ԵՐԵՒԱՆ, «Նոյեան Տապան».- Հոկտեմբերի 18ին արուեստասէրները վերջին հրաժեշտը տուին Հոկտեմբեր 15ին ինքնաշարժի արկածի զոհ դարձած երգչուհի Վարդուհի Վարդանեանին, որ շարք մը միջազգային մրցոյթներու դափնեկիր էր եւ սիրուած արուեստագէտ:
Բնութենէն օժտուած ըլլալով բացառիկ ձայնով եւ աշխատասիրութեամբ, Վ. Վարդանեան կարճ ժամանակահատուածի ընթացքին հասաւ լայն ճանաչումի եւ շահեցաւ հանդիսատեսի համակրանքը:
«Վ. Վարդանեանի հետ հիւրախաղերով հանդէս եմ եկել արտասահմանում: Լաւ երգչուհի լինելուց բացի նա ընկերասէր, մարդամօտ անձնաւորութիւն էր: Վարդուհին դեռ շատ անելիք ունէր, չնայած այս կարճ ժամանակամիջոցում բաւականին մեծ աշխատանք կատարեց: Նա այն եզակի երգչուհիներից էր, որ կարողանում էր անդրադառնալ ե՛ւ էսթրատային, ե՛ւ ժողովրդական երգերին. դա խօսում էր նրա տաղանդի մասին: Շատ ցաւալի է, որ այդ ողբերգական դէպքը կատարուեց նրա նման երիտասարդ, տաղանդով օժտուած երգչուհու հետ: Նրա յիշատակը բոլորի մօտ միշտ վառ կը մնայ», նշեց ժողովրդական երգչուհի Օֆելիա Համբարձումեանը:
Ըստ Ռուբէն Մաթեւոսեանի, Վ. Վարդանեանի կորուստը անդառնալի է բոլորիս համար. «Թող սա ահազանգ լինի բոլորիս, որպէսզի կեանքում մի փոքր զգոյշ լինենք եւ մտածենք, որ ապրում ենք ոչ միայն մեզ համար, այլ այն ժողովրդի համար, որն այսօր եկել է իր վերջին հրաժեշտը տալու սիրուած երգչուհուն», ըսաւ Ռ. Մաթեւոսեան:
Երգչուհիի վերջին հրաժեշտի արարողութեան մասնակցեցան նաեւ պաշտպանութեան նախարար Սերժ Սարգսեան, Երեւանի քաղաքապետ Երուանդ Զախարեան եւ այլ պաշտօնատարներ:
Վ. Վարդանեանի աճիւնը ամփոփուեցաւ Երեւանի քաղաքային գերեզմանատան մէջ: