
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԱՐԿԱՒԱԳ ԳՈՒՄՐՈՒՅԵԱՆ*
2024ը առանցքային էր Հայոց եկեղեցու Արեւմտեան թեմի շաբաթօրեայ դպրոցների համար, որովհետեւ Սփիւռքի պատմութեան մէջ, առաջին անգամ թեմապատկան միօրեայ վարժարանների ցանցը Ամերիկայի Արեւմտեան դպրոցների եւ քոլեջների միութեան կողմից (WASC) ստացաւ պետական արտօնագիր։ Նման հաւաստագիրը վկայութիւնն էր այն բանի, որ տուեալ կրթօջախները շարունակական, յարատեւ բարելաւման գործընթացի մէջ են, որը ոչ այլ ինչ է, քան որակեալ կրթութեան առհաւատչեայ։ Այս առաքելութեանը հաւատարիմ՝ դպրոցները շարունակում են իրենց ազգային ու հոգեմտաւոր գործունէութիւնը՝ մաշտոցեան սրբազան խորհրդին հաղորդակից դարձնելով շուրջ 1500 հայորդու, որոնք սովորում են տարբեր նահանգներում ու քաղաքներում գործող 17 դպրոցներում, ուր իրենց ազգանուէր ծառայութիւն են բերում մօտաւորապէս 100 նուիրեալ մանկավարժ։
Հաստատութիւնների կրթական կեանքի մշտական բարելաւման ուղղութեամբ տարին 3 անգամ, ըստ կանոնադրութեան, տեղի են ունենում տնօրէնների եւ կրթական յանձնախմբի անդամների ժողովներ։
Յունուարի 25ին, Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ նախ հոգաբարձուների, ապա միացեալ տնօրէնների հերթական հանդիպումները, որին առկայ եւ հեռավար մասնակցեցին կրթական ցանցի 22 ղեկավար։
Առանցքային քննարկման նիւթերից էր, միօրինակ ուսումնական կեանքի կազմակերպման, դպրոցների արհեստագիտական վերազինման եւ նոր կանոնադրական դրոյթների կիրառմանը վերաբերող հարցեր։ Սիրոյ եւ յարգանքի, ջերմ մթնոլորտում ներկաներն արձանագրեցին նաեւ անցնող շրջանի ձեռքբերումները, լսեցին առաջնորդի հայրական յորդորներն ու արժանացան նրա օրհնութեանը։ Սրբազանը, խոստացաւ նաեւ, որ առաջիկայում ինքը եւ կրթական յանձնախմբի անդամները պէտք է այցելեն դպրոցներ։
Հարկ է նշել, որ թեմապատկան շաբաթօրեայ դպրոցներն իրենց արգասաբեր գործունէութեամբ դարձել են ամերիկահայ գաղութի կարեւոր մշակութային օջախներից, որոնք իրենց իւրօրինակ լոյսով ու փայլով պայծառակերպում են հայութեան կեանքը՝ դառնալով հաւատի, յոյսի եւ սիրոյ անսպառ աղբիւր։
* Արեւմտեան թեմի շաբաթօրեայ դպրոցների հոգեւոր տեսուչ