
Շաբաթ, Յունուարի 27ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Խաչատուր Կեսարացի անուան թանգարանում, տեղի ունեցաւ «Լուսանկարների Ընտրանի Մաշտոցի Անուան Մատենադարանի Հաւաքածուներից» գրքի Ա. հատորի շնորհանդէսը. գրքի հեղինակն է Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող Իւետ Թաջարեանը:
Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպս. Քէչէճեանը, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ Վարուժ Մինասեանն ու Զաւէն Սիմոնեանը եւ համայնքի անդամներ, իսկ Հայաստանից ժամանած պատուիրակութեանը մաս էին կազմում Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանից՝ տնօրէն Արա Խզմալեանը, զարգացման գծով տնօրէնի տեղակալ Տաթեւիկ Մուրադեանը, գրքի հեղինակը նոյն ինքը Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող Իւետ Թաջարեանը, հրատարակչութեան ղեկավար Հայկ Համբարձումեանը եւ զարգացման ծրագրերի մասնագէտ Սոնա Բալոյեանը:
Միջոցառման բացումը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը՝ բացատրելով, որ պատուիրակութիւնը պարսկական եւ հայկական կենտրոններ կատարած իր այցելութիւնների կողքին հանդիպում է ունեցել առաջնորդարանի մի շարք պատասխանատուների հետ. նշուած հանդիպմանը, որպէս առաջնորդարանի ներկայացուցիչներ ներկայ են եղել դիւանապետ Արիս Դաւթեանը, մատենադարանի եւ արխիւների վերականգնման կենտրոնի պատասխանատու Թովմա Գալստանեանը, գրադարանի եւ Հանրային կապի գրասենեակի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը եւ արխիւների վերականգնման կենտրոնի աշխատող Վանանդ Իսաղուլեանը: Ընթացքում երկկողմ համաձայնութիւններ են կայացել մասնագէտների վերապատրաստման, գիտական յօդուածների հրատարակման եւ այլ խնդիրների շուրջ:
Ընթացքում արտայայտուեց Մատենադարանի տնօրէն Արա Խզմալեանը, ով պատրաստակամութիւն յայտնեց երկկողմանի համագործակցութեան՝ գիտահետազօտական եւ գրական ժառանգութեան պահպանման ոլորտներում: Նա բարձր գնահատելով հեղինակի կատարած գիտաշխատութիւնը՝ գրքից մէկ օրինակ նուիրեց վանքի գրադարանին:
Այնուհետեւ հերթն հասաւ «Լուսանկարների Ընտրանի Մաշտոցի Անուան Մատենադարանի Հաւաքածուներից» պատկերագրքի հեղինակ Իւետ Թաջարեանին՝ իր աշխատութեան մասին բացատրութեամբ հանդէս գալու:
Հեղինակը, ով ծնունդով իրանահայ է, սովորել է Երեւանի պետական համալսարանի Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնում, ապա Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արուեստի ինստիտուտի (հիմնարկի) ասպիրանտուրայում (թեկնածութեան բաժինին մէջ)։
2013 թ.ից աշխատում է Մաշտոցեան Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնում՝ որպէս աւագ գիտաշխատող։
Ներկայացուած պատկերագիրքը երկլեզու է՝ հայերէն եւ անգլերէն: Հրատարակուել է Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի եւ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի (կաճառի) գիտական խորհուրդների որոշմամբ:
Գրքում տեղ են գտել Մատենադարանի ֆոնդերից ընտրուած եզակի լուսանկարներ, որոնց շնորհիւ ներկայացւում է համաշխարհային լուսանկարչութեան ասպարէզում հայ լուսանկարիչների ներդրումը, կարեւորւում նրանց դերը՝ նպատակ ունենալով արժեւորել հսկայական ժառանգութիւնը եւ շեշտել Մատենադարանում պահուող իւրաքանչիւր լուսանկարի կարեւորութիւնը։
Պատկերագրքում ընդգրկուած են լուսանկարչութեան ամենանշանաւոր ներկայացուցիչներ Աբդուլլահեան եղբայրների, Անթուան Սեւրուգինի, Դմիտրի Երմակովի, Արամ եւ Արա Վրոյրների, Մատթէոս Փափազեանցի, Յովհաննէս Քիւրքչեանի, Կարապետ Յովհանջանեանի, Մարտիրոս Դադեանցի եւ այլ լուսանկարիչների հարիւրից աւելի արժէքաւոր լուսանկարներ։
Սոյն աշխատութիւնը մասնագիտական օժանդակ նիւթ կարող է դառնալ ոչ միայն պատմաբանների, հնագէտների, աստուածաբանների, արուեստաբանների, ազգագրագէտների, հայագէտների, մարդաբանների, հայկական գաղթօջախները եւ Հայոց Ցեղասպանութիւնը ուսումնասիրողների համար, այլ նաեւ հայ լուսանկարիչների գործունէութիւնը հետազօտող մասնագէտների համար։
Սոյն գրքից նմուշներ տրամադրուելու են համայնքիս գրադարաններին, ինչպէս նաեւ Սպահանի Պետական համալսարանի հայագիտական ամբիոնին:
Թղթակից (Նոր Ջուղա)
«ԱԼԻՔ»