ԱՐԾՐՈՒՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ Պատմաբան, գիտութիւնների թեկնածու
Իր Կեանքի 85 տարին բոլորեց Երկրորդ Համաշխարհային Պատերազմի վետերան, գուարդիայի (պահակազօրի-Խմբ.) գնդապետ Մաքսիմ Յակոբեանը։
Մեր առաջին ծանօթութիւնը Սուրբ Աստուածածին եկեղեցու սրահում էր՝ տօնական մի հաւաքի ժամանակ. հոգեհարազատ զրոյց ունեցանք, որն էլ օգտակար եղաւ յետագայ հանդիպումների համար։
Դժուարին կեանք է ունեցել Մաքսիմը։ Ծնողները ներգաղթել են Պատմական Բայազետի Արծափ գաւառից։ 1829 թուի Ադրիանապոլի պայմանագրով Բայազետը երկրորդ անգամ անցնում է թուրքերին եւ 4300 ընտանիքների թոյլատրւում է վերաբնակուելու Ռուսաստանի հովանաւորութեան տակ գտնուող Արեւելեան Հայաստան։
Բարսեղ եւ Մկրտիչ հայ զօրավար Արծրունի եղբայրների օգնութեամբ, ներգաղթածները գալիս են Էջմիածին, այնտեղից՝ Աշտարակի, Բասար Գեչարի գաւառի, Ախտայի շրջաններն են բաժանւում, վերաբնակւում Ախտա-Հրազդան շրջկենտրոնին մօտիկ՝ Թայչարուխ-Մեղրաձոր գիւղում են ապրում Մաքսիմի Մեջլում-Յակոբ գերդաստանի բայազետցիները, ստեղծում են ընտանիքներ ու բարգաւաճում։
Յակոբի ժառանգներից Խաչատուր եւ Ասատուր երկուորեակ եղբայրները մեծանում են գիւղում, հասակ առնում։ Բայց ապրուստի հացն այդ աղքատ, անջրդի գիւղում, շատ դժուար էր ձեռք բերւում։ Երկուորեակ եղբայրները մեկնում են Ալավերդի եւ աշխատանքի անցնում Շամլուխի պղնձահանքերում։ Ամուսնանում են, ունենում իրենց հրաշալի ընտանիքները, կապ հաստատում Թայչարուխում ապրող հարազատների հետ։ Ասատուրի ընտանիքում է մեծանում Մաքսիմի հայր Ալեքսանը։ Սովորում է հանքափորի արհեստը, օգնում ծնողներին։ Մի օր էլ Ալավերդու բանուորները թագն ու պսակն են կատարում հանքափոր Ալեքսանի։ Ամուսնանում է հանքափորների մանկապարտէզում աշխատող 17ամեայ Քնարի հետ։ 1924 թուականի Նոյեմբերի 5ին Քնարը լոյս աշխարհ է բերում երկու արու զաւակների. Մաքսիմին ու Վոլոդիային։ Տօն է ու խնդութիւն Ալավերդու պղնձագործների բանուորական աւանում։ Աւանդոյթ էր, ամէն մի երջանկացող բնտանիքի համար տօն էր, բոլորի ուրախութիւնը՝ նշում էին հանդիսաւոր երգ ու ցնծութիւնով։ Բայց այդ ուրախութիւնը, այդ երջանկութիւնը շատ կարճ է տեւում։ Ստորգետնեայ հանքերի հորատացման ժամանակ, 1927թ. աշնանը պղնձահանքերում փլուզում է պատահում, պղնձաապարների մի վիթխարի զանգուած փլւում է եւ Ալեքսանն իր երեք ընկերներով չեն կարողանում փրկուել։ Նոր էր ծնուել դուստր Ժենիկը, որը դեռ չէր գիտակցում հայրական քաղցրութիւնը։ Ծանր կորուստն ու վիշտը Ասատուր պապը չի կարողանում տանել. թողնում է Ալավերդին ու վերադառնում Թայչարուխ։ 21ամեայ Քնարն աշխատելով մանկապարտէզում, պահում է երեք որբերին։ Խնամքի հոգատար ձեռք է մեկնում պապի եղբայր Խաչատուրը։ Եղբայրները մեծանում են Հաղպատում, Սանահինում, Ալավերդիում ստանում գերազանցիկ միջնակարգ կրթութիւն։ Նրանք պատրաստւում էին ուսումը բարձրագոյնում շարունակելու, բայց չհասցրեցին։ 1942ի Յունիսին, 18ամեայ եղբայրները զօրակոչուեցին պատերազմ։ Մաքսիմ Յակոբեանն ընդգրկուեց Մարշալ Գրեչկոյի գլխաւորած Հիւսիս Կովկասեան 53րդ բանակի 61րդ գուարդիական (պահակազօրային-Խմբ.) զօրամիաւորման հրետանային գնդում, որպէս գնդացրորդ։ Ակտիւ (ներգործող-Խմբ.) պաշտպանութիւն է ունենում Գրոզնու, Կրասնոդարի, Տիխորեցկոյի, Կուբանի պաշտպանական մարտերին։ Սովորում է Տուափսէում տեղակայուած 187րդ հրետանային գնդի սերժանտական (ենթասպայական-Խմբ.) դպրոցում. ստանում ականանետային մարտկոցի հաշուառման ռազմական մասնագիտութիւն, նշանակւում 61րդ գուարդիական պահակազօրքի 19րդ ականանետային գումարտակի մարտկոցի հրամանատար։
Սերժանտ (աւագ ենթասպայ-Խմբ.) Մաքսիմ Յակոբեանը 1942ի Յունիսից ռազմական ակտիւ գործողութիւններ է վարում Կրասնոդարի Երկրամասի, մերձ Սեւ Ծովեան քաղաքների պաշտպանութեան ու ազատագրման մարտերում։ 1942ի Նոյեմբերին Գերմանիայի միլիոնանոց ռազմական ուժերը ջլատւում ու ջախջախւում են Վոլգայի ափին՝ Ստալինգրադում։ 1943ի Փետրուարի 3ին, 90 հազար զինուոր ու սպայ գերի է յանձնւում։ Ֆաշիստները թողնելով իրենց ռազմական ուժերը, նահանջում են արեւմուտք։ 61րդ պահակազօրային ռազմական ուժերի կազմում Սերժանտ Յակոբեանի ականանետային մարտկոցը դիպուկ կրակոցներով հողմացրիւ է անում թշնամու խմբերն ու տեխնիքան, ազատագրելով Կուբանը, Բերեզինսկայան, Պաւլովսկու գիւղերն ու Նովոչերկասկի, Ազովի եւ Ռոստով քաղաքները։ 1943ի Յունուարի 16ին, Մաքսիմ Յկոբեանն արժանանում է Հայրենական Պատերազմի երկրորդ կարգի շքանշանի, իր անօրինակ սխրանքների համար պարգեւատրւում է Խիզախութեան Մեդալով։ Գլխաւոր հրամանատարի շնորհակալագիրը էլ աւելի է ոգեւորում երիտասարդ աւագ ենթասպային։ 1943 թուականի Փետրուարի սկզբներին Ստալինգրադի երեք ամիս տեւող ճակատամարտն աւարտւում է ռուսական բանակների յաղթանակով. դա ոգեւորում է Մաքսիմ Յակոբեանի մարտկոցի երիտասարդներին գրոհել Բելգորոդի, Կուրսկի Օռյոլ քաղաքների վրայ, ազատագրելու մերձակայ բնակավայրերր։ Սակայն այդ գրոհներից մէկում, Կուրսկի մօտ, Փետրուարի 21ին Մաքսիմը ծանր վիրաւորւում է թեւից եւ տեղափոխւում դաշտային բուժկէտ, յետոյ տանում են Ստաւրոպոլի հիւանդանոց։ Թեւի, արմունկի ոսկրային կոտրուածքները երկար բուժում են պահանջում։
1943ի աշնանը Մաքսիմին բերում են Հայաստան, Ալավերդու ոսկրաբուժական հիւանդանոց։ Ճիշդ այն պալատը, որտեղ իրենց դասարանն էր եղել 10րդում սովորելիս։ Գալիս է 1945ի մեծ յաղթանակի բերկրանքով լի օրը. Մաքսիմն առողջանում է. Երեւան է գալիս՝ հարազատների մօտ։ Սովորում է ներքին գործերի ծառայութեան երկամեայ ուսումնարանում. աւագ ենթասպայի ուսադիրները, կրծքում շողացող շքանշաններն ու մեդալները նրան պարտաւորեցնում են լինել առաջաւոր ու բարեխիղճ աշխատող։ 1946-1950 թուականներին սովորում ու գերազանց դիպլոմով աւարտում է Երեւանի Պետական Համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը։ Լէյտենանտ (փոխ-գնդապետ-Խմբ.) Մաքսիմ Յակոբեանը շուրջ 30 տարի պատասխանատու աշխատանքներ է կատարում Երեւանի, Շահումեանի շրջանների ներքին գործերի ոստիկանութեան վարչութիւններում, հասնելով միչեւ գնդապետի աստիճանի։ Նրա հետախուզական քրիմանալ (ոճրային-Խմբ.) քրէակատարողական օպերացիաները (գործողութիւնները-Խմբ.) գողութեան, սպանութիւնների, բռնաբարութեան, խուլիգանութեան (ստահակութեան-Խմբ.)՝ յանցաւոր աշխարհի դէմ պայքարը, պսակւում է խղճի, պատուի բարձր հեղինակութեան դրսեւորումներով։ Գնդապետ Մաքսիմ Յակոբեանն արժանանում է բազմաթիւ շքանշանների, մեդալների, երկրի ղեկավարութեան, նախարարութիւնների կողմից խորին յարգանքի ու պատուոգրերի։
1976 թուականի Յունուարից Մաքսիմ Յակոբեանը, ոստիկանութեան գործում երկարամեայ ծառայութիւնից յետոյ անցնում է թոշակի, բայց նոյն ամսում էլ նշանակւում է Հայաստանի Մշակոյթի Նախարարութեան Թատերական Հանրապետական Տան տնօրէն, որտեղ շուրջ 17 տարի զգալի ծառայութիւններ է կատարում հայ թատերական արուեստի ստեղծագործական ոգին բարձրացնելու ու բարձունքում պահելու համար։
Երկրաշարժի ծանր օրերին, Լենինականի Յովհաննէս Աբելեանի անուան Պետական Դրամատիկ Թատրոնի կոլեկտիւից (անձնակազմ-Խմբ.) 80 հոգու Մաքսիմ Յակոբեանն ընդունեց կարեկցանքով, ապահովեց այնպիսի հնարաւորութիւններով, որ նրանցից 37 ընտանիք մէկ տարի մնում են Յակոբեանի վարած թատերական ընկերութեան շէնքերում։ Նրանք հանրապետութեան զանազան մարզերում հիւրախաղերով հանդէս են եկել։ Այդպիսի վերաբերմունք ունեցաւ նաեւ Ղարաբաղից բռնագաղթուած անտուն-անտեղ փախստականներին։ Այդպիսի հեղինակային աշխատանքներ կատարեց նաեւ հանրապետութեան «Գիտելիք» ընկերութեան համակարգում, որպէս ստեղծագործական տան տնօրէնը։ Այդտեղ նա դրսեւորեց իր կազմակերպչական բարձր ընդունակութիւնները, տաղանդն ու երկար տարիների իմաստնացած կեանքի արժանապատւութիւնը։
2003 թուականի Մայիսի 4ին իր մինուճար դստեր Տաթեւիկի ու նրա ամուսնու՝ Անդրանիկի հրաւէրով, Մաքսիմ Յակոբեանն իր տիկնոջ՝ Լենայի հետ այցելութեան է գալիս Ամերիկա։ Թոռների սէրն ու գգուանքը, դստեր ու փեսայի գորովալի յարգանքն ու սէրը տրամադրում են տարիքն առած ծնողներին՝ պապիկին ու քաղցր տատիկին՝ մնալու։ Նոյն թուականի Յունիսին, Մաքսիմ Յակոբեանը հանդիպում է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի հայ Վետերանների նախագահ Գրիշա Դարբինեանին եւ անդամագրւում Գլենդելի վետերանների կազմակերպութեան։ Որոշ ժամանակ անց, նշանակւում է վետերանների խմբի ղեկավար, կոմիտէի անդամ։ Բարձր է գնահատում վետերանների գործունէութիւնը, հայրենիք-Սփիւռք ջերմ կապերը հայապահպանութեան մէջ։ Ակտիւ երաշխիք է համարում օգնել չունեւորներին, աւելի քան 260 ծանրոցների առաքմանն է մասնակցում՝ Հայաստան, Ղարաբաղ, աղէտի գօտի, ծնողազուրկ երեխաներին ու պատերազմի հաշմանդամներին։ Նա իր թոշակից մշտապէս բաժին է հանել որբ ու ծնողազուրկ երեխաների, հաշմանդամ, անօգնական վետերանների եւ այլ կազմակերպութիւններին։ Զգալի գումար է յատկացրել «Մարշալ Բաղրամեան», «Հայոց Ցեղասպանուեան» ֆոնդերին (հիմնադրամ-Խմբ.), Թուրքիայում Ամերիկայի դեսպան հայապաշտպան, Հայոց Ցեղասպանութեան հարցում թուրքական կառավարութեանը մեղադրող Հենրի Մորգենթաուի յուշարձանի կառուցմանը՝ Եղեռնի յուշարձանի համալիրում եւ այլ բարեգործութիւններ է կատարել Հայաստանի Հանրապետութեան վետերանների միութեան միջոցաւ։
Այսօր նրա հրաշալի զբաղմունքն է նաեւ շնորհաշատ թոռանը կիրթ, հայեցի դաստիարակելու, նրա մէջ խորին յարգանք ու սէր արթնացնելու դէպի հայ ժողովուրդն ու հայոց պատմութիւնը։ Ուշագրաւ է, որ թոռը՝ 13ամեայ Գէորգը յաճախում է ջիւդոյի պարապմունքներին, արդէն շահել է երկու յաղթական գաւաթներ, արծաթէ մեդալներ ու պատուոգրեր. առաջաւոր է ՀՄԸՄի հայ պատանիների սկաուտական շարժման մէջ։
Շնորհաւոր 85 ամեակդ յարգարժան գնդապետ. թող քո դժուար բայց փառահեղ կեանքը շարունակուի երկար ու երկար տարիներ։