ԱՐԾՐՈՒՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
Բազմաթիւ Նամակներ կան սեղանիս վրայ: Դրանք արձակ ու չափածոյ սրտաբուխ խօսքեր են՝ ուղուած Ելիզավետա Կարապետեանին: Ուղարկուած են՝ Երեւանի մանկավարժ վետերանների ակումբի կոլեկտիւից (համախմբում-Խմբ.) Վարդենիսից, Վառնայից, Փարիզից, Լոս Անջելըսում պատերազմի ու աշխատանքի վետերաններից, Գլենոքս առողջապահական կենտրոնի ղեկավարներից եւ մտերիմներից: Բոլորն էլ անուշ խօսքերով շնորհաւորել են տարեդարձը, որ լրացաւ վերջերս՝ Դեկտեմբեր 20ին: Բոլորն էլ ցանկանում են երկար տարիների առողջ կեանք ու անբասիր աշխատանք՝ Բ. Համաշխարհային պատերազմի ու Արցախեան գոյամարտի վետերանների միութեան փոխնախագահի երկար տարիների հասարակական աշխատանքում:
Ծնուել է 1923ի Դեկտեմբերին, Երեւանում, մտաւորականի ընտանիքում: Մայրը կարսեցի Յակոբի դուստրն է եղել: Վարել է հին Էրիվանի մանկապարտէզի աշխատանքները: Հայրը՝ Էրզրումի Կարապետ արքեպիսկոպոսի թոռը՝ Մկրտիչ Կարապետեանն է, 1894 թուականից Պետրոգրադի ճարտարապետական ինստիտուտն աւարտած՝ ղեկավարել է Գիւմրիի ու Երեւանի բնակարանների ու երկաթուղագծերի անցկացման աշխատանքները:
Նա ընդամէնը 18 տարեկան ուսանողուհի էր Երեւանի Խ. Աբովեանի անուան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում, երբ բռնկուեց երկրորդ Համաշխարհային պատերազմը: Կարսից 9 ուսանողներ կամաւոր մեկնեցին ճակատամարտ: Ելիզավետան սովորեց Լենինականի ռազմաբժշկական ուսումնարանում, դարձաւ աւագ սպայ, վաշտի հրամանատար՝ 89րդ հայկական հրաձգային դիվիզիայում: Առաջին ռազմական մկրտութիւնն ստացաւ Գրոզնիում, Թերեք գետի ափին, որտեղ դաժան մարտեր էին մղում հայկական 89, 408, 76րդ դիվիզիաները ֆաշիստական Գերմանիայի «հարաւ» խմբաւորման զօրքերի դէմ, որոնք ցանկանում էին գրաւել Գրոզնին, Բաքուն, զավթել նաւթի հարուստ պաշարներն ու Կովկասը, ինչը հնարաւորութիւն կը տար թուրքերին ներխուժել Հայաստան:
Ելիզավետա Կարապետեանը 89րդ դիվիզիայի մարտիկների հետ պաշտպանեց Տուափսէն, Կրասնոդարը, Կուբանը, Դոնի Ռոստովը, մտաւ Կերճութաման եւ ազատագրեց Ղրիմը… վիրաւորուեց մի քանի անգամ, բայց չլքեց իր մարտական ընկերներին: Հերոսական սխրանքների համար արժանացաւ «Հայրենական պատերազմ»ի առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանների, «Արիութեան», «Կովկասի պաշտպանութեան», «Դնեպրի գետանցման», «Խիզախութեան» համար՝ մեդալների ու գլխաւոր հրամանատարութեան կողմից՝ բազմաթիւ շնորհակալական պարգեւների: Փրկեց, կրակի գծից հանեց, հարիւրաւոր վիրաւորների: Թամանեան եռակի շքանշանակիր 89 դիվիզիան այն եզակի զօրամասն էր, որ իրաւունք ստացաւ «արշաւել Բեռլին»: Եւ հայոց լեգենդար զօրամիաւորումը, Ղրիմից բարձրացաւ Բելոռուսիա, մտաւ Մարշալ Ժոսկովի գլխաւորած առաջին բելոռուսական ռազմաճակատի մէջ, անցաւ Դնեպրը, ազատագրեց Ուկրանիան ու Բելոռուսիան:
Ելիզավետա Կարապետեանը սանիտարների իր վաշտով, գնդացրային մահաբեր կրակների միջից դուրս էր բերում վիրաւորներին, կապում նրանց արնոտ վէրքերն ու ուղարկում հոսպիտալ: Դրանից մէկի նամակն ահա՛ դրուած է սեղանիս, դա պատերազմի վետերան, հետագայում բազմավաստակ մանկավարժ, Հայաստանի հանրապետութեան վետերանների կոմիտէի սեկտորի վարիչ Սուրէն Մարգարեանն է: Նա գրել է. «Չլինէր Ելիզավետա Կարպետեանը, չէի լինի ես: Ինձ երջանիկ կեանք է պարգեւել նա: Սեւ ծովեան քաղաքներն ազատագրելիս, զոհվել էին մեր դիվիզիայի հրամանատարներ. գնդապետ Սիմոն Զաքթանն ու Արտաշէս Վասիլեանը… Մեր նոր հրամանատար գեներալ Սաֆարեանն ինձ նշանակեց 89րդ Թամանեան դիվիզիայի դրօշակակիր, մենք արեան գնով պաշտպանում ու ազատագրում էինք ամէն մի բնակավայր, գործարան ու դպրոց, երկաթուղային կայարան, քաղաք ու գիւղ: Ահեղ մարտերից մէկում ծանր վիրաւորուեցի: Թշնամու գնդակը պատռել էր ոտքիս երակը, թիկունքս եւ մէջքս արեան մէջ էին… դէպի ինձ վազեց մի բոյժ քոյր, արագօրէն կապեց վէրքերս, հասցրեց դաշտային հոսպիտալ: Հայուհի էր, խօսեց հայերէն, անունը Լիզա էր: Երկրորդ անգամ հանդիպեցի Ստարի Չիբնովկա քաղաքի զօրանոցում: Լէյտենանտ էր նա՝ աւագ բուժքոյր: Մենք ազատագրել էինք Ղրիմը: Եւ Մարշալ Ժուկովի գլխաւորութեամբ, մեր դիվիզիան արշաւում էր դէպի Բեռլին: Ես չկարողացայ Ելիզավետա Կարապետեանին հանդիպել…»:
Հերոսական գրոհներն առջեւում էին: Ելիզավետա Կարապետեանն ակտիւ մասնակցութիւն է ունենում Ուկրանիայի, Բելոռուսիայի, Կարպատների, Լեհաստանի, Արեւելեան Պրուսիայի ազատագրումներին, փրկում տասնեակ վիրաւոր զինուորների կեանք, անցնում Օդեր…:
Թշնամու թիկունքում Ֆրանկֆուրտն էր ու Բեռլինը: Օդերի վրայ էր կուտակել ռազմական վիթխարի ուժերի տեխնիկա, կառուցել բետոնէ կրակակէտեր, թիրախի տակ էր առնում Օդեր գետն անցնող մեր զօրքերի առաջախաղացողներին: Ճակատագրական այդ ահեղ մարտերի ժամանակ, ծանր վիրաւորւում է Ելիզավետա Կարապետեանը, տեղափոխւում Բեռլին տանող ճանապարհի դաշտային հիւանդանոց, ապա՝ Ֆրանկֆուրտի հոսպիտալ:
1945 թուականին, Ապրիլ 22ին, Թամանեան դիվիզիայի առաջատար գումարտակները գրոհում են Բեռլինի վրայ: Ելիզավետա Կարապետեանը վիրաւոր մի խումբ մարտիկների հետ տեղափոխւում է Կիեւ: Ոտքից ու թիկունքից վիրաւոր, բայց պայծառ աչքերով ու յաղթանակի հպարտութեամբ նա հեռուից տեսնում է ծխի մէջ պարուրուած Բեռլինի Ռայխստագն ու Բրանդենբուրգեան դարպասները, հաւատում, որ յաղթանակով տուն կը գան իր ընկերները:
Կիեւից Ելիզավետային տեղափոխում են Ստավրապոլի հոսպիտալ: Բուժւում, տուն է վերադառնում, երբ արդէն խորտակուել էին Բեռլինի դարպասները, երբ ամէն ուր յաղթանակի ցնծութիւն էր տօնւում, երբ յաղթանակով տուն էին վերադառնում Թամանեան 89ի փառապանծ զինուորներն ու սպաները:
Ելիզավետա Կարապետեանը շարունակեց ուսումը, դարձաւ ստալինեան կարգի թոշակառու: Աւարտեց գերազանց: Գիտ-խորհուրդը որոշեց պահել ասպիրանտայում եւ աշխատանքի նշանակել պետական արխիւում, որպէս բաժնի վարիչ: Բայց կրթութեան նախարարութիւնը կադրերի պահանջ շատ ունէր: Ելիզավետա Կարապետեանը պիտի գործուղուէր Վարդենիս՝ Մանկատան դիրեկտոր: Եւ նա գնաց: Ղեկավարեց 460 երեխաներով լի մանկատունը, վերակառուցեց, նորովի հիմքերի վրայ դրեց աշխատանքները՝ մանկատան կոլեկտիւում: Ձեռք բերեց հողամաս, աճեցրեցին բանջարեղէն, բացեց կարի-ձեւի, գորգագործերի արհեստանոցներ, մտցրեց «մեղուաբուծութիւն եւ անասնապահութիւն» առարկաները: Բարձր հիմքերի վրայ դրուեցին մասնագիտական կողմնորոշման աշխատանքները: Նրա շրջանաւարտներն ընդունւում էին տարբեր ԲՈւՀերում, ստանում բարձրագոյն ու միջնակարգ տարբեր մասնագիտութիւններ: Աշխատեց Վարդենիսի շրջանային Գործկոմի նախագահ, դպրոցի տնօրէն, ամուսնացաւ պատերազմի վետերան, գիւղատնտես Սուրէն Նալբանդեանի հետ: Ստեղծեց ամուր, հրաշալի ընտանիք, դարձաւ լաւ մայր: Նրա երեխաները՝ Գայիանէն, Աշոտը եւ Ռուզանը, բարձրագոյն կրթութեամբ իրենց ընտանիքներն ստեղծեցին:
Մի օր էլ, Ելիզավետա Կարապետեանի ընտանիքը տեղափոխուեց Երեւան՝ ծերացած ծնողներին խնամելու:
Աշխատեց Սովետաշէնի մանկատան տնօրէն, կատարեց մի շարք գիտա-մանկավարժական բարեփոխումներ: Այնուհետեւ, 20 տարի ղեկավարեց Երեւանի մանկավարժ վետերանների ակումբը, որտեղ 600 բազմավաստակ մանկավարժներ կային:
Տասնամեակների բարձունքից Ելիզավետա Կարապետեանն այսօր յիշում է, թէ ինչ հերոսական գործեր են արուել երկրաշարժի գօտում՝ Գիւմրիում ու Սպիտակում, Արցախի պատերազմական տարիներին: Ինչպիսի ջանքեր են թափուել՝ լոյսի, հացի եւ վառելիքի ահաւոր պակասի ժամանակ: Փախստականներին տեղաւորելու, կռուող զինուորներին հագուստ, սննդամթերք, զինամթերք հասցնելու եւ աղքատ ընտանիքներին ապրուստ հայթայթելու ուղղութեամբ: Ելիզավետան դարձել էր գթութեան քուրմ, «մայր Թերեզա», լեգենդ: Բոլորը շարժւում էին նրա խորհուրդով, պահանջով, հոգատարութեամբ: Դա էր, որ 2000 թուականին, երբ հիւր եկաւ դստեր՝ Գայիանէի մօտ, Ամերիկա, որոշեց մնալ այս հնարաւորութիւնների ծով երկրում: Ու Մնաց: Իր Ուժերը լարեց օգնելու մանկավարժների իր կոլեկտիւին, տասնեակ ծնողազուրկ երեխաների, հաշմանդամ ծնողների ու վետերանների: 8 տարի է, ինչ ղեկավարում է երկրորդ Համաշխարհային ու Արցախեան պատերազմների միութեան փոխնախագահի պատուաւոր գործը… Այսօր նեղ վիճակի մէջ են բոլորը, բայց Ելիզավետա մայրիկն իր միջոցներից օգնութեան է հասնում մարդկանց երեխաներին: Չի էլ ասում, որ ինքն էլ է նեղ, չէ որ 87 տարեկան է…
…Ծնունդդ շնորհաւոր, Ելիզավետա՛ մայրիկ: Փառք քեզ, որ դեռ ուժ ու կորով ունես ուրիշներին օգտակար լինելու համար: