Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ) Նիկոլ Փաշինեանէն պահանջեց հրապարակել Արցախի հարցի կարգաւորման բոլոր միջնորդներուն պաշտօնական առաջարկները եւ Հայաստանի պաշտօնական պատասխանները: Այս մասին լրագրողներու հետ հանդիպումին ընթացքին ըսաւ ՀՀԿ Գերագոյն մարմինի անդամ Էդուարդ Շարմազանով:
«Թող հրապարակի, ՀՀ 3րդ նախագահի թիմը (խումբը) մտահոգուելու բան չունի եւ, կարծում եմ` ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների թիմերն էլ մտահոգուելու բան չունենց», ըսաւ Շարմազանով, ըստ որուն Հայաստանի երեք նախագահներու ժամանակաշրջանին Արցախը եղած է հայկական եւ անկախ: «Սերժ Սարգսեանի բանակցած վերջին պաշտօնական փաստաթուղթը եղել է Կազանեան փաստաթուղթը, որը հրապարակուել է, ու Նիկոլ Փաշինեանն է ասել, որ Կազանեան փաստաթուղթը երբեւէ առաջարկուած ամենալաւ տարբերակն է եղել», ըսաւ Շարմազանով:
Ըստ անոր՝ Կազանեան փաստաթուղթէն ոչ թէ Սերժ Սարգսեան հրաժարեցաւ, այլ` Իլհամ Ալիեւ, որուն մասին 2016ին Հայաստանի արտաքին նախկին նախարար Էդուարդ Նալբանդեանի հետ համատեղ ասուլիսին ընթացքին նշեց Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերգէյ Լաւրով: «Թող հրապարակի, հայ ժողովուրդն էլ տեսնի», յայտնեց Շարմազանով:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի խօսքերուն, թէ այլեւս Հայաստանի նախկին նախագահներուն հետ բանավիճելու ոչինչ ունի` Շարմազանով ըսաւ. «Իսկ իր հետ ո՞վ է բանավիճել, որ մի հատ էլ ինքը բանավիճելու չունի: Այնպիսի տպաւորութիւն է, որ պաշտօնաթող նախագահները գիւլլա են գցել Նիկոլի հետ բանավէճի գնան, ինքն էլ ասում է` բանավիճելու չունեմ: ՀՀ երեք նախագահներն էլ ասել են` հեռու խաղայ»։