1923ի Յուլիսի 24ին կնքուել է Լօզանի պայմանագիրը: Այս պայմանագրով, ըստ էութեան, Քեմալ Աթաթիւրքն արեց այն, ինչ տարիներ յետոյ պիտի անէր Ատոլֆ Հիթլէրը (1)՝ վերատեսութեան ենթարկեց Առաջին համաշխարհային պատերազմի որոշ արդիւնքներ: Այսուհանդերձ, Լօզանի պայմանագրի նշանակութիւնը գերագնահատւում է. այն փոփոխութեան չի ենթարկել, թէկուզ եւ Թուրքիայի մասով, Առաջին աշխարհամարտի բոլոր արդիւնքները, այլ միայն Լօզանի պայմանագիրը ստորագրած որոշ երկրների հետ վերատեսութեան է ենթարկել Սեւրի պայմանագրի մի շարք դրոյթներ:
Թէեւ Հայաստանի Հանրապետութիւնը մաս չի կազմել Լօզանի պայմանագրին, հետեւաբար, վերջինս ուղղակիօրէն չի վերաբերում մեր երկրին, այնուամենայնիւ այն սերտօրէն առնչւում է հայ ժողովրդին, ուստի քննենք Լօզանի պայմանագիրն ըստ միջազգային իրաւունքի եւ նրա իրաւական փոխյարաբերութիւնները Սեւրի պայմանագրի հետ:
Իրաւական տեսանկիւնից Սեւրի պայմանագիրը եւ Լօզանի պայմանագիրը երկու տարբեր փաստաթղթեր են՝ տարբեր ոչ միայն մասնակիցների շրջանակով ու հարցերի ընդգրկումով, այլեւ, ամենակարեւորը, էութեամբ ու նպատակներով: Սեւրի պայմանագիրը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմին, իսկ Լօզանի պայմանագիրը 1919-1922թթ. տեղի ունեցած պատերազմական գործողութիւններին:
Այսպէս, եթէ Սեւրի պայմանագրի առաջնային նպատակը մի կողմից գլխաւոր դաշնակից ուժերի (2) (Principal Allied Powers) եւ Դաշնակից ուժերի (3) (Allied Powers), իսկ միւս կողմից Թուրքիայի միջեւ Առաջին համաշխարհային պատերազմին պաշտօնապէս վերջ տալն էր եւ նրա փոխարինումը կայուն, արդար եւ տեւական խաղաղութեամբ (by a firm, just and durable peace), ապա Լօզանի պայմանագրի նպատակն ընդամէնը Բարձր պայմանաւորուող կողմերի (4) (High Contracting Parties) եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեան (The Government of the Grand National Assembly of Turkey), եւ ոչ թէ Թուրքիայի կառավարութեան, միջեւ սոսկ պատերազմական իրավիճակի դադարեցումն էր: Վերոյիշեալից ակնյայտ է, որ Լօզանի պայմանագրում խօսքը չի գնում օրինապէս յայտարարուած պատերազմը, ինչպիսին էր, օրինակ, Առաջին համաշխարհայինը, խաղաղութեամբ փոխարինելու մասին, այլ սոսկ տարածաշրջանում 1914ից առկայ պատերազմական իրավիճակին վերջ տալու մասին: (… to bring to a final close the state of war which has existed in the East since 1914 -5-) Այսինքն, Լօզանի պայմանագիրը վերաբերում է Մուտրոսի զինադադարը (30 Հոկտեմբերի, 1918) ոտնահարող քեմալականների անօրինական ռազմական գործողութիւնները դադարեցնելուն: Սա փաստւում է նաեւ Լօզանի պայմանագրի առաջին յօդուածով, որը խօսում է ոչ թէ խաղաղութեան հաստատման, այլ վերահաստատման մասին. (… the state of peace will be definitely re-established (5)):
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ միջազգային իրաւունքը յստակօրէն տարբերակում է պատերազմ (war) եւ պատերազմական իրավիճակ (state of war) հասկացութիւնները: Միայն ինքնիշխան երկրներն իրաւունք ունեն մղելու պատերազմներ, մնացած զինուած բախումների (armed conflict) դէպքում այն բնորոշւում է որպէս պատերազմական իրավիճակ (6): Լօզանի պայմանագրի մէջ բարձր պայմանաւորուող կողմերը յստակօրէն արտայայտել են իրենց քաղաքական կամքը առ քեմալականները. նրանք չեն ճանաչուել որպէս պետութեան օրինական ներկայացուցիչներ, այլ նրանց շնորհուել է միայն կռուող կողմ լինելու կարգավիճակը (recognition of belligerency):
Ուրիշ բան, որ Լօզանի պայմանագիրը վերատեսութեան է ենթարկել 1919-1922թթ.ի ռազմական գործողութիւններին ուղղակի կամ անուղղակի մասնակից մի շարք երկրներին առնչուող դրոյթներ, որոնց անդրադարձել էր նաեւ Սեւրի պայմանագիրը: Միջազգային իրաւունքը չի արգելում նոր պայմանագրի կնքումը նախկինում կնքուած պայմանագրի դրոյթների փոփոխմամբ կամ բազմակողմ պայմանագրի նորափոխումը (modification) պայմանագրին մաս կազմող երկու եւ աւելի կողմերի անունից: Սակայն միանշանակ է, որ նոր պայմանագիրը, ինչպէս ամէն մի պայմանագիր, կարող է վերաբերել միմիայն տուեալ պայմանագրին մաս կազմող կողմերին (7), իսկ պայմանագրի նորափոխումները կարող են վերաբերել միայն նորափոխումների մասնակիցներին եւ չեն կարող որեւէ ազդեցութիւն ունենալ այլ երկրների իրաւունքների եւ պարտաւորութիւնների վրայ (8):
Այսու, Հայաստանի Հանրապետութիւնը, բռնագրաւուած լինելու պատճառով, չի մասնակցել Լօզանի համաժողովին եւ չի ստորագրել Լօզանի պայմանագիրը: Ըստ այդմ, սոյն պայմանագիրը որեւէ իրաւական պարտաւորութիւն չի ստեղծել եւ չի ստեղծում Հայաստանի Հանրապետութեան համար: Գործում է միջազգային իրաւունքի Res inter alios acta (լատ., մաս չես, պարտաւոր չես) սկզբունքը:
Միւս հարցը, որին հարկ ենք համարում անդրադառնալ, այն մոլորութիւնն է, որ իբր, Լօզանի պայմանագիրը չեղեալ է յայտարարել Սեւրի պայմանագիրը: Քննութիւն չբռնող եւ միանգամայն հիմնազուրկ տեսակէտ: Վիեննայի Պայմանագրերի մասին հռչակագիրը (Vienna Convention on the Law of Treaties, 1969), որի մէջ ամրագրուած է դարեր ի վեր միջազգային իրաւունքում գործող ընթացակարգը, շատ յստակ է պայմանագրերի դադարեցման կամ կասեցման վերաբերեալ: Մասնաւորապէս, նշեալ հռչակագրի 59րդ յօդուածի 2րդ կէտը միանշանակօրէն ամրագրում է. «Աւելի վաղ կնքուած պայմանագրի գործունէութիւնը կը համարուի դադարեցուած միայն այն դէպքում, եթէ դա ակնյայտ է աւելի ուշ կնքուած պայմանագրից, կամ մէկ այլ ձեւով հաւաստւում է, որ այդպիսին է եղել կողմերի մտադրութիւնը» (The earlier treaty shall be considered as only suspended in operation if it appears from the later treaty or is otherwise established that such was the intention of the parties.):
… Լօզանի պայմանագրից ոչ միայն ակնյայտ չէ, որ կողմերը մտադիր էին չեղեալ յայտարարել Սեւրի պայմանագիրը, այլեւ Լօզանի պայմանագրում ընդհանրապէս յիշատակում չկայ Սեւրի պայմանագրի մասին: Աւելի պարզ ասած, պայմանագիրը կարող է չեղեալ յայտարարուել ոչ այլ կերպ, եթէ ոչ պայմանագիրը կնքած կողմերի, անհրաժեշտ է շեշտել բոլոր կողմերի (9) դրա մասին միանշանակ յայտարարումով: Միջազգային իրաւունքի էական սկզբունքներից է, որ ոչ մի պետութիւն չի կարող ձերբազատուել պայմանագրի պարտաւորութիւններից եւ ոչ էլ կարող է նորափոխել դրա պայմանները, քանի դեռ չունի միւս պայմանաւորուող բոլոր կողմերի յստակ համաձայնութիւնը (10):
Բերենք մի պարզ, բայց խօսուն օրինակ: Միւնխէնի (1938) պայմանագրով Սուտեթը (Sudetenland) Չեքոսլովաքիայից անցել էր Գերմանիային: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ Սուտեթը վերադարձուել էր Չեքոսլովաքիային: Սակայն, չնայած պարտուած Գերմանիայի կնքած բազմաթիւ եւ բազմաբնոյթ պայմանագրերին, Միւնխէնի պայմանագիրը չեղեալ չէր յայտարարուել եւ, հետեւաբար, այն մնում էր ուժի մէջ: Եւ միայն 1973ի Դեկտեմբերին Արեւմտեան Գերմանիան, որպէս Երրորդ Ռայխի իրաւայաջորդ, պայմանագիր կնքեց Չեքոսլովաքիայի հետ, որով կողմերը չեղեալ յայտարարեցին իրենց 1938ին կնքած պայմանագիրը (11):
Թէեւ, Սեւրի պայմանագրի առումով մենք չեն կարող ասել, որ այն ուժի մէջ է, քանի որ, վաւերացման գործընթացի թերի մնալու պատճառով այն ի սկզբանէ չի մտել ուժի մէջ, այսուհանդերձ սխալ է նաեւ այն պնդումը, որ Լօզանը չեղեալ է յայտարարել Սեւրը: Լօզանը չէր կարող դա անել, քանի որ նշեալ պայմանագիրը ե՛ւ իր բնոյթով, ե՛ւ ստորագրողների շրջանակով էապէս տարբերւում է Սեւրի պայմանագրից: Այսինքն, ներկայումս Սեւրի պայմանագիրը միջազգային իրաւունքի վաւերական փաստաթուղթ է, որը բանակցուել եւ ստորագրուել է օրինական ընթացակարգի համաձայն, սակայն ուժի մէջ չի մտել (valid but not in force): Եթէ պատկերացնենք անհնարինը, ասենք, Սեւրի պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները վաւերացնեն այն, ապա այն օրինապէս կը մտնի ուժի մէջ:
Այստեղ անհրաժեշտ է շեշտել, Սեւրի պայմանագրի անկատար լինելը (unperfected treaty), ինչպէս միջազգային իրաւունքում կոչւում են չվաւերացուած պայմանագրերը, չի խաթարում Հայաստանի Հանրապետութեան իրաւունքները, քանի որ Թուրքիայի պարտաւորութիւնները Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ բխում են ոչ Սեւրի պայմանագրից, այլ Սեւրի պայմանագրից ածանցուող Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռից (22 Նոյեմբերի, 1920) (12):
Չնայած, Լօզանի պայմանագրում չկայ որեւէ յիշատակում Հայաստանի եւ հայերի մասին, սակայն այն երկու առումով առնչւում է մեզ: Լօզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (յօդուածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ մուսուլման փոքրամասնութիւններին: Ընդ որում, փոքրամասնութիւններին վերաբերող յօդուածներին տրուել է հիմնարար օրէնքի (fundamental law) ուժ, այսինքն դրանք անբեկանելի եւ անփոփոխելի պէտք է լինէին: Սա մի առանձին յօդուածի նիւթ է, որին կ’անդրադառնանք յառաջիկայում:
Հայաստանի երկրոդ աղերսը Լօզանի պայմանագրի հետ ի յայտ է գալիս Թուրքիայում ստեղծուելիք հանրապետութեան տարածքի իրաւական ձեւակերպան առնչութեամբ: Լօզանի պայմանագրի 16րդ յօդուածի առաջին պարբերութիւնը հռչակում է. «Այսու Թուրքիան հրաժարւում է բոլոր այն տարածքների եւ կղզիների տիտղոսից եւ դրանց նկատմամբ իր բոլոր իրաւունքներից, որոնք գտնւում են սոյն պայմանագրով գծած սահմաններից դուրս, ի բացառեալ նրանց, որոնց նկատմամբ սոյն պայմանագրով ճանաչուել է նրա ինքնիշխանութիւնը: Այդ տարածքների եւ կղզիների ապագան լուծւում է կամ կը լուծեն շահագրգիռ կողմերը (Turkey hereby renounces all rights and title whatsoever over or respecting the territories situated outside the frontiers laid down in the present treaty and the islands other than those over which her sovereignty is recognized by the said treaty, the future of these territories and islands being settled or to be settled by the parties concerned):
Քանի որ Լօզանի պայմանագիրը յստակեցնում է Թուրքիայի սահմանը Պուլկարիայի (յօդուած 2.1), Յունաստանի (յօդուած 2.2), Սիրիայի (յօդուած 3.1) եւ Իրաքի (յօդուած 3.2) հետ, ուստի թուրքական իրաւունքներն ու տիտղոսը, ըստ Լօզանի պայմանագրի, ճանաչւում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրայ: Բացի իրանա-թուրքական սահմանից, միակ սահմանը, որին չի անդրադարձել Լօզանի պայմանագիրը, դա հայ-թուրքական սահմանն է: Սրա պատճառն այն է, որ այն արդէն իսկ եւ մէկընդմիշտ որոշուած էր ԱՄՆի նախագահ Վուտրօ Ուիլսընի անբեկանելի եւ կատարման համար պարտադիր իրաւարար վճռով (22 Նոյեմբերի, 1920): Քանի որ իրաւարար վճռով հայաստանապատկան դարձած տարածքները Լօզանի պայմանագրով ներառուած չեն հետագայում (29 Հոկտեմբերի, 1923) որպէս Թուրքիայի Հանրապետութիւն ճանաչուած երկրի սահմաններից ներս, ուստի Լօզանում Թուրքիայի անունից հանդէս եկող պատուիրակութիւնը 16րդ յօդուածով (13) հրաժարուել է դրա տիտղոսից եւ դրա նկատմամբ իրաւունքներից: Լօզանի պայմանագրի 16րդ յօդուածի 2րդ պարբերութիւնը վերահաստատում է այդ իրողութիւնը. «Սոյն յօդուածի դրոյթները չեն ներազդում բարիդրացիական յարաբերութիւններից բխող այն յատուկ պայմանաւորուածութիւնների վրայ, որոնք կայացել են կամ կարող են կայանալ Թուրքիայի եւ սահմանակից երկրներից որեւէ մէկի միջեւ» (The provisions of the present Article do not prejudice any special arrangements arising from neighbourly relations which have been or may be concluded between Turkey and any other limitrophe countries):
Պէտք է ուշադրութիւն դարձնել այն կարեւոր հանգամանքի վրայ, որ 16րդ յօդուածի 2րդ պարբերութիւնը խօսում է սահմանները յստակեցնող ոչ թէ պայմանագրի կամ համաձայնագրի մասին, այլ «յատուկ պայմանաւորուածութիւնների» (special arrangements), որոնց թուին է պատկանում իրաւարար վճիռը (Arbitral Award):
Այսպիսով, Լօզանի պայմանագրի 16րդ յօդուածը վերահաստատել է Սեւրի պայմանագրի 90րդ յօդուածի Թուրքիայի հրաժարումը բոլոր այն տարածքներից, որոնք Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռով փոխանցուել էին Հայաստանի Հանրապետութեանը:
Ամփոփելով վերոշարադրեալը, կարելի է անել հետեւեալ եզրակացութիւնները.
– Սեւրի եւ Լօզանի պայմանագրերը իրաւական երկու տարբեր փաստաթղթեր են:
– Լօզանի պայմանագիրը իրաւասու չէր եւ չեղեալ չի յայտարարել Սեւրի պայմանագիրը:
– Լօզանի պայմանագիրը, հիմնական օրէնքի կարգավիճակով, ամրագրել է ոչ մուսուլման փոքրամասնութիւնների իրաւունքները:
– Լօզանի պայմանագիրը վերահաստատել է Թուրքիայի հրաժարումը իրաւարար վճռով Հայաստանի Հանրապետութեանը փոխանցուած տարածքների տիտղոսից եւ իրաւունքից: