

ՕՐԱԿԱՆ 8 ԲԱԺԱԿ ՋՈՒՐ, ԹԷ՞…
Անհրաժեշտ չէ բաժակները հաշուել։ Ըստ պահանջի ջուր խմելով` կարող ենք բաւականաչափ հեղուկ ստանալ առողջ եւ ջրով յագեցած մնալու համար։ Ջրով հարուստ սնունդը՝ ապուրները, միրգը, բանջարեղէնը, ինչպէս նաեւ հիւթերը, թէյը եւ նոյնիսկ սուրճը, օգնում են լրացնել անհրաժեշտ քանակը։ Պահանջուած ջրի քանակը կարող է փոխուել ըստ եղանակի, շարժունութեան եւ այլն:
ՁՈՒՆ ՎՆԱՍԱԿԱՐ Է ՍՐՏԻ ՀԱՄԱՐ, ԹԷ՞…
Օրական մէկ կամ երկու ձու ուտելը չի բարձրացնում սրտի հիւանդութեան հնարաւորութիւնը։ Այո՛, դեղնուցը պարունակում է խօլեստերին, բայց այն քանակը, որը կայ մէկ ձուի մէջ, այդքան վնասակար չէ՝ համեմատած ընդհանուր ճարպերի հետ, որոնք ստանում էք ամբողջ օրուայ ընթացքում։ Աւելին՝ ձուերը պարունակում են օգտակար նիւթեր, օրինակ՝ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք կարող են նուազեցնել սրտի հիւանդութիւնների հնարաւորութիւնը։
ՀԱԿԱՔՐՏԻՆՔԱՅԻՆ ՔՍՈՒԿՆԵՐԸ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԵՆ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ, ԹԷ՞…
Մի անհանգստացէք։ Որոշ գիտնականներ կարծում են, որ հակաքրտինքային (antiperspirant) քսուկների եւ դէզօդորանտների մէջ եղած քիմիական նիւթերը կարող են ներծծուել մաշկի միջոցով եւ հասնել կրծքագեղձի հիւսուածքներին՝ բարձրացնելով ուռուցքների առաջացման հաւանականութիւնը։ Սակայն Քաղցկեղի ազգային հիմնարկը յայտնում է, որ չկայ որեւէ ապացոյց, որ այս արտադրանքները կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ են:
ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԸ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌ Է, ԹԷ՞…
Սառը օդում երկար ժամանակ մնալը ձեզ չի հիւանդացնի։ Հակառակը` ցուրտը մեզ աւելի շատ կոփում է եւ բարձրացնում դիմադրողականութիւնը: Աւելի հաւանական է հիւանդանալ փակ սենեակում, որտեղ մանրէներն աւելի հեշտ են տարածւում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕՐԱԿԱՆ ՄՈՒԼՏԻՎԻՏԱՄԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ, ԹԷ՞…
Հնարաւոր է՝ դուք լսել էք, որ մուլտիվիտամինը (բազմատեսակ կենսանիւթ) կարող է լրացնել սննդակարգում բացակայող սննդանիւթերը։ Գիտնականները միանշանակ համաձայն չեն այդ հարցում։ Բայց եթէ ձեր բժիշկը խորհուրդ է տալիս ընդունել վիտամիններ, ապա ընդունէք։ Այնուամենայնիւ, սննդանիւթեր ստանալու լաւագոյն միջոցը մնում է առողջ սննդակարգը՝ լի միրգով, բանջարեղէնով, ամբողջական ձաւարեղէնով, ընկոյզով եւ առողջ իւղերով։
ՆԱԽԱՃԱՇԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՆԻՀԱՐԵԼ, ԹԷ՞․․․
Նախաճաշը օգնում է խուսափել պատահական սնունդից։ Բայց եթէ դուք նախաճաշ չէք սիրում, դա վատ չէ: Նախաճաշը բաց թողնելով մարդիկ օրուայ ընթացքում մօտ 400 կալորիա (ջերմուժ) պակաս են ստանում։ Եզրակացութիւն. նախաճաշից խուսափելը առողջ մարդկանց կարող է օգնել նիհարել։
ՇԱՔԱՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ, ԹԷ՞․․․
Շաքարն, անշուշտ, օգտակար չէ: Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ քաղցրը երեխայի շարժունութեան, չկենտրոնացման եւ անկառավարելի վարքի պատճառ չէ:
Աղբիւրը` webmd.com բժշկական կայք։