Այս տարուայ ամառը հարուստ էր համահայկական ձեռնարկներով եւ յատկապէս՝ երիտասարդական բնոյթի: Յունիս, Յուլիս, Օգոստոս ամիսների ընթացքում կազմակերպուեցին թուով վեց համահայկական երիտասարդական միջոցառումներ՝ չհաշուած Համահայկական 4րդ խաղերը, որը թէեւ զուտ երիտասարդական ուղղուածութիւն չունէր, սակայն մասնակիցները հիմնականում երիտասարդներ էին:
Առաջին միջոցառումը, որ ազդարարեց համահայկական երիտասարդական ձեռնարկների սկիզբը, Համաշխարհային հայկական քոնկրէսի կազմակերպած «21րդ դարի մարտահրաւէրները եւ հայ երիտասարդութիւնը» խորագիրը կրող երկօրեայ խորհրդաժողովն էր, որը մեկնարկեց Յունիսի 9ին: Խորհրդաժողովը Հայաստան էր բերել 25 երկրի 40ից աւելի հայկական երիտասարդական կազմակերպութիւնների շուրջ 250 պատուիրակների, ովքեր առանձին աշխատանքային խմբերով քննարկեցին Հայոց Ցեղասպանութեանը, Ղարաբաղեան հիմնախնդրին, ազգային ինքնութեան պահպանմանը, հայկական պետականութեան ամրապնդմանը, աղքատութեան յաղթահարմանը, գիւղական համայնքների զարգացմանը, Հայաստան-Սփիւռք եւ Սփիւռք-Սփիւռք կապերի սերտացմանն ու զարգացմանը առնչուող հարցեր:
Երկրորդ միջոցառումը Յունիսի 25ից Յուլիսի 2ը Ծաղկաձորում կայացած «Մշակոյթների երկխօսութիւն» երիտասարդական մշակութային փառատօնն էր: Այն կազմակերպել էին ՀՀ մարմնակրթութեան եւ երիտասարդութեան հարցերի նախարարութիւնը եւ «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամը: Փառատօնը համախմբել էր աշխարհի աւելի քան 20 երկրի հայ եւ օտարազգի երիտասարդների եւ նպատակ ունէր ծառայել միջմշակութային երկխօսութեանն ու ուսուցմանը, ազգային մշակոյթի առանձնայատկութիւնների պահպանմանը եւ այդ գործընթացներում երիտասարդների մասնակցութեանն ու համագործակցութեան զարգացմանը:
Յուլիսի 12-19ը Չերմուկում կայացաւ «Բազէ» համահայկական երիտասարդական հաւաքը, որն արդէն 8րդ անգամ էր կազմակերպւում: Այն իր բնոյթով ժամանցային-մրցակցային է եւ առանձնանում է մնացեալ միջոցառումներից:
Յուլիսի 15-30ը կազմակերպուեց «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան ուսանողական 13րդ ֆորումը, որը տարիների աւանդոյթ ունի եւ կազմակերպւում է 1994 թուականից: Շուրջ 70 համալսարանական երիտասարդներ Սփիւռքի հայկական գաղթօճախներից հնարաւորութիւն ունեցան 15 օր ապրել իրենց հայրենիքում: Երկշաբաթեայ ձեռնարկով նախատեսուած էին շրջագայութիւններ Հայաստանի տեսարժան վայրերով, ծանօթացում պատմամշակութային արժէքներին, կլոր սեղաններ, քննարկումներ, դասախօսութիւններ, խմբային աշխատանքներ, ժամանցային ծրագրեր, որոնց նպատակը մէկն էր՝ Սփիւռքում ապրող հայ երիտասարդին հաղորդակից դարձնել ազգային արմատներին ու ժառանգութեանը, ճանաչել տալ Հայաստանն իր բոլոր կողմերով եւ կապել հայրենիքին:
Յուլիսի 20-26ը Ծաղկաձորում անցկացուեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի «Համահայկական երիտասարդական 5րդ համաժողովը», որին մասնակցեցին շուրջ 80 հայ երիտասարդներ աշխարհի 10 երկրներից, այդ թւում՝ Արցախից ու Չաւախքից: Համաժողովի ընթացքում քննարկուեցին Արցախեան հիմնախնդրին, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը վերաբերող հարցեր, աշխարհում հայկական լոբբինգի ուժեղացման եւ ազգապահպանման խնդիրները:
Օգոստոսի 9-16ը Ծաղկաձորում եւ Շուշիում անցկացուեց Հ.Յ.Դ. երիտասարդական եւ ուսանողական միութիւնների 10րդ համահայկական երիտասարդական բանակումը: Այն իր բնոյթով տարբերւում է միւս համահայկական երիտասարդական ձեռնարկներից իր գաղափարական ուղղուածութեամբ, որի դաստիարակչական իմաստն այս անգամ բանակումի բնաբանի մէջ է խտացուած՝ «Յանուն արդարութեան եւ միացեալ Հայաստանի»: Մէկշաբաթեայ ծրագիրն ընդգրկում էր համազգային նշանակութեան թեմաների վերաբերեալ դասախօսութիւններ՝ «Հայ Դատ», «Հայաստանի տնտեսութիւն, զարգացման հեռանկարներ», «Հայաստանի եւ Սփիւռքի հայ երիտասարդութեան հիմնախնդիրներ»:
ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ
Ի՞նչ են տալիս համահայկական երիտասարդական ձեռնարկները, ի՞նչ նպատակի են ծառայում, եւ ի՞նչ թերացումներ կան այդ ճանապարհին: Այս հարցերի շուրջ զրուցեցինք վերոնշեալ ձեռնարկների կազմակերպիչներից մի քանիսի հետ:
«Իբրեւ «Բազէ» համահայկական հաւաքի կազմակերպիչ՝ մենք համոզուած ենք, որ այդքան շատ համահայկական երիտասարդական ծրագրերը, որ իրականացուեցին այս տարի, արդարացուած են: Ինչո՞ւ: Առաջինը, որ Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդումն են խթանում, երկրորդ՝ ինչո՞ւ չէ, նաեւ զբօսաշրջութիւնը, երրորդ՝ հայ երիտասարդը, երբեք Հայաստանը տեսած չլինելով եւ Հայաստանում ապրած չլինելով, գալիս է, տեսնում է իր եւ իր պապերի հայրենիքը: Վերջապէս՝ դրանց արդիւնքն են համագործակցութեան այն եզրերը, որ մշակւում են հայաստանցի եւ սփիւռքահայ երիտասարդների միջեւ, ինչի արդիւնքը տեսանք: Եթէ չլինէին համագործակցութեան եզրերը, ապա չէին լինի տարատեսակ այն միջոցառումները, որոնք իրականացուեցին այս տարի, եւ ես կարծում եմ, որ դրանք իսկապէս ծառայեցին իրենց նպատակին», կարծում է «Համահայկական երիտասարդական հիմնադրամի» լրատուութեան բաժնի պետ Աստղիկ Աւետիսեանը: Նա այդ միջոցառումները կարեւորում է նաեւ այն առումով, որ ինքնադրսեւորուելու եւ կայանալու հնարաւորութիւն են տալիս Սփիւռքի եւ Հայաստանի երիտասարդութեանը: «Եթէ նոյնիսկ դրանք հաւաքներ են, որտեղ գալիս են երիտասարդները, կիսում են իրենց մտքերը, հէնց սրանով էլ կարող է կարեւորուել, որովհետեւ տեղեկատուութեան փոխանակութիւնը շատ կարեւոր է», ասում է Աստղիկ Աւետիսեանը:
«Այն, որ պետութիւնը տարէցտարի աւելի մեծ ուշադրութիւն է դարձնում Սփիւռք-Հայաստան կապերին, երկը կողմանի համագործակցութեան զարգացմանը, վկայում է, որ համահայկական երիտասարդական ձեռնարկների կարիքը կայ», համոզուած է յիշեալ նախարարութեան երիտասարդական քաղաքականութեան վարչութեան պետ Արսէն Սողոմոնեանը: Նրա կարծիքով՝ այդ ձեռնարկներն առաջին հերթին նպաստում են հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդմանն ու հայապահպանմանը, Սփիւռքի հայկական գաղթօճախներում ապրող հայ երիտասարդին իր հայրենիքի զարգացմանը մասնակից դարձնելու գործին: «Սփիւռքի հայ գաղթօճախներում երիտասարդների ազգային դաստիարակութեան խնդիր կայ: Եթէ այստեղ այդ խնդիրը ինչ-որ չափով լուծուած է, ապա դրսում այն շատ լուրջ է: Ազգային դաստիարակութեան խնդրի հիմնական բեռն ընկնում է ընտանիքի վրայ: Եթէ հաշուի առնենք նաեւ այն շրջապատը, որում ապրում է հայ երիտասարդը, ապա բաւականին դժուար է 21րդ դարում, համաշխարհայնացման պայմաններում պահպանել դրսում ապրող հայ երիտասարդի ազգային դիմագիծը: Խնդիրը դրւում է նաեւ համայնքի վրայ եւ մենք՝ հայրենիքը, պէտք է աջակցենք այդ գործում», նշում է նա:
Իսկ որքանո՞վ են Հայաստանում իրականացուող համահայկական երիտասարդական կարճաժամկէտ ծրագրերը լուծում վերոնշեալ խնդիրները: Արսէն Սողոմոնեանի կարծիքով՝ ամէն ինչ պայմանաւորուած է ոչ թէ ծրագրի տեւողութեամբ, այլ՝ բովանդակութեամբ, թէ «ինչ ստացաւ այդ օրերի ընթացքում երիտասարդ մեր հայրենակիցը, ինչ տեսաւ եւ ինչն իրեն գրաւուեց»:
Հ.Յ.Դ. Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատու Սարգիս Մկրտչեանի կարծիքով՝ ցանկացած համահայկական երիտասարդական ձեռնարկ դրական գործ է, որովհետեւ հնարաւորութիւն է տալիս երիտասարդներին տեսնելու իրենց հայրենիքը. «Այս մեկնակէտից է, որ մարդիկ սկսում են ճանաչել իրենց հայրենիքը, որը հետագայում կը բերի սիրոյ, պատկանելիութեան զգացումի: Բայց մի քանի բան մենք պէտք է իրարից զանազանենք: Յաճախ մենք ասում ենք՝ հայաճանաչութիւն, եւ տպաւորութիւն է ստեղծւում, թէ խօսքը միայն Սփիւռքի հայերին հայրենիքը ճանաչել տալու մէջ է: Բայց իմ փորձը ցոյց է տուել, որ հայրենաբնակներ կան, ովքեր լիովին չեն ճանաչում իրենց հայրենիքը: Գիւմրեցիներ կան, որ երբեք չեն տեսել Գորիսը, գորիսեցիներ կան, որ երբեք չեն տեսել Սեւանը: Այսինքն՝ տպաւորութիւն չստեղծուի, որ մենք միայն հիւրընկալող ենք, իրենք էլ հիւր են», ասում է Ս. Մկրտչեանը: Նա Հ.Յ.Դ. երիտասարդական բանակումները տարանջատում է միւս համահայկական երիտասարդական միջոցառումներից: «Մենք մեր առջեւ ունենք յստակ խնդիրներ: Այսինքն՝ մեր նպատակը զբօսաշրջութիւնը չէ: Այդ բնագաւառում զբօսաշրջական գործակալութիւններ կան, որոնք շատ աւելի լաւ կարող են այդ գործն անել, քան մենք: Մեր նպատակը շոուն չէ: Մեր պատանեկան, երիտասարդական եւ ուսանողական միութիւնների առաքելութիւնն այն է, որ ապահովում են մեր կուսակցութեան ֆիզիքական եւ գաղափարական շարունակականութիւնը: Այստեղից էլ՝ մեր արածը տարբերւում է միւսներից, որովհետեւ մենք մեր առջեւ դնում ենք յստակ խնդիրներ», ասում է երիտասարդական գրասենեակի պատասխանատուն: Իսկ, առհասարակ, նմանատիպ միջոցառումները, նրա կարծիքով, առիթ են ստեղծում երիտասարդների համար «շփուելու միմեանց հետ, մտքեր փոխանակելու, իրար մտահոգութիւններից տեղեակ լինելու, համազգային հարցերի կապակցութեամբ միասնական գաղափար ստեղծելու»:
Արսէն Սողոմոնեանը եւս կարեւորում է երիտասարդների միջեւ փորձի փոխանակումը. «Երիտասարդները, որ գալիս են ներկայացուցչական կազմով, տեղի համայնքի գործօն երիտասարդներն են, եւ աւելի զարգացած, կազմակերպուած ու համեմատաբար քիչ զարգացած համայնքների երիտասարդների միջեւ տեղի է ունենում փորձի փոխանակում, ինչը շատ կարեւոր է»:
Թէ՛ Աստղիկ Աւետիսեանը, թէ՛ Սարգիս Մկրտչեանը այս ձեռնարկների հիմնական թերութիւնը համարում են համագործակցութեան բացը: «Կÿուզենայի, որ այս բոլոր կառոյցները, որոնք առանձին-առանձին աշխատում են, համախմբուէին եւ մէկ ընդհանուր դրօշի ներքոյ հանդէս գային, այսինքն՝ համատեղ աշխատէին: Եթէ մենք ունենք մէկ ընդհանուր գաղափար եւ նպատակ, բոլորս այդ գաղափարին պիտի ծառայենք, այն է՝ հայ երիտասարդին հասկացնել, որ դու հայ ես, ազգային դիմագիծ ունես, ունես շատ հին պատմութիւն, եւ այդ պատմութիւնը պէտք չէ մոռանալ, այլ պէտք է հպարտանալ դրանով», ասում է Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատուութեան բաժնի պետը՝ աւելացնելով, որ երբ ծրագրերը համատեղւում են, աւելի մեծ արդիւնք են տալիս: Իսկ Ս. Մկրտչեանը համոզուած է, որ համագործակցութիւնը թոյլ է, եւ դա պետութեան թերացումն է. «Այստեղ ես կարեւորում եմ պետութեան դերակատարութիւնը։ Պետութիւնն է, որ պէտք է այդ պարտականութիւնը վերցնի իր վրայ, մի բան, որ չի արւում: Սա ոչ մի կառոյցի կամ կազմակերպութեան գործը չի, ինչո՞ւ, որովհետեւ նախ ոչ մէկը չունի պետութեան հնարաւորութիւնները: Համագործակցութիւնը պէտք է գայ պետութիւնից: Մենք կարող ենք բողոքի ձայն բարձրացնել, օրինագիծ մշակել…. Բայց դա լուծում չէ»:
Արսէն Սողոմոնեանի կարծիքով՝ համահայկական ձեռնարկների թերութիւնը միայն զուտ կազմակերպչական է եւ ֆինանսական: Իսկ ինչ վերաբերում է մէկ ընդհանուր դրօշի ներքոյ հանդէս գալուն, նա կարծում է, որ դրա կարիքը չկայ. «Ինչքան շատ նմանատիպ միջոցառումներ կազմակերպուեն, այնքան շատ երիտասարդներ կը գան Հայաստան, հայրենիքի հետ կը կապուեն, հասակակիցների հետ կը շփուեն: Այս առումով ամենակարեւորը մասնակիցների ներկայացուցչականութեան ապահովումն է, այսինքն՝ գան այն երիտասարդները, ովքեր մասնակցում են իրենց համայնքի գործունէութեանը, ներգրաւուած են համայնքի կազմակերպչական աշխատանքներում»:
ԸՆԴԱՄԷՆԸ ՇՈՈ՞Ւ
Երբ կարդում ես համահայկական երիտասարդական խորհրդաժողովների եւ համաժողովների արդիւնքում մշակուած բանաձեւերը, տպաւորութիւն է ստեղծւում, թէ դրանք միեւնոյն անձանց կողմից մշակուած փաստաթղթեր են. բացակայում են նոր մօտեցումներն ու առաջարկութիւնները, եղածներն էլ շատ ընդհանրական են եւ, որպէս կանոն, մնում են թղթի վրայ: Այդ դէպքում ի՞նչ իմաստ ունի այդքան միջոցներ ծախսել, կազմակերպել խորհրդաժողովներ, որոնք իրենց բուն նպատակին չեն ծառայելու: Արսէն Սողոմոնեանի խօսքերով՝ այն բանաձեւերը, որ մշակւում են, օրինակ, Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն հիմնադրամի կազմակերպած երիտասարդական խորհրդաժողովների ժամանակ, հիմնուած են այն քաղաքականութեան վրայ, որ որդեգրել է մեր պետութիւնը երիտասարդական ոլորտում: «Այն երիտասարդական քաղաքականութիւնը, որ մշակուել է, վերցուել է ոչ թէ օդից, այլ՝ իրականութիւնից, եւ դա բխում է մեր պետութեան զարգացման առաջնահերթութիւններից: Եւ երիտասարդը այդ ընդհանրական թեմայի շուրջ ուրիշ բան չէր կարող գրել: Այլ հարց է, որ եթէ գիտաժողովներն այդքան յաճախ են լինում, ի՞նչ կարիք կայ քննարկելու ընդհանրական խնդիրներ, այլ ոչ թէ այժմէական, հրատապ, մէկ որոշակի խնդիր, որի վերաբերեալ լուծման առաջարկներ մշակուեն, որպէսզի յաջորդ գիտաժողովի ժամանակ գոնէ մէկ որոշակի խնդիր լուծած լինեն», առաջարկում է երիտասարդական քաղաքականութեան վարչութեան պետը:
Հ.Յ.Դ. Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատուն էլ լուրջ չի վերաբերւում մինչ օրս կազմակերպուած խորհրդաժողովներին: «Մինչ այս պահը ինչ որ ես տեսել եմ՝ միայն շոու է: Դա չի տանում որեւէ գործնական արդիւնքի, այլ միայն աշխատանքի առջեւ «սթիք» անելու համար է: Այս սահմանների մէջ է, գործնական ոչինչ չի արուել: Ես խօսում էի նմանատիպ ձեռնարկի կազմակերպիչներից մէկի հետ, հարցրի՝ ինչպէ՞ս էր միջոցառումը, ասաց՝ «դէ, ի՞նչ պիտի լինէր: Եկան, հաւաքուեցին, կերան, խմեցին, գնացին»: Եթէ կազմակերպչի մօտեցումն է այսպիսին, այսինքն՝ ինքը իր առջեւ խնդիր չի դրել, որ այս խորհրդաժողովը այսինչ նպատակին պէտք է ծառայի, ուրեմն էլ ի՞նչ ենք ակնկալում», ասում է նա՝ աւելացնելով, որ գլխաւոր թերութիւններից մէկն էլ այն է, որ մշակուած բանաձեւերի իրագործման համար ոչ ոք պատասխանատուութիւն չի կրում, «չկայ հաշուետու եւ հաշուառու»: