գործեր Արթուրը, ինչպիսի կառոյցի կազմում էլ որ ընտրուէր՝ լինէր դա Մոսկուա, ԽՍՀՄ Գերագոյն Խորհուրդ՝ Դէմիչեւի մօտ մեկնող պատուիրակութիւնը, թէ Ղարաբաղի Ազգային Խորհուրդը, իսկ վերջում էլ՝ ԼՂՀ Գերագոյն Խորհուրդը, ընտրութիւնն ընթանում էր առանց սուր պայքարի: Բոլորը շատ շուտ համոզւում ու ընդունում էին, որ դա հէնց նրա տեղն է, որ հէնց նա է կարող եւ պէտք է կատարի այդ ֆունկցիաները: Նա երբեւիցէ չէր ներկայանում, կամ ներկայացւում հանրութեանը, որպէս լայնօրէն «գովազդուած» առաջնորդ-փրկչի մի կերպար: Դա էլ ասենք, որ նման բանի ոչ ինքն էր ունակ, ոչ էլ իր մօտակայ շրջապատը՝ նման գործողութիւնների համար ենթադրուող անհրաժեշտ բոլոր «բաղադրիչների» առումով: Խօսել նրա անձի համեստութեան մասին, նշանակում է ոչ սովորական այդ անձին խցկել պարզունակ ու ծեծուած, ոչինչ չասող մի ինչ-որ բառակաղապարի շրջանակների մէջ:
Նրա հետ առնչուողներին զարմացնում եւ գրաւում էր նախ այն իրողութիւնը, որ ընդամէնը երեք տասնամեակ կեանք ապրած անձը կարող է այդ տարիքում արդէն այդքան ազատ լինել յաւակնոտութիւնից, պատուամոլութիւնից եւ, առհասարակ, որեւիցէ ամբիցիաներից (փառասիրութենէ-Խմբ.), այն էլ յեղափոխական պայքարի մթնոլորտում: Եւ դրա համար էլ նա հէնց Արթուր Մկրտչեանն էր՝ ներքին իր այդ ազատութիւնից բխող իրեն յատուկ «հրակայունութեամբ» ու անպարտելիութեամբ:
Գուցէ զուտ հոգեբանօրէն հէնց դա է վճռական դեր խաղացել Շարժման համար ծանր այն օրերին, երբ կրկին «ինտերնացիոնալիստ» դարձած մէկօրեայ մեր «նացիոնալիստների» ուղղակի մատնութիւնների պահանջներին տեղի տալով, թէ իբր այս ամբողջ «խառնակչութիւնը Մկրտչեանը կազմակերպում է զուտ անձնական շահադիտական նպատակներով», Հադրութում տեղակայուած խորհրդային զինուորական պարէտատնից նրան գալիս են ձերբակալելու: Արթուրն ընդառաջ է ելնում պարեկախմբին եւ հանգիստ ուղեկցում նրանց դէպի իր կացարանի ներսը: Սրանք ներս են մտնում, մի քանի րոպէ լուռ մնում են կանգնած եւ յետոյ, հաւանաբար իրական պատկերացում կազմելով թէ՛ կացարանի, եւ թէ՛ նրա տիրոջ ու իր ընտանիքի մասին, շուռ են գալիս ու հեռանում՝ իրենց նեղութիւն չտալով նաեւ զսպել «դոնոսչիկներին» հասցէագրուած ռուսական հիւթեղ հայհոյանքները: Ինչպէս տեսնում ենք, տեղի դաժան «պրոկուրատորը» (դատախազը-Խմբ.)՝ Հադրութի «պիղատոսը», այդ իրավիճակում աւելի շրջահայեաց է գտնուել՝ վերջնականօրէն տեղի չտալով Արթուրին մատնողների յորդորներին: Իսկ ինչ վերաբերում է «շահամոլութեանը», ապա մարդկութեան մեծ մասին համակած ունայն ու ցաւոտ այն արատից, ինչպիսին արծաթապաշտութիւնն է, Արթուրի շատ հեռու լինելը առաւել քան խորհրդանշական ձեւով դրսեւորուեց նոյնիսկ նրա մահից յետոյ: Երեւանում յատուկ պատրաստած շքեղ դագաղը՝ ճակատագրի հեգնանք, թէ հէնց օրինաչափութիւն, այդպէս էլ տեղ չհասաւ: Եղանակը մի քանի օր յամառօրէն թոյլ չէր տալիս օդանաւերին օդ բարձրանալ, եւ երեւանեան իշխանական վերնախաւի կողմից Արթուրի համար նախատեսուած պերճասուգ այդ իրը մերժուեց, կարծես, հէնց ի վերուստ: Իսկ նրան հողին յանձնեցին Ղարաբաղում պատրաստած տեղական համեստ մի մահարկղով: Տարիներ շարունակ էլ նրա վրայ չէր դրւում գոնէ սովորական մի շիրմաքար, եւ անկախացած երկրի առաջին ղեկավարը համեստօրէն «եոլա էր գնում» զուտ իր հողաթմբով:
Եւ ԼՂՀ Գերագոյն Խորհրդի նախագահի պաշտօնում նրա ընտրուելն էլ ամենեւին նախօրօք պլանաւորուած (ծրագրուած-Խմբ.) եւ յաջող իրականացրած ընտրարշաւի, կամ էլ մի ինչ-որ նախնական յետկուլիսային պայմանաւորուածութեան, քաղաքական բարդ կոնսուլտացիաների (խորհրդակցութիւններու-Խմբ.), առաւել եւս՝ քաղաքական առեւտուրների արդիւնք չէր: Ոչ: Ինքը մուտք գործեց Գերագոյն Խորհուրդ որպէս շարքային, սովորական մի պատգամաւոր, բայց դուրս եկաւ այնտեղից որպէս նրա ղեկավար: Այն մի քանի օրերի ընթացքում, որ ընթանում էր նստաշրջանը, այն իրականութեան մէջ, երբ յաջորդ նիստին բացակայող պատգամաւորը յարգելի բացակայ էր ստանում իր զոհուելու պատճառով, հաւաքուածների մեծ մասը պարզեցին իրենց համար եւ համոզուեցին, որ իրենց բոլորի միջից հէնց Արթուր Մկրտչեանն է այն անձնաւորութիւնը, որը պէտք է այս պահին դառնայ նորահռչակ պետութեան առաջին դէմքը եւ առաջնորդի Ղարաբաղի զինուած պայքարը: Այդպիսին էր պատգամաւորների մեծ մասի համոզմունքն ու դրանից բխող որոշումը: Եւ նրա կառավարման ընդամէնը երեք ամսից քիչ աւել ժամանակի ընթացքում Ղարաբաղի համար արդէն արձանագրուեցին մի շարք լուրջ յաջողութիւններ՝ թէ՛ ռազմական, թէ՛ քաղաքական ու դիւանագիտական ասպարէզներում: Դա անհերքելի է: Եթէ այսօր խօսւում է «ԼՂՀն որպէս բանակցային կողմ հանդէս գալու» անրաժեշտութեան մասին, ապա վերհիշենք, որ հէնց Ա.Մկրտչեանի օրօք ԼՂՀն սկսեց մասնակցել բոլոր տեսակի բանակցութիւններին ամենաուղղակի ձեւով: Եւ, ինչը չափազանց կարեւոր էր, առանց «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» ներգրաւմանը այդ գործընթացների մէջ: Այդ օրերին արտերկրի լրագրողների կողմից նոյնիսկ որոշ չափազանցուած մի թեզ տարածուեց, թէ «Ստեփանակերտն այսօր դարձել է դիւանագիտական Մեքքա»: Ներպետական իրավիճակն էլ կարծես պարզ էր ու յստակ. կար նորակազմ իշխանութիւն, որին մարդիկ վստահում ու ենթարկւում էին եւ կար թշնամու դէմ պայքարի անհրաժեշտութեան եւ այդ պայքարին որեւիցէ այլընտրանքի բացակայութեան համընդհանուր գիտակցում: Ամենակարեւորը՝ Արթուր Մկրտչեանի կառավարման օրօք հասարակութեան մէջ չկար «ինտրիգ» (դաւ, նենգութիւն-Խմբ.) կոչուածը, քանզի հէնց ինքը՝ պետութեան ղեկավարը, իշխանութեան գլուխ էր անցել առանց որեւիցէ ինտրիգի:
Այդ ինտրիգ կոչուածը, սակայն, պաշտօնավարման առաջին իսկ օրուանից սկսուեց հիւսուել Արթուրի շուրջ: Մի կողմից, Հայաստանի Հանրապետութեան առաջին, կամ ինչպէս այսօր իր մոլի երկրպագուներն են տեղի-անտեղի կրկնում, հիմնադիր նախագահի քաղաքական ճաշակին «չբռնեց», եթէ խօսենք նոյն լեզուով՝ Արցախի հիմնադիր նախագահի անձը: Ասում են, Լեւոն Տէր-Պետրոսեանի ծննդեան օրն է եղել, եւ Ա. Մկրտչեանի ընտրուելու մասին լուրը Երեւան հասնելուց յետոյ մերձաւորները մտել են շէֆի մօտ՝ նրա տարեդարձը շնորհաւորելու: Ինչին նա արձագանգել է, թէ՝ «սեւ շնորհաւորանք բերեցիք: Ընտրուեց այն անձը, որին ամենաշատը չէի ցանկանում»: Ըստ դրան էլ, բնականաբար, մշակուեց եւ սկսեց դրսեւորուել համապատասխան ոչ միայն քաղաքական կուրս (ուղի, վարքագիծ-Խմբ.), այլ նաեւ անձնական վերաբերմունք: Ինչպիսիք կը դրսեւորուեն ամենաանցանկալի գործչի եւ անձի նկատմամբ: Միւս կողմից, զուտ իշխանական բնոյթի ինտրիգներ որոշ անձինք ընտրութիւններից յետոյ սկսեցին հիւսել նաեւ Ղարաբաղում: Հարցն այն էր, որ տեղի խորհրդային երիտնոմենկլատուրան (երիտասարդ պաշտօնէութիւնը, չինովնիկները-Խմբ.), որն իր կեանքը տեսնում ու պլանաւորում էր զուտ կուսակցական կարիերայի (ասպարէզ-Խմբ.) շրջանակներում, պարզորոշ գիտակցում էր, որ «սովետը սկում է» անվերադարձօրէն, եւ իրենց երազած կարիերան խիստ վտանգուած է:
Բայց նրանք շատ շուտ կողմնորոշուեցին եւ, գիտակցելով, որ Ղարաբաղեան Շարժմանը քաղաքական այլընտրանք չկայ, արագօրէն թռան այդ Շարժման «շալակը»՝ ակնկալելով արդէն քաղաքական այդ հոսանքի միջոցով ու նրա շրջանակներում յաջողացնել իրենց կարիերան: Եւ միանգամայն բնական է եւ հասկանալի, որ այդ անձինք պէտք է դժգոհ եւ նոյնիսկ նեղացած լինէին նորանկախ Արցախի պետական կառավարման մարմինների ընտրութիւնների արդիւնքներից… Ինչպէս ասում են, տեղի ունեցաւ «շահերի համընկում», եւ հէնց այդ խումբն էլ դարձաւ հայաստանեան իշխանութիւնների կողմից տարուող «հակամկրտչեանական», իսկ խորքային առումով, ըստ էութեան՝ հակաղարաբաղեան քաղաքականութեան իրականացման յենարանը «տեղում»: Պարադոքս է, չէ՞: Իր համար «Ղարաբաղ» կոմիտէ անուանումը ընտրած քաղաքական խմբաւորումը, որը հէնց Ղարաբաղեան Շարժման շնորհիւ եւ հէնց այդ ալիքի վրայ՝ հակակոմունիզմի դրօշը պարզած իշխանութեան եկաւ Հայաստանում, կտրականապէս մերժում է համագործակցութիւնը օրինական ընտրուած եւ այդ նոյն Շարժումը սկսող նրա իրական առաջնորդողներից մէկի հետ, եւ սկսում է յենուել, մեծ հաշուով, Շարժումը սկսելու հետ եւ ոչ մի առնչութիւն չունեցող երէկուայ կուսնոմենկլատուրայի ներկայացուցիչների վրայ: Աւելին, սկսում է ամէն գնով թուլացնել օրինական ընտրուած իշխանութեան դիրքերը, փոխարէնը՝ գործի դնելով ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցները, աստիճանաբար հզօրացնում եւ դէպի վեր է մղում իրեն հաւատարիմ համարուող այդ խումբը: Մասնաւորապէս՝ օրինական իշխանութեանը զուգահեռ ստեղծելով արհեստական եւ ոչ լեգիտիմ տարբեր կառոյցներ, յարաբերակցելով հէնց նրանց հետ, ցուցադրաբար անտեսելով օրինական իշխանութիւնը: Լեռնային Ղարաբաղին՝ որպէս սուբյեկտի (ենթակայ-Խմբ.), մահացու հարուած հասցուեց նախեւառաջ հէնց այդ գործընթացների միջոցով: Իսկ այն կրակոցն էլ, որի պատճառով զոհուեց Արթուր Մկրտչեանը, այդ գործընթացում, եղաւ փաստօրէն, ինչպէս ասում են, «ստուգիչ կրակոցը»: Դրանից յետոյ շատ կարճ ժամանակ անց՝ չհաշուած Գէորգի Պետրոսեանի եւ Կարէն Բաբուրեանի կառավարման կարճաժամկէտ անցումային հատուածները, Ղարաբաղը դարձաւ միանգամայն կառավարելի: Տեղացիների նեղացածութիւնն էլ անցաւ: Հայաստանեան իշխանութիւնների հոգածութեան շնորհիւ այն մարդիկ էլ ոչ միայն հասան իրենց երազած պաշտօններին Ղարաբաղում, այլ նոյնիսկ պաշտօնավարման հրաւիրուեցին Հայաստան:
Այդ քայլերը, ըստ էութեան, հանդիսացան մեզանում դեմոկրատիայի բացայայտ ոտնահարման ու անտեսման, իսկ աւելի կոպիտ, բայց ճիշտն ասած՝ ժողովրդավարութիւն կոչուածի բացայայտ բռնաբարման գործընթացների սկիզբը եւ առաջին դրսեւորումը: Հայաստանի քաղաքական վերնախաւը 1992ին Ղարաբաղի ժողովրդին, առանց որեւիցէ պայմանականութեան՝ բաց տեքստով ասաց հետեւեալը. «յարգելիներս, ազատ էք Դուք ընտրում, արդար էք ընտրում, Ձեր ուզած անձին էք ընտրում, դա մեզ չի յուզում: Ղարաբաղը ղեկավարելու է ոչ թէ Ձեր ընտրած մարդը, այլ մեր ուզած մարդը»: Եւ այդ «պոլիտտեխնոլոգիան» (քաղաքական արհեստագիտութիւնը-Խմբ.) աշխատեց, եւ աշխատեց բաւականին արդիւնաւէտ իր ներդրողների համար: Այդ յաջողութեամբ ոգեւորուած էլ «նա-ուռա» անցկացուեցին 1995ի Հայաստանեան խորհրդարանական ընտրութիւնները, իսկ 1996ի Սեպտեմբերին էլ արդէն առանց «քաշուելու» ի լուր աշխարհի յայտարարուեց, թէ ուզում է հարիւր տոկոս ձայներ հաւաքած լինեն, միեւնոյնն է, մենք դրանց (իմա՝ Վազգէն Մանուկեանին) իշխանութիւն չենք տայ: Մնացեալը յայտնի է բոլորիս: Քաղաքական գենետիկ այս կոդը յետագայում դրսեւորուեց արդէն Հոկտեմբերի 27ով, Ապրիլի 13ով, Մարտի 1ով…: Անկախութեան երկու տասնամեակների ընթացքում մեր հայրենի իշխանութիւնների ուղղակի ու անդադար ջանքերի շնորհիւ դեմոկրատական ինստիտուտները մեզանում այնպիսի աննախադէպ «զարգացում» ստացան, որ յուսահատութեան հասցրած հասարակութիւնն այսօր արդէն քաջ գիտակցում է, որ Հայաստանում ընտրութիւններ ասածի միջոցով հնարաւոր է միայն իշխանութեան փոխանցում, բայց ոչ երբեւիցէ՝ իրական
իշխանափոխութիւն…
Մարդկային միջավայրում չդադարող վէճերը՝ «անհատի դերը պատմութեան մէջ» հարցի շուրջ, նոյնքան հին են, որքան որ հին է ինքը՝ մարդկութիւնը: Ու թէեւ խնդրոյ առարկայ հարցի վերաբերեալ միասնական եւ վերջնական կարծիք գոյութիւն չունի (եւ երբեւիցէ չի էլ լինելու), մի բանում համակարծութիւն, յամենայնդէպս, կայ. պատմական այս կամ այն դերակատարումն ստանձնած անձի հէնց մարդկային ներուժն է՝ թէ՛ մտաւոր, թէ՛ բարոյական, որը, ինչպէս այսօր կ՛ասէին, էքստրեմալ (ծայրահեղ-Խմբ.) իրավիճակներում յատկապէս, դառնում, ի վերջոյ, վճռորոշ գործօն: Եւ ամենեւին պատահական չէ, գուցէ եւ խիստ օրինաչափ է, որ Արամ Մանուկեանի նման, հէնց Արթուր Մկրտչեանին ճակատագրով վիճակուեց արցախահայութեան, նաեւ ամբողջ հայութեան համար բախտորոշ այն պահին կանգնել նորաստեղծ արցախեան պետութեան կառավարման ղեկի մօտ եւ առաջնորդել իր ժողովրդի զինուած պայքարը…
…Այն օրերին իւրաքանչիւրիս համար հասկանալի էր, որ առանց զինուած պայքարի որեւիցէ դրական տեղաշարժ, առաւել եւս արդիւնք, Արցախեան հարցում ակնկալելն անիմաստ է եւ ամենակարեւորը՝ զինուած պայքարը միայն այն դէպքում կը պսակուի յաջողութեամբ, եթէ հէնց ա՛յդ հողի վրայ, հէնց ա՛յդ մարդիկ ոտքի ելնեն եւ զէնք վերցնեն: 1991-92 ձմռան օրերը հէնց ա՛յդ օրերն էին: Եւ անձ էր պէտք, որ կարողանար կազմակերպել եւ առաջնորդել այդ ամէնը: Եւ ճակատագրի բերումով ու ժամանակի թելադրանքով այդ անձը եղաւ դեռ 33ը չբոլորած Արթուր Մկրտչեանը: Մէկը նրանցից, որ ժամանակին կարեւոր հիմնաքարերից մէկն էր դրել Արցախեան մեր պայքարի: Ճակատագիրը, որը Արթուր Մկրտչեանի դիմաց այդ օրերին յառնեց հայ քաղաքական իրականութեան տեսքով, պետութեան ղեկավար ընտրուելուց յետոյ ապրելու եւ ղեկավարելու համար նրան բաց թողեց ընդամէնը 97 օր: Աւելին այդ իրականութիւնը չհանդուրժեց: Քանզի Արթուր Մկրտչեան քաղաքական գործչի անձն ու կերպարը չէր տեղաւորւում այն նորմերի եւ սկզբունքների շրջանակների մէջ, որոնք մշակուած ու ընդունուած են մեր քաղաքական դաշտում որպէս նորմ:
Չնայած այն թանձր շղարշի առկայութեանը, որով պատուած են նրա զոհուելու հանգամանքները, այդ կեանքի մասին միարժէք կարելի է ասել, որ Արթուր Մկրտչեանը Ղարաբաղի ազատագրման պայքարի Գողգոթա բերեց իր կեանքի առաջին երեսուն եւ երեք տարիները: Այն պայքարի, որը պսակուեց մեզ համար շօշափելի ռազմական յաղթանակներով: Որոնք այսօր իրապէս վտանգուած են…
(Յապաւուած)