Հայ իրականութեան մէջ խորհրդարանական աւանդոյթները սկզբնաւորուեցին 18րդ դարի վերջին: 1773թ. Մադրասում լոյս տեսաւ Շ. Շահամիրեանի «Որոգայթ փառաց» աշխատութիւնը, որում արտացոլուեցին սահմանադրութեան եւ խորհրդարանական կարգի մասին դրոյթները:
Պետականութեան շուրջ 600ամեայ կորստից յետոյ, 1918թ. Մայիսի 28ին Հայաստանը հռչակուեց անկախ պետութիւն: Ձեւաւորուեց Հայաստանի խորհրդարանը՝ երկրի գերագոյն իշխանութեան մարմինը: Գործադիր իշխանութիւնը՝ կառավարութիւնը, ենթակայ էր խորհրդարանին, այսինքն՝ Հայաստանը խորհրդարանական հանրապետութիւն էր:
1920թ. Նոյեմբերի 29ին, Հայաստանում հաստատուեցին խորհրդային կարգեր: ՀԽՍՀն Հայաստանի երկրորդ հանրապետութիւնն էր՝ Առաջին հանրապետութեան իրաւայաջորդը, եւ մտնում էր ԽՍՀՄի կազմի մէջ: Այս ժամանակաշրջանում Հայաստանում գումարուել են խորհուրդների համագումարներ եւ Գերագոյն խորհրդի նստաշրջաններ:
Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագոյն խորհուրդը կազմաւորուեց 1990ին մեծամասնական ընտրակարգով՝ երկու փուլով (260 պատգ.) Մայիսի 20ին եւ Յունիսի 3ին: Այդ ժամանակ Հայաստանը դեռեւս Խորհրդային հանրապետութիւն էր: Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել Յուլիսի 20ից, ներկայացուած էր երկու քաղաքական ուժ՝ Կոմկուսը եւ Հայոց համազգային շարժումը: Հետագայում խորհրդարանում կազմաւորուեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցութիւնները: ԳԽում ստեղծուեցին «Հանրապետութիւն» (38 պատգ.), «Արցախ» (11 պատգ.), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգ.), «Ազգային առաջադիմութիւն» (10 պատգ.) պատգամաւորական խմբերը, իսկ ՀՅԴ խմբակցութիւնը վերափոխուեց պատգամաւորական խմբի (12 պատգ.):