ԽՄԲ.- Թեհրանի մէջ վերջերս նշուեցաւ Հայաստանի անկախութեան 89ամեակը, որուն ներկայ գտնուած է Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան՝ իբրեւ հիւր բանախօս: Ստորեւ կու տանք Հրանդ Մարգարեանի ելոյթը:
Յարգելի՛ եւ սիրելի՛ ժողովուրդ, գուցէ պատշաճ էր, որ այս ելոյթս, որ այսօր այստեղ պէտք է ունենամ, ունենայի Հայաստանում, թէժ ընտրապայքարից եւ քաղաքական վերջին դասաւորութիւններից յետոյ:
Բայց, կարծում եմ, ոչ մի տարբերութիւն չկայ, թէ այդ ելոյթը որտեղ է տեղի ունենում, այդ ելոյթն ուղղուած է մեր ժողովրդին, եւ ես կարող եմ իմ ճանաչողութեամբ կրկնակիօրէն վկայել, որ ոչ մի տարբերութիւն չկայ հայրենի մեր ժողովրդի եւ իրանահայութեան միջեւ: Դա նոյն ժողովուրդն է եւ նոյնքան իրաւունքն ունի լսելու այն, ինչ որ իրաւունք ունի լսելու հայրենի ժողովուրդը:
Ամէն անգամ, երբ Մայիս 28 է լինում, անկախութեան տօն է տօնւում, ես ակամայ յիշում եմ մեր ազգային-ազատագրական պայքարի ամենալուսաւոր դէմքերից մէկի՝ Գէորգ Չաւուշի մէկ արտայայտութիւնը, որն ասում է. «Թող մարին աչերս, միայն թէ ծագէ Հայաստանի անկախութեան արեւը»: Այո՛, Հայաստանի պետականութեան անկումից յետոյ հայկական բարձրաւանդակում 9 դար ապրեցինք առանց անկախութեան, առանց պետականութեան:
Եւ մեր ժողովուրդը ամէնից աւելի շատ զգաց այդ անկախ պետականութեան անհրաժեշտութիւնը: Այդ 9 դարերի ընթացքում մասնատուեց մեր հայրենիքը, այդ 9 դարերի ընթացքում մենք կորցրեցինք մեզ պաշտպանելու հնարաւորութիւնը, գոյատեւելու կարելիութիւնը, ապրելու հնարաւորութիւնը եւ ուղղակի վերջին պահին այդ ժողովուրդը կարողացաւ խիզախել եւ անկախութեան ստեղծումով վերջ դնել իր անկման ընթացքին: Եւ ճիշդ այդ պատճառով, որ շատ ենք զգացել անկախ պետականութեան անհրաժեշտութիւնը, որ շատ ենք ձգտել այդ նպատակին, հաւատացել ենք, որ անկախութեան հաստատումով ամէն հարց կը լուծուի, ամէն դժուարութիւն իր լուծումը կը ստանայ:
Ասել ենք անկախութիւն ու հասկացել ենք արդարութիւն, որովհետեւ կարծել ենք, եթէ կայ անարդարութիւն, դա օտարի իշխանութեան հետեւանքն է, ասել ենք անկախութիւն, մտածել ենք՝ արդէն կը ստեղծուի հնարաւորութիւն մեր ազգի միաւորման: Ասել ենք անկախութիւն եւ հաւատացել ենք, որ միանգամից կը ստեղծուի մեր ազգի համար զարգացման կարելիութիւն ու հնարաւորութիւն:
Ռոմանթիզմ կար մեր անկախութեան ստեղծման ձգտման մէջ. մի անգամ Գէորգ Չաւուշին հարց են տուել, եթէ ստեղծուի անկախ Հայաստան, ի՞նչ կ’անես, միամտաբար պատասխանել էր. «Իմ բոստանում վարունգ եմ աճեցնելու, մշակելու եւ իմ ընկերները, որ այցի գան, նրանց վարունգ եմ հրամցնելու»:
Հէյ, Գէորգ Չաւուշ, ականջդ կանչի, իրականացել է մեր բոլորի երազանքը, քո երազանքը, բայց քո ընկերները հնարաւորութիւն չունեն բոստանով զբաղուելու, որովհետեւ փաստ է, որ մենք պարտադրուած ենք ամէն օր վերանուաճելու անկախութիւնը, մենք պարտաւոր ենք ամէն օր վերակերտելու մեր պետականութիւնը, մենք պարտաւոր ենք ամէն օր լիցք ու բովանդակութիւն տալու այդ պետականութեանը, որպէսզի այդ պետականութիւնը լինի արդարութեան երաշխաւորը երկրում, որպէսզի այդ պետականութիւնը ստեղծի հնարաւորութիւններ, որ մարդիկ, մեր ժողովուրդը ապրեն բարօր կեանքով, ստեղծուեն նոյնանման պայմաններ բոլորի համար, զարգացման նոյն կարելիութիւնները բոլորի համար եւ կարողանան տէր կանգնել մեր ազգի առանձին հատուածներին, բաժան-բաժան եղած մեր ժողովրդի առանձին հատուածների իրաւունքներին: Որպէսզի այդ պետականութիւնը ստեղծուի, ամէնօրեայ ճիգ է հարկաւոր, ամէնօրեայ աշխատանք է հարկաւոր, պայքար է հարկաւոր, ամէն օր ճիգ է հարկաւոր այդ անկախութիւնը վերանուաճելու համար:
Եւ այս անցած 17 տարիների ընթացքում մաս ենք կազմել այդ ճիգին եւ անցած 17 տարիների ընթացքում մեր՝ Դաշնակցութեան համար գլխաւոր հարցը համարւում է հայկական պետականութեան կայացումը, եւ հիմնական հարցը համարւում է անկախութեան ամրապնդումը:
Եւ այս 17 տարիների ընթացքում մենք մի պարզ նպատակ ենք դրել մեր առջեւ՝ շատ պարզ մի նպատակ՝ ստեղծել այն երկիրը, որտեղ կայ արդարութիւն, ստեղծել այն երկիրը, որտեղ կան նուազագոյն պայմաններ բոլորի զարգացման համար, ստեղծել այն երկիրը, որ կարողանայ տէր կանգնել մեր ժողովրդի պահանջներին եւ իրաւունքներին: Այս շատ պարզ նպատակը նաեւ միաժամանակ շատ դժուար նպատակ է: Անցած 17 տարուայ ընթացքում թէպէտ գուցէեւ դանդաղ քայլերով, բայց կայուն զարգացող ընթացքի մէջ ենք եղել: Մեծանում է մեր ժողովրդականութիւնը, ընդարձակւում է մեր կազմակերպութիւնը եւ իր ազդեցութեան չափն է մեծանում մեր երկրում: Եւ այդ ազդեցութեան չափով նաեւ պայմանաւորուած է այն նպատակների իրականացումը, որոնք քիչ առաջ մատնանշեցի:
Եթէ միայն վերջին երեք ընտրութիւնները նկատի ունենանք, երեք ընտրութիւններում մեր ձեռք բերած արդիւնքները նկատի ունենանք, պարզորոշ կը լինի, որ Դաշնակցութիւնը զարգացման եւ հզօրացման ուղու վրայ է:
Անշուշտ, ընտրութիւնների մասին եմ խօսում ու վստահ եմ, որ ամէն մարդու մտքով անցնում է, թէ ո՛ր ընտրութիւնների, ինչ տեսակ ընտրութիւնների մասին է խօսքը: Այո՛, Հայաստանը դեռ շատ ճանապարհ ունի կտրելու, մինչեւ որ կազմակերպուեն այնպիսի ընտրութիւններ, որոնց արդիւնքում արտացոլուեն ժողովրդի իրական ցանկութիւններն ու տրամադրութիւնները, համակրանքներն ու հակակրանքները:
Վերջին ընտրութիւններում մենք վկայ եղանք, որ միջազգային կազմակերպութիւնները տուեցին իրենց դրական գնահատականը՝ համեմատական դրական գնահատականը այդ ընտրութիւններին: Գնահատական, որը Հայաստանի Հանրապետութիւնը կարիք ունէր՝ արտաքին ճակատում բաց ճակատով ասպարէզ դուրս գալու համար: Եւ ճիշդ այդ պատճառով մեզ այլեւս շատ բան չմնաց ասելու, մանաւանդ չմնաց ասելու՝ որովհետեւ եթէ ընտրութիւնները կեղծւում են, եւ դա շատ վատ բան է, բայց, միաժամանակ, դա մեզ համար նշանակում է, որ մենք ի վիճակի չենք լինում այդ կեղծիքների առաջն առնել:
Անզօր ենք գտնւում այդ կեղծիքների առաջն առնելու մէջ, ի հարկէ, մեր անզօրութիւնը չի նուազեցնում միւսների մեղքի չափը, սակայն մի յստակ բան մեզ պատգամում է, որ մենք կազմակերպական լուրջ գործ ունենք անելու Հայաստանում: Եւ ես կարծում եմ՝ հէնց ճիշդ այդ հարցով է պայմանաւորուած ընտրութիւնների արդարացիութեան հարցը Հայաստանում: Մինչ այն ժամանակ, որ կազմակերպութիւնները ի վիճակի չեն իրենց իրաւունքները պաշտպանել, կեղծող լինելու է:
Յամենայնդէպս, մենք մեր մասով ասենք՝ հաւատում ենք, որ ինչպէս այս անգամ մենք առանձին էինք ընտրութիւնների արդարացիութիւնը պաշտպանելու հարցում, բայց նաեւ հետագայում առանձին չենք մնալու արդար ընտրութիւններ կազմակերպելու խնդրում:
Ընտրութիւնների մասին խօսելիս նաեւ ի միջի այլոց աւելացնեմ՝ Դաշնակցութեան դերն ու չափը հայկական իրականութեան մէջ պայմանաւորուած չեն քուէների այն չափով, որ բերւում է այդ տեսակի ընտրութիւնների միջոցով: Եւ վերջում նաեւ աւելացնեմ՝ այդ ընտրութիւններում Դաշնակցութիւնը կարողացաւ ապահովել 180.000 քուէարկողի համակրանքն ու աջակցութիւնը: Մենք քարոզչական աշխատանքով եւ կազմակերպական գործով կարողացանք ապահովել 180.000 քուէարկողի օժանդակութիւնն ու համակրանքը:
Եթէ Հայաստանի Հանրապետութեան մէջ գտնուի որեւէ ուժ, որ կը կարողանայ ինքն իրեն խոստովանել, որ ունի 180.000 քուէարկող, ես կարող եմ Դաշնակցութեանը պարտուած համարել այս վերջին ընտրութիւններում: Այնուամենայնիւ, այս ընտրութիւնները տեղի ունեցան, ստեղծուեց նոր իրավիճակ, նոր իրավիճակի մէջ պարտաւորութիւններ շատ կան:
Մեր յետընտրական ժամանակուայ ամենահիմնական հարցը, որ ծառացաւ մեր առջեւ. Հայաստանում կարծես թէ աւանդութիւն է դարձել մի մտածողութիւն, որ իշխանութիւնները պէտք է ինքնանպատակ հալածեն, նսեմացնեն, անտեսեն, արժեզրկեն ու արհամարհեն ընդդիմութեանը, ոչնչացնեն ընդդիմութեանը, իսկ ընդդիմութիւնը կարծես թէ միակ անելիքը, որ ունի, ամէն օր, ամէն միջոցի դիմելով, հասնել իշխանափոխութեան: Անընդհատ առճակատման մթնոլորտ է. մի բան, որ մեզ համար ընդունելի չէ:
Այդ հարցում մենք չենք ընդունում ո՛չ իշխանութեանը, ո՛չ ընդդիմութեանը, այդ հարցում մենք այլընտրանք ենք թէ՛ իշխանութեան, թէ՛ ընդդիմութեան, եւ ճիշդ այդ հասկացողութեամբ մենք նոր իրավիճակի մէջ բնական համարեցինք, որ պէտք է դուրս մնանք կառավարութիւնից, սակայն ոչ մի ժամանակ չմտածեցինք, որ պէտք է դառնանք առճակատող ընդդիմութիւն, որովհետեւ ընդդիմադիր լինելու համար պատճառը միայն կառավարութեան անդամ լինել-չլինելու մէջ չէ, առճակատուող ընդդիմադիր լինելու համար առաւել եւս չի կարող միայն կառավարութեան մաս կազմելը կամ չկազմելը պատճառ լինել:
Մեզ եղաւ համագործակցութեան առաջարկ-հրաւէր՝ կոալիցիայի մաս կազմելու, մենք փոխադարձ առաջարկութեամբ ներկայացանք իրենց, երեք առաջարկութիւն ներկայացրեցինք: Նախընտրական պայքարի ժամանակ մենք արծարծել ենք թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման հարցը, ուստի, մենք դրեցինք պահանջ, որ նուազագոյն սպառողական զամբիւղին համաչափ պէտք է ճշդուի նուազագոյն աշխատավարձը եւ թոշակը:
Երկրորդ՝ մենք չենք կարող կրել պատասխանատուութիւն, կառավարութեան այն գործունէութեան համար, որին մենք մասնակից չենք, այն հարցերի համար, որոնց քննարկումների ժամանակ մեր երկուստեք տեսակէտները չեն համընկնում, մենք մեր ներդրումը չունենք: Ուրեմն, մենք պահում ենք մեր ինքնուրոյնութիւնն ու անկախութիւնը, մեր այլընտրանքային տեսակէտը հրապարակաւ հնչեցնելու եւ այդ տեսակէտների համար աշխատելու: Երրորդ պայմանը՝ Հայաստանում շուտով նախագահական ընտրութիւններն են, եւ մենք մեր իրաւունքն ենք համարում սեփական թեկնածուով նախագահական ընտրութիւններին մասնակցելը:
Եւ վերջապէս, գտանք այն լուծումը, որ կոալիցիայի կազմում «Բարգաւաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցութիւնները կը լինեն միասին, իսկ սոյն կոալիցիան յատուկ համաձայնագրով համագործակցութեան մէջ է մտնում Դաշնակցութեան հետ: Բնականաբար, մեր ներկայացրած հիմնական սկզբունքները, ինչպէս քիչ առաջ ասացի, պահպանուած են այդ լուծման տարբերակի մէջ:
Մնում է այն պայմանաւորուածութիւնը, որ ձեռք ենք բերել, այն, ինչ որ յայտարարել ենք, իրականացնենք կեանքում:
Եւ եթէ որոշների համար կայ այն շփոթը, որ Դաշնակցութիւնը իշխանութի՞ւն է, թէ՞ ընդդիմութիւն, ասեմ, որ մենք այլընտրանք ենք թէ՛ իշխանութեան, թէ՛ այս ընդդիմութեան, որը գոյութիւն ունի: Մենք նաեւ իշխանութիւն ենք այն առումով, որ երկրի զարգացման համար ամբողջական պատասխանատուութեան գիտակցումն ունենք:
Յամենայնդէպս, մենք սկսում ենք մի նոր ժամանակաշրջան, մի նոր շրջան, որտեղ Դաշնակցութիւնը աւելի ազատ է, աւելի անկաշկանդ է, սկսւում է մի նոր շրջան, որը մեզ տանում է դէպի նախագահական ընտրութիւններ: Մենք այդ ընտրութիւններին մասնակցում ենք սեփական թեկնածուով, եւ այդ առումով, վստահ եմ, որ Դաշնակցութիւնը վայելելու է համայն հայութեան համակրանքն ու օժանդակութիւնը:
Մենք բազում դժուարութիւններ ու դժգոհութիւններ ունենք: Վստահ եմ, որովհետեւ կողմնակի լսել եմ, թէ ասել են, որ ինչպէ՞ս էք գնում նոր ընտրութիւնների, երբ ընտրակաշառքի եւ ընտրակեղծիքների երեւոյթ կայ Հայաստանում: Ընտրակեղծիքների մասին խօսեցի. մենք պէտք է ուժեղանանք, որ դա թոյլ չտանք եւ ուժեղանալու գործընթացը տեղի է ունենում պայքարի մէջ, տեղի է ունենում շարժումի մէջ:
Իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, դրանք չափազանցուած գնահատականներ են:
Ընտրութիւններում ընտրութեան իրաւունք ունեցող մարդկանցից 1 միլիոնը չի մասնակցել, այսինքն՝ այդ մէկ միլիոն մարդը, քաղաքացին չեն կաշառուել, իրենց չի հետաքրքրել, չի շահագրգռել ընտրակաշառքը:
Միաժամանակ, ճիշդ է, որ այդ մէկ միլիոնը անտարբեր են գտնուել ընտրութիւնների նկատմամբ, առնուազն ազնիւ անտարբերներ են:
Իսկ ընտրողների մեծամասնութիւնը ձայն չի տուել փողին, եթէ նոյնիսկ համարենք, որ միւս բոլորը կաշառուել են եւ իրենց ձայնը տուել են:
Այս իրողութիւնը նշանակում է, որ մենք պէտք է կարողանանք աւելի մեծ աշխատանք տանել, մենք պէտք է յուսադրենք այն մարդկանց, որոնք յուսախաբ են եւ ընտրութիւններին չեն մասնակցում, մենք պէտք է աշխատենք, որ կարողանանք իրավիճակ փոխել, վիճակ փոխել երկրում:
Երկրում թերութիւնները ինձ չեն մտահոգում, աւելի ճիշդ, թերութիւնները ինձ յուսախաբ չեն անում եւ ոչ ոքի թող յուսախաբ չանեն: Եթէ երկրում ամէն ինչ լաւ լինէր, մեր կարիքը չէին ունենայ, մենք կ’երթայինք, բոստան կը մշակէինք: Այնտեղ որքան որ դժուար վիճակ գոյութիւն ունի, այդ չափով էլ մեր պայքարի, մեր մասնակցութեան անհրաժեշտութիւնը գոյութիւն ունի:
Մենք մեր երկրում փորձում ենք պայքարով ստեղծել մի երկիր, մի հայրենիք, որը նախանձելի երկիր լինի, որտեղ հայ մարդը կարողանայ իրեն ապահով զգալ, որտեղ հայ մարդը չճնշուի, որտեղ հայ մարդը կարողանայ բարօրութեամբ տուն հիմնել, որտեղ հայ մարդը կարողանայ ստեղծագործել եւ զարգանալ: Մենք միտում ունենք ամենալաւ երկիրը ստեղծել, եւ հաւատացէք, որ կը կարողանանք այդ երկիրը ստեղծել, որովհետեւ մենք ունենք թէ՛ ծրագիր, թէ՛ հեռանկար, ունենք կազմակերպուելու անհրաժեշտ ներուժը եւ ունենք անհրաժեշտ քաղաքական կամքը:
Բոլորդ մասնակից եղէք այս գործին. այս գործը սուրբ գործ է: