ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարաւոր դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ քննարկումների շրջանակում մամուլում մի քանի անգամ հնչել է այն միտքը, թէ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը ենթադրում է սահմանների ճանաչում կամ մինչեւիսկ ամրագրում է դրանք: Միանգամայն սխալ եւ միջազգային իրաւունքի մէջ հիմքեր չունեցող պնդում:
Միջազգային յարաբերութիւնների արդի փուլում դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը կարգաւորող եւ դրանց ընթացքը կանոնակարգող փաստաթուղթը Դիւանագիտական յարաբերութիւնների վերաբերեալ Վիեննայի կոնվենցիան (ուխտը-խմբ.) է (1961թ.): Սոյն կոնվենցիայի երրորդ յօդուածը թուարկում է այն հինգ գործառոյթները, որոնք վերպահուած են դիւանագիտական առաքելութեանը: Դրանց մէջ ճանաչման, առաւել եւս սահմանների ճանաչման գործառոյթ չկայ: Նշեալ կոնվենցիայի մէջ սահման բառն ընդհանրապէս չկայ:
Քանի որ, հայաստանեան հասարակական մտքի մէջ լուրջ խառանշփոթ կայ պետութիւնների կամ կառավարութիւնների ճանաչման եւ, այսպէս կոչուած, սահմանների ճանաչման հարցի շուրջ, նպատակայարմար եմ համարում համառօտակի անդրադառնալ դրան:
Խորքի մէջ, դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումն ու սահմանների յստակեցումը կամ ամրագրումը երկու տարբեր իրաւական գործողութիւններ են: Նոյն Թուրքիայի Հանրապետութիւնը դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու պահին սահմանային վէճեր է ունեցել, իսկ ոմանց հետ մինչեւ հիմա էլ ունի, Յունաստանի, Սիրիայի, Իրաքի եւ Իրանի հետ: Նման իրավիճակը չի խանգարել եւ չի խանգարում Թուրքիային բնականոն յարաբերութիւններ ունենալ այդ երկրների հետ:
Եթէ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը ենթադրէր սահմանների ճանաչում, ապա այսօր աշխարհում գրեթէ սահմանային/տարածքային վէճ պիտի չլինէր: Սահմանների վերաբերող ամենահեղինակաւոր հրատարակութեան տուեալներով 1990ական թուականների կէսերին աշխարհում առկայ էր տարածքային/սահմանային 314 վէճ, որոնք վերաբերում էին 112 երկրի: Սա այն պարագայում, երբ այս երկրների ճնշող մեծամասնութեան միջեւ առկայ են դիւանագիտական յարաբերութիւններ:
Ի դէպ նշեմ նաեւ, որ պետութիւնների ու կառավարութիւնների փոխադարձ ճանաչումն անգամ իր մէջ չունի սահմանները ճանաչելու իրաւական հետեւանք: Ըստ միջազգային հանրային իրաւունքի, ճանաչում նշանակում է միմիայն պետութեան կամ կառավարութեան ճանաչում (statehood or government): Սահմանների որոշման հարցը, ինչպէս նշել էի, առանձին հարց է եւ ընկած է սահմանակից երկրների բացառիկ իրաւասութեան ոլորտում եւ ունի այլ գործընթաց: Ըստ այդմ, սահմանները ճանաչւում են սահմանակից երկրների միջեւ կնքուած միջպետական (երկկողմ կամ բազմակողմ) համապատասխան պայմանագրով, որն անպայմանօրէն պիտի պարունակի սահմանագծի նկարագրութիւնը կամ պիտի յղում կատարի այդ նկարագրութիւնը պարունակող մէկ այլ օրինական փաստաթղթի:
Այսօր, մեր պարագայում, մենք գրեթէ ունենք երկրորդ տարբերակը, երբ Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին արձանագրութեան հինգերորդ կէտով փորձ է արւում սովետա-թուրքական սահմանի հայաստանեան հատուածն ամրագրել որպէս Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան սահման: Գրում եմ գրեթէ ունենք, որովհետեւ, թէեւ նշեալ կէտով վկայակոչւում են միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերը, որոնք որոշել են (define), այդ սահմանը, սակայն այդպիսիք բնաւ չկան: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ սահմանը որոշուել է ոչ թէ պայմանագրով, այլ իրաւարար վճռով, 22.11.1920թ. (arbitral award):
Հայաստանի եւ Թուրքիայի ընդհանուր սահմանն իբր որոշող այսինքն սահմանի նկարագրական մասը պարունակող եւ պայմանագիր անուն ունեցող երեք փաստաթուղթ կայ Ալեքսանդրապոլի պայմանագիրը (03.12.1920թ.), Մոսկուայի պայմանագիրը (16.03.1921թ.) եւ Կարսի պայմանագիրը (13.10.1921թ.): Թէեւ այս երեք փաստաթղթերն էլ ունեն պայմանագիր անուանումը, այսուհանդերձ նրանցից եւ ոչ մէկը միջազգային իրաւունքի տեսանկիւնից պայմանգիր չէ: Նշեալ բոլոր պայմանագրերը կնքած կողմերից եւ ոչ մէկը, կնքելու պահին, չի ունեցել նման լիազօրութիւն: Այսինքն չի եղել միջազգայնօրէն ճանաչուած պետութեան օրինական կառավարութեան լիազօր ներկայացուցիչ: Նշեալ պայմանագրերից եւ ոչ մէկը չի կնքուել Թուրքիայի կողմից, այլ կնքուել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարութեան կողմից, որը 1920-21թթ. ընդամէնը ապստամբական շարժման գործադիր մարմին էր: Միջազգային իրաւունքի եւ գործող սահմանադրութեան տեսանկիւնից այդ ժամանակ երկրի սուվերեն (գերիշխան-խմբ.) ու օրինական իշխանութիւնը սուլթան-խալիֆն էր: Նա երկիրը լքել է միայն 1922թ. Նոյեմբերին, ի դէպ առանց գահից հրաժարուելու, իսկ Թուրքիայի Հանրապետութիւնը հռչակուել է 1923թ. Հոկտեմբերի 29ին: Հետեւաբար, քեմալականների օրինական իշխանութեան մասին կարելի է խօսել միայն ամէնաշուտը 1922-1923թթ. յետոյ:
Մի փոքր աւելի ուզում եմ անդրադառնալ Կարսի պայմանագրին: Ես չգիտեմ, թէ արձանագրութեան մէջ յիշատակուող սահմանը որոշող համապատասխան պայմանագրեր, (ուշադրութիւն դարձրէք յոգնակի թուին) ասելով հայկական կողմն ի՞նչ նկատի ունի, սակայն ոչ հայկական կողմերը, շեշտում եմ կողմերը, առաջին հերթին նկատի ունեն Կարսի պայմանագիրը: Դրա մասին ես տեղեկութիւն ունեմ նաեւ ոչ հայկական դիւանագիտական աղբիւրներից:
Կարսի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է, որը մի կողմից ստորագրուել Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարութեան, միւս կողմից Հայաստանի ՍՍՀ, Վրացական ՍՍՀ եւ Ադրբեջանական ՍՍՀի միջեւ, ՌՍՖՍՀ մասնակցութեամբ (Այս վերջին ձեւակերպումը մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է): Թուրքական կողմի կարգավիճակի, աւելի ճիշդ կարգավիճակի բացակայութեան մասին, արդէն խօսեցինք:
Անդրառանանք սովետական հանրապետութիւնների, մասնաւորապէս Հայկական ՍՍՀ կարգավիճակին: Ըստ միջազգային իրաւունքի մասնագէտների (չշփոթել սովետական քարոզիչների հետ) սովետական հանրապետութիւնները երբեւէ չեն ունեցել միջազգային ինքնութիւն (international personality), չեն հանդիսացել միջազգային իրաւունքի սուբյեկտ, հետեւաբար իրաւասու չեն եղել կնքելու միջպետական պայմանագրեր: Մասնաւորապէս, ԱՄՆ Սենատը 1924թ. Յունիսի 3ին ընդունել է # 245 բանաձեւը, որում յստակօրէն նշել է, որ Հայկական պետութիւնը կործանուել է Սովետական Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ գործունէութեան արդիւնքում (Turkey joined with Soviet Russia in the destruction of the Armenian State). Միացեալ Նահանգները բազմիցս պաշտօնապէս վերահաստատել է իր այս դիրքորոշումը: Եթէ 1921թ. չի եղել հայոց պետութիւն, ինչպէ՞ս էր այն կարող պայմանագիր կնքել:
Այսպիսով, ակնյայտ է, որ 1921թ. Հոկտեմբերին ստորագրուած Կարսի պայմանագիրը, ինչպէս նաեւ դրան նախորդած Ալեքսանդրապոլի եւ Մոսկուայի պայմանագրերը, կնքուել են միջազգային իրաւունքի անբեկանելի հիմնարար մի շարք սկզբունքների jus cogens-ների կոպիտ խախտումով: Հետեւաբար կնքման պահից դրանք անվաւեր են, քանի որ Պայմանագրերի իրաւունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 53րդ յօդուածը (Vienna Convention on Law of Treaties, Vienna, 1969), միանշանակօրէն ամրագրում է, որ «պայմանագիրն անվաւեր է, եթէ կնքելու պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրաւունքի որեւէ անբեկանելի հիմնադրոյթի», (այսինքն՝ jus cogens-ի) (A treaty is void, if at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm of general international law):
Անօրինական փաստաթղթերը չեն կարող օրինական սահմանի հիմք հանդիսանալ:
Արա Պապեան «Մոդուս վիւենդի» կեդրոնի ղեկավարն է: