«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեան լրագրողներու հետ ունեցած զրոյցի մը ընթացքին անդրադարձաւ իշխանաւորներուն կողմէ հանրութեան մէջ յոռի երեւոյթները եւ հիմնական նիւթերէ շեղող հարցերը տարածելու երեւոյթին։ «Պատերազմից առաջ ուզում են մարդկանց զգօնութիւնը թուլացնել», ըսաւ ան՝ աւելցնելով. «Հայաստանում ամէն օր սպանութիւններ են, ռազբորկաներ (բաժանումներ) են: Խայտառակ իրավիճակ է թմրանիւթերի հետ կապուած: Ուսանողներից մինչեւ դպրոցական երեխաներ նստեցրել են թմրանիւթերի վրայ: Անգամ հասել են նրան, որ «զակլադկա» կոչուածները Եռաբլուրում են բաժանում: Այս ամէնի նպատակն է` մարդկանց զգօնութիւնը թուլացնել պատերազմից առաջ»:
Պատասխանելով լրագրողի մը դիտարկման, թէ, ըստ Փաշինեանի, Իջեւան երբեք այդքան ուրախ չէր եղած, որքան «Ֆեսթիվառ»էն ետք՝ Դանիէլեան ըսաւ. «Ինչի՞ հիման վրայ պիտի տաւուշցին ուրախ ու երջանիկ լինի: Որ Տաւուշի առաջնագիծը քանդել, տուել են թշնամո՞ւն եւ հէնց իրենց արտգործնախարարն է յայտնում, որ սպասւում է պատերազմ Հայաստանի վրա՞յ: Միայն Իջեւանի «Ֆէստիվառ»ի վրայ 30 միլիոնի ծախս են արել, որ ժողովրդին ասեն` ամէն ինչ լաւ է, մի մտահոգուէք, կեանքը կարճ է, վայելէք այս ուրախ պահերը»։
Դանիէլեան խօսեցաւ նաեւ Կիրանցի մասին՝ ըսելով. «Թշնամին արդէն Կիրանցում տեղաւորուել է եւ ճանապարհի եզրին արդէն կանգնելու են ադրեբջանցիները։ Ես գրաւոր հարցում եմ ուղարկել, թէ ի վերջոյ, որքա՞ն է կազմել փոխհատուցումը, որ տրուել է կիրանցեցիներին: Պատասխանել են, որ դա գաղտնի գրիֆի (ստորագրութեան) տակ է: Այսինքն, թաքցնում են, որովհետեւ տարբեր մարդկանց տարբեր գումարներ են տուել: Ով աւելի է դժգոհել, նրան շատ են տուել, ով հեշտ է համաձայնուել, քիչ են տուել: Նաեւ չեն բացայայտում, թէ որտեղից են յատկացուել այդ գումարները»: