Ատրպէյճանը պատրաստ չէ իր հաւատարմութեան փաստաթղթային հաստատմանը կրակի դադարեցման դրութեան պահպանման հարցում։ Նման եզրայանգման է մղում Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամէտեարովի յայտարարութիւնը։ Ատրպէյճանի արտաքին գերատեսչութեան ղեկավարը, մեկնաբանելով ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեանի վերջերս արտասանած արտայայտութիւնն այդ առնչութեամբ, ուղղակի յայտարարեց. «Ենթադրում եմ, որ կրակի դադարեցման մասին նոր համաձայնութիւնը չի լուծի հիմնախնդիրը, պէտք է փորձել լուծել բուն հակամարտութիւնը»։ Հասկանալի է, որ ատրպեճանական կողմը, որն առաջուայ նման երազում է ուժային լուծման մասին, չի ցանկանում լրացուցիչ պարտականութիւններ ստանձնել։ Հրադադարի մասին առաջին համաձայնագիրը Պաքուն ստորագրեց սրտի կսկիծով. փախչելու տեղ չունէր։
Բայց լուծել հարցը, այսինքն՝ գնալ կարգաւորման փոխզիջումների հիման վրայ, ինչպէս առաջարկում է միջազգային հանրութիւնը, Պաքուն մտադիր չէ։ Նպատակը՝ ականահարել կարգաւորման գործընթացը՝ այն հասցնելով անհեթեթի, միաժամանակ փորձելով միջազգային կառոյցների հետ սակարկել կա՛մ լիակատար աջակցութիւն ատրպեճանական դիրքորոշմանը, կա՛մ ուժային լուծման «քարթ-պլանշ»ը։
Այսպիսին է իրավիճակը։ Ատրպէյճանի մարտավարական քայլերը պայմանաւորուած են այս կամ այն մասնայատուկ իրավիճակով՝ միջազգային, տարածաշրջանային։ Գործի է դրւում ամէն ինչ՝ ե՛ւ նաւթն ու կազը, ե՛ւ իսլամական գործօնը, ե՛ւ ահաբեկչութիւնը հակաահաբեկչութեան հետ միասին, ե՛ւ հակառուսական ճարտասանութիւնը։ Այլ խօսքով՝ Պաքւում փնտռում են, թէ ում, ինչով եւ ինչպէս կաշառեն, քսմսուեն, ում յարմարուեն՝ նրանց ատրպէյճանաթուրքական հակահայ դաշնակիցների շարքում ընդգրկելու համար։
Այդ առումով շատ ծանօթ կարելի է համարել այն հարցը, որ Day.Az-ի ատրպէյճանցի լրագրողն ուղղեց ռուսաստանցի քաղաքագէտ Սերկէյ Մարկեդոնովին. «Միայն անկեղծօրէն. ի՞նչ պիտի անի պաշտօնական Պաքուն Քրեմլի համար, որպէսզի վերջինս Ղարաբաղեան հակամարտութիւնը լուծի՝ հաշուի առնելով Ատրպէյճանի ազգային շահերը։ Դո՞ւրս գայ ՎՈւԱՄից («Ա.».- Վրաստան, Ուքրանիա, Ատրպէյճան, Մոլտովա քաղաքական զինակցութիւն), արտաքին քաղաքականութիւնն ուղղորդի դէպի Մոսկուա՞, թէ՞ ին»չ։
Համաձայնէք՝ թերարժէք հոգեբանութիւն, որով մնում է միայն հրճուել, որ ինչ-որ պաշտօնական, կիսապաշտօնական, երբեմն նոյնիսկ որեւէ մէկին բոլորովին անյայտ անձը իր աջակցութիւնն է յայտնում Ատրպէյճանի առասպելական տարածքային ամբողջականութեանը, ու փքուել է նաւթակազատոլարային արժանապատուութեան զգացումից։ Ըստ ամէնայնի, ուրիշ բան չկայ։
Սակայն վերադառնանք, այսպէս կոչուած, Ղարաբաղեան կարգաւորման բանակցային գործընթացին։ Մօտ օրերս Երեւան, Պաքու եւ գուցէ նաեւ Ստեփանակերտ կ’այցելեն ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները։ Ենթադրւում է, որ միջնորդները կողմերի ղեկավարների հետ կը խօսեն հայ-ատրպեճանական խորհրդակցութիւնները ԱԳՆ ղեկավարների ու նախագահների մակարդակով շարունակելու հնարաւորութիւնների մասին։
Եթէ հաւատանք Պաքուի ԶԼՄներին, միջնորդները գալիս են ինչ-որ նոր գաղափարներով։
Ամէն դէպքում, ատրպէյճանցի ԱԳ նախարարը յայտարարեց, թէ Ատրպէյճանը մտադիր է ուսումնասիրել կարգաւորմանը վերաբերող մի շարք առաջարկներ, որոնք հնչեցրին համանախագահները Պրիւքսէլում կայացած հանդիպման ժամանակ։ «Կը տեսնենք՝ դա կ’օգնի՞, արդեօք, Փրակայի գործընթացին, թէ՞ պարզապէս միտուած է ժամանակի երկարաձգմանը՝ կապուած յառաջիկայ ընտրութիւնների հետ (Հայաստանում եւ Ատրպէյճանում – խմբ.)։ Բացի այդ, Է. Մամէտեարովը մտադիր է Սեպտեմբերի 18ին Նիւ Եորքում բացուող ՄԱԿի գլխաւոր ժողովի նստաշրջանում հանդիպում ունենալ ԵԱՀԿ նախագահ Մորաթինոսի հետ՝ պարզաբանելու համար նրա առաջարկութիւնները բանակցութիւնների ձեւաչափը փոխելու վերաբերեալ։
Ենթադրելով, թէ Մորաթինոսը նկատի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների վերադարձը բանակցութիւնների սեղանի շուրջ, Պաքւում սկզբում շտապեցին յայտարարել, թէ չեն տեսնում բանակցութիւնների ձեւաչափը փոխելու անհրաժեշտութիւն։ Սակայն հետագայում կրկին շրջանառութեան մէջ դրեցին բանակցային գործընթացին Ղարաբաղի, այսպէս կոչուած՝ ատրպեճանական համայնքի միանալու անհրաժեշտութեան գաղափարը։
Միաժամանակ, Ատրպէյճանի (մի երկիր, որի ղեկավարութիւնը ցեղասպանութեան ենթարկեց հանրապետութեան հայ բնակչութեանը, իսկ վերջին ժամանակներս հալածում է այն ատրպէյճանցիներին, ովքեր շփումներ ունեն հայերի հետ) ԱԳՆ ղեկավարը շնականօրէն յայտարարում է «Լեռնային Ղարաբաղի ատրպեճանական եւ հայ համայնքների» միջեւ հանդիպում անցկացնելու գաղափարին հաւանութիւն տալու մասին։ «Որքան շատ լինեն հանդիպումները, այնքան լաւ։
«ԼՂ ատրպեճանական համայնքի միացումը բանակցային գործընթացին դրական արդիւնք կը տայ միայն։ Հայերը նոյնպէս Ատրպէյճանի քաղաքացիներ են, նրանց հետ եւս անհրաժեշտ է կարգաւորել յարաբերութիւնները»։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հայերը երբեք չեն եղել ու չեն լինի Ատրպէյճանի քաղաքացիներ։ Եւ դա քաջ յայտնի է երկերեսանիօրէն պլըֆ անող Մամէտեարովին։ Իսկ պատրաստակամութիւնը բարիդրացիութեան հարցում ապացուցւում է ոչ թէ բառերով, այլ գործերով։ Իրականում Ատրպէյճանը ուժեր է կուտակում (կամ փորձում է կուտակել) Ղարաբաղի ու Հայաստանի դէմ նոր ռազմական նախայարձակման համար։ Ի դէպ, դա վաղուց արդէն ոչ ոքի համար գաղտնիք չէ։
(*) «Երկիր» շաբաթաթերթի քա-ղաքական վերլուծաբան: