

(Ծննդեան 120ամեակ)
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Յակոբ, Սեդրակի որդին, ծնուել է Փոքր Ասիայի Էսկիշեհիր քաղաքում 1904ի Մայիսի 15ին: Հայերէն տարրական գրագիտութիւնը ձեռք է բերել Կուտինայի (այժմ՝ Քէօթահիա) Հայ կաթողիկէ համայնքի դպրոցում: Այնուհետեւ սովորել է Կուտինայի թուրքական Սուլթանական վարժարանում:
Այս դպրոցում, հիմնականում ինքնաշխատութեամբ, Յակոբը անթերի տիրապետել է օսմաներէնին: Քիչ ժամանակ անց, 1919ին Յակոբը գնացել է Վենետիկ՝ Ս. Ղազար կղզու Վանքի Մխիթարեան վարժարանում ուսանելու:
Այդ ուսումնական հաստատութիւնում էին դասաւանդում հայ մշակոյթի եւ գիտութեան մի շարք խոշոր գիտնականներ, հայագէտներ:
Ուսումնառութիւնից յետոյ, երիտասարդ Յակոբի նպատակն էր ինչ-որ ձեւով Ֆրանսիա հասնել, ուր ապրում էր իր հայրը: Վերջապէս, 1924ի Մարտի 5ին, հայր եւ որդի գրկում են միմեանց Ֆրանսիայի հարաւում գտնուող Կաստելսարազէն գիւղաքաղաքում: Հազիւ մէկ ամիս ապրեցին միատեղ հայր եւ որդի: Անողոք մահը երկնային արքայութեան առաջնորդեց հօրը: Նրա մահից յետոյ Յակոբը չուզեց մնալ այդ գիւղական վայրում եւ կարճ ժամանակ անց մեկնեց Փարիզ` ուր ապրեց աւելի քան 11 տարի:
Այդ տարիների ընթացքում, Յակոբը ապրուստի համար զբաղուեց պատահական աշխատանքներով: Սովորեց կար անել, աշխատեց հագուստեղէնի արտադրութեան մէջ, որպէս առտնին (տնային) արհեստաւոր:
Այս շրջանում հայրս ազգային հասարակական կեանքի հետ շփուելու մղում զգաց: Նրա այդ հետաքրքրութիւնն էլ աւելի զօրացաւ, երբ դարձաւ Անիէր եւ Բուա-Կոլոմբ արուարձաններում ՀՅ Դաշնակցութեան «Եռագոյն» խմբի հիմնադիրներից մէկը («Եռագոյն» անուանումն ընդունուեց հենց իր առաջարկութեամբ): Յակոբը գործօն մասնակցութիւն ունեցաւ այդ տարիներին հիմնադրուած ՉՈՄի (Չափահաս Որբերի Միութիւն) մէջ, որը որպէս անկուսակցական կազմակերպութիւն, ցանկանում էր իր մէջ համախմբել Ցեղասպանութիւնից վերապրած հայ որբերին եւ առհասարակ հայ երիտասարդութեանը, եւ նրան դաստիարակել որպէս պայքարի նուիրուող կազմակերպութեան անդամներ:
Իբրեւ ՉՈՄի Փարիզի մասնաճիւղի ղեկավար, հայրս կազմակերպում էր դասախօսութիւններ, առիթ ստեղծելով, որ նոր սերունդը անմիջական շփման մէջ լինի հայ մտաւորականութեան ներկայացուցիչների հետ: Այս միջոցով է, որ յարաբերութիւնների մէջ էր մտել մշակութային գործիչներից Արշակ Չօպանեանի եւ Կարապետ Պասմաճեանի հետ: Միաժամանակ, մամուլում հանդէս գալու փորձեր էր կատարում: Այս հանգամանքը, սակայն, նրան ստիպեց վերանայել իր ազգանուան արմատը: Ի՞նչպէս կարող էր նա հասարակութեան առջեւ հանդէս գալ մի այնպիսի ազգանունով, որի արմատը բացայայտօրէն թրքական էր: Յակոբը որոշում է լեզուաբանօրէն տարրալուծել թրքաբոյր ՍԷՕՅԼԷՄԵԶ բառը, եւ նրա մասերի թարգմանութեամբ վերականգնել հայերէնով ԱՆԱՍ բառակազմի հիմքը, որն արդէն գոյութիւն ունէր` ԱՆԱՍԵԼԻ բառի մէջ, ի հակադրութիւն ԱՍԵԼԻ բառի:
Մտածելն ու որոշումն իրականացնելը մէկ եղաւ: Փարիզի «Հայ գաղթականների
Պաշտօնատան» 1929 թուակիր կարգադրութեամբ, Յակոբի ՍԷՕՅԼԷՄԷԶԵԱՆ ազգանունը դարձաւ` ԱՆԱՍԵԱՆ:
Հայկական ազգանունների ծագման մասին խօսելիս` Հրաչեայ Աճառեանը, ի շարս այլ օրինակների, օրինակ է բերում այդ փաստը.
Համալսարանում ունենք ԱՆԱՍԵԱՆ ազգանունով մի բանասէր: Հարցրի նրան այս ազգանուան ծագումը: Նա պատմեց, թէ իր պապը եղել է սակաւախօս մարդ, ուստի կոչել են` ՍՈՅԼԵՄԵԶԵԱՆ (թուրքերէն` «չխօսող, չասող»): Իր յաջորդները հայերէնի թարգմանելով այդ անունը դարձրել են ԱՆԱՍԵԱՆ, այսինքն` «չասողեան» (Հ. Աճառեան, «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի», հատ. Զ, Երեւան, 1971, էջ 770):
Որոշ ժամանակ անց, Յակոբը ամուսնացաւ Փարիզի Ռենսի արուարձանում հաստատուած Դպրոցասէր Տիկնանց վարժարանի սաներից Հայոց Ցեղասպանութիւնից վերապրած Վերժինէ Յովհաննիսեանի հետ:Վերջինս 1929ին աւարտելով վարժարանը, այնտեղ էլ հայերէն էր դասաւանդում:
Առօրեայ աշխատանքին զուգընթաց, Յակոբը Փարիզում հետամուտ եղաւ իր ուսուցումը շարունակելու: 1931ից մինչեւ 1934, ամբողջ չորս տարի, հետեւեց բանասէր-պատմաբան Կարապետ Պասմաճեանի մասնագիտական դասերին: Մշտապէս այցելում էր «Նուպարեան» մատենադարան, որտեղից գնել էր մեծ քանակութեամբ մասնագիտական գրքեր, որոնց օգնութեամբ սկսում է գիտական լուրջ յօդուածներ հրատարակել մամուլում: Յակոբի մի նիւթի վերաբերեալ Պասմաճեանը, իր աշակերտին տուած ուսումնական վկայականում, այս յօդուածը համարել է «Փոքր, բայց կարեւոր աշխատութիւն, զոր կարելի է համարել իբր իր աւարտաճառ»: Հետագայում, երբ Յակոբ Անասեանը ընտանիքով տեղափոխուել էր Հայաստան, Երեւանի Պետական համալսարանի դասախօսներից պրոֆ. Խաչիկ Սամուէլեանն այն համարել է․ «Արժէքաւոր եւ խիստ շահեկան աշխատութիւն, որտեղ հեղինակը ցուցաբերում է պատմագիտական ուսումնասիրութիւն կատարելու ունակութիւն… Հետեւապէս ընկ. Անասեանը միանգամայն նոր բան է ասում, նոր տեսակէտ է արծարծում, որը կարեւոր նշանակութիւն է ներկայացնում հայ պատմագիտութեան մէջ»:
Այդ յօդուածի շնորհիւ, 1939ին Անասեանը դառնում է Համալսարանի Գիտական ամբիոն անդամ:
1936ին Անասեանի ընտանիքի կեանքում տեղի ունեցաւ պատմական իրադարձութիւն:
Արշակ Չօպանեանի եւ Աւետիք Իսահակեանի երաշխաւորութեան շնորհիւ,: Հայաստանի կառավարութիւնը, ի յարգանս հայ մտաւորականութեան այս անուանի ներկայացուցիչների, ՀՕԿին հրահանգել է ընդառաջել նրանց խնդրանքին, որի արդիւնքում Յակոբի ընտանիքը նոյն թուականի Մայիսին ոտք դրեց սովետական հողի վրայ:
Հայաստան հաստատուելու առաջին իսկ օրուանից, Յակոբն անցաւ աշխատանքի Երեւանի Պետական համալսարանում, որպէս գիտական աշխատող: Մի քանի ամիս անց նշանակուում է Մառի անուան գիտական բաժնի վարիչ:
Հայրենական պատերազմի առաջին իսկ օրուանից Յակոբը զօրակոչուեց բանակ:
Գերմանացիների ահեղ գրոհի արդիւնքում 1942ին, Կերչի նեղուցում, 40 գումարտակի եւ այլ զօրամասերի հետ միասին, գերի է ընկնում գերմանացիների ձեռքում եւ տարւում Բուխարեստին մօտակայ Բոլգրադ գիւղաքաղաքի ռազմագերիների թիւ 8 կայան:
Բոլգրադի կայանում հայրիկս, որպէս մտաւորականի, ազատուել էր ֆիզիկական աշխատանք կատարելուց: Նման մարդասիրական վերաբերմունքի համար նպաստաւոր եղաւ այն հանգամանքը, որ նրա տոպրակի եւ շինելի (զինուորական վերարկու) թեւերի միջից գերմանացի սպաները յայտնաբերեցին մի քանի գրքեր եւ ձեռագրային շատ նիւթեր, որոնք սկզբում բռնագրաւուեցին, բայց ստուգումներից յետոյ վերադարձուեցին որպէս գիտական աշխատանքներ:
Բոլգրադ կայանի հրամանատարը (Լազարովիչ), որ ծագումով հայ էր, թոյլ էր տուել, որ Յակոբը շարունակի իր գիտական գործունէութիւնը:
Այս շրջանում Յակոբը տեղեկութիւններ էր հաղորդել իր վիճակի եւ աշխատանքների մասին Փարիզ` Արշակ Չօպանեանին եւ շնորհալի գրագիտուհի Աղաւնի Փիրփիրեանին: Նրանք տեղեակ դառնալով Յակոբի վիճակի մասին, տեղեակ են պահում գրականագէտ եւ գրաքննադատ Յակոբ Սիրունուն, որը Բուխարեստում էր ապրում: Սիրունին երկիցս այցելել է նրան:
Յակոբ Սիրունու եւ հայրիկիս գլխաւորած Հայ Ռազմագերիների օգնութեան յանձնախմբի ջանքերով, 1943ի վերջերին նրան տեղափոխել են մէկ ուրիշ` աւելի նպաստաւոր պայմաններ ունեցող ռազմակայան: Որոշ ժամանակ անց, յատուկ կարգադրութեամբ, այնտեղից «աշխատանքի» են տանում Քեթիլայի շաքարի գործարան, որը հայկական ձեռնարկութիւն էր, որի տէրն էր մեծահարուստ Ֆրենգեանը: Այս ձեռնարկութիւնում էր, որ հայրիկիս համար ստեղծել են բնակութեան եւ ապրուստի հանգստաւէտ պայմաններ: Այնտեղ, նշանակուելով որպէս գրասենեակային պաշտօնեայ, հնարաւորութիւն ունեցաւ ուսումնասիրելու ռումիներէնը` մինչեւ 1944ի յեղաշրջման օրը, երբ Ռումինիան իր զէնքը շրջեց գերմանացիների դէմ:
Ի տես այդ օրուայ վտանգաւոր խառնաշփոթութեան, Յակոբը խոհեմութիւն համարեց փախուստ տալ եւ հետիոտն ճանապարհով 12 կիլոմետր քայլելուց յետոյ հասաւ Բուխարեստ:
Ի վերջոյ, 1945ի Յուլիս ամսին, սովետական ռազմական ստուգողական մարմնի թոյլատրում է նրան վերադառնալ հայրենիք եւ անցնել իր նախկին աշխատանքին՝ Պետական համալսարանում:
1947ին Յակոբը աշխատանքի անցաւ Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի պատմութեան հիմնարկում: Որպէս պատմագիտական կարեւոր ուսումնասիրութիւն, Յակոբի «17րդ Դարի Արեւմտահայ Ազատագրական Շարժումների Պատմութիւնից» աշխատութիւնը իշխող կուսակցութեան հրամանով մերժւում է հրատարակել այն պատճառաբանութեամբ, թէ նիւթի մէջ ազատագրական շարժման քաղաքական կողմնորոշումը ռուսական չէ, այլ` արեւմտաեւրոպական, հետեւաբար՝ «գիտական չէ»:
Ստալինեան ճնշումների եւ անհատի պաշտամունքի այդ տարիներին, մի այլ ծանր հարուած էր սպասում հայրիկին:
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի (Համայնավար կուսակցութեան Կեդրոնական կոմիտէ) հրահանգն էր`վտարել աշխատանքից բոլոր նրանց, ովքեր պատերազմի ժամանակ գերութեան մէջ են գտնուել:
Յակոբի դիմում-բացատրագրերը` ուղղուած ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումեանին եւ Կենտկոմին` ոչ մի ցանկալի արդիւնք չտուին:
Միայն նոյն տարուայ Նոյեմբերի վերջերին էր, որ թոյլ տրուեց վերականգնել նրա արդարացի իրաւունքները: Եղած «թիւրիմացութեան» եւ անգործութեան շրջանի համար նիւթական հատուցում չստացաւ Յակոբը:
Հայրիկս Ստալինեան վարչակարգի դաժանութիւններին ենթարկուեց նաեւ 1952ի աշնանը, երբ Հայաստանի KGB-ի երկու գործակալներ խարդաւանքով քանիցս գաղտնի հարցաքննութեան տարան նրան`կենսագրական որոշ հարցեր լուսաբանելու պատրուակով:
«Հարցաքննութիւնը» տեղի ունեցաւ մի կողմնակի վայրում: Առաջին իսկ րոպէից նրանք ազդարարեցին. «Պէտք է իմանաք, որ մեր երկրում կայ երկու տեսակ օրէնք` գրուած օրէնք եւ չգրուած օրէնք: Առաջինի մասին դուք արդէն գիտէք, իսկ երկրորդի մասին` մենք յայտնում ենք ձեզ հիմա: Այս րոպէից սկսած` դուք գտնւում էք չգրուած օրէնքի ազդեցութեան տակ: Վերջնականապէս: Ձեր կեանքը ենթարկւում է այս օրէնքի պահանջներին: Դուք իրաւունք չունէք ոչ ոքի յայտնելու մեր եւ ձեր միջեւ ստեղծուող կապի մասին` ոչ ձեր հարազատներին, եւ ոչ էլ ձեր բարեկամներին ու ընկերներին: Ոչ աշխատանքի վայրում եւ ոչ էլ պետական մարմիններում: Եթէ որեւէ առիթով գործ ունենաք նրանց հետ` մենք ձեզ չենք ճանաչում: Դուք հիմա յանձնառութիւն էք գրում, որ մեր օրէնքը խախտելու դէպքում` պատասխանատու էք ձեր կեանքով»:
Առաջին հանդիպման ընթացքում պարզուեց, ուրեմն, որ այս գործիչների նպատակը ոչ թէ Յակոբի կենսագրական տուեալներ ճշդելն էր, այլ սարսափի ենթարկելով նրան` յանձնառու դարձնել լրտեսութիւն կատարելու իր շրջապատում, յատկապէս իր գիտական գործունէութեան շրջանակում: Այնուհետեւ շաբաթական պարտադիր հանդիպումներով եւ հետզհետէ ուժեղացող սպառնալիքներով, այդ գործիչները աշխատանք էին պահանջում Յակոբից, բայց չէին կարողանում նրանից որեւէ ցուցմունք ստանալ որեւէ մէկի մասին:
Եւ երբ 1953ի Մարտի 5ին մահացաւ Ստալինը, այդ գործիչներն ինքնաբերաբար անյայտացան, ըստ երեւոյթին ներքին գործերի նախարարութիւնում ծագած ներքին խլրտումների հետեւանքով:
Այդ ամիսների ընթացքում հայրս հոգեկան ահաւոր ողբերգութիւն էր ապրում` չկարողանալով մէկ րոպէ անգամ կենտրոնանալ գիտական աշխատանքների վրայ, որովհետեւ այդ չարաղէտ գործիչներն ասել էին, թէ ազատում չունի դժոխային այդ վիճակից դուրս գալու:
…1978ի Յուլիսի 13ին օդանաւը մեր ընտանիքին Հռոմից փոխադրեց Լոս Անջելէս, ուր եւ հաստատուեցինք վերջնականապէս:
Լոս Անջելէսում, առաջին իսկ Կիրակի օրը, ես դարձայ Հոլիվուդի Ս. Յոհաննու Կարապետ եկեղեցու երգչախմբի ղեկավարը: Այդ երգչախմբի հիմքի վրայ էր, որ 1979ին հիմնադրեցի «Սիփան» երգչախումբը:
Դրանից բացի, ճամփորդական մի ընկերութեան հովանաւորութեամբ հիմնեցի «Հայարուեստ» պարբերականը, որն իր բնոյթով առաջինն էր Լոս Անջելէսում: Խմբագիրն ու սրբագրիչը հայրս էր, մեծանուն գիտնական Յակոբ Անասեանը: Թերթի առաջին համարը լոյս տեսաւ 1978ի Հոկտեմբերի 1ին: Այդ կապակցութեամբ, թերթի արտօնատէր Վարդգէս Նազարեանը Հոկտեմբեր 6ին կազմակերպեց համերգ-երեկոյ` «Հայկական ժողովրդական եւ գուսանական երգի երեկոյ» անուանումով, մասնակցութեամբ երգիչ Յարութ Փամբուկչեանի, երգչուհի Մարիէտա Անասեանի եւ քանոնահար Արա Սեւանեանի: Նորակազմ նուագախումբը ղեկավարեց Հենրիկ Անասեանը:
Սկզբնական շրջանում «Հայարուեստ»ի խմբագրութիւնում էր անցնում իմ օրը: Հայրիկս, այդ խոշոր գիտնականն ու հայագէտը, նստում էր կողքիս, սեղանի առջեւ, եւ համեստօրէն սրբագրի դէրում ուղղում էր «Հայարուեստ»ի նիւթերը, եւ յետոյ` թեւի տակ դրած թերթի կապոցը, գնում էր նամակատուն` փոքրաթիւ բաժանորդներին ուղարկելու համար թերթի նոր համարը:
Խմբագրատանը հայրս ծանօթացաւ Վիեննայի Մխիթարեան միաբանութեան երկու անձանց հետ` հայր Միքայէլ Ագեանի եւ հայր Գրիգոր Հեպոյեանի հետ: Այս ծանօթութիւնն առիթ հանդիսացաւ, որ նա կրկին սկսի աշխատակցել Վիեննայի «Հանդէս Ամսօրեայ» ուսումնաթերթին եւ Վենետիկի «Բազմավէպ» ամսագրին։
1979ից սկսեալ, Լոս Անջելէսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA) հայրիկիս պաշտօնի էր հրաւիրել որպէս գիտահետազօտական աշխատակից՝ Մերձաւոր արեւելեան ուսումնասիրութիւնների կենտրոնում, եւ միաժամանակ որպէս անդամ համալսարանի Հայագիտութեան ամբիոնի (տնօրէն`պրոֆ. Աւետիս Սանճեան):
Այս առթիւ, իր կատարած հրապարակային հաղորդման մէջ պրոֆ. Սանճեանը գրում էր. «Դոկտ. Անասեան պիտի վայելէ մեր համալսարանի հայագիտական ամբիոնի ընձեռած բոլոր առանձնաշնորհումները եւ դիւրութիւնները, որպէսզի կարենայ դիւրութեամբ շարունակել իր գիտական աշխատանքները: Մենք առանձնապէս երջանիկ կը զգանք, որ իբրեւ պաշտօնակից մեր մէջ կ՛ունենանք իրեն նման առաջնակարգ վաստակ եւ համբաւ ունեցող գիտնական մը»:
Յակոբ Անասեանի աւելի քան համեստ լինելու վկայութիւններից մէկն էլ այն է, որ նա չի յիշատակել համալսարանի հաշուին` իր գիտական աշխատանքների համար երեք ամսով Երուսաղեմ գործուղուելու փաստի մասին:
1984ի Մայիսի 6ին, Պասադենայում տեղի ունեցաւ Յակոբ Անասեանի ծննդեան 80-ամեակին եւ գիտական գործունէութեան 50ամեակին նուիրուած յոբելեանական հանդիսութիւն, որը կազմակերպուած էր Լա Վեռն համալսարանի եւ երեք մշակութային միութիւնների կողմից:
Շնորհաւորական ուղերձներով ելոյթ ունեցան մշակութային երեք միութիւնների («Թէքէեան», «Համազգային», «Նոր Սերունդ») ներկայացուցիչները:
Գեղարուեստական բաժինն իրականացնելու պարտականութիւնը ինձ էր յանձնարարուած: Այդ բաժնում իմ ղեկավարութեամբ ելոյթ ունեցան ՀԲԸՄի «Սարդարապատ» երգի-պարի համոյթ-երգչախումբը, նուագախումբը, մենակատարներ՝ Մարիէտա Անասեանը, Յակոբ Թոփուզեանը, Հենրիկ Միհրանեանը:
Նախատեսուած յոբելեանական յուշամատեանը, որը կրում էր «Յակոբ Սեդրակի Անասեան» խորագիրը, բաղկացած 117 էջերից, փաստական նիւթերով հանրութեանն էր ներկայացնում յոբելեարի աւելի քան 50ամեայ գիտական գործունէութեան վաստակը, ինչպէս նաեւ քաղուածաբար հատուածներ` հայազգի եւ օտար բազմաթիւ մասնագէտների կարծիքները:
Յոբելեանի առիթով կատարուած ծրագրումների իրացման կարգով` 1984նի Օգոստոսին նշեալ կոլէջի կողմից տպագրութեանն էր յանձնուել իր «Մանր Երկեր» հատորը, որն անիմաստ եւ հիւծիչ քաշքշուկներից յետոյ լոյս տեսաւ 1987ի Սեպտեմբերին, «Ապրիլ» գրատան միջոցով, սակայն կազմատան մեղքով գիրքը հրապարակ ելաւ 1988ի Յունուարի առաջին օրերին, երբ հայրիկս մահամերձ անկողնում էր:
Այս հատորում հիմնականում ամփոփուել են աւելի քան 50 տարիների ընթացքում պարբերական մամուլում տպագրուած իր յօդուածները, առաւել` մի քանի անտիպ նիւթեր, որոնք իրենց բովանդակութեամբ առնչւում են իր հրատարակուած աշխատութիւնների հետ:
Նա մահուանից մէկ օր առաջ տեսաւ իր երեխայրիքի առաջին օրինակը եւ մահաբեր ժպիտով, ծուռումուռ տառերով, սրտառուչ մակագրութեամբ նուիրեց այն` իրեն բուժող բժիշկ Յակոբ Այնթապլեանին, իսկ գրքի երկրորդ օրինակը մենք տեղադրեցինք նրա դագաղի մէջ…