
ԱՐԱՔՍ ԽԱՆԲԱԲԵԱՆ
Կիրակի, Փետրուար 16ին, մայէսթրօ, խմբավար Հրանդ Սեւդայեան Գլենդելի First Baptist եկեղեցւոյ սրահում հանդիսատեսին ներկայացաւ իր եւ մի քանի երաշժտասէրների կողմից 2009ին հիմնադրուած` Հանթինկթըն Պիչի Սիմֆոնիք նուագախումբով:
Խմբավար, երաժշտագէտ, դաշնակահար եւ օրգանահար Սեւդայեան փայլուն տիտղոսներով աւարտեց Հարաւային Քալիֆորնիայի համալսարանի երաժշտական մասնաճիւղը, կատարելագործելով խմբավարութիւնն ու օրգան նուագելը:
Օրուան յայտագրին մասնակցում էին` Դիլըն Հուանգ (դաշնամուր), մենակատար սոփրանօ, «Մովսէս Խորենացի» շքանշանին արժանացած Գայիանէ Գեղամեան եւ համաշխարհային համբաւի տէր թաւջութակահար Ռուսլան Բիրուքով:
Ծրագրի առաջին մասով հանդիսատեսը հմայեց փոքրահասակ Դիլըն Հուանգը, նուագելով Ռախմանինովի Piano concerto No. 2 ստեղծագործութեան առաջին եւ երկրորդ մասերը: Նա սկսած է դաշնամուր սովորել հինգ տարեկան հասակից եւ արժանացել է բարձր գնահատականների, հանդէս գալով Միացեալ Նահանգներու տարածքին եւ Եւրոպայի մէջ` Լոնտոն եւ Վիեննա:
Այնուհետեւ, հանդիսատեսի բուռն ծափերին արժանացաւ Գայիանէ Գեղամեանը, որ իր հմայքով եւ սոխակի ձայնով երգեց հինգ լեզուներով` հայերէն, ֆրանսերէն, իտալերէն, գերմաներէն եւ իսպաներէն:
Գայիանէ Գեղամեան բացի դասական կտորներէ, երգած է նորագոյն ստեղծագործութիւններ, համաշխարհային հեղինակութիւն վայելող երաժիշտների ընկերակցութեամբ: Նա մնայուն դասախօս է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցին եւ նրա ձայնի մշակման մասնաճիւղի պետ: 40 տարիների ընթացքին նա արժանացել է համաշխարհային հռչակի եւ տիրացած է Հարաւային Կորիայի համաշխարհային մրցոյթին Ոսկեայ բաժակին:
Կարճ դադարից յետոյ, հանդէս եկաւ թաւջութակահար Ռուսլան Բիրուքով, որ հմտօրէն կատարեց Առնօ Բաբաջանեանի թաւջութակի քոնչերթոն (համերգը), ընկերակցութեամբ նոյնքան հմուտ նուագախմբին:
Այնուհետեւ ձեռնարկի բուն աստղը` Գայիանէ Գեղամեան, ներկայացրեց հայկական ժողովրդական երգեր, ծանօթ ունկնդրողին:
«Նուբար-Նուբար»ը կարծես հրաւիրում էր պարի: Երգի տաղերը ուռճացրել եւ նուագախմբի յարմարացրել էր խմբավար Սեւդայեան:
Նա կատարեց նաեւ` «Երանի Թէ»ն (Ալեքսադր Աճէմեան), «Սիրոյ Գիշեր»ը (Խաչատուր Աւետիսեան) եւ մեր «նախկին երիտասարդներ»ի համար հմայիչ երգերից` Ալեքսանդր Յարութիւնեանի «Երգիր Ինձ Համար»ը: