
Արտաշէս Քալանթարեանի «Քննութիւն» Հատորէն (ԺԲ.)
Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Արտաշէս Քալանթարեանի «Քննութիւն» հատորի նախորդ բաժինները կը նկարագրէին ծխախոտի գործարանի տնօրէն Արգամ Մանասեանի գործէն արձակուիլը, Ուջան գտնուող մօրը տունը երթալը եւ Ուջանէն վերադարձը՝ Երեւան: Տուն հասնելուն՝ անդրադարձած էր, որ իր պաշտօնակիցներն ու բարեկամները նստած էին խնճոյքի սեղանին շուրջ, իր տարեդարձը շնորհաւորելու համար: Արգամ Մանասեան շնորհակալութիւն յայտնած էր հիւրերուն, միաժամանակ յիշելով անոնց հետ իր ունեցած փորձառութիւնները:

Այժմ ժամը հասած է իր գործէն արձակուած ըլլալուն լուրը տալու…
***
«Արգամ Մանասեանը կրկին սիրով լի մի հայեացք նետեց տօնական սեղանի շուրջը հաւաքուած իր մտերիմներին.
– Բոլորիդ շնորհակալութիւն յայտնեցի՞: Ոչ ոքի չե՞մ մոռացել: Դժգոհողներ չկա՞ն:
– Ո՛չ, – ուրախ աղմկեցին հիւրերը:
(…)
– Ուզում էի աւելացնել միայն…Միանգամից չասացի, որ հենց սկզբում յանկարծ չգցեմ ձեր տրամադրութիւնը, բայց դէ չասել էլ չի կարելի: Ուզում եմ աւելացնել միայն, որ այսօր ինձ ազատեցին աշխատանքից:
Միանգամից լռութիւն տիրեց:
– Ի՞նչ, – առաջ թեքուեց Վռամ Մաշուրեանը:
– Ինձ ազատեցին աշխատանքից, – կրկնեց գործարանի տնօրէնը:
Ու յանկարծ աղմուկ բարձրացաւ, բոլորը սկսեցին խօսել միաժամանակ, ընդհատելով ու խանգարելով իրար:
– Իբր թէ կատակ է անում, ջանըմ, – ձեռքը թափ տուեց Վռամ Մաշուրեանը:
– Հարեւա՞ն, ախորժակ փակելու համա՞ր ես ասում, – հաւի պուտը բերանը տանելով հարցրեց Մուքայէլը:
– Դա՞ ինչ սեւ հումոր (կատակ) է, – ռուսերէն բացագանչեց Սուսաննան:
– Արգա՞մ, – հեռուից հարցրեց Նորայրը…
– Հա, բայց ի՞նչ է պատահել, իրար խառնուեցիք, – յարձակւում էր Մհերը, – հանել, հանել են. յետո՞յ…
– Է՜, Արգամ Պետրովիչ, ինչո՞ւ էք մեր հոգու հետ խաղում: Ասէք որ կատակում էք: Չէ, չէ, ասացէք, որ կատակում էիք… – տամուկ աչքերով հարցնում էր Մարիամը:
– Նորիկ, ճի՞շդ է ասում, – անհանգստանում էր Սիրանը, – ճի՞շդ է ասում…
– Հետաքրքիր մարդ ես, – նախատում էր Յասմիկը: – Ինչո՞ւ ես դիտմամբ մարդկանց տրամադրութիւնը գցում:
Եւ միայն Աշոտն էր, որ այդ ամբողջ իրարանցման մէջ կանգնած էր լուռ ու շփոթահար:
– Ես չեմ կատակում, – ասաց Արգամ Մանասեանը, – (…) Այսօր առաւօտեան մինիստրն (նախարար) անձամբ ինձ ասաց, որ ազատուած եմ աշխատանքից»:
***
Այս հաստատումին վրայ, նախ դրացի Մուքայէլը իր ենթադրութիւնը կը յայտնէ, ըսելով որ հաւանաբար աւելի բարձր մակարդակի գործ մը պիտի առաջարկեն Արգամ Մանասեանին: Ետքը Վռամ Մաշուրեանը երկար ճառ մը կու տայ, գովելով իր տնօրէնը եւ յայտնելով թէ եղածը կա՛մ թիւրիմացութիւն է, կա՛մ՝ կատակ:
Ընթերցողը կը յիշէ՞ նախկին տնօրէնին զգուշացումը Վռամ Մաշուրեանի նկատմամբ: Այս վայրկեանէն սկսեալ հետզհետէ պիտի յստականայ տնօրէնի տեղակալին կերպարը:
***
«- Եթէ մեր սիրելի Արգամ Պետրովիչը կատակում է, ապա սա շատ դաժան, ես կ՛ասէի՝ անխիղճ ու անիմաստ կատակ է. (…)
Արգամ Մանասեանը բարկացաւ.
– Աւելի պարզ հնարաւո՞ր է ասել: Հետաքրքիր մարդիկ էք, անպայման լա՞ց պիտի լինեմ, որ հաւատաք: Ես լաց լինելու ոչ մի մտադրութիւն չունեմ: Ճակատիս գրուած չէ որ ամբողջ կեանքում տնօրէն եմ լինելու: Ի հարկէ, ես կ՛ուզենայի իմանալ, թէ, ի վերջոյ, ինչի՞ համար են ինձ ազատում աշխատանքից, բայց որ չեն ասում՝ ի՞նչ անեմ:
– Ուրեմն չե՞ն ասել, – համոզուելով որ տնօրէնը չի կատակում, հարցրեց Վռամ Մաշուրեանը: – Ինչո՞ւ, անտէր երկի՞ր է, ինչ է, ու մենք էլ որբե՞ր ենք: Ուրեմն ոչ մէկը մեր կարծիքը չի՞ հարցնում: Հսկայական գործարան է, հարիւրաւոր բանուորներ կան, կուսակցական, արհմիութենական խոշոր կազմակերպութիւններ ունենք, ինչպէ՞ս կարող են հաշուի չառնել մեր կարծիքը, մեր հսկայական հաւաքականի կարծիքը…
Մհեր Սամսոնեան ծիծաղեց բարձրաձայն.
– Ժողովրդական մի լաւ խօսք կայ, ընկեր Վռամ, ասում է՝ երբ որ հովիւին փոխում են, ո՞վ է ոչխարների կարծիքը հարցնում:
(…)
Լռութիւն տիրեց: Պարզ երեւում էր, որ մարդիկ չգիտէին ինչ ասել ու ինչ անել: Մխիթարե՞լ Արգամ Մանասեանին: Բայց նա չի ուզում, որ մխիթարեն իրեն: Շարունակե՞լ խնճոյքը, ձեւացնել, թէ ոչինչ չի՞ եղել: Բայց ինչպէ՞ս շարունակես, ի՞նչ ասես, երբ եղել է: Եւ եղել է սոսկալին: Երեւի ամենահեշտը հեռանալը կը լինէր, սակայն ոչ ոք չէր ուզում առաջինը բարձրանալ տեղից, յայտնուել ուշադրութեան եւ նախատինքի կենտրոնում:
– Ես մենակ մի բան գիտեմ, – ասաց հարեւան Մուքայէլը, – էս տարիքի մարդ եմ, բայց հլա չեմ տեսել, որ փոփոխութիւններից մի լաւ բան դուրս գայ: Նոր եկողը անպայման աւելի վատն է եղել, քան նախկինը: Բա դա իրենք չե՞ն տեսնում: Ինչի՞ են վռազ-վռազ փոխում մարդկանց:
Ոչ մէկը չուզեց պաշտպանել Մուքայէլի այդ բաւականին կասկածելի հաճոյախօսութիւնը, եւ նորից անյարմար եւ ճնշուած լռութիւն տիրեց: Ու յանկարծ լսուեց-տարածուեց տիկին Մարիամի փոքրիկ, մաքուր, կրծքային ձայնը: Նա երգում էր՝ գեղեցիկ աչքերը յառած ուղիղ Արգամ Մանասեանին, ասես դա ոչ թէ երգ, այլ սրտի խօսք լինէր:
Մի՛ լար, մի՛ թացիր աչերդ
Աչքիդ լոյսն ափսոս է, կ՛անցնի…
Մի՛ տխրիր, վարդ գարուն հասակդ մի օր է,
Վառ Մայիս, կ՛անցնի.
(…)
Արգամ Մանասեանը անասելի յուզուեց.
– Ապրե՛ս, տիկին Մարիամ, – ասաց նա սրտանց: – Ճիշդ նոյն կարծիքի եմ: Խնդրում եմ լցնել բաժակները: Ողջ եղէք: Ողջ լինենք, բարեկամներ:
– Ողջ լինենք, ողջ լինենք, – աղմկեցին հաւաքուածները, ուրախացած, որ դժուար վիճակն անցաւ:
Բայց Մուքայէլը փճացրեց ամէն ինչ.
– Հարեւա՞ն, բա քո տեղն ո՞ւմ են դնում, – հարցրեց նա:
– Տօ, քե՞զ ինչ, ընկեր Մուքայէլ, – ծաղրանքով նետեց Մհեր Սամսոնեանը: – Դու էլ հօ մեր գործարանում չե՞ս աշխատում: Քեզ համար ի՞նչ նշանակութիւն ունի, թէ ով կը լինի նոր տնօրէնը:
– Վա՞յ, – նեղացաւ Մուքայէլը: – Բա չիմանա՞նք, գոնէ իրա նման արժանաւոր մա՞րդ են դնելու, թէ պատահական մէկին: Ո՞ւմ են նշանակելու, հարեւան…
Հարցն այնքան ուղղակի էր տրուած, որ պատասխանից խուսափելը անհնարին դարձաւ:
(…)
– Վաղը գործերը յանձնելու եմ մեր սիրելի Վռամ Մաշուրեանին, իմ տեղակալին, – ասաց նա հանդիսաւոր:
Արգամ Մանասեանը չէր սխալւում: Կրկին ծանր, ճնշող լռութիւն տիրեց: Եւ այդ լռութեան մէջ պարզ լսուեց, թէ ինչպէս է յուզմունքից հեւում տեղակալը:
– Ո՞վ ասաց, – հարցրեց նա խռպոտած ձայնով: – Ո՞վ ասաց, Արգամ Պետրովիչ:
– Սամսոն Իվանիչը:
– Էդ Իվանիչն ո՞վ է, – հարցրեց Մուքայէլը:
– Մեր մինիստրը, – ասաց Արգամ Մանասեանը»:
***
Արգամ Մանասեանի տուած լուրէն ետք յատկանշական փոփոխութիւններ կը նշմարուին հիւրերուն մօտ. ոմանք, ինչպէս Մուքայէլը՝ կը սկսին ծեքծեքիլ Վռամ Մաշուրեանի դիմաց: Վարորդ Աշոտը շա՛տ կը նեղուի եւ առանց տատամսելու կ՛ըսէ թէ չ՛ուզեր նախկին տեղակալին վարորդը ըլլալ եւ կը նախընտրէ բանջարեղէն ծախել. իսկ Նորիկը, Արգամ Մանասեանին մտերիմ ընկերը, մեկնումի ժամուն, ցած ձայնով կ՛ըսէ իրեն. «Ինչքան գլխի եմ ընկնում՝ քեզ մեծ կռիւներ են սպասում: Դու էլ հօ էն մարդը չես, որ կռիւներից փախչես»: Գալով Յասմիկին՝ (Արգամ Մանասեանի կինը), հիւրերուն մեկնումէն ետք կը յուզուի, բայց երբ ամուսինը կ’ըսէ. «Ճիշդ էր ասում Նորիկը, ես էլ եմ զգում, որ կռիւներ են սկսուելու: Եւ շատ-շատ կարեւոր է, որ ես թիկունք ունենամ: Ամուր թիկունք:», կը պատասխանէ. «Այդ իմաստով կարող ես լրիւ ապահով համարել քեզ, Արգամ: Դիմա՛ցդ նայիր…»: