
«Գերագոյն Մարմինը Խստօրէն Դատապարտում Է Գաղտնի Բանակցութիւնների Արդիւնքում Հայաստանին Եւ Հայ Ժողովրդին Պարտադրուող Նոր Զիջումները»
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որի գերագոյն նպատակը սեփական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգութեան եւ բարգաւաճման ապահովումն է, չի կարող դէմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղութեանը: Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններն ու հերթական նոր զիջումները որեւէ առնչութիւն չունեն իրական եւ կայուն խաղաղութեան գործընթացի հետ:
Տեւական եւ կայուն խաղաղութիւն հաստատելու համար անհրաժեշտ է, որպէսզի Ադրբեջանի հետ համաձայնագիրը լինի յարաբերութիւնների կարգաւորման ամբողջական փաստաթուղթ, յարգի հայկական կողմի օրինական շահերը եւ ընդգրկի լուծումներ` կարգաւորման ենթակայ հարցերի ողջ փաթեթով:
Մինչդեռ Ադրբեջանի հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններն ու համաձայնեցուած փաստաթուղթը չի յստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինուած ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագայ ագրեսիան (յարձակումը), անգամ չի անդրադառնում Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած Արցախի եւ արցախահայութեան իրաւունքներին, այդ թւում` սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտուած իրաւունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը:
Բանակցուած փաստաթուղթն, ըստ էութեան, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վաւերացում:
Միաժամանակ, Հայաստանին շարունակաբար ներկայացուող նոր նախապայմանները, մասնաւորապէս` միջանցքի տրամադրման, սահմանադրութեան փոփոխութեան, Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դէմ ռազմական յանցագործութիւններ գործած անձանց» արտայանձնման, միջազգային դատական ատեաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերեալ հնչող պահանջներն ուղղակիօրէն խարխլում են Հայաստանի ինքնիշխանութիւնը:
Ակնյայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էութեան, նպատակադրւում է փակել Արցախի հարցը, ձգտում է դէ իւրէ ամրագրել ցեղասպանութեամբ, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը` միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարաւորութիւնը:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը խստօրէն դատապարտում է գաղտնի բանակցութիւնների արդիւնքում Հայաստանին եւ հայ ժողովրդին պարտադրուող նոր զիջումները եւ յայտարարում, որ չի ընդունելու որեւէ փաստաթուղթ, որը ստորագրուել է Հայաստանի պետական շահերի հաշուին:
ՀՅԴն վճռական է ՀՀ ինքնիշխանութեան, անվտանգութեան ապահովման, ինչպէս նաեւ թշնամական երկրի պահանջով ՀՀում Սահմանադրութեան փոփոխութիւնը թոյլ չտալու հարցում»:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
Մարտ 15, 2025, Երեւան