
«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Իրաւագիտութեան դպրոցի «Խոստումը» մարդու իրաւունքների հիմնարկը ներկայացնում են 2025ի «Մարդու իրաւունքների եւ մարդասիրութեան ֆորում»ի օրակարգն ու բանախօսներին։ Այն տեղի կ՛ունենայ Մայիսի 7ին համալսարանի «Լասկին» կենտրոնում։
Այժմ, երբ անընդհատ ահագնացող համաշխարհային մարտահրաւէրներն ու մարդասիրութեան ոլորտի մեծ ցնցումները պահանջում են նոր լուծումներ, ֆորումին նպատակն է գտնել նոր մօտեցումներ՝ պաշտպանելու մարդկային արժանապատուութիւնը, նպաստելու արդարութեանը եւ կայուն խաղաղութեանը: Այն հարթակ կը տրամադրի համաշխարհային մտածողներին, նրանց, ովքեր զբաղուած են տարբեր ծրագրերի իրագործմամբ, ինչպէս նաեւ համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնողներին եւ գիտնականներին՝ մշակելու ռազմավարութիւններ՝ օգտագործելով տեղական շարժումների եւ երիտասարդ գործիչների ներուժը: Դրա նախորդ օրը՝ Մայիսի 6ին, «Աւրորա»ն կ՛անցկացնի մարդասիրութեան թեմայով գագաթնաժողով՝ համախմբելով աշխարհի տարբեր անկիւններում եւ Լոս Անջելեսում տեղական մակարդակում մարդասիրական աշխատանքով զբաղուողներին՝ քննարկելու ներկայ մարտահրաւէրները եւ դրանց յաղթահարման ճանապարհները:
«Այս տարի միջազգային օգնութեան ոլորտի ուժգին տեղաշարժերի համատեքստում՝ տեղում մարդասիրական աշխատանք իրականացնողների մօտ մէկ հարց է ծագում՝ ի՞նչ է լինելու յաջորդիւ։ Մեր նպատակն է մշակել լուծումներ, որոնք կ՛ապահովեն երկարատեւ ազդեցութիւն եւ կ՛աջակցեն առաջնագծում մարդասիրական եւ իրաւապաշտպան գործունէութիւն իրականացնողներին, որոնք իրենց կեանքը նուիրել են ուրիշներին օգնելու գործին», ասաց «Աւրորա»ի մարդասիրական նախաձեռնութեան ղեկավար Արմինէ Աֆէյեանը։
Ֆորումի մասնակից բանախօսների թւում են՝ «Աւրորա»ի համահիմնադիր եւ Տնօրէնների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերութեան հիմնադիր եւ գլխաւոր գործադիր տնօրէն, «Մոդերնա» ընկերութեան համահիմնադիր եւ Խորհրդի նախագահ Նուպար Աֆէյեանը, «Խաղաղութեան տան» (Maison Shalom) հիմնադիր եւ 2016ի «Աւրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցէն, Ամերիկայի միջազգային զարգացման գործակալութեան համաշխարհային առողջապահութեան գծով ղեկավարի նախկին տեղակալ Նիդհի Բորին, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Իրաւագիտութեան դպրոցի պրոֆեսոր եւ «Խոստումը» մարդու իրաւունքների հիմնարկի ուսումնական գծով ղեկավար Աննա Սփէյն Բրեդլին, Աֆրիկայի «Գբովէ» խաղաղութեան հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, 2011ի Խաղաղութեան Նոբելեան դափնեկիր, «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ Լէյմա Գբովէն, եզդի գործիչ, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպութեան համահիմնադիր, 2019ի «Աւրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան յաջորդ շրջանի համահիմնադիր եւ Տնօրէնների խորհրդի անդամ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչէ եւ Թամար Մանուկեանների անուան մարսողական հիւանդութիւնների բաժանմունքի ղեկավար եւ բարերար, ֆիլմարտադրող եւ ձեռներէց Էրիք Էսրայիլեանը, Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ եւ գլխաւոր գործադիր տնօրէն Քոմֆորթ Էրոն, «Կանանց համերաշխութիւն յանուն ներառական խաղաղութեան եւ զարգացման» կազմակերպութեան (SOFEPADI) համահիմնադիր եւ նախագահ, Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, 2021ի «Աւրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիէն Լուսենգէն, «Սքոլ» հիմնադրամի խորհրդի անդամ, ONE Campaign կազմակերպութեան նախկին գլխաւոր տնօրէն եւ Ամերիկայի Միջազգային զարգացման գործակալութեան նախկին ղեկավար Գէյլ Սմիթը, «Խոստումը» հիմնարկի գործադիր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար, Մարդու իրաւունքների դատավարական կենտրոնի ղեկավար Քեթրին Սուիթսերը, The Sentry-ի համահիմնադիր եւ «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ Ջոն Փրենդերգասթը, «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ եւ «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ Չելսի Քլինթոնը, Africa In the World գաղափարների փառատօնի հիմնադիր, «Պուլիցեր»ի դափնեկիր եւ «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ Դելէ Օլոջեդէն։
«Այս ֆորումը կարեւոր հարթակ է տրամադրում մարդու իրաւունքների եւ մարդասիրական աշխատանքի ապագան ուսումնասիրելու եւ տարբեր ոլորտների միջեւ համագործակցութիւնն ամրապնդելու համար՝ օգնելով ստեղծել աւելի արդար ապագայ բոլորի համար։ Մենք կոչ ենք անում հանրութեան աւելի լայն շերտերի միանալու մեզ՝ առաջ մղելով մարդու իրաւունքների ուսուցումը, հետազօտութիւններն ու ազդեցութիւնը՝ առաւել լսելի դարձնելով տուժած համայնքների ձայնը», նշեց Սուիթսերը։
«Խաչմերուկին. համալիր գործողութիւններ յանուն կայուն ապագայի» համընդհանուր խորագրով ֆորումը խթան կը դառնայ տարբեր հեռանկարներ նախանշողներին միաւորելու եւ ռազմավարական դաշինքների ձեւաւորման համար։
Բացի մարտահրաւէրները բացայայտելուց, ֆորումը կ՛ուսումնասիրի նաեւ այն ուղիները, որոնք խնդիրների արագ արձագանգմանը զուգահեռ կը նպաստեն մարդու իրաւունքների երկարաժամկէտ պաշտպանութեանը, զարգացման ռազմավարութիւններին եւ շրջակայ միջավայրի պահպանութեանը։ Գրանցուէք (events.auroraprize.com/event/2025-human-rights-and-humanitarian-forum/e660532) ձեր տեղն ամրագրելու եւ այս առանցքային քննարկմանը մասնակցելու համար։
Ֆորումը «Աւրորա»ի 10ամեակին նուիրուած կարեւոր միջոցառումներից մէկն է։ Անցած տարուայ ֆորումը մէկ յարկի տակ էր հաւաքել մարդասիրական խնդիրներով մտահոգ հարիւրաւոր հիւրերի եւ ուսանողների՝ մասնակցելու բովանդակային քննարկումների, որոնք անդրադառնում էին մարդու իրաւունքների եւ բռնի տեղահանման հրատապ խնդիրներին, համաշխարհային առողջապահական ճգնաժամին, կրթութեան իրաւունքի, կլիմայի փոփոխութեան, արհեստական բանականութեան, բարեգործութեան եւ սեռային հաւասարութեան թեմաներին։
10ամեակին նուիրուած միջոցառումների թւում են նշեալ ֆորումը, 2025ի «Աւրորա»ի հերոսների յայտարարումը Նիւ Եորքում՝ Սեպտեմբերին եւ «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութիւնն Էլիս կղզում՝ Նոյեմբերի 6ին: Այս միջոցառումները համանախագահում են՝ Նուպար Աֆէյեանը, «Աւրորա»ի Տնօրէնների խորհրդի անդամ, Memory Matters ընկերութեան հիմնադիր եւ տնօրէն Էլիս Գրինուալդը, Էրիք Էսրայիլեանը եւ «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ, Նիւ Եորքի «Կարնեգի» հիմնարկութեան նախագահ Լուիզ Ռիչարդսոնը։
(Հաղորդագրութիւնը՝ «Աւրորա»էն)