
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԱՐԿԱՒԱԳ ԳՈՒՄՐՈՒՅԵԱՆ*
Նոր տարուայ եւ Ս․ Ծննդեան տօներին ընդառաջ՝ Դեկտեմբերի 22ին, աւանդութեան համաձայն, Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդարանի հիւրընկալ մթնոլորտում հաւաքուել էր ողջ աշխատակազմը՝ զաւակներով եւ ընտանիքի անդամներով, ինչպէս նաեւ այն յարակից մարմինների ղեկավարները, որոնք մշտական ծառայութեամբ ներկայ են լինում առաջնորդարանում։ Այսօրինակ հաւաքներին անհամբերութեամբ են սպասում յատկապէս առաջնորդարանի պաշտօնէութեան զաւակները, որովհետեւ լաւ գիտեն, որ հերթական անգամ պիտի հանդիպեն իրենց ամենասիրելի Յովնան սրբազանին։ Երեխաները լաւ գիտեն, որ սրբազան հայրը մշտական կապի մէջ է առատաձեռն Ձմեռ պապիկի հետ եւ անում է այնպէս, որ բոլորի երազանքներն անպայման իրականանան։ Տօնական, խանդավառ երաժշտութեան եւ հիւրասիրութեան աւարտից յետոյ, տեղի ունեցաւ Տնօրհնէքի արարողութիւն։ Ապա ներկաներն իրենց սրտի բարեմաղթանքները փոխանցեցին միմեանց։
Մանուկների հոգեթով երգերի ներքոյ, եկաւ հայախօս Ձմեռ պապը, որն իր կատակներով, երգերով ու ասմունքով օրը դարձրեց յիշարժան։ Հետաքրքրականն այն է, որ առաջնորդարանում Ձմեռ պապը նուէրներ է բերում ոչ միայն երեխաներին, այլ նաեւ բոլոր մեծերին՝ անխտիր։
Արեւմտեան թեմը, գլխաւորութեամբ առաջնորդ Յովնան արք․ Տէրտէրեանի մշտապէս աչքի է ընկնում իր ազգային ու քրիստոնէական արժէքների պահպանութեամբ։ Լինելով հայրենիքից հեռու՝ յատկապէս վերջին երկու տասնամեակների ընթացքում, սրբազանի ջանքերով, առաջնորդարանը դարձել է մեր հայրենիքը, Ս․ Էջմիածինը խորհրդանշող ջերմ ու տաքուկ անկիւնը, որի միջոցով մեր համայնքը հաղորդակից է դառնում Քրիստոսի հաւատքին եւ Լուսաւորչի կանթեղից ճառագող մշտանորոգ լոյսին։
Շնորհաւո՜ր գալիք Նոր տարի եւ Ս․ Ծնունդ։
* Արեւմտեան թեմի շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր տեսուչ
