
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնարկը «Օղակ» ռազմական գործողութեան գծով հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«1990 թուականի վերջերին եւ 1991 թուականի սկզբներին իրավիճակն Արցախում աւելի էր ծանրացել: ԽՍՀՄ եւ Ադրբեջանի իշխանութիւններն ուժեղացրել էին ճնշումներն ու բռնարարքները: Խիստ մտահոգիչ էր վիճակը Հիւսիսային Արցախում: Դատարկուել էին Գետաբեկի, Թովուզի, Շամխորի եւ Դաշքեսանի շրջանները: 1990-1991 թուականներին Շահումեանի շրջանի, Գետաշէնի ենթաշրջանի, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայկական գիւղերում զինուած ինքնապաշտպանութիւն կազմակերպուեց` ընդդէմ խորհրդային զինուած ուժերի, ադրբեջանական միլիցիայի (ոստիկանութեան) յատուկ նշանակութեան ջոկատների (ОМОН) եւ զինուած գրոհայինների ահաբեկչական գործողութիւնների: Շահումեանի շրջանի ինքնապաշտպանութիւնն ստանձնեց Շահէն Մեղրեանը, Գետաշէնի ենթաշրջանինը` Թաթուլ Կրպէեանը, ԼՂԻՄինը` Մանուէլ Սարգսեանը, Բերդաձորի ենթաշրջանինը` Անդրանիկ Յարութիւնեանը: 1990 թուականի Նոյեմբերին ԼՂԻՄում ԽՍՀՄ քննչական մարմինների ձեռքն ընկան ադրբեջանական ԽՍՀ կառավարութեան գաղտնի նիւթերը, որոնց թւում` նաեւ Խանլարի եւ Շահումեանի շրջանների գիւղերից հայ բնակչութեան բռնի տեղահանութեան ծրագիրը: Այդ քաղաքականութեան գագաթնակէտը դարձաւ «Օղակ» («Կոլցօ») ռազմական գործողութիւնը: 1991 թուականի փետրուարին Ադրբեջանական ԽՍՀ Գերագոյն խորհրդի նստաշրջանը հաւանութեան արժանացրեց հանրապետութիւնից հայ բնակչութեան տեղահանութեան ծրագիրը: Նոյն թուականի Ապրիլի 10ին ադրբեջանական կառավարութեան անդամներից եւ զինուորականներից բաղկացած բարձրաստիճան մեծաթիւ պատուիրակութիւն այցելեց Գետաշէն եւ վերջնագիր ներկայացրեց Գետաշէն եւ Մարտունաշէն հայկական գիւղերի բնակչութեանը` վաճառել ունեցուածքը եւ 3 օրում արտագաղթել: Բնակիչները հրաժարուեցին պահանջը կատարել: Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Այազ Մութալիբովը կոչ արեց բռնի ուժով տեղահանել Շահումեանի շրջանի եւ Գետաշէնի ենթաշրջանի հայ բնակիչներին: «Օղակ» գործողութիւնը գլխաւորելու էր ԽՍՀՄ ՆԳ նախարարի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Բորիս Գրոմովը: Ապրիլի 15ին Գետաշէնի ենթաշրջանից եւ Մարտունաշէնից դուրս եկան ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի ստորաբաժանումները: Ոստիկանութեան անուան տակ գործող ադրբեջանական ՕՄՕՆականների պատժիչ ջոկատներն ստացան ազատ գործելու հնարաւորութիւն: Ապրիլի 21ին ադրբեջանական ՕՄՕՆի ջոկատները փորձեցին ներխուժել Գետաշէն եւ Մարտունաշէն, սակայն հանդիպեցին հայկական ինքնապաշտպանական ուժերի դիմադրութեանը եւ կորուստներ կրելով` ետ շպրտուեցին: Այդ պահից սկսած` գործողութեան ղեկավարումն ստանձնեցին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի եւ խորհրդային բանակի ստորաբաժանումները: Ապրիլի 23ին ՀՀ ԳԽ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը նամակ յղեց ԽՍՀՄ ղեկավարութեանն` առաջարկելով շտապ միջոցներ ձեռնարկել հայ ազգաբնակչութեան պաշտպանութեան եւ անվտանգութեան երաշխիքների ապահովման համար: Ապրիլի 26ից խորհրդային զօրքերի եւ ադրբեջանական ՕՄՕՆի կողմից սկսուեցին Գետաշէն գիւղի պաշարման նախապատրաստական գործողութիւնները: Ապրիլի 29ի լոյս 30ի գիշերը ադրբեջանական յատուկ նշանակութեան ջոկատները, ԽՍՀՄ զինուած ուժերի եւ ներքին գործերի նախարարութեան ներքին զօրքերի ստորաբաժանումների օժանդակութեամբ իրականացրին «Օղակ» ռազմագործողութիւնը, որին մասնակցեցին ընդհանուր թուով 207 միաւոր մարտական տեխնիկա (արհեստագիտական համակարգ)՝ շուրջ 100 տանկ (հրասայլ), մօտ 6000 հոգի մարդուժ, 6 ուղղաթիռներ: Ապրիլի 30ին թշնամին ներխուժեց Մարտունաշէն: Գիւղի ինքնապաշտպանական ուժերը` «Արաբօ» ջոկատը` Սիմոն Աչիքգէօզեանի եւ Պռոշեանի ջոկատը` Կարօտ Մկրտչեանի հրամանատարութեամբ անհաւասար մարտի բռնուեցին: Գիւղն անխնայ հրետակոծուեց․ շուրջ 200 տնտեսութիւն ունեցող Մարտունաշէնն ամբողջութեամբ աւերուեց: Խորհրդային բանակի հրամանատարութիւնն առաջարկեց կրակը դադարեցնել այն պայմանով, եթէ 48 ժամուայ ընթացքում Գետաշէնն ու Մարտունաշէնն ամբողջովին հայերից դատարկուեն` հակառակ դէպքում յարձակումը կը շարունակուի: Թէժ մարտերում հերոսաբար զոհուեցին Թաթուլ Կրպէեանը, Սիմոն Աչիքգեօզեանը, Մարտիրոս Շահնազարեանը, Արթուր Կարապետեանը, Վալերի Նազարեանը, Զարզանդ (Հրաչ) Դանիէլեանը եւ ուրիշներ: Ռազմական գործողութիւններին հետեւում էր յարակից բնակավայրերի ադրբեջանական բնակչութիւնը, որպէսզի հնարաւորութեան դէպքում հայերի ունեցուածքը թալանէր: Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերի հայ խաղաղ բնակչութեան զանգուածային բռնագաղթն սկսուեց Մայիսի 4ին եւ շարունակուեց մինչեւ Մայիսի 8ը: Մայիսի 7ին 3000-3500 մարդ ռազմական ուղղաթիռներով տեղափոխուեցին Ստեփանակերտ, այնտեղից էլ` Հայաստանի տարբեր շրջաններ: Այդ բոլորը կատարւում էր խորհրդային զինուորականների աչքի առաջ: Ահաբեկչական «Օղակ» ռազմական գործողութեան սանձազերծման ողբերգական օրերին աշխարհի առաջադէմ մտաւորականութիւնը ԽՍՀՄում, Արեւմտեան Եւրոպայում, ԱՄՆում, սփիւռքահայ բազմաթիւ կառոյցներ, հասարակական եւ կուսակցական կազմակերպութիւններ բողոքի ձայն բարձրացրին` իրենց զօրակցութիւնն ու ցաւակցութիւնն արտայայտելով կատարուած աննախադէպ պետական յանցագործութեան առնչութեամբ: «Օղակ» ռազմագործողութեան անցկացումը քաղաքական որոշում էր: Գործողութեան ժամանակ զոհուեց 41, վիրաւորուեց 70, պատանդ տարուեց 335 մարդ: Մինչեւ Օգոստոս տեղահանութեան ենթարկուեցին հայկական 24 գիւղեր եւս, սպաննուեցին աւելի քան 100 հայեր: «Օղակ» ռազմագործողութեան արդիւնքում ադրբեջանական իշխանութիւններին յաջողուեց հայաթափել եւ Ադրբեջանին բռնակցել Հիւսիսային Արցախի մի մասը: «Օղակ» գործողութեան ընթացքում իրականացուած ոճրագործութեան համար պատասխանատու են ԽՍՀՄ եւ ադրբեջանական ԽՍՀ քաղաքական եւ ռազմական ղեկավարութիւնները: Այս գործողութիւնն, ըստ էութեան, խորհրդաադրբեջանական համաձայնութիւն էր, որի նպատակն էր հայ բնակչութեանն իր բնօրրանից տեղահանել, արցախահայութեանն ահաբեկել` իրենց արդարացի պահանջներից հրաժարուելու եւ հայաթափելու նպատակով»: