ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ «Արմենիանաու»ի Ղարաբաղի թղթակից
Ստեփանակերտի տօնածառը երկար ճանապարհ է անցել. այն բերուել է Թայլանտից: Սովորոյթի համաձայն Դեկտեմբերի 31ին ամբողջ Ստեփանակերտը ծխով կը լցուի. ամէն իրեն յարգող ղարաբաղցի Ամանորի գիշերը պէտք է դիմաւորի իր ձեռքով պատրաստած խորովածով: Այդ գիշեր Ղարաբաղը վերածւում է անուշաբոյր «մանղալի»:
Ի հարկէ, այս տարի խորոված քչերը կարող են անել: Բանն այն է, որ այս տարուայ սկզբին՝ գարնանը, աֆրիկեան ժանտախտը Ղարաբաղում խիստ կրճատել է խոզերի գլխաքանակը, եւ այժմ ղարաբաղցի մսագործները ստիպուած են վաճառել արտասահմանեան՝ Պրազիլական խոզ, որի համը ոչ մի կերպ չես համեմատի տեղական խոզի մսի համի հետ: Համի գաղտնիքը նրանում է, որ Ղարաբաղում շատ ագարակատէրեր նախընտրում են այն տեսակները, որոնք ստացուել են ընտանի խոզի եւ վարազի խառնուրդից: Դա է Ղարաբաղի խոզի մսի համի իւրայատուկ գաղտնիքը:
Նախորդ տարիներին՝ նոր տարուայ նախաշեմին, Ղարաբաղ էին գալիս բազմաթիւ առեւտրականներ Հայաստանից, որտեղ խոզի բուդը (ազդր-խմբ.) ամանորեայ տօների անբաժան մասն է:
«Արդէն քանի տարի է՝ նոր տարուայ դէմ 10-15 բուդ եմ առնում, որպէսզի ուղարկեմ Հայաստան՝ ծանօթներիս ու բարեկամներիս: Այս տարի դեռ երկու հատ եմ յաջողացրել ու մի քանի քիլօ էլ իսկական խոզի միս ինձ համար», ասում է մսի տաղաւարի մօտ կանգնած Սուրէն Յակոբեանը:
ՏՕՆԱԾԱՌ ԹԱՅԼԱՆՏԻՑ
Ղարաբաղում մէկ այլ սովորոյթ է որպէս նուէր ելեկտրական կենցաղային ապրանքներ գնելը: Մեծ զեղչերը եւ դեռեւս պահպանուած «տասներեքերորդ աշխատավարձ» սովորոյթը հնարաւորութիւն է տալիս ամուսիններին իրենց կանանց համար լուացքի մեքենայ գնելու որպէս նոր տարուայ նուէր: Մի քանի տարի առաջ դա լաւագոյն նուէրը դարձաւ յետպատերազմեան Ղարաբաղում: «Լուացքի մեքենան փոխեց ամբողջ կեանքս, չկարծէք՝ չափազանցում եմ, միանգամայն լուրջ եմ ասում: Առաջ շաբաթուայ մէջ միակ ազատ օրս անցկացնում էի լուացք անելով: Հիմա ամէն ինչ փոխուել է», ասում է Յասմիկ Աւանէսեանը: «Այժմ երեխաներովս զբաղուելու, թխուածք պատրաստելու, երբեմն, նոյնիսկ, ռեստորան գնալու ժամանակ ունեմ»:
Մի քանի տարի առաջ Ստեփանակերտի ռեստորաններում հազուադէպ կարելի էր տեսնել ընտանեկան ճաշկերոյթներ եւ տօնակատարութիւններ: Այժմ դա սովորութիւն է դարձել: Թէեւ մարդիկ սովորաբար նախընտրում են Ամանորը դիմաւորել տանը, սակայն տօներից մի քանի օր առաջ եւ Դեկտեմբերի 31ից յետոյ ռեստորաններում հազիւ թէ ազատ տեղ գտնուի, քանի որ գործընկերները կամ պարզապէս ընկերները հաւաքւում են տօնելու Ամանորը եւ միմեանց բարեմաղթանքներ ասելու: Այս տարի, չնայած տնտեսական ճգնաժամին, բացառութիւն չի լինի: Բոլոր ռեստորաններում Դեկտեմբերի 28ից մինչեւ Յունուարի 6ը տեղերը նախօրօք պատուիրուած են:
Այդուհանդերձ Ամանորը մնում է ընտանեկան տօն: Այդ գիշեր ստեփանակերտցիները ընտանիքներով դուրս են գալիս կենտրոնական հրապարակ՝ վայելելու ամանորեայ համերգը:
(Գրեթէ նոյն պատկերը կարելի է տեսնել Ստեփանակերտում Յաղթանակի օրը՝ Մայիսի 9ին, եւ Անկախութեան օրը՝ Սեպտեմբերի 2ին: Պետպիւտճէից 12 միլիոն դրամ (40,000 դոլար) է յատկացուել այս երեք տօներին կազմակերպուող հրավառութեան համար՝ 4ական միլիոն դրամ իւրաքանչիւրին՝ 15 րոպէ տեւող հրավառութեան համար:)
Ընդհանուր առմամբ, Ամանորին Ղարաբաղում փողը չեն խնայում: Ինչպէս ամէնուր, կանայք Դեկտեմբերի 31ին խոհանոցում են, տղամարդիկ երեկոյեան շտապում են իրենց մանղալների կողմը: Յաջորդ մի քանի օրերին մարդիկ կամ հիւր են գնում, կամ հիւր ընդունում: Սեղանները լի են ուտելիքներով՝ սկսած աւանդական կերակրատեսակներից մինչեւ մանր ծովախեցգետիններ, որոնք թարմ վիճակում ղարաբաղցիները տեսած չկան: Ղարաբաղցիները յատկապէս շատ են սիրում թթու դրած վարունգը, մանաւանդ այն, որը կարելի է միայն Ղարաբաղում հանդիպել: Տեղական թթի օղին դրւում է շամպայնի կողքին: Այս տարի թութն առատ է եղել, այդ պատճառով թթի օղին թանկ չէ՝ 1800 դրամ (6 տոլար) լիտրը:
Ամանորին Ղարաբաղում առաջին կենացը խմում են՝ «թող երբե՛ք պատերազմ չլինի»: Այս կենացը հին զինուորի խիզախ ձայնով չեն ասում:
Այն աղօթքի պէս է հնչում, քանի որ նոյնիսկ զինադադարից 14 տարի անց սահմանում դեռ հնչում են կրակոցներ, եւ պատերազմը հեռաւոր անցեալից լոկ յուշ չէ: Ու թէեւ մարդիկ զբաղուած են իրենց կեանքը յարմար դասաւորելով, բնակարանը վերանորոգելով, կահոյք, հեռուստացոյց, թանկարժէք մեքենայ գնելով, աղօթքը հնչում է իւրաքանչիւրի հոգում. «Տէ՛ր Աստուած, թոյլ մի տուր, որ այն օրերը վերադառնան, տուր մեզ խաղաղութիւն ու բարօրութիւն»: