Շատ յաճախ դէմքը թարմացնելու, մաշկն առողջացնելու եւ աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից ազատուելու համար բաւական է լինում պարզապէս է հանգստանալ ու կարգաւորել քունը, քանի որ աչքերի այտուցուածութեան հիմնական պատճառն գիշերուայ ընթացքում կուտակուած աւելորդ հեղուկն է:
Աչքերի շուրջ մուգ շրջանակի նշան կարող է լինել աչքի լարուածութիւնը, սթրեսը (ճնշուածութիւն) եւ քրոնիկ (մնայուն) յոգնածութիւնը, համակարգչով երկար աշխատանքը, դիմայարդարման ոչ ճիշդ քսուկի ընտրութիւնը:
Մուգ շրջանակների առկայութիւնը կարող է պայմանաւորուած լինել ծերացմամբ, կոլագենի ու ենթամաշկային ճարպի կորստի բնական գործընթացով, ինչի հետեւանքով աչքերի տակի նուրբ մաշկը դառնում է էլ աւելի բարակ:
Այս դէպքերում կարող են օգնութեան հասնել ժողովրդական բաղադրատոմսերը` հում կարտոֆիլը (գետնախնձոր) անցկացրէք քերիչի մանր անցքերով եւ 2 թէյի գդալ գետնախնձորի հիւթին աւելացրէք 1 թէյի գդալ բուսական իւղ, լաւ խառնէք եւ քսէք ստորին կոպի շրջանում` թողնելով 20-25 րոպէ: Այնուհետեւ լուանալ կանաչ թէյով:
Կարող էք նաեւ պատրաստել բուժական սառցէ խորանարդիկներ հետեւեալ կերպ. 1 թէյի գդալ կանաչ թէյը կամ 1 ճաշի գդալ որեւէ դեղաբոյս` երիցուկ, սամիթ, մաղադանոս (ազատքեղ) կամ տերեփուկ լցնել 200 մլ․ եռման ջրի մէջ եւ թողնել կէս ժամ, այնուհետեւ լցրէք սառոյց պատրաստելու յարմարանքի մէջ եւ սառեցրէք: Բուժիչ սառցէ խորանարդիկներով խորհուրդ է տրւում առաւօտեան եւ երեկոյեան աչքերի շուրջը մերսել` թեթեւ սահեցնելով:
Աչքերի տակ պարկերն ու այտուցները կարող են լուրջ առողջական խնդիրների հետեւանք լինել, որի համար անհրաժեշտ է բժշկի դիմել:
Աչքերի տակ կապոյտ շրջանակներ կարող են առաջանալ նաեւ ալերգիաների (դիւրազգացութիւն) դէպքում: Հեմոգլոբինի ցածր մակարդակը նոյնպէս յաճախ դրսեւորւում է աչքերի տակ առաջացած մուգ հետքերով: Բացի այդ, այս հատուածի մաշկի վրայ կարող են բացասաբար անդրադառնալ նաեւ երիկամների հետ կապուած խնդիրները, սրտանօթային հիւանդութիւններն ու վարակները, ուստի հարկաւոր է զգօն լինել խնդիրը ժամանակին նկատելու եւ անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար: