
Քարտէզագէտ Ռուբէն Գալիչեանի Նոր Աշխատութիւնները՝ Ադրբեջանական Կեղծարարութիւնների Դէմ Անհերքելի Ու Բացառիկ Վկայութիւններ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հայաստանի դէմ Ադրբեջանի ծաւալապաշտական արշաւը վերջին շրջանում առաւել եռանդուն է արտայայտւում: Հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու, նրանց բռնի տեղահանելու քաղաքականութեանը զուգահեռ, Ադրբեջանի նախագահը շրջանառութեան մէջ է դրել «Արեւմտեան Ադրբեջան» կեղծ եզրոյթը, որի տարածքը, ըստ այդ երկրի նախագահի, ներկայիս Հայաստանի ողջ տարածքն է: Այս քաղաքականութեան շրջանակներում, փորձելով «օրինականացնել» իր նկրտումները՝ Ալիեւը թիրախաւորում է հայերի պատմական հայրենիքի տարածքները, հայոց պատմութիւնը, մշակոյթն ու նիւթական եւ ոչ-նիւթական ժառանգութիւնը: Ադրբեջանում հիմնադրուել է «Արեւմտեան Ադրբեջան» անուանումով պետական հեռուստատեսութիւն, «Արեւմտեան Ադրբեջանի համայնք» կոչուող կազմակերպութիւն, գիտական մակարդակով ստեղծւում է գրականութիւն՝ լի պատմական կեղծիքներով:
2024 թուականի Յուլիսին, աշխարհագրագէտ, քարտէզագէտ-քարտէզաբան Ռուբէն Գալչեանը հանրութեանը ներկայացրեց իր՝ «Ադրբեջանի 2014թ. Ազգային Ատլասի «Պատմական» Քարտէզների Քննութիւն Եւ «Արեւմտեան Ադրբեջան» Յօրինուած Եզրոյթը» անուանումով երկլեզու գիրքը, որը բացայայտում է ադրբեջանական կեղծարարութիւնները: «Երբ հետազօտեցի 2014 թուականին Ադրբեջանի կողմից հրատարակուած մեծածաւալ ատլասը, նկատեցի, որ այն պարունակում է նաեւ պատմական քարտէզների մի հատուած, որտեղ ներկայացուած էին, ըստ այդ ատլասի՝ Ադրբեջանի հնագոյն եւ միջնադարեան շրջանների քարտէզներ: Անչափ հետաքրքիր էր այդ հանգամանքը, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը, որը ծնունդ է առել 1918 թուականին, կարող է ունենալ եւ ցուցադրել, այսպէս կոչուած «պատմական քարտէզներ»: Ուսումնասիրութեան ընթացքում պարզուեց, որ համաշխարհային քարտէզներում, Ադրբեջան անուան բացակայութեան պատճառով, նրանք ծրագրում են ժխտել նաեւ Հայաստանի գոյութիւնը եւ այդ նպատակի համար նոյնիսկ կեղծում են պատմական քարտէզները՝ դրանց վրայից ջնջելով Հայաստան անուանումը, եւ աշխարհին ներկայացնում են կեղծածը՝ որպէս իրական պատմական քարտէզներ», «Ասպարէզ»ի հետ զրոյցում գրքի ստեղծման դրդապատճառների մասին նշում է Գալիչեանը: Ըստ հեղինակի՝ Ադրբեջանը հաւատում է այն ենթադրութեանը, որ եթէ կեղծ լուրերը պարբերաբար կրկնւում են, ապա կեղծիքն աստիճանաբար դառնում է ընդունուած տարբերակ եւ դիտարկւում որպէս իրողութիւն՝ յատկապէս իրականութիւնը ներկայացնող տեղեկատուութեան բացակայութեան պարագայում:
Ռուբէն Գալիչեանը, հրատարակել է եւս երկու գիրք՝ «Հայաստանն Ու Իր Սահմանները» եւ «Ղարաբաղի-Արցախի Համառօտ Պատմութիւնը» խորագրերով, որոնք ներկայացնում են Հայաստանն եւ Արցախը համաշխարհային հնագոյն եւ միջնադարեան քարտէզներում: Այս աշխատութիւնները կրթական եւ տեղեկատուական բացառիկ նմուշներ են, եւ միաժամանակ՝ ադրբեջանական կեղծարարութիւնները բացայայտող անհերքելի թղթապանակ: Ռուբէն Գալիչեանի գրասենեակը Երեւանում, հայոց պատմութեան իւրատեսակ շտեմարան է, որտեղ պահպանւում են Հայաստանի ու հայերի մասին համաշխարհային գրականութեան արժէքաւոր վկայութիւններ: Հայրենիք այցի շրջանակներում, չափազանց ոգեւորուած էի, որ հնարաւորութիւն ունեցայ ծանօթանալու Ռուբէն Գալիչեանի քարտէզների բացառիկ հաւաքածուներին, եւ հաղորդակցուելու հայկական աշխարհի ժամանակակից ամենավառ ներկայացուցիչների մէկի հետ, ում ուսումնասիրութիւնները պատմական նշանակութիւն ունեն:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Ադրբեջանի 2014թ. Ազգային Ատլասի «Պատմական» Քարտէզների Քննութիւն Եւ «Արեւմտեան Ադրբեջան» Յօրինուած Եզրոյթը» գրքում ի՞նչ բացայայտումներ էք կատարել:
ՌՈՒԲԷՆ ԳԱԼԻՉԵԱՆ.- Գրքում ներկայացնում եմ օտարերկրեայ քարտէզագրողների Ադրբեջանի կողմից կեղծուած քարտէզները եւ բացայայտում եմ այն կեղծիքները, որոնք, որպէս հիմնաւորում ներկայացնելով, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետութեան տարածքը կոչում է «Արեւմտեան Ադրբեջան»:
Ադրբեջանի կողմից հրատարակուած 450 էջանոց ատլասում, այդ երկիրը ներառուած է հնագոյն քարտէզներում, սակայն նման բան չի կարող լինել: Ադրբեջանական այս եւ նմանատիպ այլ թէզերի դէմ ամենազօրեղ փաստն այն է, որ այդ երկիրը ստեղծուել է 1918 թուականին, եւ մինչ այդ Արաքսից հիւսիս, Ադրբեջան անուանումով պետութիւն երբեւէ գոյութիւն չի ունեցել: Նրանց ատլասում առկայ քարտէզներում, օրինակ, նշւում է կովկասեան Աղուանքը, որի մասին ադրբեջանցիներն երբեմն ասում են, որ դա իրենց նախնիների հայրենիքն է, սակայն, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ խօսելիս, ասում են, թէ իրենք թուրք են: Սա վկայում է, որ իրենք էլ կողմնորոշուած չեն: Եւս մէկ հարց այս կապակցութեամբ, եթէ աղուաններ են իրենց համարում, ինչո՞ւ են աղուանական մշակոյթն ոչնչացնում, ինչպէս Ջուղայի գերեզմաննոցը 2005թ.ին:
Իմ գրքում բացայայտել եմ նրանց կեղծիքները՝ համաշխարհային տարբեր ժամանակաշրջանների քարտէզների միջոցով, եւ այդ բնօրինակները զետեղել եմ Ադրբեջանի կողմից կեղծուած քարտէզների կողքին: Ես հիմնականում վկայակոչում եմ օտար աղբիւրներին՝ յղում կատարելով այլազգի պատմաբանների ու գիտնականների աշխատութիւններին, այդ թւում՝ յունահռոմէական, լատինական, պարսկական, արաբական աղբիւրներ, որոնց դէմ որեւէ առարկութիւն չեն կարող ունենալ: Հայկական փաստերի վրայ չեմ կենտրոնանում, որ չասեն, թէ կողմնակալ եմ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կը պատմէ՞ք գրքում տեղ գտած որոշ քարտէզների մասին:
ՌՈՒԲԷՆ ԳԱԼԻՉԵԱՆ.- Կեղծարարութիւնների մասով նշեմ, օրինակ երկրորդ դարում պատրաստուած Պտղոմէոսի Փոքր Ասիայի քարտէզը: Ադրբեջանի կողմից ստեղծուած նոյն քարտէզում փորձ է արուել ջնջել Հայաստան անունը, բայց հաւանաբար իրականացնողը, չլինելով մասնագէտ, չի կարողացել գործն ամբողջութեամբ աւարտել: Լատիներէնով, Մեծ Հայքն ու Փոքր Հայքը, համապատասխանաբար՝ Armenia Maior եւ Armenia Minor են անուանուած, եւ կեղծուած տարբերակում ջնջուել է միայն Armenia բառն ու այդ տարածքը մնացել է դատարկ, մինչդեռ քարտէզի վրայ մնացել է Maior բառը, իսկ ներքեւի հատուածում էլ՝ Armenia Minor գրութիւնը:
1877 թուականին Օսմանեան կայսրութեան ռազմական նախարարութեան ստեղծած քարտէզում, օրինակ, Ադրբեջանը Իրանի նահանգ է, եւ գտնւում է Արաքս գետի հարաւային ափին, իսկ ներկայի Ադրբեջանի Հանրապետութեան տարածքը կոչուած է Շիրվան: Սա եւս մէկ փաստ է, որ մինչեւ 1918 թուականը Արաքս գետի հիւսիսային ափին Ադրբեջան կամ Արեւմտեան Ադրբեջան անունով պետութիւն առկայ չէ: Միաժամանակ, նոյն քարտէզում, Հայաստան անունը յիշատակւում է՝ մի տարածքի վրայ, որ հիւսիսում ձգւում է մինչեւ Էրզրում, հարաւում՝ Վան եւ Բիթլիս, արեւմուտքում՝ Մալաթիա, եւ արեւելքում՝ Սեւանի տարածքների վրայ: 1913 թ.ի օսմանեան մէկ այլ քարտէզում, կայ Հայաստան, Վրաստան եւ Պարսկաստան անուանումները, իսկ Ադրբեջան՝ գոյութիւն չունի: Ես ներկայացրել եմ նաեւ իսլամական քարտէզներ, որտեղ Հայաստանը կայ, իսկ Ադրբեջան անունով երկիր գոյութիւն չունի:
Գրքումս անդրադարձել եմ նաեւ 2007 թ.ին, Ադրբեջանի զբօսաշրջութեան եւ մշակոյթի նախարարութեան հրատարակած «Արեւմտեան Ադրբեջանի Յուշարձանները» անուանումով մի գրքի, որտեղ ՀՀ քարտէզը մակագրուած է որպէս «Օղուզ թուրքերի երկիրը՝ Արեւմտեան Ադրբեջանը, որը ներկայ Հայաստանի Հանրապետութիւնն է»: Հարիւր տարուայ պատմութիւն ունեցող Ադրբեջանն այսպէս է ներկայանում իր բնակչութեանն ու աշխարհին: Հայաստանի քարտէզն է պատկերում՝ ադրբեջանական տեղանուններով: Այդ գրքում նաեւ պատկերուած են հայկական տաճարներ եւ վանքեր, որոնք ներկայացուած են որպէս թուրքական կամ քրիստոնէաթուրքական յուշարձաններ, այդ թւում՝ Հաղարծինը, Նորավանքը եւ նոյնիսկ՝ Խոր Վիրապը:
Յուլիսին, գրքի շնորհանդէսից յետոյ, Բաքուի հեռուստաընկերութեամբ տեսանիւթ ցուցադրեցին, որ նուիրուած էր գրքիս, եւ ասւում էր, որ Ռուբէն Գալիչեանը, Հայաստանի վարչապետի կարգադրութեամբ, գիրք է գրել՝ կեղծելով պատմական իրականութիւնն Ադրբեջանի մասին: Մինչդեռ, ՀՀ վարչապետը հաւանաբար գաղափար էլ չունէր իմ գրքի մասին: Նոյն ծրագրում, գովերգում են իրենց ատլասն ու, նշում, որ Հայաստանը վերջիվերջոյ պէտք է ընդունի, որ իրականում Արեւմտեան Ադրբեջան է, եւ այդ մասին Ալիեւը բանակցում է Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագրի շրջանակներում՝ որպէս նախապայման սահմանելով ադրբեջանցիների վերադարձը իրենց «պատմական հայրենիք»:
Ցաւօք, մեր իշխանութիւններն ադրբեջանական այս լայնածաւալ քարոզչութեան դէմ համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, այնինչ մենք շատ ասելիք ունենք: Իմ գիրքն առաջին եւ դեռ միակ պաշտօնական-գիտական պատասխանն է Ադրբեջանի կեղծարարութիւններին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- 2024թ.ին լոյս ընծայուեց ձեր եւս մէկ աշխատութիւն՝ «Հայաստանն Ու Իր Սահմանները» գիրքը, որտեղ պատմական ու ժամանակակից բացառիկ եւ նաեւ գաղտնի քարտէզների միջոցով էք ներկայացնում Հայաստանի համար պատմական առանցքային դրուագները:

ՌՈՒԲԷՆ ԳԱԼԻՉԵԱՆ.- Այս գիրքս նախատեսուած է յատկապէս օտարների համար: Ես հանդիպել եմ Հայաստանում եւրոպական դիտորդների, ամերիկեան միջազգային իրաւաբանների, ովքեր աշխատում են Հայաստանի համար, եւ երբ նրանց հարցրեցի, թէ ծանօ՞թ են Հայաստանի ու Ադրբեջանի պատմութեանը, հիմնաւոր գիտելիքներ ունե՞ն երկու երկրների միջեւ առկայ խնդրի մասին, պատասխանեցին՝ ոչ: Այս գրքի աւելի պարզ օրինակը դպրոցականների համար վաղուց էի պատրաստել, եւ ՀՀ արտգործնախարարութեան խնդրանքով, սկսեցի աշխատել արդէն այս տարբերակի վրայ, սակայն նրանց կողմից հրատարակութեան հարցն այնքան ձգուեց, որ ինքս ֆինանսական միջոցներ գտայ եւ հրատարակեցի: Յետագայում, նախարարութիւնը, որոշ փոփոխութիւններ անելուց յետոյ, այս գիրքը տպագրեց, որ բաժանի իր հիւրերին ու տարածի, քանի որ հասկացան, որ շատ կարեւոր է:
Գրքում զետեղուած է յատուկ ընտրուած՝ կարեւոր եւ նոյնիսկ գաղտնի հնագոյն, միջնադարեան եւ ժամանակակից քարտէզների հաւաքածու, հիմնականում ստեղծուած օտարների կողմից, որ ներկայացնում է Հայաստանի սահմանները տարբեր ժամանակներում, դրանց պարբերաբար փոփոխութիւններն ու այդ փոփոխութիւնների հիմնական պատճառները: Քարտէզներին կից, կան նաեւ պատմական կարեւոր իրադարձութիւնների մասին հակիրճ տեղեկութիւններ:
Մեր պատմութեան դրուագները ներկայացնում եմ՝ սկսելով Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մօտ Բեհիսթունի արձանագրութիւնից, որ երեք լեզուով փորագրուել է մ.թ.ա. 523-521 թուականներին եւ այնտեղ յիշատակուած է Հայաստան անունը: Աշխարհի ամենահինը համարուող Բաբելոնեան քարտէզը, որ պատկերուած է կաւէ սալիկի վրայ, մ.թ.ա. 6րդ դարում ներկայացնում է այդ ժամանակահատուածում, այսպէս կոչուած, «յայտնի աշխարհ»ի մաս կազմող աշխարհագրական տեղանքները, որոնց շարքում է նաեւ Հայաստանը: Գրքում տեղ են գտել նաեւ մ.թ.ա. 5րդ դարի յոյն պատմիչ Հերոդոտոսի նկարագրութիւնների հիման վրայ ստեղծուած քարտէզը, յունահռոմէական, եւրոպական հնագոյն քարտէզներ, որտեղ Հայաստանը ներկայացուած է տարբեր սահմաններով, մինչդեռ Ադրբեջան պետութիւն երբեւէ չկայ: Հայաստանը յիշատակւում է նաեւ իսլամական քարտէզներում, օրինակ՝ 10րդ դարի Իբն Հոքալի քարտէզում, եւ սա այն դէպքում, երբ սովորաբար իսլամական տարածաշրջանային քարտէզները պատկերում են միայն մահմեդական երկրներին, սակայն Հարաւային Կովկասը պատկերող այս քարտէզում, կարելի է տեսնել Հայաստանը, որպէս միակ քրիստոնեայ երկիր: Ժամանակագրօրէն ներկայացնելով, հասնում եմ 1917 թուականին: Զետեղել եմ Բրիտանիայի արտգործնախարարութեան 1918 թուականի պաշտօնական զեկոյցի լուսանկարը, որտեղ խօսւում է նորաստեղծ երեք հանրապետութիւնների մասին Կովկասում, եւ նշւում է Հայաստանի եւ Վրաստանի անունները, եւ Թաթարական հանրապետութեան, որն աւելի ուշ վերանուանուեց Ադրբեջան: Պարսկաստանի բողոքագրի լուսանկարում էլ նշուած է, որ պէտք է վերանայուի նոր ստեղծուող երկրին Ադրբեջան կոչելու որոշումը, քանզի նման անունով նահանգ կայ Իրանում, սակայն այդ դիմումն այդպէս էլ արձագանգ չունեցաւ: Կայ Ադրբեջանի նկրտումների մասին վկայող մի քարտէզ, որ այդ երկիրն յղել էր Ազգերի Լիգային՝ պահանջով, որ այն բաւարարուի, որ սակայն չվաւերացուեց անիրական համարուելու պատճառով: Ադրբեջանը պահանջում էր, որ իր տարածքը ներառի Հայաստանի մեծ մասը, Վրաստանի եւ Թուրքիայի մի քանի շրջաններ:
Տպագրուած են նաեւ երկու քարտէզներ՝ կից տեղեկութեամբ, երբ 1920 թուականին, Ադրբեջանը ճանաչեց Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը որպէս Հայաստանի մաս: Սակայն, 1921 թուականին, Լենինը Նախիջեւանը տուեց Ադրբեջանին, իսկ 2021 թուականի Յուլիսին, Ստալինը այցելեց Բաքու, եւ Լեռնային Ղարաբաղը տրուեց Ադրբեջանին՝ ինքնավար մարզի կարգավիճակով:
Ներկայացուած է նաեւ այսպէս կոչուած «ադրբեջանական անկլաւներ»ի մասին տեղեկութիւն, երբ օրինակ, 1940 թուականին, քարտէզի վրայ յանկարծ յայտնուեց Տիգրանաշէն անկլաւը (միջերկիրը): 1939 թուականին Տիգրանաշէնը յանձնուել է Ադրբեջանին առանց որեւէ փաստաթղթի, եւ այսօր Ադրբեջանը մեզ ասում է, եթէ պնդում էք, որ այդ տարածքը հայկական է՝ դա փաստող փաստաթուղթ ցոյց տուէք: Իրականում, Տիգրանաշէնը Հայաստանի տարածքում է, եւ եթէ իրենք պնդում են, որ ադրբեջանական է՝ պէտք է իրենք փաստաթուղթ ցոյց տան, թէ մենք այդ երբ ենք այն իրենց տուել: Ադրբեջանի ենթակայութեանը հայկական տարածքների յանձնումը հիմնականում տեղի է ունեցել Անդրկովկասի կուսակցական կամ պետական մարմինների միակողմանի ու կամայական որոշումներով՝գրեթէ հաշուի չառնելով Հայաստանի իշխանութիւնների ու տեղի հայ բնակիչների շահերն ու պահանջները:
Խորհրդային Միութեան գաղտնի քարտէզներ էլ կան, որոնք պատահաբար յայտնուել էին համացանցում, եւ ես ներբեռնեցի, որից յետոյ ջնջուել էին: Ըստ այդ քարտէզների, Սեւ լճի տարածքը գրեթէ ամբողջը Հայաստանինն է, այնինչ հիմա Ադրբեջանը պնդում է, որ իրենցն է՝ ըստ կեղծած քարտէզի, սակայն 1991 թուականին իրենք վաւերացրել են բնօրինակը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր վերջին հրատարակութուններից՝ «Ղարաբաղի-Արցախի Համառօտ Պատմութիւն» գիրքն էլ, որ ստեղծուել է նախորդ գրքերի նոյն սկզբունքով: Ի՞նչ տեղեկութիւններ է այն հիմնականում պարունակում:
ՌՈՒԲԷՆ ԳԱԼԻՉԵԱՆ.- Անգլերէնով գրուած այս գիրքը ներկայացնում է Արցախի համառօտ պատմութիւնը քարտէզներով, յուշարձանների ու կոթողների լուսանկարներով եւ կից գրութիւններով: Գրքում ներառել եմ յոյն պատմիչ եւ աշխարհագրագէտ Ստրաբոյի՝ մ. թ. ա. 63ին Արցախի մասին յիշատակումը, որպէս Մեծ Հայքի նահանգ, եւ այլ պատմական փաստեր ու քարտէզներ, ըստ որոնց Արցախ անունը Եւրոպական քարտէզի վրայ յայտնուել է 1430 թուականներին: Տեղեկութիւն կայ նաեւ աշխարհահռչակ Current Biology պարբերականում տպագրուած գենետիկ (ծննդական) ուսումնասիրութեան մասին, ըստ որի Սիւնիքի եւ Արցախի տարածքներում բնակուող հայերը շարունակաբար ապրել են այդ տարածքներում ութից տասը հազար տարի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ադրբեջանը ֆինանսական ահռելի միջոցներ է ծախսում կեղծարարութիւններով լի նիւթեր ստեղծելու եւ աշխարհում տարածելու համար: Դուք, հիմնականում ձեր միջոցներով, տարիներ շարունակ ստեղծում էք դրանց հակազդող բացառիկ աշխատութիւններ: Արդեօք դրանք տարածւո՞ւմ են, պետական մակարդակով եւ անհատների կողմից: Այս առումով ի՞նչ ուղերձ ունէք Սփիւռքին:
ՌՈՒԲԷՆ ԳԱԼԻՉԵԱՆ.- 2005 թուականին, Ալիեւը, Ադրբեջանի գիտութիւնների ակադեմիայում յայտարարեց, որ առատաձեռն կը վարձատրի այն հեղինակներին, ովքեր գրքեր կը գրեն այն մասին, որ հայերն ընդհանրապէս կովկասում չեն ապրել: Հինգ տարի անց, նա նոյն ակադեմիայում շնորհակալութիւն յայտնեց նորաստեղծ բազմաթիւ պատմագրութեան գրքերի համար, որոնք «փաստում» են, որ պատմական հայկական տարածքներում ընդհանրապէս հայեր չեն եղել: Այդ գրքերը տպագրւում են բազմաթիւ լեզուներով եւ տարածւում աշխարհով: Դեռ 20 տարի առաջ, Ադրբեջանի տարեկան բիւջէն նման գրականութեան համար 70 միլիոն դոլար էր կազմում, նոյն ժամանակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնն ընդամէնը 70 հազար դոլար էր յատկացնում:
2015 թուականին, Ցեղասպանութեան 100ամեակին, ես Երեւանում քարտէզների ցուցահանդէս կազմակերպեցի, եւ 30 քարտէզով Հայաստանի պատմութիւնը ներկայացրեցի ԱԳՆի (արտաքին գործոց նախարարութեան) պատուէրով: Նախատեսւում էր, որ աշխարհի տարբեր հայկական դեսպանատներում նոյն ցուցահանդէսը կը կազմակերպուի, սակայն միայն հինգ դեսպանատուն այն կազմակերպեց կենտրոնական գրադարաններում, կամ համալսարաններում, եւ միւսներից ոչ մի արձագանգ այդպէս էլ չեղաւ:
Կարծում եմ, որ Սփիւռքը պէտք է զբաղուի նրանով, որ հայի ու Հայաստանի մասին այս տեղեկութիւնները հնարաւորինս բաժանուեն տեղի քաղաքական շրջանակներին հանրութեանը, քանի որ հասարակութիւնները, յատկապէս դիւանագէտները տեղեակ չեն մեր պատմութեանը, խնդիրների իրական պատճառներին: Նիւթերը պատրաստ են, գրքերը տպագրուած են, եւ պէտք է աշխատել դրանք տարբեր հարթակներում ներկայացնել՝ դասախօսութիւններ, ցուցահանդէսներ կազմակերպել, ցոյց տալ, թէ ինչպէս են Ադրեբջանցիները կեղծում պատմութիւնը՝ իրենց տեղը փաստելու համար, հայերի անունն էլ ջնջում են քարտէզներից, որ ասեն, տեսնում էք Հայաստան չի եղել եւ չկայ: