
Լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանին Ադրբեջանը առեւանգել է 2020ի Նոյեմբերի 10ին, հրադադարի համաձայնագրի ստորագրման յաջորդ օրը: Վիգէնը զէնք կրող չէր, քաղաքացիական անձ էր, որը գերեվարուել է ադրբեջանական յատուկ ջոկատայինների կողմից՝ Շուշիից տարհանուելու ժամանակ: 2021ի Յունիսի 14ին նա դատապարտուեց 20 տարուայ ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչութեան եւ վարձկան լինելու ապօրինի մեղադրանքներով:
France24 լրատուական գործակալութիւնը յօդուած է պատրաստել Վիգէն Էօլճեքճեանի եւ Բաքւում պահուող միւս գերիների մասին: Վիգէնի կինը՝ Լինդա Էօլճեքճեանը, լրատուականի հետ զրոյցում պատմել է, որ օրեր շարունակ սպասելուց յետոյ հեռախօսին զանգ եկաւ եւ նա հազիւ ճանաչեց ամուսնու ձայնը։ «Նա կատակեց ինձ հետ. նախկինում դա երբեք չի արել: Համոզուած եմ, որ նրան հանգստացնող դեղեր են տալիս», ասում է Լինդան։
Գործակալութիւնը գրում է՝ Վիգէնն Ադրբեջանում պահուող 23 հայ պատանդներից մէկն է: Նրանց թւում են 2023ի Սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական յարձակումից յետոյ զանգուածային տարհանման ժամանակ ձերբակալուած Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ ռազմական առաջնորդները, այդ թւում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը եւ Արայիկ Յարութիւնեանը, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը։
«Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է ահաբեկչութեան, անջատողականութեան, պատերազմական յանցագործութիւնների մէջ: Ադրբեջանի դատական համակարգը «անկախ չէ եւ գործում է որպէս քաղաքական ճնշումների եւ գործադիր իշխանութեան ընդլայնման գործիք», France24 լրատուական գործակալութեանը տուած հարցազրոյցում ասել է ՄԻԵԴում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանոյշ Սահակեանը: Փորձագէտի խօսքով՝ Բաքւում ընթացող դատավարութիւնները չեն համապատասխանում միջազգային հիմնարար չափանիշներին, որոնք հաստատուել են այնպիսի փաստաթղթերով:
Միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները հաստատել են Բաքուի բանտերում համակարգուած խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի, ներառեալ ծեծի, կեղծ մահապատիժների, նուաստացման, քնից զրկման եւ ֆիզիկական բռնութեան դէպքերը: Այսպիսով, Ադրբեջանը հաստատել է հայերի նկատմամբ ցեղային խտրականութեան հիման վրայ պատժիչ միջոցներ կիրառելու գործելաոճը։
Յօդուածի միւս հատուածը Ռուբէն Վարդանեանի մասին է՝ «Ռուբէն Վարդանեան. Դիմադրութեան Խորհրդանիշ» ենթավերնագրով: Վարդանեանի ձերբակալութիւնը ամենաաղմկայարոյցներից էր: Սիրանոյշ Սահակեանը պնդում է, որ առաջադրուած մեղադրանքների մեծ մասն անհեթեթ են, նշելով. «Նրան մեղադրում են 1989ին Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժման մաս լինելու մէջ, երբ նա դեռ Մոսկուայի Պետական համալսարանի ուսանող էր»։
Յօդուածում խօսւում է նաեւ Վարդանեանի հացադուլի մասին: Վերջին դատական նիստերից տարածուեցին նկարներ, որոնցում երեւում էին նրա դէմքին բռնութեան հետքեր եւ քաշի նկատելի նուազում։ Չնայած նրա առողջական վիճակի վատթարացմանը՝ Ադրբեջանի դատարանը հրաժարուել է յետաձգել դատավարութիւնը՝ պահանջելով մասնակցել նիստերին։ Ռուբէն Վարդանեանը բանտից յայտարարել է, որ պահանջում է դատավարութիւնն անցկացնել բաց՝ միջազգային դիտորդների մասնակցութեամբ։ «Դատում են ոչ միայն ինձ եւ եւս 15 հոգու, այլ ամբողջ աշխարհի հայերին», յայտարարել է Վարդանեանը։ Նա նաեւ վերահաստատել է, որ 2022ին Ռուսաստանի քաղաքացիութիւնից հրաժարուելու եւ Լեռնային Ղարաբաղում հաստատուելու իր որոշումը լիովին գիտակցուած է եղել։
«Ադրբեջանում հայ բանտարկեալների վիճակի նկատմամբ միջազգային անտարբերութիւնն աճում է: Հայ պատանդներին ազատ արձակելու դիւանագիտական փորձերը մինչ այժմ անարդիւնաւէտ են եղել։ Չնայած մարդու իրաւունքների ոտնահարման ապացոյցներին, արեւմտեան կառավարութիւնները գործնական գործողութիւնները չեն ձեռնարկում, սահմանափակւում են միայն յայտարարութիւններով: Եւրախորհրդարանը դատապարտել է բանտարկեալների կալանաւորումը, սակայն չի սահմանել որեւէ պատժամիջոց, որը կը ստիպի Ադրբեջանին փոխել իր դիրքորոշումը», ասուած է France24-ի հրապարակած յօդուածում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ԿԵԴՐՈՆ