

Ատամի մէկ խոզանակի վրայ կարող է մինչեւ հարիւր միլիոն մանրէ բնակուել, դրանց թւում՝ աղիքային եւ մաշկային լուրջ հիւանդութիւնների պատճառ հանդիսացող ստաֆիլաքոք մանրէներ: Բերանի խոռոչը բազմաթիւ մանրէների բազմացման յարմար վայր է եւ ատամները մաքրելիս դրանք փոխանցւում են խոզանակի վրայ: Վարակը սահմանափակելու լաւագոյն տարբերակը՝ խոզանակը յաճախակի փոխելն է: Ատամնաբոյժները խորհուրդ են տալիս այն փոխել իւրաքանչիւր երեք-չորս ամիսը մէկ անգամ:
Բերանի առողջութիւնն սկսւում է ամենօրեայ սովորութիւններից։ Ատամները պէտք է մաքրել օրական առնուազն երկու անգամ՝ առաւօտեան եւ երեկոյեան։ Խոզանակով մաքրումը պէտք է տեւի մօտ 2 րոպէ՝ ընդգրկելով բոլոր մակերեսները՝ առջեւի, ետեւի եւ ծամող։ Օգտագործէք ատամների մաքրիչ թել, օրը մէկ անգամ՝ ատամների միջեւ մնացած սննդի մնացորդներն ու փառը հեռացնելու համար։ Սա նուազեցնում է լնդերի բորբոքման եւ կարիեսի առաջացման հաւանականութիւնը։ Օգտագործէք հակամանրէական ողողման միջոց՝ բերանում մանրէների քանակը նուազեցնելու եւ էմալը (արծնապակին) ամրացնելու նպատակով։
Բերանի մաքրութեան պահպանման համար կարեւոր են նաեւ առողջ սովորութիւնները.
– Սահմանափակէք քաղցր եւ թթու սնունդը,
– Խմէք առատ ջուր՝ բերանի բնական մաքրման համար,
– Խուսափէք ծխախոտի եւ նիկոտին պարունակող նիւթերի օգտագործումից, քանի որ դրանք կարող են առաջացնել լուրջ հիւանդութիւններ, ներառեալ բերանի քաղցկեղ։
Նոյնիսկ եթէ բերանի հետ կապուած խնդիր չէք նկատում, ցանկալի է ատամնաբոյժին այցելել 6 ամիսը մէկ։ Արհեստավարժ մաքրումը հեռացնում է ատամների վրայ գոյացած քարացումը, որը սովորական խոզանակով հնարաւոր չէ մաքրել։
Եթէ նկատում էք հետեւեալ ախտանիշները, հնարաւոր է՝ բերանի եւ ատամնաշարի խնամքը բաւարար չէ․
– Լնդերի արիւնահոսութիւն,
– Շնչառութեան մշտական վատ հոտ,
– Ցաւ կամ զգայունութիւն ատամներում,
– Շարժուն կամ թուլացած ատամներ։
Բերանի մաքրութիւնը ոչ միայն նպաստում է գեղեցիկ ժպիտին, այլ նաեւ կանխում է առողջական աւելի լուրջ խնդիրները։ Ճիշդ խնամքի շնորհիւ դուք կարող էք պահպանել առողջ ու ամուր ատամներ ողջ կեանքի ընթացքում։