ԱՆՆԱ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ
«ԱՍՊԱՐԷԶ».- «Առաւօտ» թերթի Երեքշաբթի օրուան թիւով լոյս տեսած այս տեղեկագրութիւնը կը յանձնենք ընթերցողի ուշադրութեան:
Այդ մասին վկայեց Արաբկիր համայնքի ընտրողների հետ երէկուայ հանդիպումը
«Ես կարծում եմ, որ դէ-յուրէ (օրէնքի հիման վրայ-Խմբ.) լքելով կոալիցիան` ՀՅԴն դէ-ֆակտօ (փաստացիօրէն-Խմբ.) մնացել է իշխանութիւնում»,- երէկ «Արմինֆօ»ին ասել էր ՀԺԿ վարչութեան քարտուղար Գրիգոր Յարութիւնեանը: «Echannel» կայքէջն էլ երէկ հրապարակել էր Ժողովրդական կուսակցութեան քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետեանի գնահատականը. «Դաշնակցութիւնն ընդդիմութիւն չէ: Երեք օրում ընդդիմութիւն չեն դառնում: Եթէ այդպէս է` ուրեմն, դուք էլ կարող էք դառնալ Հռոմի Պապը: Դաշնակցութեան վրայից դեռ պորտֆելների (նախարարական պաշտօններու-Խմբ.) հոտ է գալիս»:
Այս գործիչները թերեւս փոքր-ինչ վերանայէին իրենց գնահատականները, եթէ երէկ երեկոյեան ներկայ լինէին Արաբկիր համայնքում ընտրողների հետ ՀՅԴ հանդիպմանը: Մի քանի մէջբերումներ անենք հնչած ելոյթներից, որոնցից արդէն բնաւ չէր գալիս «պորտֆելի հոտ»:
ՀՅԴ Արաբկիրի տարածքային կոմիտէի ներկայացուցիչ Տիգրան Դաւթեանը, որը վարում էր այդ հանդիպումը` իր ելոյթում մասնաւորապէս ասաց. «Քաղաքապետարանի ոչ թափանցիկ եւ կոռումպացուած գործունէութիւնը, ապօրինի շինարարութիւնները, հողազաւթումը, երեխաների խաղավայրերի եւ կանաչապատ տարածքների զաւթումը, ծառահատումները, հանրային գերակայ շահի անուան տակ բնակիչներին իրենց սեփական տներից վտարումը, անօրինական դրամահաւաքները դպրոցներում ու մանկապարտէզներում, թատրոնների եւ մշակութային միւս օջախների անմատչելի լինելը ժողովրդի լայն զանգուածների համար, հարկերի եւ տուրքերի անհամաչափ լինելը, բուժման բարձր սակագներն ու մունիցիպալ ոստիկանութեան բացակայութիւնը` ահա այն հարցերն են, որոնք փոխանցուել են մեր քաղաքապետի թեկնածուին, եւ մենք հետամուտ ենք լինելու այդ հարցերի ծրագրուած եւ հիմնական լուծմանը»:
Յաջորդը ելոյթ ունեցաւ ԱԺ նախկին փոխնախագահ Հրայր Կարապետեանը, որն իշխանութիւնից դուրս գալու ՀՅԴ որոշման մասին խօսելով` յայտարարեց. «Մենք կարող ենք միայն եւ միայն այն դէպքում կիսել պատասխանատուութիւնը, եթէ մեր քաղաքականութիւնն ու մեր սկզբունքներն իսկապէս կեանքի կը կոչուեն: Մենք չե՛նք կարող պատասխան տալ այսօր իշխող կոռուպցիայի համար, չե՛նք կարող պատասխան տալ նախկին սխալների համար եւ առաւել եւս` չե՛նք կարող պատասխան տալ այն բանի համար, որ այսօր խաղում են մեր երկրի ապագայի եւ ճակատագրի հետ»:
ՀՅԴ համամասնական ցուցակում 5րդը` Մարի Թիթիզեանը, հաւաքուածներին դիմելով, ասաց. «Եթէ դուք որոշէք սատարել այն քաղաքական ուժին, որն ընտրութիւններից ընդամէնը մի քանի օր առաջ գալիս ու ձեր փողոցներն ասֆալտապատում է կամ բակերը լուսաւորում` դա ձեր ընտրութիւնն է` ի հարկէ: Բայց իմացէք` բոլոր բացասական երեւոյթները, որոնք տիրում են մեր մայրաքաղաքում` շարունակուելու են. անտէրութիւնը, կաշառակերութիւնը, ամենաթողութիւնը, անկանոնութիւնը»:
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն իր ելոյթում որպէս իրենց ցուցակին մաս կազմող գործիչների առաւելութիւն` նշեց, թէ նրանք չունեն մականուններ: Մի տարբերութիւն էլ նշեց ՀՅԴ եւ այլոց կազմակերպած հանդիպումների կապակցութեամբ, թէ իրենց մասնակիցներն «այլ թաղամասերից աւտոբուսներով չեն բերուած»: Նկատենք, որ այդ պատճառով էլ հաւաքուածներն այնքան էլ բազմաքանակ չէին եւ հիմնականում հէնց ՀՅԴ անդամներ էին կամ համակիրներ:
Սակայն դառնանք Երեւանի աւագանու ընտրութիւններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխաւորող Արծուիկ Մինասեանի ելոյթին. «Մայիսի 31ին իսկապէս վճռական ընտրութիւն է լինելու: Ոչ միայն նրա համար, որ մենք ընտրելու ենք մայրաքաղաք Երեւանի իշխանութիւններին, այլեւ նրա համար, որ մենք Մայիսի 31ին պէտք է պատասխանենք շատ կարեւոր մի հարցի` արդեօք մենք վստահելու՞ ենք ազգային արժէք ներկայացնող ուժի, թէ՞ շարունակելու ենք ապրել անարդարութեան, կոռուպցիայի, ամենաթողութեան պայմաններում»: Նա պնդեց, թէ ՀՅԴն մի շարք հարցերի վերաբերեալ իր մօտեցումներով տարբերւում է ընտրապայքարին մասնակցող այլ ուժերից: Այդ խնդիրներից առաջնահերթն, ըստ Արծուիկ Մինասեանի` քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների պատասխանատուութեան ու դերակատարութեան հարցն է. «Եթէ մենք հետեւում ենք այսօր վարուող քաղաքականութեանը` տեսնում ենք բացարձա՛կ անտարբերութիւն եւ բացարձա՛կ անպատասխանատուութիւն: Մեր քաղաքացիները գրեթէ ամէն օր բախւում են անարդարութեան, ամէն օր գնդակի նման այս ու այն կողմ են ընկնում: Ամէն օր նրանց նկատմամբ կիրառւում է հոգեբանական բռնութիւն, բռնութիւն նրանց ապագայի նկատմամբ: Նաեւ ֆիզիկական բռնութիւն, երբ ճանապարհին վրաերթի են ենթարկում եւ պատասխանատուութեան չեն ենթարկւում մարդիկ, որոնք այս կամ այն օլիգարխի թիկնապահն են, այս կամ այն պաշտօնեայի բարեկամը կամ հարազատը: Սա այսօրուայ կառավարման համակարգն է: Սա այսօրուայ իրավիճակն է: Իրավիճակ, երբ մեր ոստիկաններին մեր քաղաքացիները նայում են վախուորած: Մեր ոստիկանները մեր քաղաքացիներին նայում են իբրեւ պոտենցիալ (ապագայ-Խմբ.) յանցագործների: Այս իրավիճակը շարունակել այլեւս հնարաւո՛ր չէ»: Նաեւ նշեց. «չի կարող լինել այնպէս, որ մի օր զարթնէք, եւ իշխանութիւնները ձեզ սիրեն, յարգեն, եթէ նրանք ընտրւում են կեղծիքներով, եթէ նրանք իրենց հարստութիւնը դիզում են մե՛ր, ձե՛ր, բոլորի՛ս առօրեայ աշխատանքն օգտագործելով: Չի կարող լինել այնպէս, որ այդ իշխանութիւնը մտածի ձեր մասին: Եւ հետեւաբար` չի կարող այն իշխանութիւնը, որը վերարտադրւում է փողի զօռով եւ վարչական լծակների միջոցով` մտածի մեր քաղաքացիների մասին, անհնա՛ր է: Նա այս ամէնն օգտագործելու է սեփական հարստութիւնն աւելացնելու, սեփական բիզնեսն առաւել ծաղկեցնելու, սեփական դերակատարութիւնն ու կլանային համակարգն աւելի մեծացնելու համար: Հետեւաբար` մենք բոլորս միասնաբար պէտք է ո՛չ ասենք փողի իշխանութեանն ու վարչական լծակներով պարտադրուող քուէարկութիւններին»: Կոալիցիոն երկու ուժերին ուղղուած այս ակնյայտ ակնարկներից բացի` նաեւ խօսեց այն մասին, թէ դպրոցները ենթարկւում են քաղաքական ճնշումների, ուսուցիչները գործիք են դառնում այս կամ այն քաղաքական ուժի ձեռքում:
Քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն յայտարարեց, թէ հարկ է ձեւաւորել ազգային քաղաքապետարան. «Երեւանի քաղաքապետը պէտք է լինի ազգային պետական գործիչ, այլ ոչ թէ բիզնեսմեն` այն իմաստով, որ ողջ իշխանութիւնը ծառայեցնի սեփական բիզնեսը հարստացնելու, եւս մի հերթական տարածք սեփականաշնորհելու համար կամ տալու այս կամ այն օլիգարխին: Եւ ոչ էլ այն անձինք, ում համար ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա է` չեն կարող լինել ազգային գործիչներ, ինչքան էլ գեղեցիկ բառերի տակ թաքցնեն իրենց ձգտումները: Հնարաւո՛ր չէ: Ազգային պետական գործիչ կարող են լինել նրանք, ովքեր դաստիարակուել են այդպէս, ովքեր այդ արժէքները կրում են իրենց հոգում եւ այդ մտքերը չեն արտայայտում միայն այն ժամանակ, երբ դրանք անհրաժեշտ են իրենց իշխանութեան գալու համար»:
Այս ամէնից յետոյ յիշեցնենք, որ դեռեւս մի ամիսն էլ չի լրացել, ինչ ՀՅԴն յայտարարեց իշխանութիւնից դուրս գալու մասին:
Հ. Գ. Յաւելենք, որ Աջափնեակի բնակիչների հետ Մայիսի 17ի հանդիպման ժամանակ էլ Արծուիկ Մինասեանը յայտարարել է. «Երեւանի քաղաքապետը պիտի կարողանայ ընդդիմախօսը լինել իշխանութիւնների, պահանջել եւ առաջնորդուել Երեւանի եւ երեւանցու շահերով»: