ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ինչպէս յայտնի է, այս տարուայ Յունուարին Ռուսաստանի Դաշնութիւնում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան է նշանակուել Մինսկում հայկական դիւանագիտական առաքելութեան նախկին ղեկավար Օլեգ Եսայեանը։ Յայտնի է նաեւ, որ նա այդ պաշտօնում փոխարինել է Արմէն Սմբատեանին, ով 2009 թուականի վերջին ընտրուել է ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցութեան միջպետական հիմնադրամի գործադիր տնօրէն։ Թւում է՝ դեսպան նշանակելը սովորական երեւոյթ է, որը վերաբերում է այս կամ այն պետութեան ներքին գործերին, բայց պարզւում է՝ ոչ տուեալ կոնկրետ դէպքում։
Չափազանց տարօրինակ կը լինէր, եթէ հայ դիւանագէտների նման ռոտացիային «փոփոխութեան-Խմբ.) չարձագանգէր Ադրբեջանը։ Առաւել եւս՝ մեր տարածաշրջանի համար կարեւոր այնպիսի պետութիւնում, ինչպիսին Ռուսաստանն է, որն ի լրումն դրան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է հանդիսանում։ Արձագանգն էլ, ի հարկէ, բացասական է։ Ադրբեջանում, ինչպէս յայտնի է, յիշողութիւնն ընտրողական է։ Այստեղ կարող են իսպառ «մոռանալ» նոյնիսկ համեմատաբար ոչ հեռու անցեալի իրենց արիւնալի ոճրագործութիւնները, ինչպէս որ «սումգայիթեան», «Բաքուի» եւ ադրբեջանական միւս ցեղասպանական գործողութիւնների դէպքում։ Բայց ահա, սակայն, լաւ են յիշում, որ իւր ժամանակ Օլեգ Եսայեանը գլխաւորել է ԼՂՀ խորհրդարանը, ինչն, ադրբեջանցիների ըմբռնմամբ, ինքնին արդէն քրէական է։
Բայց արդեօ՞ք միայն Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի անձն է Ադրբեջանի դժգոհութիւնը յարուցել։ Պարզուել է՝ ոչ։ Ոչ պակաս տագնապներ են առաջ բերել նոյնիսկ ոչ թէ զուտ ղարաբաղեան կարգաւորման, այլ տխրահռչակ ժողովրդական դիւանագիտութեանը նմանող, այսպէս ասած՝ յարակից գործընթացների հեռանկարները։ Ընթերցողները հաւանաբար յիշում են, որ անցեալ տարուայ Յուլիսի սկզբին Լեռնային Ղարաբաղում են գտնուել Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմէն Սմբատեանն ու Փոլադ Բիւլ-բիւլօղլին, երկու երկրների խորհրդարանների եւ հասարակայնութեան ներկայացուցիչներ։ Այդ առաքելութիւնը չափազանց բարձրագոչ կերպով, չարդարացուած պաթոսով անուանուել է խաղաղարար։ Մեր հեգնանքն ինչ-որ մէկին կարող է աւելորդ թուալ, բայց տուեալ դէպքում այն աւելի քան տեղին է։ Բայց այդ մասին՝ մի փոքր յետոյ, իսկ հիմա՝ Օլեգ Եսայեանի նոր նշանակման առնչութեամբ Ադրբեջանի անհանգստութիւնների մասին։
Բաքւում գտնում են, որ այն բանից յետոյ, երբ Մոսկուայում Հայաստանի դիւանագիտական առաքելութեան գլուխ են կարգել Օլեգ Եսայեանին, դրանով իսկ դեսպանների խաղաղարարական նախաձեռնութիւնը գործնականում ոչնչացուել է։ Եւ, ըստ որում, կարօտաբաղձութեամբ ու տխրութեամբ են վերյիշում Արմէն Սմբատեանին։ Պարզւում է, ադրբեջանցիների կարծիքով, եթէ այս երկրորդի հետ կարելի է երկխօսութիւն վարել, ապա առաջինի հետ դա անհնար է սկզբունքօրէն։ Աւելին, Բաքւում գտնում են, որ Սմբատեանին դեսպանի պաշտօնից զրկումով Հայաստանում սկսուել է «վհուկների որսը», այսինքն՝ «խաղաղութեան կուսակցութեան» ներկայացուցիչների, այն մարդկանց, ովքեր մասնակցել են Ադրբեջանի հետ համատեղ խաղաղասիրական նախաձեռնութիւններին։ Իբր՝ Սմբատեանին չեն կարողանում ներել Բիւլբիւլօղլիի հետ զոյգ կազմած՝ խաղաղարարական առաքելութեանը մասնակցելը։ Զառացանք է, ի հարկէ, եթէ աւելին չասենք։ Նախկին դեսպանի հանդէպ ամբողջ յարգանքով հանդերձ, ով անկեղծօրէն ցանկացել է երկխօսութիւն հաստատել հակամարտող կողմերի հասարակութիւնների միջեւ, այնուամենայնիւ, յիշեցնենք յայտնի ճշմարտութիւնը՝ բարութեամբ չեն խաբում։ Ամէնից առաջ՝ ինքզինքն։ Եթէ նրա ադրբեջանցի պաշտօնակիցը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան ցինիկ է պահել իրեն եւ պարբերաբար էլ ցեղակիցներին կոչ արել զէնք վերցնել եւ «ազատագրել» Ղարաբաղը, ապա Արմէն Սմբատեանին հազիւ թէ արժէր նմանուել «սքանչելի մարկիզուհու» մասին յայտնի երգի հերոսին եւ շարունակել յիշատակուած առաքելութիւնը։
Ակնյայտ է, որ Օլեգ Եսայեանի հետ ադրբեջանական կողմի այդպիսի վարքագիծը պարզապէս անհնար է, ինչը շատ լաւ է հասկանում Բաքուն։ Այստեղից էլ՝ Ռուսաստանում նոր հայ դեսպանին նրա չընդունելը, քանի որ Ադրբեջանին ձեռք է տալիս այնպիսի «խաղաղարարական» գործընկեր ունենալը, որը պատրաստ է նրա թելադրանքով գնալ։ Այդ պատճառով էլ այդ առաքելութիւնն ինքը ի սկզբանէ ձախողման է եղել դատապարտուած, քանզի իր մէջ չէր բովանդակում գլխաւորը՝ ադրբեջանական կողմի յարգանքը իր ընդդիմախօսի նկատմամբ։ Խաղաղութիւնը, բարեացակամ եւ վստահելի յարաբերութիւնները չեն կառուցում՝ քարը ծոցում։ Եւ եթէ Ադրբեջանում իրօք գտնում են, որ խաղաղարարական նախաձեռնութիւնը «հոգին աւանդել է», ապա դրանում առաջին հերթին պէտք է իրեն եւ միայն իրեն մեղադրի, այլ ոչ թէ մտացածին պատճառներ որոնի Օլեգ Եսայեանի նշանակման մէջ։ Այդպիսի դիրքորոշումը ծայրաստիճան խախուտ է։
Եթէ Բիւլբիւլօղլին անկեղծօրէն շահագրգռուած է խաղաղ նախաձեռնութիւնները շարունակելու մէջ, ապա ի՞նչն է նրան խանգարում դէն նետել ամբարտաւանութիւնը եւ առաքելութիւնը շարունակել այնպէս, ինչպէս վայել է դիւանագիտական առաքելութեան քաղաքակիրթ ղեկավարին։ Թող որ իր շահերով, բայց անպայման՝ մաքուր մտադրութիւններով։ Եթէ Բաքուն ցանկանում է փոխադարձաբար վստահելի եւ իրաւահաւասար երկխօսութեան հաստատում Լեռնային Ղարաբաղի հետ, ապա նրա ինչի՞ն է պէտք խաղաղ նախաձեռնութիւնները կապել այս կամ այն անձի հետ՝ դիւանագէտ լինի, թէ ուրիշ մէկը։ Նման հասարակ ճշմարտութիւնները յայտնի պէտք է լինեն Ադրբեջանի քաղաքական գործիչներին, եւ այդ մասին էլ բազմիցս է խօսուել։ Լսել կամեցողը կը լսի էլ։ Թէեւ, ասենք, պատարագը խուլերի համար երկու անգամ չեն մատուցում։