Յաջորդ Կիրակի, Փետրուար եօթին, Ս. Սարգիս զօրավարին տօնն է: Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը, հայ երիտասարդին մօտ հաւատքի զգացումները զօրացնելու ակնյայտ նպատակով, այդ օրը հռչակած է Երիտասարդներու օրհնութեան օր:
«Առաւօտ» օրաթերթը այս տօնին մասին կու տայ հետեւեալ հետաքրքրական բացատրութիւնը.
«Սուրբ Սարգիս զօրավարի տօնը Հայաստանում ընդունուած է նշել ոչ միայն եկեղեցական ծէսով, աղօթքով, այլեւ՝ ժողովրդական սովորոյթներով, ինչը մեզանում արդէն նուիրական աւանդոյթ է դարձել: Այդ օրը երիտասարդներն աղօթում են, որպէսզի սուրբն իրենց աղօթքները հասցնի առ Աստուած: Աւանդոյթ է նաեւ այն, որ Ս. Սարգիսի տօնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսաւորչի կողմից հաստատուած Առաջաւորաց պահքը: Ժողովրդի մէջ տարածուած երեւոյթ է նաեւ տօնին նախորդող գիշերը աղի բլիթ ուտելը, բայց, հաւանաբար, քչերին է յայտնի, որ դա հայ եկեղեցու աւանդութեան հետ բացարձակ կապ չունի: Հայ եկեղեցին յարգում է ժողովրդական աւանդոյթները, սակայն մերժում ցանկացած տեսակի գուշակութիւններ: Այդ օրը, կրկին սովորոյթի համաձայն, մարդիկ փոխինձով կամ ալիւրով լի մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբին՝ սպասելով Ս. Սարգիս զօրավարի ձիու պայտի հետքին: Ըստ աւանդոյթի, այդ գիշեր Ս. Սարգիսը շրջում է հրեշտակների ուղեկցութեամբ, եւ եթէ նա որեւէ մէկի փոխինձի կամ ալիւրի մէջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, ապա այդ տարի կ’իրականանայ սիրահարի երազանքը»:
Ս. Սարգիսէն ճիշդ մէկ շաբաթ ետք, Փետրուար 14ին, «Վալընթայն»ի օրն է, դարձեալ սիրահարներու օր: Հայաստանի մէջ այս օտարամուտ տօնը թեւ առած էր ու դարձած էր երիտասարդութեան երեւակայութիւնը վառող առիթ: Հայոց եկեղեցւոյ Ս. Սարգիսի տօնին տուած նորովի ուշադրութիւնը եւ կարեւորութեան շեշտադրումը եթէ չկրցաւ ամբողջովին փոխարինել «Վալընթայն»ը, ապա առնուազն կրցաւ ստեղծել անոր հաւասար հայկականը: Պէտք է ըսել, որ այսօր Հայաստանի մէջ գրեթէ նոյն խանդավառութեամբ կը նշուի թէ՛ Սուրբ Սարգիսի եւ թէ «Վալընթայն»ի տօները: «Քէֆ ընողին քէֆ չի պակսիր», կ’ըսեն…:
Երիտասարդները եկեղեցի բերելու ճիգը վստահ եմ այստեղ ալ հոգեւոր մեր առաջնորդներու առանցքային մտահոգութիւններէն է: Սուրբ Սարգիսի քարոզչութիւնը, այդ առթիւ երիտասարդներուն սրտամօտիկ սովորութիւններու կիրարկման օգտակարութիւնը, վստահաբար հաշուարկուած են անոնց կողմէ եւ, ըստ այնմ, կատարուած են իրենց կարգադրութիւնները:
Մեր կողմէ, առ ի տեղեկութիւն, կը փոխանցենք «Առաւօտ»ի աշխատակից Եւա Յակոբեանի յիշեցումը՝ Սուրբ Սարգիսին մասին.
«Սարգիս զօրավարը հայ ժողովրդի ամենասիրուած սրբերից է: Ս. Սարգիսն իր արիութեան համար մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից կարգուել է իշխան եւ սպարապետ՝ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Երբ սկսուել են քրիստոնեաների հալածանքները Կապադովկիայում, նա հեռացել է կայսրութեան սահմաններից եւ իր որդի Մարտիրոսի հետ ապաստանել է քրիստոնեայ Հայաստանում: Այնուհետեւ, Հայաստանից անցնելով Պարսկաստան՝ Շապուհ արքայի կողմից ընդունուել է զինուորական ծառայութեան: Երբ Շապուհն իմացել է, որ Սարգիսը քրիստոնեայ է, նրանից պահանջել է պաշտել կրակն ու զոհ մատուցել: Զօրավարն անմիջապէս մերժել է՝ ասելով. «Երկրպագելի է մէկ Աստուած՝ ամենասուրբ երրորդութիւնը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնէ աստուածներ չեն, հողեղէն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խօսքերից յետոյ սուրբը կործանում է բագինը, իսկ զայրացած ամբոխը յարձակւում է սրբի եւ նրա որդու վրայ: Առաջինը նահատակութեան պսակն ընդունում է նրա որդի Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկւում է եւ աներեր մնալով իր հաւատքի մէջ՝ գլխատւում: Նահատակուելուց յետոյ, սրբի մարմնի վրայ լոյս է ծագում: Քրիստոնէական հաւատքի համար նահատակւում են նաեւ Ս. Սարգսին հաւատարիմ 14 զինուորները: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները տեղափոխում է Կարբի (Աշտարակի շրջան), ամփոփում եւ կառուցում Ս. Սարգիս եկեղեցին:
Ժողովրդական պատումներից մէկի համաձայն, Ս. Սարգիսը, իր 39 քաջ զինուորների հետ, հերթական ճակատամարտից յաղթական վերադարձը նշում է կայսերական պալատում: Երբ բոլորը գինովցած քուն են մտնում, կայսրը 40 աղջիկների պատուիրում է սպաննել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործում են իրենց ոճրագործութիւնը, իսկ 40րդը, քնած Սարգսի առնական ու խաղաղ դէմքը տեսնելով՝ սիրահարւում է նրան եւ սպաննելու փոխարէն՝ համբուրելով արթնացնում: Սարգիսը, տեսնելով կատարուածը, իր արագահաս եւ ճերմակ նժոյգը հեծնելով ու սիրահարուած աղջկան իր հետ վերցնելով՝ ջարդ ու փշուր է անում քաղաքի դարպասները եւ բուք ու բորան բարձրացնելով՝ հեռանում է քաղաքից:
Հաւանաբար, այս գեղեցիկ պատումն է պատճառը, որ սիրահարուածներն իրենց երազանքն իրականացնելու նպատակով, Ս. Սարգսին սկսեցին համարել իրենց արագահաս բարեխօսը»: