Հայոց ցեղասպանութիւնից մազապուրծ, արմատներով զէյթունցի Մնացականի եւ Ազատուհու համեստ ընտանիքում 1950 թ. ծնուել է Յարութ Սասունեանը:
1965 թ. ընտանիքը Հալէպից փոխադրուել է Պէյրութ, որտեղ Յարութը սովորել է Սոֆիա Յակոբեան վարժարանում՝ իր լաւագոյն նիշերով միշտ մնալով դասարանի առաջին աշակերտը:
Լիբանանի տնտեսական ճգնաժամի հետեւանքով ընտանիքի հայրը ի վիճակի չի լինում վճարել որդու ուսման վարձը, եւ Յարութը հեռացւում է դպրոցից: Նա տխուր-տրտում դուրս է գալիս դպրոցից եւ փողոցում հանդիպում է մի ծանօթի, որը, իմանալով նրա տխրութեան պատճառը, խորհուրդ է տալիս դիմել Յովակիմեան-Մանուկեան դպրոցի տնօրէնին՝ ձրի սովորելու համար: Յարութը գնում, ներկայանում է այդ դպրոցի տնօրէնին, սակայն արժանապատուութեան տէր պատանին անյարմար է զգում ձրի սովորելու մասին ակնարկել, այլ՝ խնդրում է զեղչով արձանագրել իրեն: Բայց նրան դուրս են հանում գրասենեակից՝ ասելով. «Զեղչով դպրոց չկա՛յ»: Այնպէս որ, երկու օրուայ ընթացքում երկու դպրոցներից վտարուած, Յարութը, համակերպուելով իր ճակատագրին, գնում, նստում է ինքնաշարժի անիւներ նորոգող իր հօր խանութի դռան առաջ:
Յաջորդ օրն իր դասընկերներից մէկը գալիս, յայտնում է, որ նրա ուսման վարձն արդէն վճարուած է, եւ նա կարող է դպրոց գնալ, արձանագրուել: Զարմացած Յարութը գնում է Սոֆիա Յակոբեան վարժարանի գրասենեակ եւ հարցնում, թէ՝ ո՞վ է վճարել իր ուսման վարձը: Պատանին ինչքան խնդրում է իմանալ իր բարերարի անունը, որպէսզի իր շնորհակալութիւնը յայտնի նրան, հրաժարւում են՝ ասելով. «Մեզ պատուիրուած է իր անունը չյայտնել»: Օրեր անց անհանգիստ պատանին դարձեալ դիմում է նրանց՝ ասելով. «Այս ոսկէ առիթն ո՞վ է պարգեւել ինձ: Ասացէք, խնդրե ՜մ, նրա անունը: Խոստանում եմ չարտայայտուել, բայց գոնէ սրտիս մէջ, հոգուս խորքում երախտապարտ լինեմ նրան»: Վերջապէս, ընդառաջելով նրան, ասում են. «Քո անգլերէնի ուսուցչուհի՝ օրիորդ Օլիվիա Պալեանը դասարան մտնելով, նկատել է, որ դասարանի ամենալաւ սովորող աշակերտի՝ Յարութի նստարանը պարապ է, հարցրել է, թէ՝ նա ինչու՞ է բացակայ: Իմանալով պատճառը՝ եկել, ասել է. «Իմ ամսականէս կտրեցէ՛ք եւ Յարութը կանչեցէ՛ք:» Յարութը լռութեամբ լսում է այդ բոլորը եւ, հաւատարիմ իր տուած խոստումին, երախտագիտութեան զգացումը սրտում, շարունակում է սովորել եւ աւարտում է դպրոցը գերազանց նիշերով:
1969 թ. նա մեկնում է ԱՄՆ ուսանելու Նիւ Եորքի Գոլումպիա Համալսարանի Միջազգային Յարաբերութիւնների բաժնում՝ մասնագիտանալով արաբ-իսրայէլեան պատերազմի գծով (MA):
1975 թ. նրա ծնողքը եւս Պէյրութից փոխադրւում է Լոս Անճելըս: Ապա՝ Յարութը ԱՄՆի Փեփըրտայն Համալսարանի «պիզնէս»ի բաժնում ստանում է Մագիստրոսի երկրորդ դիպլոմը (MBA) եւ աշխատանքի անցնում Procter & Gamble ընկերութեան մէջ, որտեղից նրան գործուղում են Ժընեւ, որպէս այդ ընկերութեան միջազգային «մարքէթինկ»ի պատասխանատու տնօրէն:
1978 թուականից Ժընեւում սկսւում է Յարութ Սասունեանի կեանքի կարեւորագոյն հանգրուանը, քանի որ Ժընեւում էր գտնւում ՄԱԿի Մարդկային Իրաւանց բաժանմունքը: Այն 1972 թուականից սկսել էր զբաղուել ցեղասպանութիւնների հարցով, եւ զեկուցաբերը՝ ռուանդացի Նիկոդեմ Ռուհաշեանքիքոն վեց տարի շարունակ, տարաբնոյթ ճնշումների ներքոյ, 1978 թ. վերջապէս իր զեկոյցը ներկայացրել էր Մարդկային Իրաւանց ենթայանձնախմբին, սակայն պարզուել էր, որ թուրքական ճնշումների հետեւանքով, 30րդ պարբերութեան մէջ ջնջուած էր Հայոց ցեղասպանութեան մասին յիշատակումը, եւ նոյնիսկ զեկուցաբերը ներկայ չէր այդ օրուայ զեկոյցին: Երբ Յարութ Սասունեանը տեսնում է, որ Ցեղասպանութեան զեկոյցը ներկայացուած է առանց Հայոց ցեղասպանութեան պարբերութեան, նա Հայ Դատի Յանձնախմբի մի քանի երիտասարդների հետ անմիջապէս գործի է անցնում, որպէսզի ՄԱԿի ենթայանձնախումբը չվաւերացնի այդ անկատար զեկոյցը: Ենթայանձնախումբը զեկուցողին յանձնարարում է վերանայել իր զեկոյցը, որի նիւթը Ցեղասպանութեան ոճիրի կանխարգելումն ու պատժումն էր: Սակայն զեկուցաբերն իրեն տրուած յանձնարարութիւնը չի կատարում եւ թուրքական ճնշումների ներքոյ այլեւս ՄԱԿի ենթայանձնաժողովին չի ներկայանում:
Ի տես այդ բոլորին, Յարութ Սասունեանը, հաւատարիմ՝ զէյթունցու իր խրոխտ արմատներին, իր ընկերների հետ միասին սկսում է հետապնդել հայ ժողովրդի համար ճակատագրական դարձած այդ Հարցը: Թէպէտ նա ՄԱԿում պաշտօն եւ ձայն չունէր, բայց մտածում ու գտնում է ելքը՝ դառնալով Միացեալ Ազգերի Կազմակերպութիւնում արձանագրուած ամերիկեան հնդկացիների ոչ-կառավարական մի կազմակերպութեան (NGO) անդամ: Այդպիսով ստանում է Ժընեւում ՄԱԿի Մարդու Իրաւանց բաժանմունքի նիստերում ելոյթ ունենալու իրաւունք:
Երբ նիստի նախագահողը յայտարարում էր, թէ՝ այժմ ձայնը տրւում է ամերիկեան հնդկացիների ներկայացուցչին, Յարութ Սասունեանը ոտքի էր կանգնում եւ հանգամանօրէն ներկայացնում 1915 թ. երիտթուրք կառավարութեան գործադրած Հայոց ցեղասպանութիւնը: Նրա համարձակ ելոյթներն առաջացնում էին ենթայանձնաժողովի Թուրքիայի ներկայացուցիչների զայրոյթը: Վերջիններս հակառակ ելոյթներ էին ունենում, բայց Յարութ Սասունեանն առանց վարանելու հակահարուած էր տալիս նրանց: Իսկ ընդմիջմանը, նրա կողքից անցնելով, մատնացոյց էին անում նրան եւ թուրքերէն ասում. «Պու տա քոմիթաճի տըր» (Սա էլ կոմիտէական է – այսինքն՝ Հայ-դատական): Այդ տարիների նիստերի արձանագրութիւնների մէջ Յարութ Սասունեանի անունն մշտապէս յիշատակւում էր:
1983 թ. Ժընեւում ՄԱԿը նոր զեկուցաբեր է նշանակում՝ անգլիացի Բենջամին Ուիթըքըրին, որպէսզի վերանայի եւ այժմէականացնի անցեալում կիսատ մնացած զեկոյցը: Նա երկու տարի աշխատում եւ ներկայացնում է իր զեկոյցը, որի 24րդ պարբերութեան մէջ արդէն յիշատակւում էր Հայոց ցեղասպանութիւնը: Այնպէս որ երկարատեւ յամառ ջանքերի շնորհիւ օրակարգից հանուած Հայոց ցեղասպանութեան հարցը վերստին իր տեղն է գտնում զեկոյցի մէջ:
1985 թ. այս վերանայուած զեկոյցը ներկայացւում է Ժընեւում ՄԱԿի ենթայանձնախմբի քննարկմանը եւ ընդունւում 14 կողմ եւ 1 դէմ ձայնով: Այնպէս որ, ՄԱԿի ենթայանձնաժողովն ընդունում է Ցեղասպանութեան մասին ընդհանուր զեկոյցը, որի 24րդ պարբերութեան մէջ առաջին անգամ յիշատակւում է Հայոց ցեղասպանութիւնը: Յարութ Սասունեանը հասել էր իր նպատակին:
1982 թ. փոխադրուելով Քալիֆորնիա՝ նրա առաջ նոր հորիզոններ են բացւում: Ֆրեզնոյում լոյս տեսնող “The California Courier” հեղինակաւոր շաբաթաթերթի 25 տարուայ հրատարակիչ Ճորճ Մեյսընը Յ. Սասունեանին է յանձնում իր պաշտօնը եւ նրան պատգամում. «Երդուի՛ր, որ թերթի համար ամէն շաբաթ մի սիւնակ պիտի գրես. թէկուզ՝ յոգնած լինես, թէկուզ՝ քաղաքում չլինես»: Եւ արդէն 25 տարի շարունակ Յ. Սասունեանը ոչ միայն հաւատարմօրէն կատարում է իր խոստումը՝ առանց բացթողումի ամէն շաբաթ գրելով իր կուռ եւ հաւասարակշռուած խմբագրական յօդուածները, այլեւ թերթի խմբագրութիւնը Ֆրեզնոյից տեղափոխել է տուել Լոս Անճելըս՝ աւելի դիւրացնելով երթեւեկի եւ փոխադրութեան հարցերը:
1988 թ., երբ Ատրպեճանական ԽՍՀում տեղի ունեցան սումգայիթեան ահաւոր ջարդերը, եւ հայ ժողովուրդը կրկին սուգ ու ողբի մէջ էր, Յ. Սասունեանը որոշեց այդ հարցը եւս ներկայացնել աշխարհին: Նա դարձեալ Ժընեւ մեկնեց եւ ՄԱԿի Մարդկային Իրաւանց բաժանմունքում ելոյթ ունեցաւ արդէն որպէս ամերիկահայ: Բայց, քանի որ Հայաստանը դեռ Խորհրդային Միութեան կազմում էր, նա մտածեց չվնասել Հայաստանին եւ սկսեց բանակցել Ժընեւում ՄԱԿի ԽՍՀՄ պատգամաւորի հետ՝ յայտնելով, որ մտադիր է ելոյթ ունենալ. «Ես Սովիէթ Միութիւնը պիտի չմեղադրեմ, այլ պիտի մեղադրեմ ազերի ոճրագործները, որոնք այս ոճիրը գործեցին: Եւ, ընդհակառակը, պիտի գնահատեմ Գորբաչովը, որ, իբր արդիւնք իր «կլասնոստեան» վարքագիծի, պարտի դատապարտել ազերի այդ ոճրագործները»: Սակայն ԽՍՀՄ պատգամաւորը պատասխանում է. «Մեզ չի հետաքրքրում, թէ ինչքան կոռեկտ կը լինի ձեր խօսքը: Մենք կը նախընտրենք, որ այն ընդհանրապէս չլինի»: Սակայն ըմբոստ զէյթունցին, ընդիմանալով, ասում է. «Ես պարտաւոր չեմ ձեզանից թոյլտուութիւն հարցնել, քանի որ ես ոչ-կառավարական կազմակերպութեան անդամ եմ եւ իրաւունք ունեմ ցանկացած հարցի շուրջ ելոյթ ունենալ: Ես պարզապէս առ ի քաղաքավարութիւն տեղեկացնում եմ, որպէսզի ձեզ անակնկալ չլինի, քանի որ ես հայ եմ եւ իմ հայրենիքը Սովետական Միութեան կազմում է»: Յաջորդ օրը, երբ ելոյթներն սկսւում են, հերթը հասնում է Յ. Սասունեանին: Նա ներկայացնում է Սումգայիթի դէպքերը. Սովետական Միութեան ողջ պատուիրակութիւնը ոտքի է կանգնում եւ հեռանում Ժընեւում ՄԱԿի դահլիճից:
1988 թ. Հայաստանի ահաւոր երկրաշարժից յետոյ, մարդասիրական օգնութիւնն աւելի արդիւնաւէտ կազմակերպելու նպատակով, ամերիկահայ եօթ գլխաւոր կազմակերպութիւնների եւ Լինսի Հիմնադրամի նիւթական հնարաւորութիւնները համադրուեցին, եւ, ի մի բերուելով, 1989 թ. հիմնադրուեց Միացեալ Հայկական Ֆոնդը, որի պատասխանատու ղեկավար նշանակուեց Յարութ Սասունեանը: Ֆոնդն իր գործունէութեան 19 տարիների ընթացքում միասնաբար Հայաստան է առաքել մարդասիրական օգնութեան 146 բեռնատար՝ օդանաւով, եւ 1575 «քոնթէյնըր՝» ծովային ճամփով, որոնց ընդհանուր արժէքը կազմում է 525 միլիոն տոլար:
1998 թ., երբ հայ մեծ բարերար Քըրք Քըրքորեանը առաջին անգամ Յարութ Սասունեանի հետ այցելեց Հայաստան, խոստացաւ ենթակառուցային ծրագրեր իրականացնելու համար յատկացնել 170 միլիոն տոլար: Այդ բոլոր աշխատանքները, ինչպէս նաեւ ներկայումս Հայաստանի եւ Արցախի մէջ 60 միլիոն տոլար արժողութեամբ նոր ծրագրերը վերահսկում է Լինսի Հիմնադրամի Աւագ Փոխ-նախագահ Յարութ Սասունեանը:
Աւելի ուշ՝ 2006 թ., երբ իսրայէլեան օդոյժը ռմբակոծում էր Լիբանանը, ազգասէր Քըրք Քըրքորեանը CNNի հեռուստաալիքով տեսնելով այդ դրուագները, մտահոգուած լիբանանահայ համայնքի ճակատագրով, հեռախօսով կապւում է Յ. Սասունեանի հետ եւ յուզումով հարցնում, թէ ինչպէս կարելի է օգնել լիբանանահայ մեր հայրենակիցներին: Յ. Սասունեանն ուսումնասիրում է Լիբանանի կացութիւնը եւ պարզում, որ այդ ռմբակոծումներից հայ համայնքը մարմնական վնասուածքներ եւ զոհեր չունի, ուստի առաջարկում է Պարոն Քըրք Քըրքորեանին նիւթական եւ բարոյական օգնութիւն ցուցաբերել Լիբանանի բոլոր 28 հայկական վարժարաններին: Մեծ բարերարն անմիջապէս համաձայնւում է: Յ. Սասունեանը մէկ առ մէկ ուսումնասիրում է իւրաքանչիւր դպրոցի վիճակը, ուսուցիչների եւ պաշտօնեաների նախորդ մէկ տարուայ չվճարուած աշխատավարձերի քանակը, դպրոցական աշակերտների չվճարած ուսման վարձերի պարտքերը, ինչպէս նաեւ՝ իւրաքանչիւր դպրոցի տնօրէնութեան ընթացիկ ծախսերը: Այդ բոլորի ընդհանուր գումարը դառնում է 4,5 միլիոն տոլար:
Երբ սկսւում է 2006 թ. դպրոցական շրջանը, Յ. Սասունեանն այցելում է Լիբանան: 1969 թուականից ի վեր այդ նրա առաջին այցն էր Լիբանան: Նա այցելում է բոլոր 28 հայկական դպրոցները եւ իւրաքանչիւր դպրոցի տնօրինութեանն անձնապէս յանձնում այդ գումարի կէսը, որպէս առաջին կիսամեակի աշակերտական ուսման վարձ, իսկ 2007 թ. գարնանը, երկրորդ կիսամեակի սկզբին, բոլոր դպրոցների տնօրէններին յանձնում է մնացած գումարը, ներառեալ այն երկու դպրոցները, որոնք 37 տարի առաջ իրեն վտարել էին դրամ չունենալու պատճառով: Յ. Սասունեանը նաեւ բարեկամաբար խորհուրդ է տալիս տնօրէններին, որ երբեւէ ոեւէ աշակերտ նիւթականի չգոյութեան պատճառով դպրոցից չհեռացուի, ուսումից չզրկուի, քանի որ ոչ ոք չգիտի, թէ այդ աշակերտը, եթէ իր ուսումը շարունակի, ապագային ի՛նչ կարող է դառնալ՝ ուսուցիչ, տնօրէն, պրոֆեսոր, գիտնական, կաթողիկոս կամ դպրոցի բարերար: Այդ առիթով, Յ. Սասունեանը, յիշելով մօտ 40 տարի առաջուայ իր անգլերէնի ուսուցչուհի օրիորդ Օլիվիա Պալեանի սրտառուչ արարքը, որն ինքնակամ վճարել էր դպրոցի իր ուսման վարձը, փնտրում, գտնում է նրան Պէյրութի արուարձաններից մէկում, որտեղ մեն-մենակ ապրում էր արդէն տարիքն առած ուսուցչուհին: Յ. Սասունեանն այցելում է նրան Լիբանանահայ Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Գեղամ Սրբազան Խաչերեանի եւ իր մի քանի նախկին դասընկեր-դասընկերուհիների հետ միասին: Շուրջ 40 տարուայ ընթացքում առաջին անգամն էր, որ նա առիթ էր ունենում իր երախտագիտութիւնը յայտնել սիրելի ուսուցչուհուն, որն իր կատարած այդ գեղեցիկ արարքի մասին համեստօրէն լռում էր եւ չէր ուզում, որ յիշուի կամ խօսուի այդ մասին:
Այսօր Յ. Սասունեանը հանրաճանաչ հասարակական-քաղաքական գործիչ է եւ մի շարք աշխատութիւնների հեղինակ: Նա ծառայել է Լոս Անճելըսի PBS հեռուստաընկերութեան Համայնքային խորհրդատուական կազմում: Որպէս “The California Courier” շաբաթաթերթի խմբագրական մշտական սիւնակի փաստավաւերական եւ քաղաքական մեկնաբան, նրա վերլուծական արժէքաւոր գրուածքները նաեւ համացանցի միջոցով ընթերցող լայն շրջանակ ունեն: 2005 թ. ԱՄՆում լոյս է տեսել նրա «Հայոց Ցեղասպանութիւնը. Աշխարհը բարձրաձայնում է. 1915-2005. Փաստաթղթեր եւ հռչակագրեր» (“The Armenian Genocide: The World Speaks Out, 1915-2005, Documents and Declarations.” Glendale, California) անգլերէն հատորը, որը նոյն թուին Պէյրութում հրատարակուել է նաեւ արաբերէն թարգմանութեամբ: Յուսանք, որ գրքի հայերէն տարբերակը եւս լոյս կը տեսնի Հայաստանում:
Յ. Սասունեանն իր մասնագիտական փորձառութիւնը սիրայօժար փոխանցում է Հարաւային Քալիֆորնիայի Համալսարանի Հայկական Ուսումնասիրութիւնների Ինստիտուտի Ղեկավար Խորհրդին, ինչպէս նաեւ Փասատենայի Մեյֆիլդի Աւագ դպրոցի Տնօրէնների Խորհրդին:
Յարութ Սասունեանին յատուկ շքանշաններով պարգեւատրել են Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Ռոբերտ Քոչարեանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը։ Նրան շնորհուել է նաեւ Հայաստանի Հանրապետութեան երկքաղաքացու առաջին անձնագիրը, ինչպէս նաեւ ԱՄՆի համար ամենահեղինակաւոր, Քոնգրէսի պաշտօնական գրանցումներում արձանագրուող՝ Էլիս Այլընդի Պատուոյ Շքանշանը, որը յանձնւում է այն երեւելի ամերիկեան քաղաքացիներին, որոնք օգնել են իրենց էթնիկ խմբերին համարկուել ամերիկեան կեանքին՝ միաժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնութիւնը:
Ի դէպ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը, ինչպէս նաեւ միջազգային բարձրաստիճան այլ անձինք, ջերմօրէն շնորհաւորել եւ արժեւորել են Յ. Սասունեանի հասարակական-քաղաքական երկարամեայ բեղուն գործունէութիւնը:
Օրերս Լոս Անճելըսում բազմամարդ ու շքեղ հանդիսաւորութեամբ նշուեց “The California Courier” շաբաթաթերթի 50ամեայ յոբելեանը, որտեղ բարձր գնահատուեց Յարութ Սասունեանի բազմաբովանդակ, երախտաշատ առաքելութիւնը՝ պատիւ բերելով հայ ժողովրդին, որի երդուեալ ու նուիրեալ զաւակն է ինքը՝ Յարութ Սասունեանը: