Արցախէն բռնի տեղահանուած անձերու իրաւունքներու պաշտպանութեան Քաղաքացիական հասարակութիւններու կազմակերպութիւններու ցանցը յայտարարութեան մը միջոցով Հայաստանի արտաքին գործոց նախարարութենէն պահանջեց վերատեսութեան ենթարկել իր վերջին յայտարարութիւնը, ըստ որուն, «Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութեան եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրի հրապարակումից յետոյ խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից»:
Ստորեւ՝ վերոնշեալ յայտարարութիւնը.
«Արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների (ՔՀԿ) ցանցը խորը մտահոգութեամբ եւ անհանգստութեամբ է արձագանգում Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան (այսուհետ` ՀՀ ԱԳՆ)` «Ազատութիւն» ռադիօկայանի հարցմանն ի պատասխան տրուած պաշտօնական յայտարարութեանը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութեան եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրի հրապարակումից յետոյ խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից»:
«Նման դիրքորոշումը անընդունելի է եւ հակասում է ինչպէս հայ ժողովրդի կենսական շահերին, այնպէս էլ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներին եւ մարդու իրաւունքների համընդհանուր չափանիշներին:
«Իրաւական հիմնաւորում եւ դիրքորոշում.
«1. Արցախի հարցը չի կարող «դուրս գալ օրակարգից». աւելի քան 150,000 արցախահայերի բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից հանդիսանում է էթնիկ (ցեղային) զտման ակնյայտ դրսեւորում, որը միջազգային հանրութեան կողմից չի կարող եւ չպէտք է ճանաչուի որպէս օրինական կամ իրաւաչափ իրողութիւն:
«2. Միջազգային-իրաւական պարտաւորութիւնների անտեսում. Միջազգային իրաւունքի համաձայն` արձանագրում ենք, որ դիւանագիտութեան ոչ բաւարար արդիւնքները որպէս իրաւական իրողութիւն ներկայացնելն անթոյլատրելի է: Սա նշանակում է հրաժարուել արցախահայութեան հիմնարար իրաւունքներից եւ լեգիտիմացնել (օրինականացնել) Ադրբեջանի կողմից իրականացուած բռնութիւնները:
«3. Միջազգային մարդասիրական իրաւունքի խախտում. Միջազգային մարդասիրական իրաւունքի համաձայն` բռնի տեղահանուած բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան եւ վերադարձի հարցը պէտք է մնա միջազգային օրակարգում մինչեւ դրա արդարացի լուծումը: Այն չի կարող «դուրս գալ օրակարգից» միայն այն պատճառով, որ հակամարտութեան մէկ կողմը միակողմանի հրամանագիր է ընդունել:
«4. Պաշտպանութեան պարտաւորութեան անտեսում. Հայաստանի Հանրապետութիւնը պարտաւորութիւն ունի պաշտպանելու հայութեան, այդ թւում` արցախահայութեան շահերը միջազգային ատեաններում: Փաստացի արդիւնքները վկայում են, որ արցախահայութիւնը մնացել է առանց պատշաճ պաշտպանութեան եւ ստիպուած է եղել լքել իր պատմական հայրենիքը:
«5. Միջազգային իրաւունքի տեսանկիւնից հակաիրաւական յղումներ. Ոչ օրինական եւ ոչ իրաւական է յղում կատարել «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրին»: Ուժի կիրառմամբ եւ սպառնալիքով պարտադրուած փաստաթուղթը չի կարող դիտարկուել որպէս օրինական եւ միջազգայնօրէն ճանաչուած իրաւական հիմք:
«Նորմատիւ (օրինաչափական) իրաւական ակտերի (օրէնքներու) մասին» Արցախի Հանրապետութեան օրէնքի համաձայն` իրաւական ակտերն ուժի մէջ են մտնում բացառապէս դրանց պաշտօնական հրապարակմանը յաջորդող օրուանից, եթէ այլ ժամկէտ սահմանուած չէ: Յատկանշական է, որ այդ հրամանագիրը որպէս իրաւական փաստաթուղթ տեղ չի գտել նորմատիւ իրաւական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) եւ չի հրապարակուել պաշտօնապէս:
«Մեր իրաւական պահանջները.
«1. Պահանջում ենք Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան դրոյթները եւ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները, անյապաղ վերանայել իր դիրքորոշումը եւ հրապարակաւ հաստատել, որ Արցախի հայութեան իրաւունքների պաշտպանութեան, անվտանգութեան եւ վերադարձի հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւն` անկախ Ադրբեջանի միակողմանի ապօրինի գործողութիւններից:
«2. Պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանման, էթնիկ զտման եւ վերադարձի հարցը ներառել Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան պայմանագրի բանակցութիւններում որպէս անբաժանելի բաղադրիչ:
«3. Կոչ ենք անում միջազգային հանրութեանը, ՄԱԿին, Եւրոպայի խորհրդին, ԵԱՀԿին եւ մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող միջազգային կառոյցներին` չճանաչել էթնիկ զտման արդիւնքները, պահանջել Ադրբեջանի Հանրապետութիւնից յարգել միջազգային իրաւունքը եւ ապահովել արցախահայերի անվտանգ ու արժանապատիւ վերադարձը իրենց բնակավայրեր` միջազգային երաշխիքների, մշտադիտարկման եւ պաշտպանութեան մեխանիզմների (գործիքակազմերու) ներքոյ:
«Արցախահայութեան կեանքն ու ապագան չեն կարող դառնալ միջպետական բանակցութիւնների զիջուող կէտեր: Մենք պահանջում ենք արդարութիւն, պատասխանատուութիւն եւ մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւն` համաձայն միջազգային իրաւունքի նորմերի եւ սկզբունքների»։