Ռ. ԿՈՐԻՒՆ

Մեր գրականութեան դասական տիտաններին յիշելով եւ նրանց յոբելեանը տօնակատարելով մեր երախտագիտութիւնն ենք ապացուցում նրանց եւ իրենց սրբազան աւանդը փոխանցում գալիք սերունդներին, որպէսի գրականութեան ոսկեայ կամարի շեմից մուտք գործեն նորեր՝ տաղանդաւոր գրողներ:
Ահա այդ նպատակով Լոս Անջելեսի միութիւնը Մարտի 26ի երեկոյեան կազմակերպել էր Ակսէլ Բակունցի ծննդեան 126 ամեակի յոբելեանը, միութեան կենտրոնատեղիում: Ակսէլ Բակունցն իր գրականութեամբ մեծ հետաքրքրութիւն է առաջացրել գրականագէտների մօտ, ինչպէս՝ Սուրէն Աղաբաբայեան, Ռաֆայէլ Իշխանեան, Սերօ Խանզադեան, Աւետիք Իսահակեան, Ռուբէն Զարեան, Գուրգէն Մահարի, Դաւիթ Գասպարեան եւ ուրիշներ: Նախքան բացումը սփռուեց մի տեսաժապաւէն Գորիսի մասին․ ներկայացւում էր Բակունցի սիրոյ եւ կեանքի որոշ կարճ դրուագներ: Ցոյց էր տրւում Բակունցի տուն թանգարանը, այն ընկուզենին տնկուած Բակունցի միջոցով, ծնողի հետ միասին, որը դարձել էր վիթխարի: Բակունցի ողբերգական մահից յետոյ ձգտել են ծառը հատել, սակայն մայրը թոյլ չի տուել:
Միջոցառման բացումը կատարեց միութեան վարչութեան անդամ Զաւէն Գրիգորեանը: Նա ուրախ ու ժպտուներես ողջունեց լսարանին, յոյս յայտնելով Բակունցին նուիրուած երեկոն մեր մէջ հետաքրքրութիւն կ՛առաջացնի կարդալ նրա հիանալի գրքերը, նրանց ընդմէջէն թափանցելու Բակունցի խորիմաստ գրականութեան մտքերին եւ մտածումներին:
Բեմ հրաւիրուեց Ռուբէն Կորիւնը ներկայացնելու Բակունցը: Ստորեւ հատուածներ նրա ելոյթից․
«Հայոց գրականութեան անդաստանը ծաղկել դարձել է հմայիչ շնորհիւ հանճարեղ գրողների… Փաղանգը պաշտելի եռամեծար վարդապետի ոսկեայ օղակով շղթան դարերի ընդմէջէն դէպի մեր ժամանակները զօդուող օղակներով՝ Յովհաննէս Թումանեան, Աւետիք Իսահակեան, Վահան Տէրեան, Եղիշէ Չարենց, Ակսէլ Բակունց, Պարոյր Սեւակ, Հրանդ Մատթեւոսեան եւ…»:


«Ակսէլ Բակունցը կարկաչող աղբիւրի պէս պարզ, անապակ գինու պէս ոգեշնչող պատկերախորիմաստ արձակի վեհանիստ գրողը…Բակունցի գրքերի իւրաքանչիւր էջը լի է գեղեցիկ եւ իմաստալից պատկերներով, երգիծական նուրբ ակնարկներով՝ չարի, վատի, կեղծի, ստրկացնողի եւ շահագործողի դէմ»:
«Թէ ինչպէս Բակունցը դարձաւ կասկածելի, հալածանքների ենթակայ եւ ապա մահուան դատապարտուեց. ազգային ոգու եւ աւանդութիւնների շունչով հրապարակումներով, 1930ականներից սկսեալ Բակունցն անընդհատ գտնւում էր պրոլետարական (բանուորական) գրողների հարուածների տակ։ Ի վերջոյ վրայ է հասնում 1936ի Օգոստոսի 9ի գիշերը, երբ ձերբակալւում է Ակսէլ Բակունցը։ 11 ամիս շարունակ սոսկալի կտտանքների է ենթարկւում «Չեկա»ի նկուղներում: Նա յոյս ունէր, թէ իրեն պիտի աքսորեն։ Չաքսորեցին, այլ՝ մահուան դատապարտուեց 1937ի Յուլիսի 7ին եւ գնդակահարուեց յաջորդ օրը, անհիմն մեղադրանքով որպէս ժողովրդի թշնամի…»։
Հանդիսավարը իւրաքանչիւր ելոյթից յետոյ լսարանի ուշադրութեան էր յանձնում Բակունցի գրքերից քաղուած ասոյթներ, ինչպէս այս մէկը՝ «Ջրին ասին ինչի՞ ես խշշում ասաց.-տեղս քարոտ է», կամ այս մէկը՝ «Հարուստի տունը ղոնաղ (հիւր ) եկաւ, աղքատի ուլը մորթեցին»:
Բեմ հրաւիրուեց Արմենուհի Սիմոնեանը, նա կարդաց Չարենցի ոգեշունչ բանաստեղծութիւնը գրուած 1936ի Հոկտեմբեր 14ի գիշերը եւ նուիրուած Ակսէլ Բակունցին. յուզումնալից գրութիւն, որը կարդացուեց ապրումով եւ ծափահարութեան արժանացաւ:



Հանդիսավարը բեմ հրաւիրեց Այդա Բաբումին ներկայացնելու իր գրութիւնը Խաչատուր Աբովեանի անհետացման վարկածների շուրջ, ապա բարձր գնահատեց Այդայի աշխատանքը միութեան գրադարանը կարգաւորելու գործում: Այդան ժամանակին Երեւանի համալսարանի ուսանող է եղել աւարտելով բանասիրական ճիւղը։
Հանդիսավարը «Յովնաթան Մարչ» վէպից ներկայացրեց այս ասոյթը՝ «Մարդ զարմանում է սա մարդկանց վրայ․ երկիր մը ունին, որու նմանը չկայ եւ չեն գիտնար երկրին համ ու հոտը», ապա նա ասմունքեց Վահան Տէրեանի՝ «Արարատին» բանաստեղծութիւնը, վճիտ զգացումներով եւ արժանացաւ ծափերի, ապա բեմ հրաւիրեց միութեան վարչութեան նախագահ՝ Հրանդ Աւանէսեանին:
Յարգելի նախագահն բանաւոր ներկայացրեց իր խորհրդածութիւնները Բակունցի՝ «Ալպիական Մանուշակը» պատմուածքի շուրջ: Նա յստակ ու պարզ արտայայտուեց, ասելով. «Պատմուածքը շատ հետաքրքրական է, որտեղ դերակատարների տարբեր աշխարհահայեացքներն են ներկայացւում մէկը միւսին չառնչուող եւ չհամընկնող, նկարիչը բնութեան հոգեհարազատութիւնն է տեսնում, բզէզը աշխարհը համարում է բուրաստան, հնագէտի համար կարեւոր է հնութիւնը՝ Կաքաւաբերդը, իսկ հնձուորը (գիւղացին) անտարբեր է իր շրջապատին: Այս պատմուածքից այն միտքն ու տեսակէտն է փոխանցւում, թէ մարդս ինչ դիրքի եւ պաշտօնի էլ լինի, պէտք է իր շրջապատի հետ հաղորդակից լինի»:
Հանդիսավարը որպէս յարգանք Ամերիկայի հայ գրողների եւ լրագրողների միութեան նախագահ Վազգէն Վանատուրին, որ հիւրաբար ներկայ էր գտնուել, հրաւիրեց արտայայտուելու: Նա բարձր գնահատելով ելոյթները, կարճ ու համառօտ ներկայացրեց Բակունցի բանտային կտտանքների մասին, սակայն ակնարկելով, թէ դեռեւս անյայտ մանրամասնութիւններ կան: Պատմեց Բակունցի վերջին ոդիսականի՝ գնդակահարութեան առնչուող եւ ենթադրութիւններ նրա գերեզմանի գտնուելու շուրջ, նկատի առնելով Գուրգէն Մահարու՝ «Ծաղկած Փշալարեր» վէպը, յաւելելով գրողի այրու յետագայ ճակատագրական վիճակին կապուող տեղեկութիւններ:
Շնորհակալական ջերմ խօսքերով հանդիսականները հրաւիրուեցին օգտուելու հիւրասիրութեան սեղանից: