Վեհափա՛ռ Տէր,
Յարգելի՛ բարեկամներ
Շնորհակալ եմ, որ այստեղ էք: Շնորհակալ եմ նրանց, որ մեր ընդհանուր գործին սատարել են, բայց չեն կարողացել ներկայ լինել: Չորս տարին մէկ, արդէն երրորդ անգամ, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի նախաձեռնութեամբ, այսպիսի մէկտեղում է կազմակերպւում՝ Հայ Դատի աշխատանքներին աջակցելու նպատակով:
Սա բացառիկ հաւաք է՝ իր նպատակով, անկախ քաղաքական կողմնորոշումից՝ մարդկանց համախմբումով, հայութեան բոլոր հատուածների ներկայացուածութեամբ, հայաստանցիների մեծաթիւ մասնակցութեամբ:
Հայ Դատը միաւորել է ամէնքիս: Միաւորել է կոնկրետ (յստակ, շօշափելի-Խմբ.) գործը, որ վեր է ընթացիկ հարցերից ու տարբերութիւններից: Գործ, որ միտուած է Հայաստանի ու հայութեան հզօրացմանը, մեր հաւաքական ներուժի կուտակմանն ու կազմակերպմանը, աշխարհում հաշուառելի գործօն դառնալուն:
Ինչո՛վ է զբաղուած Հայ Դատի գրասենեակների մեր ցանցը: Այսօր, փաստացի, նրանք մեր երկրի երկրորդ դեսպանատներն են Ուաշինկթընում, Պրիւքսէլում, Մոսկուայում, Պէյրութում, Թիֆլիսում: Նրանք միաւորում ու ուղղորդում են հայութեան եւ մեր բարեկամների ջանքերը՝ միջազգային ասպարէզում Հայաստանի քաղաքական վարկանիշը բարձրացնելու, տնտեսական աջակցութիւն ապահովելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքները ճանաչելու ու պաշտպանելու, Հայոց Ցեղասպանութեան վերջնական ճանաչումն ու դատապարտումը իրականութիւն դարձնելու, Թուրքիայի ու Ատրպէյճանի հակահայ քարոզչութիւնը չէզոքացնելու ուղղութիւններով:
Սրանք խնդիրներ են, գերխնդիրներ, որ ուղղակի առնչւում են մեր ազգային-պետական անվտանգութեանը, մեր ժողովրդի լինելիութեանն ու ապագային: Ահա այս գիտակցութիւնն է միաւորում մեզ՝ ջնջելով բոլոր տարբերութիւնները:
Եթէ ընդհանուր շահը պաշտպանուած չէ, եթէ գործնական քայլեր չեն արւում մեր ժողովրդի լիարժէք ապագան երաշխաւորելու համար, ոչ մի հայ անհատ, հայութեան ոչ մի հատուած չի կարող հեռանկար ունենալ:
Հայաստանի անկախ պետականութեան առկայութիւնը ոչ միայն մեծացնում է աշխարհում ինքնուրոյն ուժ դառնալու մեր հնարաւորութիւնները, այլեւ շատ աւելի համարձակ խնդիրներ դնելու ու իրագործելու պատասխանատուութեան առաջ է կանգնեցնում բոլորիս: Ես շնորհակալ եմ, որ այդ պատասխանատու մօտեցումը դուք կիսում էք ՀՅ Դաշնակցութեան հետ:
Սիրելի՛ բարեկամներ,
Տասնամեակներ շարունակ Հայ Դատի աշխատանքներով միայն Սփիւռքն է զբաղուել: Զբաղուել է նուիրումով, զոհողութիւններով ու զրկանքներով: Գործը արուել է կամաւոր մարդկանց յանձնառութեամբ՝ առանց էական նիւթական միջոցներ ունենալու: Արդիւնքում՝ վառ է պահուել Հայ Դատի պահանջատիրութիւնը, աշխարհը չի մոռացել մեր հարցը:
Այսօր ընդհանուր պայքարին միացել են Հայաստանն ու հայաստանցիները՝ բազմապատկելով մեր կարողականութիւնը: Այս միացումը նաեւ գնահատանք ու երախտագիտութիւն է Սփիւռքի կատարած աշխատանքի հանդէպ: Սփիւռքը այլեւս մենակ չէ: Սա կարեւորագոյն որակական փոփոխութիւն է, որ Սփիւռքը պէտք է կարողանայ արժեւորել էլ աւելի համախմբուելով Հայաստանի շուրջ, էլ աւելի արդիւնաւէտօրէն պայքարելով Հայ Դատի համար:
Երկրորդ կարեւոր պատգամը այս բացառիկ հաւաքի: Ցանկացած աշխատանք, յատկապէս այս կարգի լոպպիինկային գործունէութիւն, գաղափարական համոզմունքից, նուիրումից, ժամանակի կամաւոր տրամադրումից բացի, նիւթական լուրջ միջոցներ է պահանջում: Եւ որեւէ հանրութիւն այս ամէնը անելու համար պէտք է համերաշխ լինի: Այդ հանրութեան տարբեր շերտերը պէտք է համագործակցեն, նայեն նոյն ուղղութեամբ, լրացնեն միմեանց:
Ես մեծ գոհունակութեամբ պէտք է նշեմ, որ հայ գործարարների մի մեծ զանգուած իր աշխատանքով կուտակած ֆինանսական միջոցների մի մասը այսօր սիրայօժար նուիրաբերում է Հայ Դատի գրասենեակներին: Սա ներազգային համաձայնութեան, ընդհանուր շահի գիտակցման հրաշալի օրինակ է: Ե՛ւ այստեղ ներկայ, ե՛ւ բացակայ գործարարները քաղաքական, հասարակական տարբեր հոսանքներ են ներկայացնում: Բայց դա չի խանգարում միաւորուել համազգային խնդիրների շուրջ: Սա է ամենամեծ դասը, որ, վստահ եմ, արձագանգելու է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփիւռքում:
Ուզում եմ՝ չմոռանանք. մեր հակառակորդներ Թուրքիան եւ Ատրպէյճանը պետական հսկայական միջոցներ են ծախսում միջազգային ասպարէզում մեր արդարացի իրաւունքները մոռացութեան տալու համար: Նրանք նաեւ աշխուժօրէն կազմակերպում ու փորձում են գործօնի վերածել իրենց Սփիւռքը: Այդ մրցակցութիւնից մենք ուղղակի պարտաւոր ենք յաղթանակած դուրս գալ, եթէ ուզում ենք մեր պետութեան ու ժողովրդի ապագան երաշխաւորուած տեսնել:
Այդ յաղթանակը իւրաքանչիւր հայ մարդու, իւրաքանչիւր ընտանիքի, հայութեան ամէն մի հատուածի ու մեր ընդհանուր յաղթանակն է լինելու: Այսպէս պէտք է մտածի ե՛ւ կամաւոր նուիրեալը, ե՛ւ մեծահարուստը: Առանձին-առանձին, առանց ընդհանուր գործին ծառայելու, ոչ ոք չի կարող բաւարարուած ու երջանիկ լինել:
Սիրելի՛ բարեկամներ,
Մենք հաւատում ու աշխատում ենք, եւ Լեռնային Ղարաբաղը ազատ ու անկախ է լինելու: Մենք հաւատում ու աշխատում ենք՝ Հայոց ցեղասպանութիւնը վերջնականապէս ճանաչուելու ու դատապարտուելու է, վերականգնուելու են հայութեան իրաւունքները:
Մենք հաւատում ու աշխատում ենք՝ Հայաստանի Հանրապետութիւնը դառնալու է զարգացած, ուժեղ, արդար երկիր: Հայաստանը հաշուառելի գործօն է դառնալու աշխարհում:
Այս բացառիկ հաւաքն այդ հաւատի, այդ աշխատանքի փայլուն դրսեւորումն է։
Շնորհակալութիւն: