
2023ի Սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ռազմական յարձակման առաջին իսկ օրուանից «Հայաստան» Համահայկական հիմնադրամն իր միջազգային ցանցի հետ ներգրաւուեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու աշխատանքներին:
Հիմք ընդունելով բռնի տեղահանուած մեր հայրենակիցների տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետութեան մարզերում, ընտրուեցին առաւել խիտ տեղակայման մարզեր՝ Սիւնիք, Վայոց Ձոր, Արարատ, Արմաւիր, Արագածոտն, Կոտայք եւ Գեղարքունիք։ Հիմնադրամի աջակցութեան ծրագրերի աշխարհագրութեան ընտրութեան ընթացքում հաշուի է առնուել նաեւ, որ մի շարք այլ հումանիտար (մարդասիրական) եւ հասարակական կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ Հայաստանի կառավարութիւնը, մարզպետարանները եւ տեղական ինքնակառավարման մարմինները նոյն ժամանակահատուածում աջակցութեան տարբեր ծրագրեր էին սկսել հանրապետութեան տարածքում։
Նկատի առնելով հումանիտար ճգնաժամի ահռելի ծաւալները եւ բռնի տեղահանուածների բնակուելու աշխարհագրութիւնը, Հիմնադրամը որոշեց աջակցութեան բաշխման գործընթացը կազմակերպել մարզային գործընկեր հասարակական կազմակերպութիւնների միջոցով, որոնք թէ՛ հիմնադրամի, եւ թէ՛ Հայաստանի ոլորտային պետական կառոյցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտօրէն աշխատել էին դեռեւս 2020ի պատերազմի ընթացքում եւ յետպատերազմեան ժամանակահատուածում, երբ Հայաստանում էին գտնւում աւելի քան 90,000 ժամանակաւոր տեղահանուածներ։ Իրականացուեց մարզերում գործող եւ 2020ի պատերազմից յետոյ հիմնադրամի հետ արդիւնաւէտ համագործակցութեան փորձ ունեցող հասարակական կազմակերպութիւնների քարտէզագրում։ Արդիւնքում, ըստ մարզերի ընտրուեցին հետեւեալ հասարակական կազմակերպութիւնները՝
– «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ, Սիւնիք
– «Դու մենակ չես» (կանանց աջակցման), Վայոց Ձոր
– «Արմաւիրի զարգացման կենտրոն», – Արմաւիր, Արարատ, Արագածոտն
– «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», Գեղարքունիք
– «Կանանց հզօրացման ռեսուրս կենտրոն», Կոտայք
– «Հայկական Կարմիր Խաչի ընկերութիւն», Արարատ, Կոտայք, Շիրակ, Լոռի, Տաւուշ, Վայոց Ձոր, Սիւնիք, Գեղարքունիք
– Հիմնատաւուշ զարգացման հիմնադրամ, Կոռնիձոր, ապա՝ Սիւնիք եւ Տաւուշ
– «Կանանց ռեսուրսային կենտրոն» (միայնակ մայրեր), Երեւան։
Արդիւնաւէտ համագործակցութեան արդիւնքում, Սեպտեմբերի 21ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցութիւն է բաշխուել նշուած մարզերում տեղակայուած կարիքաւոր ընտանիքներին։ Աջակցութիւնն իր մէջ ներառել է սննդի եւ հիգիենայի (առողջապահական) պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ եւ այլն։
Տեղահանուած ընտանիքների շրջանում թիրախային խմբերի ընտրութիւնը կատարուել է հետեւեալ չափանիշների հիման վրայ՝ ընկերա-տնտեսապէս անապահով, բազմանդամ ընտանիքներ, հաշմանդամութիւն ունեցող անձինք, ընտանիքի զոհուած անդամ ունեցողներ, տարեցներ եւ միայնակ մայրեր։
Ընդհանուր առմամբ, աջակցութիւնից օգտուել է 62,000 շահառու, որից միայն տեղահանութեան օրերին Կոռնիձորում ստեղծուած աջակցութեան կէտերում՝ շուրջ 20,000 մարդ։
Գործընկեր կազմակերպութիւնները հիմնադրամին են ներկայացրել բաշխման հաշուետուութիւններ՝ տրամադրուած աջակցութեան իւրաքանչիւր փուլի համար։ Հաշուետուութիւնը ներառել է ինչպէս թուային ու նկարագրողական փաստագրում, այնպէս էլ շահառուների գրանցման թերթիկներ՝ շահառուի ստորագրութեամբ։ Իր հերթին, հիմնադրամը մարզերում իրականացրել է բաշխման հսկողութիւն, նկարահանումներ, պատրաստել տեսանիւթեր, որոնք տեղադրուել են համացանցում։
Արցախցիներին տրամադրուած հումանիտար օգնութիւնը մեծամասամբ ֆինանսաւորուել է հիմնադրամի Ամերիկայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի եւ Տորոնտոյի տեղական մարմինների, ինչպէս նաեւ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հաւաքագրած միջոցների հաշուին:
Հիմնադրամը շնորհակալութիւն է յայտնում իր տեղական մարմիններին հումանիտար աջակցութեան հրատապ ծրագրերը ֆինանսաւորելու, իսկ գործընկեր հասարակական կազմակերպութիւններին՝ աջակցութիւնը ժամանակին եւ թիրախային բաշխելու համար։
Այս փուլով, «Հայաստան» համահայկական հիմնադրամն աւարտում է իր՝ հրատապ արձագանգման աջակցութեան ծրագրերը` անցնելով բռնի տեղահանուած մեր հայրենակիցներին աջակցելու համար միջնաժամկէտ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Իր 32ամեայ գործունէութեան ողջ ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հազարաւոր մարդասիրական եւ զարգացման ծրագրեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ արցախցիների համար: Այժմ, երբ մեր հայրենակիցները ստիպուած լքել են իրենց բնօրրանն ու հաստատուել են Հայաստանի Հանրապետութիւնում, հիմնադրամը շարունակելու է տարաբնոյթ ծրագրերի միջոցով աջակցել նրանց:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ