
Զուիցերիոյ դաշնակցային ժողովի վերին պալատը` Քանթոններու խորհուրդը, 18 Մարտին ընդունեց թիւ 24.4259 նախագիծը` «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղութեան ֆորում. հայերու վերադարձի կարելիութեան ապահովում» խորագիրով: 46 անդամներէն 29ը թեր քուէարկեցին նախաձեռնութեան, որուն միջոցով Զուիցերիոյ իշխանութիւններուն կոչ կ՛ուղղուի հիմնելու առանձնացուած հարթակ` Լեռնային Ղարաբաղի եւ Ատրպէյճանի ներկայացուցիչներու միջեւ երկխօսութեան համար: Այս նախաձեռնութեան նպատակը բռնի տեղահանուած հայ բնակչութեան իր պատմական հայրենիքը ապահով հաւաքական եւ արժանապատիւ վերադարձին նպաստելը եւ զայն ապահովելն է:
Այս որոշումը ողջունեցին ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակը, Դիւանագէտներու համահայկական խորհուրդը եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունց։
Հայ Դատի գրասենեակին տարածած յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը. «Կարեւոր է նշել, որ որոշման հիմնաւորման մէջ յատուկ նշւում է, որ Ադրբեջանի կողմից 2023 թուականի Սեպտեմբերին իրականացուած ռազմական գործողութիւններից յետոյ Լեռնային Ղարաբաղը ամբողջութեամբ հայաթափուել է, ինչն էլ որակւում է որպէս «փաստագրուած էթնիկ (ցեղային) զտում»: Փաստաթուղթը շեշտում է, որ ադրբեջանական իշխանութիւնների ուղղակի սպառնալիքներն ու ռազմական գործողութիւնները տարածել են վախ եւ ստիպել հայ բնակչութեանը ընդամէնը մի քանի օրուայ ընթացքում լքել իրենց հայրենիքը: Այս որոշումը պարտաւորեցնում է Շուէյցարիայի կառավարութեանը ստեղծել միջազգային ֆորում` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի/արցախի հայերի ներկայացուցիչների միջեւ, որը կը խթանի արցախահայութեան վերադարձի իրաւունքը` միջազգային անվտանգութեան երաշխիքների ներքոյ` նրանց պաշտպանութեան ապահովման նպատակով: Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ողջունել է այս նոր զարգացումը․գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը մասնաւորապէս նշել է. «Շնորհաւորում եմ Շուէյցարիայի Կանտոնների խորհրդին` այս նախաձեռնութիւնը վաւերացնելու համար, որը նախկինում արդէն ընդունուել էր Ազգային խորհրդի կողմից: Հիմա ժամանակն է, որ Շուէյցարիայի կառավարութիւնը լիարժէք իրականացնի այս որոշման դրոյթները եւ խթանի արցախահայութեան անվտանգ եւ անխոչընդոտ վերադարձը դէպի իրենց հայրենիք: Նման ֆորումի ստեղծումը, որը կը հեշտացնի վերադարձի իրաւունքը միջազգային պաշտպանութեան երաշխիքներով, ոչ միայն յաղթանակ է հայ ժողովրդի համար, այլեւ յաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են արդարութեան եւ խաղաղութեան համար»:
Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունց իր եւ ամբողջ արցախահայութեան անունով մեծապէս ողջունեց այս որոշումը՝ ըսելով. «Մեզ համար առանձնակի կարեւորութիւն ունի այն փաստը, որ Շուէյցարիայի խորհրդարանի երկու պալատներն էլ` ինչպէս Ազգային խորհուրդը 2024 թուականի Դեկտեմբերի 17ին, այնպէս էլ այժմ Կանտոնների խորհուրդը, կողմ քուէարկեցին այս կարեւոր նախաձեռնութեանը: Այսպիսի միասնական եւ սկզբունքային դիրքորոշումը վկայում է միջազգային իրաւունքի եւ մարդասիրական արժէքների նկատմամբ Շուէյցարիայի յանձնառութեան մասին: Խորապէս գնահատում ենք Շուէյցարիայի խորհրդարանի կողմից Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ երկխօսութեան առանձնացուած հարթակ ստեղծելու կոչը: Արցախի բռնի տեղահանուած ժողովրդի անվտանգ, հաւաքական եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքը միջազգային իրաւունքի անքակտելի մասն է, ինչը բազմիցս հաստատուել է միջազգային տարբեր կառոյցների կողմից, այդ թւում` Միջազգային արդարադատութեան դատարանի եւ Եւրոպական խորհրդարանի բանաձեւերում: Մենք յոյս ենք յայտնում, որ Շուէյցարիայի Դաշնային խորհուրդը անյապաղ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր` Կանտոնների խորհրդի այս պատմական որոշումը կեանքի կոչելու համար:
Վերահաստատում ենք մեր պատրաստակամութիւնը` աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղուած են Արցախի ժողովրդի իրաւունքների եւ անվտանգութեան երաշխաւորմանը, ինչպէս նաեւ կայուն եւ արդար խաղաղութեան հաստատմանը տարածաշրջանում: Մէկ անգամ եւս խորին շնորհակալութիւն ենք յայտնում Շուէյցարիայի խորհրդարանին` ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման, մարդասիրութեան եւ Արցախի ժողովրդի ցաւին ու կարիքներին ցուցաբերած ուշադրութեան համար»:
Իսկ Դիւանագէտներու համահայկական խորհուրդին՝ այս գծով յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը. «Վերոնշեալ արձանագրումները յստակ ու անկողմնակալ յիշեցումներ են այն իրողութեան, որ Արցախի էջը չի կարող փակուել ուժի կիրառմամբ, էթնիկ (ցեղային) զտումներով եւ ցեղասպանական գործողութիւնների սպառնալիքով: Անգամ հայաթափուած վիճակում Արցախի հիմնախնդիրը չի կարող համարուել լուծուած: Այս իմաստով Շուէյցարիայի խորհրդարանի բանաձեւը գալիս է լրացնելու 2023թ. Նոյեմբերին Արդարադատութեան միջազգային դատարանի ընդունած որոշումը եւ Եւրոպական խորհրդարանի 2024թ. Մարտ ու Հոկտեմբեր ամիսներին ընդունած բանաձեւերը, որտեղ վերահաստատուած են բռնի տեղահանուած անձանց վերադարձի իրաւունքը: Թուարկուած բոլոր փաստաթղթերը վկայում են, որ կայ միջազգային յստակ եւ աներկբայ ընկալում Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնման հարցով, որ առանց այդ խնդրին անդրադառնալու հնարաւոր չի լինելու տեւական ու կայուն խաղաղութեան հաստատումը տարածաշրջանում: Մենք կարեւորում ենք նաեւ Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով ստեղծուած Յանձնախմբի բեղմնաւոր գործունէութիւնը, որի ջանքերով անցած մէկ տարուայ ընթացքում բաւարար հիմքեր են ստեղծուել տարբեր երկրներում եւ միջազգային կառոյցներում մեծածաւալ աշխատանք իրականացնելու համար: Միեւնոյն ժամանակ ստիպուած ենք փաստել, որ այս պատասխանատու գործում ՀՀ իշխանութիւնները բռնել են անտարբեր դիտորդի դերը: Խորհուրդը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպութիւններին, որոնք անկեղծօրէն ցանկանում են նպաստել Հարաւային Կովկասում կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանը, գործնականում սատարել Շուէյցարիայի խորհրդարանի որոշմանը` հայերի ու ադրբեջանցիների միջեւ երկխօսութիւն սկսելու եւ իրական հաշտեցման ճիշդ հիմքեր ձեւաւորելու համար»: